Սփյուռքահայ գրական աշխարհում կան անուններ, որոնք մեր հանրությանը դեռեւս քիչ են ծանոթ։ Նման անուններից է նաեւ Եղիվարդ-բանաստեղծը, որն իր անհատականությամբ, գրական գործունեությամբ խոր ակոս բացեց արեւմտահայ գրական անդաստանում։
Բազմաժանր այս հեղինակը մեծ ճանաչում ունի Սփյուռքում՝ իր ինքնատիպ ստեղծագործություններով։ Նրա առաջին իսկ երախայրիքից ակնհայտ դարձավ յուրօրինակ ասելիքով հարուստ բանաստեղծ-արվեստագետի տաղանդը, որի մասին Հակոբ Օշականն ասում է. «Եղիշեն իրավ բանաստեղծ մըն է սփյուռքահայ բանաստեղծների մեջ՝ բանաստեղծ մը…»։
Եղիշե (ավազանի անունը՝ Եղիազար) Տերտերյանը, գրչի անունը՝ Եղիվարդ, ծնվել է 1910-ին Արեւմտյան Հայաստանի Վասպուրական աշխարհի Ռշտունյաց գավառի Կայնամիրան գյուղում՝ գյուղապետի ընտանիքում։ 1915-ի հայակործան թվականին համագյուղացիներին ու ծնողներին անողոք ճակատագիրը նետում է Պարսկաստան։ Առժամանակ անց մանուկ Եղիազարի ընտանիքը վերադառնում է Վան, սակայն ստեղծված դժոխային պայմաններն ստիպում են ընդմիշտ հեռանալ հայրենի եզերքից եւ ապաստան գտնել Միջագետքում՝ Բագուպա քաղաքում։ Այստեղ նա հայտնվում է արաբական Նահր Էլ Օմարի որբանոցում, որտեղից էլ հետո բազմահազար որբերի հետ փոխադրվում է Երուսաղեմ՝ Արարատյան որբանոց։ Ուսումնատենչ պատանին 1924-ին ընդունվում է Սրբոց Հակոբյանց վանքի բարձրագույն տիպի՝ Ազգային ժառանգավորաց վարժարանը եւ ավարտելուց հետո ձեռնադրվում է կուսակրոն քահանա՝ կատարելով պատրիարքի գավազանակրի եւ քարտուղարի պաշտոն։
1937-1945 թթ. ստանձնում է իր իսկ ավարտած վարժարանի եւ ընծայարանի վերատեսչի պաշտոնը, ուր հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ էր աշխատում Հակոբ Օշականը։ Հենց այստեղ էլ ժամանակ է գտնում ստեղծագործելու։ 1945-ին նշանակվում է վանքի լուսարարապետ, Կյուրեղ պատրիարքի վախճանվելուց հետո՝ պատրիարքական տեղապահ։ 1951-ին Էջմիածնում օծվում է եպիսկոպոս եւ ստանում արքեպիսկոպոսի աստիճան։ 1960 թվին Երուսաղեմի միաբանության ժողովի կողմից ընտրվում է պատրիարք, գահակալում մինչեւ կյանքի վերջը՝ 1990 թվականը։
Եղիվարդն ուներ աստվածատուր լեզու, գեղադեմ էր, խորահայաց, սիրված էր ունկնդիրների կողմից։ Հիանալի հռետորն ամերիկյան համալսարանում դասախոսում էր անգլերեն, հրեականում՝ հրեերեն, արաբականում՝ արաբերեն։ Եղիվարդը հմուտ աստվածաբան-փիլիսոփա էր, քրիստոնեական վարդապետության տեսաբան։ Կրոնա-մանկավարժական աշխատանքին զուգընթաց՝ 25 տարի անընդհատ վարում էր վանքապատկան «Սիոն» ամսագրի խմբագրապետի պաշտոնը։ Չնայած իր գործերը տպագրում էր «Սիոնում», սակայն մինչ օրս էլ նրա ստեղծագործությունների զգալի մասը մնում է թերթոն վիճակում…
Մարդկության կուտակած լավագույն ավանդույթներով իմաստնացած, աներեւակայելի աշխատասեր, արվեստի, հայրենիքի սիրով ապրող ու այրվող Եղիվարդի ստեղծագործության ուղին տեւեց ավելի քան վեց տասնամյակ՝ խիզախումներով, հայտնություններով եւ հաղթանակներով։ Եղիվարդը հենց ստեղծագործության սկզբից Սփյուռքում ուներ իր ձայնն ու ձեռագիրը, ուրույն մտքերի, ապրումների ներաշխարհը։ 40-ական թվականներին Մերձավոր Արեւելքի գրական աշխարհին նոր հոսանք, թարմ լիցք հաղորդեց կրոնաշունչ, մանավանդ աշխարհիկ իր նորատիպ ծավալուն պոեմներով ու քերթվածներով։ Քիչ ժամանակ անց վանեցի վարդապետ-բանաստեղծը դառնում է սփյուռքահայ ընթերցողների սիրելին, խիղճն ու հոգին։ Եղիվարդի բանաստեղծական ազնիվ ուղին, գնալով խորանում է, զուլալվում, դառնում օշականյան պահանջին համապատասխան։ Նա իրար հետեւից հրատարակում է չափածո եւ արձակ խոհափիլիսոփայական գործեր, պատմամատենագրական ժողովածուներ, ինչպես նաեւ «Մագդաղինեն մեղրամոմե», «Խորտակման գիշերներ», «Ակեղդամա», «Լեռան վրայեն երանիներ», «Լուսամատյան» աստվածաշնչական պատումները եւ «Վարդանանք» հերոսապատում թատերգությունը, ուր խիստ առանձնացվում են ժամանակի մեծ դիվանգետ-զորավար Վարդան Մամիկոնյանի եւ ոգեղենացած ու սրբացած Ղեւոնդ Երեցի քաջագործություններն ու նրանց անձնազոհությունը։
Ուխտապահ բանաստեղծի ամբողջ կյանքն անցնում է արարման հնոցում։ Կարծես գրելու մարմաջն այրում է նրան, եւ սփյուռքահայ խոշոր վիպասան, թատերագիր, հայոց «Մոպասան», մեծ գրականագետ-քննադատ Հակոբ Օշականը նրա առաջին երախայրիքի՝ «Մագդաղինեն մեղրամոմե» գրքի առաջաբանում համարձակության ու աշխատասիրության համար «նախատում» է նրան. «Սիրելի՛ հայր Եղիշե, առաջին իսկ հատորիդ արձագանքը տակավին չհանգած, քիչ մը տարօրինակ է, որ համարձակիս երկրորդի մը, եթե ոչ փառքի, գեթ մարտիրոսության։ Ըսին կարգ մը բաներ առաջին հատորիդ շուրջ, մեծ մասամբ օտար բաներ, բայց մի ցավիր, դա գրողի ճակատագիրն է»։
Առանձահատուկ է «Սուրբ Մեսրոպ» հայաշունչ պոեմը, որի հերոսը՝ Մեսրոպ Մաշտոցը, դարձել է կուռք, ինչպես Մեծն Կոմիտասը՝ Պ. Սեւակի համար, որին համարում է մեր ժողովրդի ամենամեծ ստեղծագործողը, մեր ազգի փրկարարը։ Իրականում էլ այդպես է։ Ծննդավայրի եւ հայրենիքի կարոտով է առլեցուն նրա «Հայրենական» գրքույկը։ Բազմաբովանդակ է Եղիվարդի արձակը. գիտական-բանաստեղծական, կրոնա-քաղաքական, կենդանի կյանքը շոշափող տարբեր թեմաներ։ «Հայաստանյայց Եկեղեցին երեկ եւ այսօր», «Նարեկը» հայ գրականության մեջ», ուր այն համարում է բացառիկ երեւույթ եւ քանքար մեր գրականության անդաստանում, իսկ Նարեկացուն՝ Մեծաց Մեծություն մեր գրական աշխարհում՝ Մ. Մաշտոցից հետո…
Արդիական է հնչում մարդկության փրկության համար այս աշխարհ եկած Քրիստոսի հոգեկան տագնապները մարմնավորող «Պանդուխտ Աստուծո» կրոնաշունչ ստեղծագործությունը։ Գրական արժեքավոր գործ է նրա «Անցորդը» (1946) արձակ-չափածո քնարական պոեմների գիրքը, ուր արտացոլված է նրա անցած կյանքի ուղին…
Ցավով է հիշում հայրենի եզերքը, գյուղը հայրենի, որտեղից հեռանալիս ոտաբոբիկ անցել է մեռած փողոցներով եւ հատկապես հիշում է կորսված անմեղ մանկությունն ու գրում.
Փոքրի՛կ անցորդ, դուն կը բերես
Օրերն իմ սեւ, բայց միամիտ,
Զերթ կորսված ոսկու կտոր՝
Նետված օտար արեւներուն։
Բանաստեղծն անքակտելիորեն կապված է բնօրրանի հետ։ Հայրենի գյուղի պատկերն ու խոնջացած հոտաղն ամեն քայլափոխի ժպտում են նրան։ Նա խնդրում է պզտիկ անցորդին, որ գոնե մեկ անգամ թեւից բռնած տանի՝ իր երկիր հայրենին տեսնելու, բայց իզուր… Տխուր է բանաստեղծը, մենակ։ Սպանված են բոլորը, ինքն էլ՝ սքեմավոր։ Փառքը չի շլացնում նրան, որ հեռանա, կտրվի մարդուց, չնայած զգում է, որ «մարդկանց կրծքի տակ սրտի տեղ քար է դրված».
Կրծքին ներքեւ բայց մարդերուն,
Քար է դրված տեղ սրտի.
— Բացվող դագաղ լսել ես դուն,
Զի ես մեռել մեմ ինծի։
Այնուհետեւ ցավով շարունակում է, որ մարդն անգութ է, անհավատ, բայց սիրում է մարդուն, երազում է, որ նա լինի բարի ու գեղեցիկ, մաքրված ու հավերժական։ Այսպես, չնայած շատ է տիպականացնում տխրաթախիծ անցյալը, սակայն անմիջապես նրան հակադրում է երջանիկ ներկան՝ համակված պայծառ լավատեսությամբ։ Իրապաշտ բանաստեղծը չի խուսափում երգելուց սերն ու բնությունը, կնոջն ու նրա թովիչ գեղեցկությունը, որն Աստվածածնի պատկերով է հառնում նրա դեմ…
«Անցորդը» հատորի մեջ են զետեղված ամենալավ՝ հասունության շրջանի բանաստեղծությունները.

Զարկին սրտիս.- փակ էր ամուր,
Անբնակիչ տաղավար.
Զարկին սրտիս.- անցյալն էր, որ
Գերեզմանեն ետ կուգար։

Կը լըսեի, չէի լըսեր,
Զարկն էր ձեռքին այդ անհուն.
— Աստծո սիրույն ետ դարձիր, ետ,
Երբեք գալու չէիր դուն։

— Արեւն իջեր է ոտքերուս,
Ցուրտ է գիշերն այս անծայր,
Քանի տարի ուղեկորույս,
Հին տեղս ինծի ետ չե՞ս տար։
Նրա քերթվածները երբեք չեն բացակայել սփյուռքահայ գրականության դասագրքերից, գրական ժողովածուներից եւ «Գանձարաններից»։ Սրանք սովորական կուսակրոն բանաստեղծի շուտ մոռացվող հասարակ գործեր չեն, այլ՝ գրական մնայուն արժեքներ, իհարկե՝ որոշակի վերապահումներով։ Եղիվարդի ստեղծագործությունների մեջ միշտ առկա են կյանքի կենդանի շունչը, ապրումի իսկությունն ու բնականությունը, միաժամանակ մաքրման ու տառապանքի ալեբախումները։
Հայրենի մամուլը Եղիվարդ-բանաստեղծի գրական գործունեությանը ոչ մի անգամ չի անդրադարձել։ Հայաստանի գրողների միությունն անգամ թեթեւակի նշեց նրա վաստակաշատ ստեղծագործության 50-ամյակը։ Պատահական չէր, որ Եղիվարդը, Եղիշե Դուրյան-բանաստեղծը (Պետրոս Դուրյանի եղբայրը) եւ էլի ուրիշներ դուրս մնացին մերօրյա գրողների, գրական մամուլի տեսադաշտից. յոթ տասնամյակ շարունակ արգելված էին փարաջավորների մասին գրելն ու խոսելը։ Այդ դաժան ժամանակներում առավել վատ վարվեցին հոգեւոր դասի այն գործիչների նկատմամբ, ովքեր ժամանակին մեծ դեր խաղացին մեր ժողովրդի ոչ միայն գրական, այլեւ պատմաքաղաքական կյանքում։ Կարծում եմ՝ կարիք չկա փաստ-օրինակների։ Մինչդեռ նրանցից շատերը գրագետ ու լուսամիտ անձինք էին՝ երեւելի գործիչներ, եւ իրենց բանավոր եւ գրավոր խոսքով վառ պահեցին մեր ժողովրդի սրտում երկար ժամանակ անթեղված ազգային-հայրենասիրական կրակը՝ երբե՛մն թաքուն, երբե՛մն անսքող։ Այսօր կորսված նրանց անունները լույս աշխարհ հանելը հրամայական պահանջ է, որովհետեւ տասնամյակներ շարունակ մեր գրականության անդաստանից արտաքսված են եղել, եւ նմանների վաստակն ու գործունեությունը մոռացության են տրվել։ Անուններ՝ արժանի մեծարանքի, դեմքեր, որոնց գաղափարախոսությունն այսօր էլ արդիական է եւ ուսանելի։
Եղիվարդը, որն իր ժողովրդի ծոցից էր ծնվել, իր հավատավոր ժողովրդին ծառայեց, կյանքն անմնացորդ նվիրաբերեց դարերի պատմություն ունեցող Հայ Առաքելական Եկեղեցուն՝ գաղթօջախի համայնքին։ Ժառանգությունը՝ տասներկու հատոր արձակ ու չափածո գրական ստեղծագործություններ։
1990 թվականի փետրվարի 2-ին՝ 80 տարեկան հասակում, Եղիվարդը կնքեց իր մահկանացուն։ Կրոնաքաղաքական մեծ գործչի եւ բանաստեղծի հոգելույս մարմինն արքայավայել շուքով ամփոփվեց Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի գլխադիր եկեղեցու բակում։
Եղիվարդ-բանաստեղծը հասարակ անցորդ չեղավ։ Նա իսկական լուսավոր հետքեր թողեց իրենից հետո, դարձավ հավերժության ճամփորդ…

… Ես բնակիչ ամայքներու…
Հեռու գյուղեն իմ հայրենի։
Ըսես երեկ,
Ըսես արդեն հազար տարի։

Կանցնին աչքես
Ոստանները շեն ու փարթամ,
Ուր ես եղա, ուր դեռ կապրիմ,
Հանձնած ինքզինքս, կըտոր, կըտոր,
Մութ ու պղտոր
Անոնց մաշող, անոնց երկաթ
Կոհակներուն։

Կրակ, արյուն իմ ոտքերուն,
— Գյուղ հայրենի-
Փոշին օտար ճամփաներուն,
— Գյուղ հայրենի-
Հոգիս աքսոր իր Պարտեզեն,
Առանց մեղքի, բայց անեծքով։

Ու ինչպես երգ մը սրբազան,
Որուն բառերը լուսեղեն
Մտքին առջեւ կը դողդողան,
Պատկերդ ահա, գյուղ հայրենի,
Բխող մութեն,
Զերթ հեռացած հին արշալույս,
Որ ետ դառնալ ուզեր ինծի…

***
Պըզտիկ անցորդ,
Հորիզոնին չբռնկած դեռ ծիրն ոսկի,
Տուր թեւդ ինծի,
Ու տար զիս հոն, ուր մեր սրտեր
Ուրիշներու շունչին մոտիկ,
Օր մը զգացին
Այն՝ ինչ որ ալ չունի աշխարհ
Մեզի տալու։

Լուսնակն ինչպես կը դողդողա
Աղբյուրներու կապույտ սրտին,
Աչքերուս դեմ կիյնա այդպես
Կամար, կամար,
Իմ մանկության վանքը աղվոր,
Բուսած ծոցին անտառներու,
Ջերմ ու բարի,
Բխած ակեն մեր ջուրերուն,
Քնքուշ, նազուկ ու պարմանի…
Գեւորգ ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s