Այս պատվավոր ու պանծալի Հովհաննես վկան Բզնունյաց գավառից էր՝ Խլաթ քաղաքից՝ բարեպաշտ ծնողների զավակ։ Հայոց ԸՃՁԶ (1438) թվականն էր: Նա սովորել էր գուսանական խաղերի երաժշտական արվեստը, շատ անուշաձայն էր ու քաղցրերգեցիկ, այնքան, որ տեսնողներն ու լսողները զարմանում էին: Սիրված էր բոլորի աչքում, առավել եւս` Սեֆեդին ամիրայի, հանապազ նրա մոտ էր:
Նույն ամիրայի մոտ կար եւ մի երգող ու պարող կին, եւ այդ պիղծ կինը հանրության աչքի առաջ գուսանական մրցությանը պարտվել էր երիտասարդից, որովհետեւ Հովհաննես Մանուկը կատարում էր գեղեցիկ եղանակով երգեր` «Փառք ի բարձունս» եւ այլ քաղցրաբարբառ շարականներ ու զարմացնում էր բոլորին: Իսկ մարերի նենգ ազգը, որ եւ քուրդ են կոչում, ամիրային դրդեց կործանել նրան:
Եվ մի օր ամիրան նրան կանչեց իր ամրոցը եւ ասաց. «Ես ստուգել եմ, որ դու մեղքով երբեմն եղել ես մահմեդական երգչուհու հետ. դու պարտավոր ես տաճկանալ եւ նրան առնել կամ մեռնել չարաչար մահով»:
Քրիստոսի ծառա Հովհաննեսը համարձակորեն պատասխանեց. «Դա ձեր եւ ձեր առաջնորդների գործն է եւ հեռու է քրիստոնյաներիցս, որ Քրիստոսի ծառա ենք, չէ՞ որ Քրիստոսը սուրբ է եւ սիրում է սրբերին»:
Այնժամ անօրենը լցվեց զայրույթով եւ չորս հոգու հրամայեց բերդի աշտարակից վայր նետել նրան, բայց չկարողացան, որովհետեւ սուրբն Աստծու աներեւույթ օգնությամբ հաղթեց նրանց: Եվ նրանք դառն ու խիստ գանահարությամբ բրածեծ արեցին վկային եւ ոտք ու ձեռք կապած՝ բանտ նետեցին, իսկ գիշերը ողոքելով, պատիվ խոստանալով՝ թուլացրին նրա հավատը: Եվ նա ասաց. «Առավոտյան ձեր կամքը կլինի»՝ վախենալով, թե գիշերով թաքնաբար կսպանեն իրեն:
«Առավոտյան նրան տարան ամիրայի մոտ, բռնի ձի նստեցրին ու շրջեցրին քաղաքով մեկ: Եվ քանի որ նա քսանամյա երիասարդ էր եւ դյուրափոխ ամեն խոսքով, ուստի նույն օրը զղջաց, [հրաժարվեց] պիղծ օրենքից, որ նրան պարտադրում էին անօրենները. զղջալով` միտք էր անում մեռնել հանուն Քրիստոսի: Եվ քրիստոնյաներից մեկին ուղարկեց քահանաների մոտ, թե` «Ինձ հաղորդություն տվեք Քրիստոսի մարմնից, որ վաղը նահատակվեմ Նրա անվան համար»: Քահանաները ուշադրության չառան` նրան համարելով անհավատ եւ ուրացող: Բայց նա հալվում-մաշվում էր իր մեջ եւ սրտի դառնությունից մտքում հորինում էր լալագին երգեր եւ ողբալով ու ամոթխածությամբ շրջում էր քաղաքում՝ առանց գոտու եւ մի ձորձով, վայ ու եղուկ էր կարդում իր անձին ու ասում. «Վա՜յ քեզ, ուրացող Հովհաննես, որ տրտմեցրիր քահանաներին, իսկ ծնողներիդ սուգի մեջ նստեցրիր եւ քո սիրելի եղբայրներին ու ընկերներին դառնացրիր, մոռացար այն գավազանը, որ քեզ Աստծու որդի ծնեց. թողիր Ավետարանը, որ քարոզությամբ քեզ լուսավորեց, Քրիստոսի աչքից ընկար, հեռացավ քեզանից պահապան հրեշտակը: Եվ արդ, դատաստանի օրը ի՞նչ պատասխան կտաս Քրիստոսին` քո Աստծուն, որ ասաց սուրբ Ավետարանում` «Ով ինձ ուրանա մարդկանց առջեւ, Ես եւս կուրանամ նրան Իմ Հոր առջեւ, որ երկնքում է»:
Այս եւ սրանից առավել ողբեր հորինեց, լալիս էր անդադար եւ լսողների արտասուքն էր շարժում: Այնուհետեւ վաճառեց իր ամբողջ ունեցվածքը, բաժանեց աղքատներին ու կարոտյալներին: Եվ գնաց եկեղեցու առաջ, դավանեց ամենասուրբ Երրորդությունն ու Քրիստոսի մարդեղությունը, եւ ողբալով ու կոծելով մեղա եկավ բոլոր քահանաների առջեւ, ցույց տվեց իր գերեզմանի տեղը սուրբ սեղանի մոտ եւ ասաց. «Այստեղ կթաղեք ինձ», ապա ինքն իրեն Աստծուն ու սուրբ եկեղեցուն հանձնեց եւ պատրաստվեց ամենայն սրբությամբ, երբ Առաջավորի պահքը հասավ, հինգ օր առանց ուտելու անցկացրեց:
Նրա մոտ եկան երկու այր` անօրենների գլխավորներից, ու ասացին. «Արի գնանք մեր աղոթանոցը, ուտենք եւ ըմպենք միասին, իսկ եթե ոչ` կմեռնես մեր ձեռքով»: Եվ նա պատասխանեց. «Սուրբ Խըտըրին եմ խոստացել այսքան օրերս եւ չեմ կարող գալ»:
Նրանք չարութամբ լցված գնում են դատավորի մոտ եւ նրա մասին ասում. «Ճշմարիտ քրիստոնյա է, խաբեց մեզ եւ մեր օրենքը»: Եվ նա ասաց. «Լուռ մնացեք մինչեւ նրանց պահքը, եւ այդ օրը կթլփատենք նրան, իսկ թե չկամենա` չարաչար մահով կորցրեք նրան»:
Եվ լռեցին մինչեւ Բուն բարեկենդանի շաբաթվա վերջին օրը. այդ օրը գնացին բռնեցին նրան ու ծեծելով տարան: Ծնողները տեսան. աղիողորմ ողբուկոծով գնում էին նրանց ետեւից: Իսկ նա ասաց ծնողներին. «Աստվածագութ ծնողներ իմ, մի՛ լաք իմ մահվան համար, այլ լացեք իմ կորստի համար: Բայց աղաչում եմ ձեզ, ձեր կրած չարչարանքը, օրհնեցեք ինձ, որովհետեւ ես այսօր Քրիստոսի վկա եմ լինելու` Հակոբի նման»:
Եվ ծնողները տարածեցին իրենց թեւերը, խաչակնքելով օրհնեցին նրան ու ասացին. «Զորացնողն Աստված թող զորացնի քեզ. գնա՛ խաղաղության, եւ Քրիստոսն Ինքը լինի քեզ հետ»:
Եվ անօրենները նրան տարան դատավորի մոտ, իսկ սրանք կրկին հղեցին ամիրային, թե «նորից ուրացրեք ու թլփատեցեք դրան»:
Երբ հասան բերդի դարպասին, Հովհաննեսը կանգ առավ ու ասաց. «Ո՞ւր եք ուզում ինձ տանել. այստեղ եմ հեծնել սատանայի ձին եւ ուրացել Քրիստոսին եւ այստեղ եմ մեռնելու»: Եվ աչքերը վեր բարձրացրեց, հոգու աչքերով տեսավ Քրիստոսին, որ բազում հրեշտակներով ու մարտիրոսների խմբերով եկավ, անթառամ պսակ բերեց իրեն եւ քաջալերելով զորացնում էր մարտի մեջ, խոստանում լուսեղեն օթեւաններ: Դրանով պայծառացավ նրա երեսի գեղեցկությունը, եւ ձեռքերը երկինք պարզած աղաղակեց՝ ասելով. «Հավատում եմ իմ Քրիստոս Աստծուն, երկնքի ու երկրի արարչին», եւ նրանց ձեռքերից ազատվեց, ընկավ գետին եւ հողը խաչակնքելով բերանն էր առնում ու ասում. «Այստեղ սպանեցեք ինձ հանուն Քրիստոսի»:
Այնժամ անօրենները հարձակվեցին նրա վրա կատաղի շան նման, քարով ու փայտով հարվածում էին նրա գլխին, մինչեւ որ ուղեղը վայր թափվեց գլխից, եւ նա ընկավ նրանց մեջ մեռածի նման, եւ շատերն ասացին` մեռավ: Բայց նա հանկարծակի ուշքի եկավ, իր արյունով օծեց երեսը, ասաց. «Ահա բաժա՛կն անապական, որ ըմպեցի, եւ մա՛հը պատվական, որ այսօր ինձ վիճակվեց»:
Եվ անօրեններն ասում են. «Մի՛ երկնչիր, մի՛ խոսիր, եւ մենք դեղերով կկենդանացնենք քեզ»: Իսկ նա վերստին դավանեց Քրիստոս Աստծուն եւ կրկին խաչով դրոշմելով հողը` բերանն էր առնում, ձեռքով խաչակնքելով սիրտը` բարձրաձայն գոչում էր. «Խփեցե՛ք ինձ եւ սպանեցե՛ք, որովհետեւ Քրիստոսի ծառա եմ»:
Եվ անօրենները տեսան քաջ նահատակի համբերությունը, թողին նրան ու գնացին դատավորի մոտ, ասացին. «Այն խաբեբան չի դադարում Քրիստոսին Աստված դավանելուց»: Իսկ դատավորն ասում է. «Ինչո՞ւ չեք սպանում նրան»: Պատասխանում են. «Սպանեցինք նրան, բայց նա նորից կենդանացավ»: Եվ դատավորը հրամայեց գնալ արկոխել նրան: Բայց սրանք գնացին, ողոքելով խրատում էին նրան` կատարել դատավորի կամքը: Իսկ նա ասաց. «Գնանք դատավորի մոտ»:
Ուրախացան նրանք, տարան դատավորի մոտ: Իսկ Քրիստոսի զորեղ զինվորը եւ քաջ մենամարտիկը, մարմնի ցավը թողած, եկավ այնտեղ, որ ուրացության ձին էր հեծնել եւ ձայնեց մոտակա քրիստոնյաներին. «Այստեղ հեծա սեւ ձին եւ այստեղ կմեռնեմ հանուն Քրիստոսի»:
Անօրենները տեսան նրա ճշմարիտ հավատը, քարով ու փայտով հարվածելով ջարդեցին նրա ամբողջ մարմինը: Եվ այդպես նա ավանդեց իր հոգին առ Աստված` հրեշտակների ձեռքով: Եվ անօրենները երանելի պարմանիի մարմինն առան ու այրեցին հրով:
Եվ այն գիշեր նրա վրա լույս ծագեց, եւ անօրենները ամոթով գլխիկոր եղան: Երեք օր անց ամիրան հրամայեց վերցնել ու թաղել նրա մնացած նշխարները: Իսկ քրիստոնյաները, որ անօրենների ահից փախել էին, հավաքվեցին, նրա բարեպաշտ ծնողների հետ եկան այնտեղ, եւ ծնողները սգո հանդերձը հանեցին ու սպիտակ հագան, եւ մեծ օրհնությամբ Աստծուն գոհություն էին տալիս ու ասում. «Այսօր մեզ հետ ուրախացեք բոլորդ, քանի որ մեր այս զավակի խնդության հարսանիքն է»: Ցնծացե՛ք, քահանաներ եւ ժողովուրդ, որովհետեւ մեր որդյակը հոգեւոր բաժակն ըմպեց, մենք ըմպենք մարմնավոր բաժակը եւ ուրախանանք: Եվ սաստում էին` ովքեր լալիս էին ու սփոփում լացողներին: Եվ առնելով նրա մնացած նշխարները` Ստեփանոս սրբազան եպիսկոպոսը, քահանաների ու ժողովրդի ամբողջ բազմությամբ, օրհնեց Աստծուն, որ այդ ձմեռնացյալ ժամանակին վարդ փթթեցրեց անուշ հոտով: Եվ տարան զետեղեցին եկեղեցու բեմի ներքո, ուր ինքը ցույց էր տվել` սաղմոսելով ու օրհնությամբ ի փառս Արարչի:
Վախճանվեց սուրբ վկան Քրիստոսի փետրվար ամսի 22-ին՝ 130 հայրապետների տոնին:
Նանե ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s