Սկիզբը՝ 2011 Դեկտ. Բ

Կոմիտասի նահատակությունից ոչ շատ առաջ՝ 1707 թ. ապրիլի 19-ին, Սեբաստիայում ձերբակալվել էր երեք հայ՝ կաթոլիկացման մեղադրանքով, որոնց թիվը երեքով էլ աճեց հարցաքննության ժամանակ։ Սեբաստահայության երկպառակությունների արդյունքում տուժեց նաեւ Միքայել քահանան։ Նա ծնունդով Խարբերդի Բրգնիկ գյուղից էր։ Միքայել Բրգնիկցին ձերբակալվեց ապրիլի 20-ին, հրաժարվեց կրոնափոխ լինելուց եւ 21-օրյա բանտարկությունից հետո կախաղան բարձրացվեց՝ 1707 թ. մայիսի 10-ին կամ 11-ին։ Նրա վրա են բարդում Բրգնիկ գյուղի կաթոլիկացման մեղքը, սակայն նա իրականում հայկական դավանությունը պահելու համար մահապատժի ենթարկվեց։
Մատթեոս Սարու եւ այլոց ուրացությունը, Կոմիտաս եւ Միքայել քահանաների նահատակությունը մի պահ կասեցրին ժողովրդի զայրույթը։ Օսմանյան իշխանություններն էլ այլեւս հարմար չգտան բռնությունները շարունակել։ Մեծ վեզիր Չորլուլուն էլ ցույց տվեց, որ հավատում է Լյուդովիկոս 14-րդ ֆրանսիական թագավորի՝ օսմանյան իշխանություններին ուղարկած նամակներին, որոնցում նա խոստանում էր Իտալիայում եւ Իսպանիայում փնտրել Ավետիքին, որին հենց իր հրամանով բանտարկել էին Սբ Միքայելի վանքում, այսինքն՝ գտնվում էր ֆրանսիական գերության մեջ։ Մյուս ձերբակալվածներն էլ, աքսորվածները եւ թիարան ուղարկվածները, որոնց մեջ էր Կարապետ Ճամճյան քահանան, որը ձերբակալվել էր Կոմիտասի հետ, կարողացան դրամի կամ տուգանքների միջոցով ազատվել։ Հանրությունն էլ հոգնել էր այդ անհանգիստ կացությունից եւ կարիք ուներ ավելի խաղաղասեր պատրիարքի, քան Հովհաննես Զմյուռնացին էր։ Հետեւանքն այն եղավ, որ նա ստիպված էր հեռանալ պատրիարքությունից, որը նորից զբաղեցրեց Սահակ Ապուչեխցին՝ իր հանդարտաբարո կեցվածքի շնորհիվ։ Հովհաննես Զմյուռնացին, փաստորեն, պաշտոնավարեց ընդամենը 15 ամիս։ Հավանաբար նա մահացավ պատրիարքությունը կորցնելուց շատ չանցած, իսկ Սահակ Ապուչեխցին պաշտոնավարեց 5 տարի, որը պարզապես հրաշք էր այդ անհանգիստ ժամանակներում։
Իսկ ի՞նչ էր կատարվում Կ. Պոլսի սահմաններից դւորս։ Մխիթար Սեբաստացին, որ շտապով հեռացել էր Զմյուռնիայից, 1702 թվի հոկտեմբերից մինչեւ 1703 թվի փետրվարը հարկադրաբար մնաց Զանթա կղզում։ Նրա համակիրներից ոմանք հասել էին Նեապոլ, եւ նրանք էլ Մխիթարին հրավիրեցին իրենց մոտ, սակայն նա, Նեապոլ գալուց շատ չանցած, գերադասեց հաստատվել Մեթոնում կամ Մոթոնում, որը գտնվում էր Պելոպոնեսի արեւմուտքում՝ Մեսենիայում։ Վենետիկյան հանրապետության պաշտոնյաները նրան բնակվելու իրավունք տվեցին եւ անգամ հողային կալվածքներ շնորհեցին՝ պայմանով, որ նա երեք տարում կարողանա վանք կառուցել։ Եվ ահա 1703 թվի ամռանը Մխիթարն իր 15 հետեւորդներով՝ 4 աբեղա եւ 11 դպիր, տեղափոխվեց Մեթոն։ Նա նրանց հետ միասին հաստատվեց մի ընդարձակ շինության մեջ, որը նվիրեցին վենետիկյան իշխանությունները։ Այստեղ նրա հիմնածը դեռեւս հայադավան վանք էր։ Սակայն գտնվելով լատինական պետության մեջ՝ նա ստիպված էր քիչ թե շատ տուրք տալ կաթոլիկությանը եւ միաբանություն հիմնել։ Այսպես ստեղծվեց Սուրբ Անտոն աբբայի միաբանությունը, որի կանոնները գրված էին իտալերեն։ Անվան ընտրությունը, հավանաբար, կապված էր Լիբանանում հաստատվելու մտադրության հետ, քանի որ սբ Անտոնի անունով էր կոչվում մարոնականների վանականությունը Լիբանանում։ Սակայն Մեթոնում նրա շփումները լատին հոգեւորականության հետ աստիճանաբար նրան հետ պահեցին Արեւելքում հաստատվելու մտքից, եւ նա որոշեց ապավինել լատինների պաշտպանությանը։
Արդեն 1705 թվին նա Կղեմես ԺԱ պապի մոտ երկու աբեղա ուղարկեց՝ պաշտոնապես հայտնելու իր դավանության եւ միաբանության վերաբերյալ։ Նրանք տեղ հասան հոկտեմբերին եւ չնայած վենետիկյան դեսպանի պաշտպանությանը՝ պապական դիվանին չկարողացան համոզել իրենց միաբանության կաթոլիկական բնույթի հարցում։ Հակասական տեղեկությունների պատճառով ստուգումներ եղան, որոնց արդյունքում 1706-ին պատվիրակ Եղիա վարդապետն առանց ոչնչի հասնելու ետ վերադարձավ Մեթոն, իսկ Հովհաննես վարդապետը մնաց Հռոմում՝ իտալերեն եւ լատիներեն սովորելու։ Նա մտադիր էր շարունակել Մխիթարի միաբանության դիմումները։ Այդ նույն թվականի ապրիլին գերված Ավետիքին տանող նավը մտավ նաեւ Մեթոն, սակայն ո՛չ Ավետիքն իմացավ, որ Մխիթար Սեբաստացին այնտեղ է, եւ ո՛չ էլ Մխիթարն իմացավ, որ Ավետիքը գերված է ու գտնվում է այդ նավում։
Մխիթարը երեք տարում վանքը հիմնադրեց, սակայն հայտնվեց պարտքերի տակ։ 1708 թվին նա հայկական եկեղեցու հիմքը դրեց, որպեսզի լատին եկեղեցի չհաճախեն։
Շինությունն ավարտվեց 1711 թվին, եւ միաբանությունը լիարժեք ձեւավորվեց։ Այդ ժամանակ էլ նա որոշեց ձեռք բերել Արեւմուտքի Եկեղեցու պաշտպանությունը, սակայն հանդիպեց դժվարությունների, քանի որ պապականությունը կասկածով էր վերաբերվում հայկական ինքնությունը դեռ պահպանող Մխիթարին։ Փաստորեն, նրանից պահանջվում էր կաթոլիկանալ։ Այդ պայմանի մասին նրան զգացրեց Հռոմում գտնվող Հովհաննես վարդապետը, եւ Մխիթարն ի վերջո որոշեց լիովին ենթարկվել Լատին Եկեղեցուն եւ սբ բենեդիկտյանների կանոններին անցնել։ Այսպես նա ստացավ պապի օրհնությունը, որի լուրը 1712 թվին Մեթոն բերեց Հովհաննես վարդապետը։ Միաբանության կաթոլիկացմանը պաշտոնական կերպարանք տրվեց 1712 թ. սեպտեմբերին՝ Կորնթոսի լատին արքեպիսկոպոսի մոտ։ Մինչ այդ Մխիթարի աշակերտությունը ոչ պաշտոնական իրողություն էր՝ կամովին իրար հետ ապրողների մի խումբ, որը չէր ենթարկվում ո՛չ Հայոց Եղեղեցուն եւ ո՛չ էլ Կաթոլիկ Եկեղեցու կողմից էր ճանաչված։ Հետեւաբար միանգամայն ճիշտ է Մ. Օրմանյանը, թե Մխիթարի միաբանության պաշտոնական սկզբնավորությունը պետք է դնել 1712 թվի սեպտեմբերից։ Մխիթարի միաբանությունը հիմնված էր բենեդիկտյանների կանոնների վրա, իսկ Մխիթարն սկսեց կրել աբբահայր տիտղոսը, որը կամաց-կամաց վերածվեց մակդիրի։
1712 թիվը եղավ նաեւ Հայոց Եկեղեցուց Մխիթարի խզման տարի, չնայած նա սրտի խորքում պահպանեց իր հայկականությունը, որի վկայությունն է նրա միաբանության հայրենանվեր գործունեությունը։
Ժամանակին նշել ենք Բերիայի Մուրադյան եղբայրների կողմից Լիբանանում հայկական կաթոլիկական միաբանություն հիմնելու մտադրության մասին։ Նրանցից Աբրահամը՝ երիցագույնը, շրջագայություն էր կատարել Լիբանանում եւ վերադառնալով Բերիա՝ եղբայրների հետ որոշել էր այդ իրականացնել 1707 թվի Ավետման օրը, այսինքն՝ ապրիլի 7-ին։ Նրանք վերջ էին տվել իրենց առեւտրական գործունեությանը, սակայն եղած գումարով չէին կարողացել կրոնական հաստատություն հիմնել, քանի որ Պետրոս Բերիացին հալածանքներ էր սկսել հռոմեադավանների դեմ։ Վերջինս Սսի հակաթոռ կաթողիկոսն էր եւ ուշադրությամբ հետեւում էր Հովհաննես Զմյուռնացու գործունեությանը Կ. Պոլսում։ Երկու միջնեկ եղբայրները՝ Հովհաննեսը եւ Հակոբը, մտան Սբ Եղիսեի վանքը՝ Աբդալլահի ղեկավարությամբ վանականություն ուսումնասիրելու, կրտսերը՝ Մինասը, առեւտրական գործերով մեկնեց Սիրիայի Տրիպոլիս քաղաքը, իսկ Աբրահամը մեկնեց Լիբանան՝ վանքի համար ապահով տեղ գտնելու։ Մարոնականները դժվարություններ հարուցեցին՝ հայերի կաթոլիկ չլինելու պատճառով։ Մարոնական պատրիարք Հակոբը վանքը կառուցելու համար արտոնություն չտվեց, մինչեւ որ վանահայր Աբդալլահը եւ Սախռ Խազինյան իշխանավորը չփարատեցին նրա կասկածները։ Վերջինս իրեն պատկանող Քեսրովան գավառում՝ Ընդիլիաս գետի ձորամիջում, Աֆքար կոչված բլրի վրա շինված տնակը 1709 թվին վանքի համար նրանց հատկացրեց՝ ստանալով տեղական եւ եկեղեցական իշխանությունների հավանությունը։ Սակայն Մուրադյան եղբայրներն ընդամենը մի քանի տարի կարողացան մնալ այնտեղ եւ ասպատակությունների պատճառով ապավինեցին Քյուրքի գյուղին։ Տեսնելով այդ՝ Խազինյան իշխանը նրանց տվեց իր մի փոքրիկ Քրեյմ ագարակը՝ Ղոստա գյուղի մոտ։ Նրանց հանձնվեց նաեւ ագարակում գտնվող տունը, որին վանքի տեսք տվեցին 1716 թվին եւ մարտի 3-ին փաստաթղթով դարձան դրա տերը։ Նրանք իրենց միաբանությունը կոչեցին Անտոնյան։
Մխիթարյան միաբանության հանդես գալն Արեւմուտքում եւ Անտոնյաններինը՝ Արեւելքում, լատինամետության սկզբնական ձեռնարկներն էին՝ խրախուսված լատին քարոզիչների եւ ֆրանսիացի դեսպանների կողմից, ինչը նպատակ ուներ հայերին ենթարկելու պապական իշխանությանը, չնայած պաշտոնապես պատրիարքարանի իշխանության ներքո էին՝ օսմանյան պետության մեջ։ Դրան գալիս էին ուժ հաղորդելու Հռոմի եկեղեցական վարժարաններում դաստիարակված հայ երիտասարդները, որոնք որպես Հայոց Եկեղեցու պաշտոնյաներ կամ սպասավորներ՝ մուտք գործելով հայ հասարակության մեջ՝ հմուտ ձեւով պղտորում էին մարդկանց մտքերը։ Դրանց մեջ էր Խաչատուր Առաքելյան կարնեցի վարդապետը, որը շարունակում էր իր գործունեությունը Կ. Պոլսում, նրան հետեւում էր Մելքոն Թասպասյան մամպուտցի վարդապետը, որը նույնպես կրթվել էր Հռոմի Պրոպագանդայի դպրոցում եւ իր՝ հայրենիք վերադառնալուց հետո սկսել էր շուրջն աշակերտներ հավաքել, որոնց ուսուցանում էր կաթոլիկության սկզբունքներով։ Դրանց մեջ նշանավոր եղավ Աբրահամ Արծունյանը։ Նրանք սողոսկում էին հայության մեջ՝ իբրեւ Հայոց Եկեղեցու սպասավորներ, եւ կատարում իրենց սեւ գործը։ Թասպասյանը եպիսկոպոս ձեռնադրվեց 1708 թվին՝ Պետրոս Բերիացու կողմից, որը հայտնի էր Պիծակ մականունով։ Իսկ Պիծակին հռոմեադավանները մշտապես համարել են կաթոլիկների հալածիչ։ Իհարկե, կան նաեւ անձինք, որոնք Պիծակին լատինասեր են հռչակում, ինչը որեւէ կերպ չի հաստատվում նրա՝ հայադավանության ջատագովի լույսով։ Անհիմն է այն տեղեկությունը, թե նա աքսորվել է Պարսկաստան եւ այնտեղ մեռել, քանի որ նա մահացել է Երուսաղեմում։ Մելքոնը տիրացավ Մամպուտի հայադավան վիճակին՝ որպես եպիսկոպոս, սակայն դրանից հետո լատինամոլ գործունեություն ծավալեց եւ գալով Կ. Պոլիս՝ լատինամետների գլուխ անցավ՝ կամենալով դառնալ առաջնորդ եւ պատրիարք, ծայրահեղ դեպքում՝ յուրայինների։ Երիցս ճիշտ է Մ. Օրմանյանը, երբ գրում է, թե լատինամետությունը փառատենչ ձգտումները շղարշելու ընդունված ձեւ էր։
Թասպասյանին հետեւեց նրա աշակերտներից Աբրահամ Արծունյանը, որը ծնվել էր Այնթապում 1679 թվին եւ 1706-ին ձեռնադրվել աբեղա։ Նա նույնպես եպիսկոպոս էր ձեռնադրվել Պետրոս Բերիացու կողմից։
Շարունակելի
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s