ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

«ՓԱՐԻՍԵՑՈՒ ԵՎ ՄԱՔՍԱՎՈՐԻ ԱՌԱԿԸ»

Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

— Այս առակը Ղուկասի Ավետարանում անմիջապես հաջորդում է «Անիրավ դատավորի եւ այրի կնոջ առակին» եւ նույնպես նվիրված է աղոթքի գաղափարին. մեկ տարբերությամբ, որ, ինչպես Օրմանյան պատրիարքն է ասում, առաջինը պահանջում էր աղոթքի հարատեւությունը, իսկ այս մեկն առավելապես ցույց է տալիս աղոթքի հոգին:
Եկեղեցու վարդապետները եւ մերօրյա սպասավորները հաճախ են այս առակն իրենց քարոզների նյութ դարձնում: Ինչո՞ւ է այսքան շատ խոսվում այս առակի մասին:
— Որովհետեւ այն փայլուն կերպով ներկայացնում է ընդունելի եւ անընդունելի աղոթքի կերպը, աղոթքի ներքին էությունը, այո՛, ինչպես Օրմանյանն է ասում, հենց աղոթքի հոգին:
Առակի բովանդակությունն այս է. երկու մարդ տաճար ելան` աղոթքի կանգնելու` փարիսեցին եւ մաքսավորը: Աստված չընդունեց փարիսեցու աղոթքը: Մակերեսային ընթերցման պարագայում կարող ենք ըմբոստանալ` ինչո՞ւ, փարիսեցու վարքը, թերեւս, ավելի շիտակ էր, քան մաքսավորինը. չէ՞ որ նա շնորհակալություն էր հայտնում Աստծուն… Բայց ինչի՞ համար էր այդ շնորհակալությունը, եւ ընդհանրապես, տեսնենք, թե ինչպես էր աղոթում փարիսեցին:
«Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ Քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես` հափշտակողները, անիրավներն ու շնացողները, եւ կամ ինչպես այս մաքսավորը. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից» (Ղուկ. ԺԸ 11-12): Այս էր փարիսեցու ողջ աղոթքը, որ ըստ էության՝ աղոթք չէր, այլ սեփական անձի գովերգ: Հիմա փորձենք խորանալ, թե ո՞վ էր փարիսեցին: Փարիսեցիների ու փարիսեցիության մասին շատ է ասվել, բայց ավելորդ չենք համարում մեկ անգամ էլ հիշեցնել. փարիսեցիները հրեական կրոնական-հոգեւոր առաջնորդներն էին, օրենսգետները, այն բարձր խավի ներկայացուցիչները, ովքեր անառարկելի հեղինակություն էին վայելում հրեական շրջանակներում: Եվ ահա այս մեկի (առակի փարիսեցու) աղոթքի մեջ շարադրածում կարծես թե ամեն բան ճիշտ էր: Ճիշտ էր, որ շաբաթը երկու անգամ ծոմ էր պահում, որ տասանորդ էր տալիս: Առաչոք ճիշտ էր նաեւ այն, որ ինքն ուրիշների նման չէր, որովհետեւ մաքսավորների կամ հափշտակողների կամ շնացողների նման հայտնապես երեւացող մեղքեր չուներ: Սակայն եթե նույնիսկ այդ ամենը ճիշտ էր, եթե անգամ Աստծու առաջ էլ նա իրեն մաքուր պահած լիներ, միեւնույն է, այդ աղոթքը սխալ եւ անընդունելի էր: Ինչո՞ւ: Սովորական մի պատկեր. երկու մարդ զրուցում են, եւ մեկը սկսում է ինքն իրեն գովել: Ով էլ լինի, միանգամից հակակրանք է առաջացնում: Սողոմոն Իմաստունն ասում է. «Թող քեզ քո ընկե՛րը գովի, եւ ոչ թե քո բերանը, օտա՛րը, եւ ոչ թե քո շուրթերը» (Առ. ԻԷ 2): Եվ ահա օրենսդիր Աստված Ինքն է լսողն աղոթքի, ու փարիսեցին, ո՛չ ավել, ո՛չ պակաս, կանգնել է Օրենսդրի դեմ, Ով իրեն պատվիրել էր` «Թող քո շուրթերը չգովեն քեզ», եւ աղոթում է (իսկ իրականում` սեփական անձն է փառաբանում): Ահա թե ինչու էր այս աղոթքն անընդունելի Աստծու համար:
Ընդհանրապես, փարիսեցիները ինչի՞ համար մեղադրվեցին Նոր Կտակարանում, նաեւ այս առակում. առաջին հերթին` կեղծավորության համար: Եվ այն էլ ո՞ւմ կողմից. ամենատես Աստծու: Այս առակում էլ Աստված շատ լավ գիտեր, որ փարիսեցին այն չէր, ինչ որ ուզում էր իրեն ներկայացնել: Նա ուղղակի սուտ էր խոսում, երբ ասում էր, թե ինքը նման չէ շնացողի կամ հափշտակողի: Թերեւս, իր վարքագծով նա շատ վարպետորեն ներկայանում էր մարդկանց՝ իբրեւ առաքինի ու օրինապահ մարդ, սակայն ո՛չ միտքն էր մաքուր, ո՛չ էլ ներքին ցանկություններն էին ազնիվ: Նրա համար շատ ավելի կարեւոր էր իր ցուցադրական օրինապահությունը, քան անկեղծ սրտի մաքուր պաշտամունքը: Ուստի Աստծու առաջ այս աղոթքը հնչեց իբրեւ դատապարտություն՝ հենց աղոթողի համար: Չէ՞ որ Աստված տեսնում է սրտի ամենախորքը, տեսնում է քողարկված մեղքերը` «աջակողմյան» կոչված մեղքերը, որոնց մասին այլ առիթով խոսել ենք: Այն մեղքերը, որոնք, որքան էլ նրբորեն քողարկված, սակայն շատ ավելի վտանգավոր են, ավելի կործանարար ու չափազանց նենգ։ Սրանցով մինչեւ ուղնուծուծը վարակված էր փարիսեցին: Մարդիկ, թերեւս, միամտաբար մտածում էին` փարիսեցին մեր հոգեւոր առաջնորդն է, տեսե՛ք` ինչ լավն է, ինչ ազնիվ է, օրինապահ: Բայց… ներսը չէին տեսնում:
Հիմա փորձենք մի պարզ համեմատություն անցկացնել փարիսեցու` իբրեւ հրեական միջավայրի հոգեւոր առաջնորդի եւ մեր մայր Եկեղեցու սրբերի` իբրեւ քրիստոնեության առաջնորդների միջեւ: Նարեկացին իր Մատյանում մերկացնում է մարդկային բոլոր հանցանքները, ոչ մի ծածուկ բան այլեւս չկա, եւ անգամ մտքի ծայրով անցած փոքրիկ մեղքն է որակվում՝ իբրեւ կատարված չարագործություն: Ինքն իրեն համարում է ամենամեղավորը բոլոր մարդկանցից: Քրիստոնեական կյանքի մեջ, մանավանդ հոգեւոր առաջնորդության մեջ յուրաքանչյուր հոգեւորապես հասուն մարդ այսպես պետք է մտածի եւ այսպես պետք է ներկայանա Աստծո եւ մարդկանց առաջ: Ճիշտ այնպես, ինչպես առակի մաքսավորը, որ «Կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում` «Աստվա՛ծ, ների՛ր ինձ` մեղավորիս» (Ղուկ. ԺԸ 13):
— Այսինքն` կարելի՞ է ասել, որ փարիսեցու պարագայում խաթարված էր աղոթքի հոգին, եւ անգամ կարեւոր էլ չէ, թե ինչ բառերով էր աղոթում, քանի որ տաճարում՝ Տիրոջ առաջ կանգնած, Աստծուն փառաբանելու փոխարեն ինքն իրեն էր փառաբանում: Եվ, որ շատ կարեւոր է, իսպառ բացակայում էր զղջման, մեղքերի խոստովանության, այդ մեղքերի թողության համար խնդրանքի հանգամանքը, այսինքն` չկար ապաշխարություն: Մինչդեռ մաքսավորը միայն մեղա էր մրմնջում գլխահակ…
— Գիտեք, եթե փարիսեցին նույնիսկ իսպառ ազատ լիներ մեղքից, ինչ-որ տեղ, թերեւս, կարելի էր հանդուրժել այն, որ նա զղջման հոգի չունի: Բայց դա ուղղակի անհնար է. Ադամից սկսած որեւէ մեկը չկարողացավ արդար կյանքով ներկայանալ Աստծո առաջ: Միակ անմեղը Հիսուս Քրիստոսն էր, այն էլ` մարդացած Աստվածը, որ եկավ բոլոր մեղավորների փրկության պատճառ դառնալու: Հետեւաբար փարիսեցու կեցվածքը (չզղջացող հոգի) միանշանակ հակասում էր աղոթքի հոգեբանությանը: Փոխանակ իր անմիտ անձը բարձրացնելու, նա Աստծուն պիտի փառաբաներ` թեկուզ հենց այն շնորհների համար, որ Աստված պարգեւել էր իրեն:
— Բայց մի՞թե միայն շնորհների համար պիտի գոհանալ Աստծուց, մի՞թե միայն պարգեւների համար պիտի փառաբանել…
— Ո՛չ եւ ո՛չ: Աղոթքի իսկական հոգին նաեւ այն է, որ անգամ նեղության մեջ են գոհանում Աստծուց: Տիրոջ փառաբանությամբ պիտի սկսվեն եւ եզրափակվեն մեր բոլոր աղոթքները: «Հայր մեր»-ը` աղոթքների աղոթքը, որ սովորեցրեց Ինքը՝ Քրիստոսը, մեզ հենց այդպես էլ ուսուցանում է. «Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո…», այսինքն` Աստծո փառաբանությամբ է սկսվում: Եվ եզրափակվում է . «Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն»` դարձյալ փառաբանություն: Աստծո առաջ ներկայանալիս մենք պարտավոր ենք մեր սրտում եւ շուրթերին նախ եւ առաջ փառաբանություն ունենալ: Գիտե՞ք ինչու. որովհետեւ Աստված իրականում փառավոր է, փառքերի Տերն է: Եվ եթե մենք առանց փառավորելու ենք մոտենում Փառավորյալին, նշանակում է՝ մենք չենք ճանաչում Աստծուն, նշանակում է՝ խեղաթյուրում ենք ճշմարտությունը: Ուրեմն, նախ պետք է, ինչպես Ավետարանն է ասում, Աստծունը Աստծուն տալ, նոր միայն մնացյալը` խնդրանք, աղերս, աղաչանք: Եվ այս ամենը` խոնարհ սրտով ու մեր մեղքերի համար անկեղծ զղջումով:
— Այս առակով մեր Տերը նաեւ խոնարհության դաս է տալիս բոլորիս` ասելով. «Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. ԺԸ 14): Փարիսեցու աղոթքը շատ հեռու էր խոնարհությունից…
— Այո՛, փարիսեցու աղոթքի մեջ ուղղակի չկար խոնարհություն: Այլապես, ինչպես արդեն ասացինք, նախ պիտի փառաբաներ Աստծուն, ապա իր մեղավոր անձի համար թողություն պիտի խնդրեր եւ վերջում դարձյալ Աստծուն պիտի փառաբաներ, որ իր պես անարժան մարդուն պահում է Իր սուրբ շնորհի մեջ: Քրիստոսն ասաց. «Սովորեցե՛ք Ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ» (Մատթ. ԺԱ 29): Քրիստոսը, փառքերի Տերն ու Տիրակալը լինելով, երբ մարդացավ, մարդկայնորեն աղոթեց եւ աղոթքի մեջ փառաբանությամբ մոտեցավ Աստծուն` Հորը, եւ ապա խնդրանքով, այն դեպքում, երբ Ինքն Աստված է` Որդին Աստծո, եւ խնդրանքի կարիք չուներ: Սակայն իբրեւ մարդ` Ինքը ներկայանում է փառաբանությամբ, ներկայանում է խոնարհաբար ու խնդրանքով եւ ճիշտ նույն հոգեւոր կեցվածքն է պահանջում նաեւ Իր հետեւորդներից: Եվ այս առումով առանձնահատուկ ուշադրության է արժանի առակի մաքսավորի աղոթքը: Առաքելահիմն Եկեղեցիների ծիսակարգում մեծագույն տեղը զբաղեցնում է աղոթքի հենց այս տեսակը` «Աստվա՛ծ, ների՛ր ինձ` մեղավորիս», «Տե՛ր, ողորմեա՛, Տե՛ր, ողորմեա՛»… Պատահական չէ, որ երբ քրիստոնեության հակառակորդները, հատկապես համայնավար անաստվածները հարձակվում էին սրբությունների վրա` ցանկանալով անարգել դրանք եւ մարդկանց մեջ հակադրություն, թշնամություն սերմանել սրբությունների հանդեպ, առաջին հերթին «Տե՛ր, ողորմեա՛» աղոթքի վրա էին հարձակվում եւ այն ներկայացնում իբրեւ մի ստորացուցիչ մոտեցում, մարդու արժանապատվությունը վիրավորող երեւույթ: Սա հենց իսկական դիվային մոտեցում էր: Եվ տեսե՛ք, թե հոգեբանորեն որքան նման է այդ մոտեցումը փարիսեցու աղոթքին: Սրան հակառակ` մաքսավորը կուրծքն էր ծեծում եւ մրմնջում «Տե՛ր, ողորմեա՛ մեղավորիս»…
Մեր Եկեղեցու ապաշխարության օրերի կանոններում հստակորեն սահմանված է աղոթելիս 3 անգամ, 12 անգամ, 50 անգամ, 100 անգամ արտասանել «Տե՛ր, ողորմեա՛»-ն, եւ այս աղոթքով լեցուն է մեր ողջ ծիսակարգը: Սա այն աղոթքն է, որ Եկեղեցին հատկապես դնում է իր բոլոր հավատացյալների շուրթերին: Ու եթե մյուս աղոթքները հիմնականում ընթերցում է քահանան, ապա այս աղոթքը` քահանան եւ ժողովրդի ամբողջ բազմությունը միասին: Սա չափազանց կարեւոր է. մայր Եկեղեցին ճիշտ կեցվածքով է ներկայանում Աստծո առաջ: Եվ դարձյալ պատահական չէ, որ մերօրյա աղանդավորներն էլ հաճախ Եկեղեցու հենց ծեսն են ընտրում իբրեւ իրենց հարձակման թիրախ` փորձելով պախարակել սրբազան արարողությունը՝ չհասկանալով, թե ինչ աննման գանձի դեմ են հանդես գալիս: Հավատացե՛ք, եթե սրբազան ծեսը մեզ չառաջնորդի, մենք շատ արագ կարող ենք հայտնվել փարիսեցու կեցվածքի մեջ: Շատ կուզենայի աղանդավորների ուռկաններում հայտնվածների ուշադրությունը հրավիրել իրենց քարոզիչների խոսքերին. դժվար չպիտի լինի տեսնել, որ այդ քարոզների մեջ ակնհայտ փառաբանություն կա իրենց իսկ անձին: Դրանք իսկական փարիսեցիական քարոզներ են, որոնցով իրենց գործն առաջ են տանում կեղծավորությամբ, Աստծո ճշմարիտ խոսքը, մարդկանց հոգիները խեղելով…
Շարունակելի
Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s