ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

«ԱՆՊՏՈՒՂ ԹԶԵՆԻՆ»

Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

— Այս առակը Հիսուսը պատմեց ապաշխարության հերթական կոչն անելուց անմիջապես հետո: Մաղաքիա Օրմանյան պատրիարքն իր «Համապատումի» մեջ այս առակը վերնագրել է «Անպտուղ ծառի առակը»՝ չնայած որ Ավետարանում թզենի է գրված, նաեւ առակի տեքստում է ասվում թզենի: Արդյո՞ք «Անիծված թզենու» (Մատթ. ԺԱ 18-22) պատմության հետ չշփոթելու համար է այդպես վերնագրել:
— Այն մեկը` «Անիծված թզենին», որին հանդիպում ենք Մատթեոսի եւ Մարկոսի Ավետարաններում, ոչ թե առակ էր, այլ ուղղակի մի դեպք, որ պատահեց մեր Տիրոջ կյանքի տնօրինության վերջին օրերին: Բովանդակային նմանություն, անշուշտ, կա, քանի որ երկու դեպքում էլ գործ ունենք անպտուղ թզենու, ավելի ճիշտ` թզենու անպտուղ լինելու իրողության հետ: Այն դեպքում Տերն անիծեց, եւ անպտուղ թզենին չորացավ: Իսկ այստեղ` առակում, խոսվում է թզենու հատվելու մասին՝ գրեթե նույն համատեքստում. չէր պտղաբերում: Այս առակը, թեեւ ծավալով շատ փոքր, սակայն իր գեղեցիկ խորհրդաբանությամբ մեզ շատ կարեւոր դասեր է տալիս: Ամբողջ առակն ամփոփված է մի քանի տողի մեջ. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել։ Եվ երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու ու չգտավ: Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այս թզենու վրա պտուղ փնտրելու եւ չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողն զբաղեցնում»: Այգեգործը պատասխանեց եւ ասաց. «Տե՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. գուցե թե պտուղ տա. ապա թե ոչ` մի տարուց հետո կկտրես այդ» (Ղուկ. ԺԳ 6-9):
Ծառերի տեսակներ կան, որ պտուղ չեն տալիս, եւ հասկանալի է՝ որեւէ մեկը չի կարող նման ծառերից պտուղ սպասել: Բայց թզենին, բոլորս գիտենք, պտղատու ծառ է, որն ամեն տարի պտուղ է տալիս: Եվ ահա այգու տերը երրորդ տարին էր այցելում եւ ամեն անգամ տեսնում, որ թզենու վրա պտուղ չկա: Տերը բարկացավ, եւ դա բնական է. մեզնից յուրաքանչյուրը կբարկանա, եթե մի ծառ մշակի, խնամի եւ երեք տարի պտուղ չտեսնի: Եվ ուրեմն արդարացի էր այգու տիրոջ պահանջը` տեսնել իր ջանքերի արդյունք պտուղը, ինչը չտեսավ: Եվ որովհետեւ անիմաստ տեղը հողն էր զբաղեցնում, հրամայեց կտրել: Առակում եւս մեկ «գործող անձ» կա` այգեգործը` մշակը. հենց նրան էլ հրամայեց տերը: Եվ ահա ի հայտ է գալիս մի շատ հետաքրքիր հանգամանք. կարծես թե այգեգործի սիրտն ավելի է ցավում թզենու համար, քան այգու տիրոջ սիրտը: Ասում է` այս տարի էլ թո՛ղ… գուցե պտուղ տա:
Այս դրվագը նույնպես շատ հետաքրքիր խորհուրդ ունի: Քիչ հետո կտեսնենք, որ այգեգործն ու այգու տերը նույնն են՝ առակի բովանդակային մեկնության առումով. տերն էլ է Աստված (Հայրը), խնամողը, պտղաբերելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծողն էլ (Որդին): Սակայն երկու տարբեր պաշտոններ են ներկայացվում. Տերը, որ պահանջում է կտրել թզենին, եւ Մշակը, որ խնդրում է մի քիչ էլ համբերել, «մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ…»:
Այլաբանորեն այգու տերն Աստված Ինքն է: Այգին մի դեպքում երկիրն է, մեկ այլ իմաստով խորհրդանշում է Եկեղեցին: Այգու տերը տեսավ, որ իր այգում տնկված ծառը (իմա` մարդը) պտուղ չտվեց: Եդեմական դրախտից արտաքսվելուց հետո, երեք տարի շարունակաբար խնամվելով, մնաց անպտուղ: Դրախտից զրկվելուց հետո մեղքն իսպառ պիտի ոչնչանար, բայց… երկրի վրա այն շատացավ: Մարդը պիտի զղջար, ապաշխարեր, հասկանար իր սխալը, սակայն հակառակն էր տեղի ունեցել. մարդը դարձել էր ամուլ, անպտուղ: Աստված նաեւ Իր Որդուն` Քրիստոս-Այգեգործին ուղարկեց, Ով մշակեց այգին, Ում սիրտը ցավում էր այգու եւ անպտուղ թզենու համար: Ցավում էր մե՛կ իբրեւ Արարիչ, մե՛կ իբրեւ Փրկիչ: Նա խաչի անարգ մահը հանձն առավ, Իր սուրբ արյունը հեղեց Այգու «բոլոր ծառերի» փրկության համար: Առակի «մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ» արտահայտությունը, թերեւս, բուն փրկագործության ծրագիրն է խորհրդանշում: Այն ծրագիրը, որն իրագործվեց Այգեգործ-Աստվածորդու խաչելությամբ եւ հրաշափառ հարությամբ, ինչի արդյունքում ոմանք պտուղ տվեցին, ոմանք էլ, ինչպես առակի թզենին, չտվեցին:
Առակում, սակայն, չի խոսվում չորրորդ տարվա մասին, այն մասին, թե այգեգործի խնդրանքը` առայժմ չկտրելը, ինչով ավարտվեց:
— Հավանաբար պետք է ենթադրել, որ Տերն էլի ժամանակ տվեց` ընդառաջելով Այգեգործի խնդրանքին… Տե՛ր հայր, իսկ ի՞նչ է նշանակում առակի «երեք տարի» արտահայտությունը: Ըստ Մ. Օրմանյանի` այն Քրիստոսի քարոզության երեք տարիներն է խորհրդանշում: Համամի՞տ եք:
— Այո՛, ուղղակի իմաստով այդ երեք տարին Տիրոջ քարոզությունն է, որով էլ փրկություն եղավ: Բայց «Ահա երեք տարի է, որ գալիս եմ…» արտահայտությունն այլ իմաստներ էլ ունի: Օրինակ, ըստ որոշ մեկնիչների, յուրաքանչյուր մարդու էլ Տերն առնվազն երեք անգամ այցելում է` ամեն անգամ ապաշխարության պտուղներ ակնկալելով: Իսկ ահա Պետրոս արք. Բերդումյանն այսպես է բացատրում երեք տարիների խորհուրդը. «Առաջին տարին մանկությունն է,- ասում է,- երկրորդը` երիտասարդությունը, երրորդը` ծերությունը: Որովհետեւ, թեպետ, երիտասարդության տված պտուղն ավելի պատվական է, քան ծերությանը, ինչպես որ մեղուների ձագերի մեղրն ավելի լավն է, քան մայրերինը, բայց Աստված ծերության պտղով նույնպես բավարարվում է, եթե տալիս են: Երկրորդ` պետք է զարմանալ Աստծո քաղցր ներողամտության վրա, թե ինչպես համբերելով` հավատի անպտուղ որդիներիս վրա արժանի պատիժ չի բերում… որպեսզի, թերեւս, հասկանանք, որ Աստծո քաղցրությունը եւ համբերատարությունը մեզ ապաշխարության են մղում»:
Այս առակի առանցքը, սակայն, «պտուղ» եզրն է. ի՞նչ պտուղ էր ուզում Տերը, ի՞նչ նկատի ուներ` պտուղ ասելով. սա չափազանց կարեւոր է: Գաղատացիներին ուղղված թղթում Պողոս առաքյալը հստակորեն շարադրում է ինը պտուղներ` ասելով. «Իսկ Հոգու պտուղն այս է` սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղատ. Ե 22-23): Սրանք բոլորը հոգեւոր երեւույթներ են, այլ խոսքով` առաքինություններ: Եվ Տիրոջ փնտրածն էլ հենց սա էր: Քրիստոսն Իր աշակերտներին ասաց. «Եթե ձեր արդարությունն ավելի չլինի, քան օրենսգետներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. Ե 20): Այսինքն` դուք, որ փրկագնված եք Քրիստոսի արյամբ, պարտավոր եք ամենաարդարը լինել, ամենից շատ առաքինագործել: Սակայն, ցավոք, հաճախ հենց Այգու մեջ (իմա` Եկեղեցու) պտղակալած անձինք այնքան էլ շատ չեն: Իրենց քրիստոնյա կոչող շատերը կան, որ ոչ մի պտուղ չունեն եւ ընդհանրապես աստվածպաշտություն չունեն. մեր օրերում հանդիպող չարիքներից մեկն է սա: Եթե 1-ին, 2-րդ, 3-րդ դարերում քրիստոնյա կոչվելը ամոթ էր համարվում, եւ միայն ի սրտե Աստծուն պաշտողներն էին իրենց քրիստոնյա համարում, քանի որ քրիստոնեությունը հալածական վիճակի մեջ էր՝ «նազովրեցիների աղանդ» կոչվելու համար, եւ քրիստոնյաներն էլ պոտենցիալ նահատակներ էին, ապա մերօրյա իրականության մեջ որքան էլ քրիստոնյա կոչվելը պատիվ է, որովհետեւ քրիստոնեությունը դարերի ընթացքում իր սրբազան պտուղների ընծայումով իր որակը հաստատեց եւ ապացուցեց, որ իրենից ավելի վեր ոչինչ չկա երկրագնդի վրա, այդուհանդերձ, շատերը միայն անունով են քրիստոնյա: Այդ մարդիկ ապրում են, ինչպես իրենք են ուզում, չեն էլ հասկանում, որ ամբողջ օրը մեղքերի ու պղծությունների մեջ են: Վերջերս մի այդպիսի «քրիստոնյայի» հետ էի զրուցում: Հարցնում եմ. «Ի՞նչ ես կարծում, Քրիստոսը որ գա ու դատաստան տեսնի, քեզ կմեղադրի՞, թե՞ ոչ»: Մտածեց, մտածեց, ասաց. «Չի մեղադրի»: Հասուն մարդ էր` 50-ն անց: Ասում եմ. «Ինչո՞ւ ես վստահ, որ չի մեղադրի»: Ասաց. «Տե՛ր հայր, գիտե՞ս` ես կյանքում ինչքան փող եմ տեսել: Ու միշտ տվել եմ, իսկ ուրիշներն ինձ չեն տվել, դեռ մի բան էլ նեղություն են պատճառել»: Հասկացա, որ այս մարդու ամբողջ պատկերացումը մեղքի ու առաքինության մասին սահմանափակված է զուտ փողային խնդիրներով: Հետո, երբ հարցրի, թե շնություն արե՞լ է, առանց քաշվելու ասաց. «Շատ անգամներ»… Էլ չշարունակեցի…
Նման ձեւով մտածող մարդիկ, ինչպես եւ բոլորս, պատասխան են տալու. չէ՞ որ Տերը երեք անգամ գալիս է պտուղ փնտրելու, գալիս է սրբություն փնտրելու, սեր փնտրելու, գալիս է բարություն փնտրելու, հավատարմություն փնտրելու… Եվ ամեն անգամ` ոտնահարված, պղծված, ամեն անգամ` անպտուղ: Եվ թող ոչ ոք չկասկածի` Տերը դատաստան պիտի անի, ու դատաստանն այդ ահեղ է լինելու: Այլեւս ողորմություն չի լինելու, քանի որ մինչեւ դատաստանը մարդն Աստծո ողորմությունը չգնահատեց, արհամարհեց այդ ողորմությունը, արհամարհեց Տիրոջ պահանջը` պտղաբերել: Եվ ուրեմն՝ այնժամ Աստծո ողորմությունը բացակայելու է: Եվ այն Դուռը, որ միշտ բաց էր, քանի դեռ մարդը դեգերում էր այս աշխարհում, փակվելու է ու այլեւս չի բացվելու: Որովհետեւ Աստված մարդու ողջ կյանքի ընթացքում ողորմեց, այցելեց, պտուղ փնտրեց, ամեն բան տվեց, Իրեն տվեց, Իր անձը նախատինքի ու խաչի ենթարկեց, եւ այսքան շնորհների դիմաց` ապերախտությո՞ւն…
— Ասացիք` Աստված կդատապարտի այն մարդկանց, ում երեք անգամ այցելել է եւ անպտուղ է գտել: Իսկ կարո՞ղ է որեւէ մեկն այդժամ արդարանալ` ասելով, որ ինքն անտեղյակ է եղել կամ չի իմացել փրկագործության խորհրդի մասին, թե՞…
— Եթե մենք խոսում ենք առակի բովանդակային սահմաններում, ապա հայտնի է, որ թզենին այգում էր, այգին էլ Տիրոջ այգին էր: Ուրեմն` չէր կարող անտեղյակ լինել: Արդարացումը, թերեւս, տեղին լինի մի դեպքում, եթե խոսքը մանուկ հասակում այս կյանքից հեռացածների մասին է: Բայց եթե խոսում ենք չափահաս մարդկանց մասին, երկրագնդի վրա չկա որեւէ անկյուն, որտեղ մարդը լսած չլինի փրկագործության խորհրդի մասին…
— Այսինքն` բոլորը «այգու մե՞ջ» են: Իսկ այլադավաննե՞րը, ասենք` մահմեդականները…
— Գիտեք` անգամ Ղուրանի մեջ պատմվում է Քրիստոսի մասին: Ճիշտ է` նենգափոխված, բայց խոսվում է Նրա մասին, Նրա ծննդյան մասին, Նրա սրբազան մոր մասին, ում, ի դեպ, մեծագույն հարգանքով են վերաբերվում մահմեդականները: Սա, իհարկե, բոլորովին այլ զրույցի թեմա է: Հիմա մենք խոսում ենք այգու մեջ գտնվողների, այսինքն` քրիստոնյաների մասին, նաեւ նրանց, ովքեր իրենց քրիստոնյա են կոչում:
— Այգեգործը մի տարի էլ խնդրեց այգու տիրոջից` ասելով, որ եթե չպտղակալի, «մի տարուց հետո կկտրես»: Այդ «մի տարուց հետոն», որ մենք պայմանականորեն անվանեցինք չորրորդ տարի, կարելի՞ է ուղղակիորեն ընկալել որպես երկրորդ գալստյան կամ ահեղ դատաստանի գաղափարը խորհրդանշող արտահայտություն:
— Անպայմա՛ն:
— Եվ այդ չորրորդ տարին դեռ շարունակվո՞ւմ է:
— Այդ չորրորդ տարին շարունակվում է` շնորհիվ Քրիստոս Ասվածորդու զոհագործության: Եթե Քրիստոսի գալուստով երրորդ տարվա խորհուրդը իրականացավ, ապա Նրա խաչելությամբ ու հարությամբ սկսվեց աստվածային շնորհի «հավելյալ» շրջանը` չորրորդ տարին, որը, այո՛, դեռ շարունակվում է, որպեսզի մեղավոր մարդկությունը, հավատալով Քրիստոսին, կարողանա իր հոգու փրկությունն իրագործել մինչեւ Տիրոջ երկրորդ գալուստը…
Նրան փառք հավիտյանս. Ամե՛ն:
Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Թողնել մեկնաբանություն