ԻՆՉՈՒ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԱՍՏԾՈՒՆ

Ինչու է այնպես պատահում, որ մարդը, ում ստեղծել է Աստված, չի հավատում Նրան… Միայն մի՛ պատճառ կա, որ մարդիկ ծածկում են իրենց Աստծուց։
Ռուս փիլիսոփա Վլադիմիր Սոլովեւն իրավացի է, երբ ասում է, թե գոյություն ունի «ազնիվ» եւ «անազնիվ» անհավատություն։
Անազնիվները չեն ցանկանում, որ Աստված լինի, նրանք խուսափում են Աստծո մասին ուզածդ մտքից, թաքնվում են սուրբ աշխարհի բարոյական օրենքներից։ Չար եւ եսասեր մարդկանց ձեռնտու է, որ Աստված չլինի։ Աստծո գոյությունը, ինչն ըստ էության՝ նրանց փրկությունն է, ներկայանում է նրանց որպես Ահեղ Դատաստան, որը դատելու է նրանց անմաքուր եւ անիմաստ կյանքը։ Նման անհավատների շրջանում կան մարդիկ, որոնք ոչ միայն մերժում են Աստծուն, այլեւ լցված են Արարչի հանդեպ ատելությամբ, մի բան, որն անշուշտ փաստում է հենց Նրա՝ Աստծո գոյության մասին, Ում այդպես մերժում են։ Նրանք անտեսանելիորեն, բայց զգացական սրտով գիտակցում են, որ Արարչի անպարփակ սուրբ կերպարը կապանքների մեջ է առնում մարդու եսասիրական ու մեղսալի կամքը։
Կան այլ անհավատներ, որոնց մտահոգում են չարի, բարու, ճշմարտության, բարոյական կյանքի խնդիրները։ Նրանք զուրկ են ինքնաբավարարվածության զգացումից։ Աշխարհի եւ մարդկանց հանդեպ ունեցած իրենց մարդկային հարաբերություններում նրանք ամենքին բարօրություն են ցանկանում, սակայն հույս ունեն աշխարհի ներդաշնակությանն ու երջանկությանը հասնել միայն մարդկային ու արտաքին ազդակների միջոցով։ Այս հարցում նրանք, իհարկե, սխալվում են եւ չափազանց լավատես են։ Մարդկային միջոցներն ու ուժերը սահմանափակ են։ Առանց Վերին՝ Աստվածային աշխարհի օգնության մարդը չի կարող ճշմարիտ կյանք գտնել։
Աշխարհում կա նաեւ անմիտ, անասնական անհավատություն։ Ծամում է մարդը նյութական կյանքի իր ծամոնը, եւ նրան այլեւս ոչինչ պետք չէ։ Նույնիսկ ալարում է մտածել Աստծո մասին, իր հոգու եւ նրան սպասվող հավիտենության մասին։ Ավետարանը նման մարդկանց նմանեցնում է հյուրերի, որոնք հրավիրված լինելով մեծ ու բարի Թագավորի մոտ խնջույքի, «ասես իրար ձայն տված» (այդ անհավատության փաստարկներն այնքան էլ բարդ չեն), հրաժարվում են հրավերից։ Մեկն ասում է. «Եզներ եմ գնել եւ ահա գնում եմ դաշտ՝ դրանց ստուգելու համար։ Ների՛ր, գալ չեմ կարող», մյուսն իր ամուսնությունն է պատրվակ դարձնում՝ հրաժարվելու համար Աստծո հրավերից, երրորդը մեկ այլ պատճառ է հորինում, որ չճաշակի կյանքի Աղբյուրից։ Մարդիկ հրաժարվում են կյանքի ամենագլխավոր արժեքից՝ Արարչի հետ մերձ լինելուց։
Իրենց կենցաղային գործերի, հոգսերի, ուրախության ու տխրության մեջ ընկղմված՝ նրանք չեն ցանկանում իրենց կյանքը բարձրացնել դրանցից վեր՝ դեպի հավիտենական ճշմարտությունը։
Աստծո ճշմարտությունը մերժողները (կամ այն դեռեւս չճանաչողները) ընկնում են տարբեր կուսակցական, դասակարգային, ցեղային, ազգային եւ այլ կարգի անձնական ու հասարակական, մեկը մյուսին հակասող եսասիրական «ճշմարտությունների» մեջ։ Նրանք իրենց ճշմարտությունների հետեւում եւ դրանցից վեր չեն տեսնում Աստծո միակ Ճշմարտությունը։
Շատերն այդպես ապրում ու չեն հասկանում, որ մարդկության ողջ պատմությունը՝ իր պատերազմներով, խռովություններով, արնահեղություններով ու բռնություններով, հետեւանք է մարդկային գործնական ու բանական կյանքի, որը չի հասել դեռեւս իր բարձրագույն, հոգեւոր ավարտին ու պայծառացմանը՝ Աստծո ճշմարտությանը ենթարկվելու միջոցով։
Մարդն իր ողջ կյանքը դնում է Աստծո առաջ՝ կամենում է թե չի կամենում։ Արեւը չի հարցնում, թե ինչպես են վերաբերվում իրեն. նա շողարձակում ու ջերմացնում է աշխարհը։ Սակայն անջուր այգիները խանձվում են արեւից, իսկ իրենց անհավատությունը մութ նկուղներում թաքցրած մարդիկ մնում են խավարում։
Կան նաեւ անգիտությամբ «անհավատներ»։ Դրանք հոգեպես ազնիվ մարդիկ են, որոնք իրենց «անհավատ» են համարում, քանզի նրանց ներշնչել կամ էլ իրենք են որդեգրել Աստծո, աշխարհի եւ մարդկանց մասին սխալ մոտեցումը։ Նման մարդիկ իրենց հոգու խորքում դեմ չեն Աստծուն, նրանք դեմ են սոսկ Աստծո մասին ոչ ճիշտ, նեղմիտ հասկացությանը։ Եվ ճշմարտության իրենց որոնումներում նրանք հեշտությամբ կարողանում են ըմբռնել հոգեւոր աշխարհը։
Ամեն ոք, ծանոթանալով հակակրոնական պարբերականներին, գիտի, որ դրանց բովանդակությունն սպառվում է ընդհուպ երեք գաղափարներով. առաջին՝ Եկեղեցու բոլոր սպասավորների՝ իբր ոչ անկեղծությամբ, երկրորդ՝ բոլոր կրոնների՝ իբրեւ «դասակարգային» էությամբ, եւ վերջապես՝ «գիտությունն անհամատեղելի է կրոնի հետ» գաղափարով։ Թե՛ կրոնական եւ թե՛ գիտական անհիմնության մասին արդեն խոսել ենք եւ դեռեւս խոսելու ենք։ Իսկ ուզածդ կրոնի դասակարգային էության մասին անհավատների փաստարկները նույնպես հիմնավոր չեն։ Հավիտենական կյանքն անհրաժեշտ է ամենքին՝ անկախ նրանց սոցիալական դիրքից…
Իսկ հավատացյալների եւ Եկեղեցու սպասավորների բարոյական թուլության փաստարկները հիմքեր ունեն։ Բացորոշ ասենք՝ մենք հավատացյալներս ու հոգեւորականներս, ոչ միշտ ենք լինում Աստծուն ծառայելու մեր սրբազան բարձունքում։ Միայն հակակրոնականները, որոնք պախարակում են մեզ, չեն նկատում, որ այդ փաստարկը բնավ էլ հակակրոնական չէ, այլ բուն կրոնական։ Այդ բարոյական փաստարկն ամենեւին էլ կապ չունի մատերիալիզմի հետ… Բոլոր ժամանակներում էլ եղել են, այսօր եւս քիչ չեն միայն արտաքուստ «Աստծուն հավատացողներ» եւ «քրիստոնյաներ»։ Եվ մի՞թե այս կամ այն մարդկանց կամ հոգեւոր հովիվների բարոյական թուլությունը կարող է վարկաբեկել Աստծո հրեշտակային ուսմունքի կենսական ուժը, իմաստությունն ու լույսը։
Ավետարանն ինքն է մեզ ասում, որ նույնիսկ Քրիստոսին մտերիմ տասներկու առաքյալների մեջ, պարզվեց, մեկը դավաճան էր։ Դա չի կարող հերքել Քրիստոսի ճշմարտությունը, հակառակը, ավելի ընդգծում է այն։ Մենք՝ քրիստոնյաներս, վատն ենք թե լավը, դա առնչվում է միայն մեր փրկությանը, բայց ոչ Աստծո գոյությանը։
Խաբեբաներն ու հանցագործները խեղում են միայն իրենց անձերը, բայց ոչ Աստծո ճշմարտությունը… Մարդկային ոչ մի երեսպաշտություն ի զորու չէ խամրեցնելու Աստծո համաշխարհային ճշմարտությունը։ «Աստծո ճշմարտության գոյությունը հավիտենական է»։ Քիչ չեն եղել եւ այսօր էլ կան մարդիկ, որոնք Քրիստոսի ճշմարտությունն իրենց կյանքից առավել են սիրում։
Անկեղծ անհավատությունը Թովմաս առաքյալի անհավատությունն էր։ Թեպետ նա զուր դրսեւորեց անվստահություն առաքյալների խոսքերի հանդեպ (նա պետք է, որ հավատար նրանց), սակայն, վստահ լինելու համար ցանկացավ տեսնել հարություն առած Քրիստոսին. ուրախությունից նա կարծես վախենում էր հավատալ…
Եթե Քրիստոսը հարություն է առել, այնժամ եւ նրա՝ Թովմասի կյանքը պիտի արմատապես փոխվեր, պիտի գնար միանգամայն այլ հունով… Ամեն ինչ նրա կյանքում պետք է փայլատակեր այդ լույսով… Եվ երբ Թովմասը տեսավ իսկապես հարություն առած Քրիստոսին եւ իր ձեռքերով հպվեց Նրա՝ գամերից առաջացած վերքերին, հրճվագին ձայնեց. «Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ»։ Եվ Քրիստոսը նրան ասաց. «Որովհետեւ դու Ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսնելու եւ սակայն կհավատան» (Հովհ. Ի 29)։
Աշխարհում բոլոր ազգերի մեջ էլ քիչ չեն նման մարդիկ։ Հնարավորություն չունենալով տեսնելու Քրիստոսին ֆիզիկական աչքերով՝ նրանք առանց երկմտանքի իրենց հոգու աչքերով են տեսնում Փրկչին, տեսնում են՝ սիրով ու հավատով առլեցուն։
Անկեղծ կասկածամտությունն ի վերջո գտնում է Ճշմարտությունը, որովհետեւ փնտրում է Նրան՝ առանց խարդավանքի։
Վերջիններս, որոնք ճշմարտության ծարավն ունեին, արդեն գտել են Աստծուն, քանզի այդ ծարավը հենց Աստծո ճշմարտությունն է մարդկանց կյանքում։
Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱՐՈՅԱՆԻ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s