Արշակ ՄԱԴՈՅԱՆ

 Ամենեքեան որ սուր առնուցուն` սրով անկցին

 Anchor Ավելի քան 1700 տարի առաջ` 301-ին, Հայ Եկեղեցու երկու մեծ սրբերը` Տրդատ Գ Արշակունին եւ Գրիգոր Լուսավորիչը, քաղաքական որոշումով պետական կրոն հռչակեցին քրիստոնեությունը` նկատի ունենալով վերջինիս բարոյական բարձր չափանիշները: Այդ պահից իրար մերձեցան Հայրենիք եւ Եկեղեցի հասկացությունները: Հայի ըմբռնումով` եթե մեկը սուր է բարձրացնում իր կրոնի դեմ, վտանգվում են ազգը, հայրենիքը, մայրենի լեզուն: Եվ նա անվարան ընդդիմացել է բռնությանը` անգոսնելով թշնամական ուժի գերակշռությունը, վստահելով Սուրբ Գրքի պատգամին, թե «Ամենեքեան որ սուր առնուցուն` սրով անկցին» (Մատթ. ԻԶ. 52): Իսկ հաղթանակն ավելի շատ սիրում է արդարին. գերազանցություն ունի նա, ով թեկուզ սակավ ուժերով պաշտպանում է իր հայրենի հողը, եկեղեցին ու մայրենին: Եվ դարավոր մաքառումը արդարացրել է իրեն, հաջողություն է բերել հայրենիքի զինվորին, որ կռվել է աներկեւան հավատով, հույսով ու սիրով, եւ ի վերջո սրով եկողը ընկել է սրով:

ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՂԹԱՆԱԿ,

ԻՍԿ ՊԱՐԳԵՎԸ` ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ

ԺԸ դարի վերջին ԱղաՄահմատխանի կովկասյան արշավանքները նոր լիցք ու ավյուն էին ներշնչել հատկապես Շուշիի ու Նախիջեւանի պարսիկ խաներին, որ, ինչպես մատենագիրն է ասում, ավելի ու ավելի լկտիացած` «ավեր, ավար, սպանություն, առեւանգում» են սփռում ոչ միայն պարսիկներին ենթակա շեներում, այլեւ հայ մելիքների տիրույթներում: Խաչենի, Ջրաբերդի, Գուլիստանի հայ իշխանները տարակուսանքի են մատնվում տագնապալի կացությունից:

1796 թ. վաղ գարնանը Ջրա բերդի մելիք ԱդամՄեծը խոկում էր, ելք էր որոնում եւ մշտապես կրկնում էր. «Անտարբերությունը կարող է մեզ գլորել ստրկության անել խորը»: Նա թողնում է սուրբ Իննակնյան անապատի մերձակա իր ապարանքը եւ վերականգնում է Քաղաքատեղը՝ Թարթառի ափին: «Եվ նրա ամրակառույց բերդաքաղաքը,ասում է Սեյլանը,սկսեց մրցել շրջակա ժայռերի հետ»:

Մինչդեռ նա զբաղված էր շինարարական եռուզեռով, մութ ուժերը համախմբվում են, մեծ խոստումներով իրենց կողմն են հրապուրում «հերակլյան ուժի տեր» մեծշենցի Լաչին եղբայրներին, որ, «ուրանալով կրոն ու ազգ, ուրանալով պատիվ ու խիղճ, իբրեւ կիսավայրենի ցեղի վիժուկներ», պատուհաս էին դարձել իրենց հայրենիքի գլխին:

Նախիջեւանի խանը հարձակումների ծրագիրը քննարկում է ավագ Լաչինի հետ: Նրանք հասկանում են, որ հեշտ չի լինի ՄելիքԱդամի ամրոցի առումը, որ ինչքան էլ տկար լինի՝ նա «կարող է այդ ամրությունից կրակ թափել, շանթակոծել, ջնջել մեծամեծ բանակներ»: Ուրեմն, մտածում են նրանք, անհրաժեշտ է միաժամանակ հարձակվել տարբեր ուղղություններով, որպեսզի հայերն իրար օգնության հասնել չկարողանան: Եվ նախ գրոհում են հարեւան գավառները: ՄելիքԱդամն իր արիագունդ բանակը ուղարկում է վտանգի մեջ հայտնված եղբայրներին օգնելու: Սակայն շուտով պարզվում է, որ ավագ Լաչինի առաջնորդությամբ պարսկական մի զորամիավոր շարժվում է դեպի իր ամրոցը:

Արդեն հնարավոր չէր հետս կոչել զորքը, ուստիեւ պետք էր այլ հնար գտնել: Ծանրութեթեւ անելով բազմաթիվ վարկածներ` Ադամ Մեծն ու իր խորհրդական Մելքումը մտածում են` թշնամական ուժերին թերեւս պետք է դիմագրավել Թարթառի դժվարանցանելի կիրճում` Թունիկաղբյուրի մոտ: Գրեթե անպաշտպան մնացած Քաղաքատեղին սպառնացող վտանգը կանխելու միակ հնարավորությունը ռազմական հնարամտությունն է, որ խոստանում է փոխհատուցել ուժերի անհավասարությունը:

Ծրագիրը գնալով հստակվում, որոշակի կերպարանք է առնում: Ակնհայտ էր` ամրոցում մնացած սակավաթիվ ռազմիկներից մի փոքր խումբ միայն հնարավոր էր առանձնացնել հանդուգն մտահղացումն իրագործելու համար:

«Բայց այնուամենայնիվ հնարավո՞ր է մի բուռ նվիրյալներով կանգնեցնել վիթխարի հեղեղը»,երկմտում էր Ադամը: Մելքումն աշխատում էր ցրե՞լ մելիքի տարակուսանքը, թե՞ նա բնությամբ ավելի անհողդողդ էր ու լավատես:

Մելի՛քն ապրած կենա,միջամտում է խորհրդականը,առյուծի բույնը միշտ կունենա կորյուն: Դեռ չէ դադարած Արցախը հերոսների օրրան լինելուց…

Առավոտյան մունետիկն ազդարարում է, թե պահն օրհասական է, եւ պետք են մի խումբ անձնուրացներ: Եվ շուտով իշխանին է ներկայանում Մելքումի միակ որդին՝ Եսային, «հսկա կազմվածքով, գրավիչ, արեւակեզ դեմքով, ջինջ, մաքուր, հրատի պես վառվռուն աչքերով», որ «կիսավայրենու հանդգնության շուք էին տալիս նրա առնացի դեմքին»: Մելքումի համար անսպասելի էր որդու հայտնությունը, բայց սիրտը թունդ է առնում ոչ դրանից, այլ որ հաստատվում է իր խոսքը, թե «առյուծների որջին մեջ չէ պակսած կորյուն», եւ այդ կորյունն իր զավակն է, «որ վասն կրոնի եւ հայրենյաց` այդ զուգափառ աստվածության, մերկացնում է սուրը մի չարագործ պատժելու»:

Վեհանձն, բայց անփորձ հերոսը չափվելու է Լաչինի հետ: Նրա պատկերացմամբ այդ դավաճանը «սատանի խելք ու դեւի ձեռք» ունի: Իբրեւ զուգակշիռ` մատենագիրը հիշում է Դավթի ու Գողիաթի աստվածաշնչական կռիվը (Ա Թագ. ԺԷ): Եվ նա իրավացի էր, դեպքերի հաջող ընթացքը կարծես կրկնում է ա՛յդ մենամարտը:

Եսային գիտեր անօրենների ասացվածքը Կորկատեղի մասին. «Սարսանգը դուռն է Արցախի, իսկ հայը փականքը»: Հենց այդտեղ պետք է կանգնեցնել թշնամու առաջխաղացքը: Եվ իր օգնական մոխրաթաղցի Սահակի հետ դիմում է դեպի Կորկատեղ՝ հրաժարվելով ավելի մեծ թվով զինակիցներից:

Մարտավարական ճիշտ ելակետն ու վայրի ընտրությունը գործին հաջողություն էին խոստանում: Հերոսը գիտակցում է, որ հեշտ է թշնամուն հարվածել նամազի կամ դրան հաջորդող ընթրիքի ժամանակ: Չնայած ուժերի անհամեմատելիությանը` մերժելի է համարում այդ հնարավորությունը: Նա ուզում է հակառակորդին խփել ձիու վրա կատարյալ մարտական պատրաստության վիճակում:

Եսային խորհում էր, թե Թարթառի գրեթե անանցանելի այդ կապանում բավական է շարքից հանել առաջնորդին, եւ զորքը նարից զրկված քարավանի նման կկորցնի ուղին, կմատնվի շփոթության: Եվ դա ճշմարիտ էր: Երբ մահացու վերքով Լաչինն ընկնում է դիտապաստ, թշնամական շարքերում իրարանցում է ծայր առնում, եւ անորսալի վրիժառուներին հաջողվում է սպանել կամ վիրավորել նաեւ մի քանի տասնյակ զինվորների՝ օգտվելով խուճապի շփոթությունից: Լաչինի մահը վերջնական հուսալքություն է բերում ենթականերին:

Արցախի երիտասարդ հերոսը պարտք է համարում դավաճան հսկայի գլուխը տանել ՄելիքԱդամին: Վերջինս դառնում է Եսայիին. «Դու պիտի ընդունիս քո վարձքը, խնդրի՛ր ուրեմն, որդյա՛կ, ինչ կամենաս»: Սակայն վարձատրության համար չէր վտանգի մեջ նետվել Եսային: Եվ, բնականաբար, հրաժարվում է նվերներից…

Պատումի որոշ դրվագներ վիպական գծեր են ավելացնում արցախյան հերոսի դիմանկարին: Այդ առումով առանձնապես հետաքրքիր է Եսայիի հանդիպումը կրտսեր Լաչինի հետ: Դա, իրապատում լինելուց ավելի, կարծես ժողովրդական հերոսավեպի մի բեկոր լինի: Իրականն ու առասպելականը համահարթված են Թունիկաղբյուրի մոտ տեղի ունեցած լեզվակռվի ժամանակ: Եսային հիշեցնում է Վասակ Մամիկոնյանի, ավանդազրույցների հերոսների սրամիտ, հանդուգն, անձնավստահ պատասխանները համանման իրավիճակներում, որ Լեոն պիտի անվաներ «երկրի պատվաճանաչության ըմբոստ կարողության ձայն»:

Ահա նրանց կարճ երկխոսությունը.

Դեռ ապրո՞ւմ է այս կատվի ձագը,ատամները կրճտացնելով` ոռնաց Լաչինը:

Կատվի ձագը խեղդեց քո եղբայր առյուծ Լաչինին, իսկ այժմ մկան մահով պիտի սատակեցնե վագր Լաչինին…

Եսային հերոսությամբ աչքի է ընկնում նաեւ հաջորդ դարի առաջին տասնամյակներին, հատկապես ռուսպարսկական պատերազմին: Եվ երբ ՄելիքՎանին նրան տեղեկացնում է, թե ռուսական հրամանատարությունը պատրաստ է թագավորկայսրից խնդրելու հայ հերոսի ցանկացած պարգեւը, նրան տարօրինակ է թվում այդ առաջարկը, եւ նա դարձյալ հրաժարվում է` ասելով. «Վանի՛, իմ ակնկալությունն է հաղթանակ, իսկ պարգեւը` ազատ հայրենիք…»:

Էջ 139-145

ՇՈՒՇԻԻ ՆՈՐ

ԱՌԱՎՈՏԸ

Հայոց բարձրադիր Շուշի բերդաքաղաքը միշտ գայթակղության վեմ է եղել թշնամական ուժերի համար: Թրքալեզու վաչկատուն ցեղերի զավթողական նկրտումները ժամանակ առ ժամանակ արտահայտվում էին սադրանքներով, ասպատակություններով: Առանձնապես մեծ աղետներ ու հեղաբեկումներ բերեց քսաներորդ դարը: 1905-ի հայ-թաթարական ընդհարումները միտված էին բնիկ տարրի բնաջնջմանը Հարավային Կովկասում: 1919-ի ամռանը Արցախին տիրելու համար մուսավաթականները շրջակա գյուղերում ջարդեր կազմակերպեցին: Հաջորդ տարվա մարտին կոտորեցին տարածաշրջանի հայերին, կողոպտեցին, ավերեցին, հրդեհեցին քաղաքը… Շուրջ մեկ տասնամյակ անց մեծատաղանդ բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը նողկանք էր ապրելու` Շուշիում տեսնելով թաթարների վանդալիզմի չսպիացած հետքերը եւ վկայելու էր պատմության համար.

Ես Ղարաբաղն եմ հիշում լեռնային,

Գազանաբարո՛ Շուշի քաղաք,

Ուր ճաշակել եմ սարսափներ մահի

Հոգուս խռովքին համանվագ:

Քառասուն հազար մեռյալ լուսամուտ,

Ակնախոռոչներ անթիվ ու անվերջ։

1921-ին նորակազմ ադրբեջանական խորհրդային հանրապետությունը թուրք-բոլշեւիկյան ավազակապետություններից նվեր ստացավ հայկական Արցախն իր մայրաքաղաքով: Աղաղակող այդ անարդարությունը տեւեց յոթ տասնամյակ, եւ ժողովրդական վրդովմունքը հասավ գագաթնակետին:

Թրքական ավանդական անսանձությունը, որ վայելում էր նախ ցարական, ապա եւ բոլշեւիկյան իշխանությունների ծպտյալ աջակցությունը, անշուշտ, մի օր պիտի տեղի տար: Դա պիտի լիներ խորհրդային պետական կառույցների տկարացման ժամանակ: Եվ վերջապես եկավ այդ ժամանակը:

1991 թ. սեպտեմբերի 2-ի հանրաքվեով արցախահայությունը տվեց անկախ ու ազատ ապրելու իր վճիռը, որ, սակայն, թշնամանքով ընդունեցին թե՛ խորհրդային կայսրության, թե՛ ադրբեջանական ղեկավարները, կազմակերպեցին կոտորածներ Բաքու, Գանձակ, Սումգայիթ եւ այլ քաղաքներում, այնուհետեւ թաթարները պատերազմ սկսեցին Արցախին տիրանալու համար:

Եկել էր պատմական պահը: Սկզբնապես դիմադրությունը տարերային բնույթ ուներ, բայց շուտով անհրաժեշտություն զգացվեց պայքարը կազմակերպելու մասնագիտորեն, ձեւավորվեց ազգային բանակ, թափ առավ ազատագրական կռիվը: Դա հայկական նոր բանակի առաջին մկրտությունն էր:

Շուշին` հինավուրց հայկական ամրոց-քաղաքը, պատուհաս էր դարձել հայոց բնակավայրերի համար. հատկապես 1992-ի գարնանը հուր ու կրակ էր տեղում Շոշ, Քարինտակ գյուղերի, Ստեփանակերտի վրա: Թշնամին որդեգրել էր «խանձված հողի» մարտավարություն, եւ կռիվը գնալով թեժանում էր: Հասունացել էր Շուշիի ազատագրության խնդիրը, որի կատարումը հանձնարարվեց գնդապետ Արկադի Տեր-Թադեւոսյանին:

1992 թ. ապրիլին մարտական ծրագրի օրրանի մոտ էին խորհրդային բանակի գնդապետ Արկադի Տեր-Թադեւոսյանն ու գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը: Սկսվեց գրոհի նախապատրաստությունը. կազմվեց քաղաքի մանրակերտը, եւ հրամանատարական կազմը «տեղանքի» ուսումնասիրությամբ հանգամանորեն մշակեց հետագա գործողությունների քայլերը… Հայկական ուժերը` շուրջ 2500 հոգի, թվով շատ չէին զիջում քաղաքը վերահսկող հակառակորդին: Կազմավորվեց չորս գումարտակ. մեկը Սեյրան Օհանյանի գլխավորությամբ հյուսիս-արեւմուտքից փակելու էր օգնության ճանապարհը` ապահովելով գրոհի թիկունքը: Հարձակման գլխավոր ուղղությունը հյուսիսայինն էր, որ հանձնարարված էր Վալերի Չիթչյանի գումարտակին: Արեւելքից գրոհելու էր Արկադի Կարապետյանը, իսկ հարավից` Սամվել Բաբայանի եւ Վալերի Բալայանի գումարտակը: Ժիրայր Սեֆիլյանի ջոկատը խճուղին էր պաշտպանելու հակառակորդի հարձակումից: Արեւմտյան ուղղությամբ նախատեսվեց միջանցք` փախստականների համար: Մանրամասնորեն քննարկվեցին բոլոր հանգամանքները:

Մայիսի 8-ի գիշերը պաշտպանության խորհուրդը որոշեց լռեցնել Ստեփանակերտի շրջակա կրակակետերը, հատկապես` Շուշին եւ Աղդամը: Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը օրհնությամբ ողջերթ մաղթեց ինքնապաշտպանական շտաբի անդամներին, եւ լույս 9-ի գիշերը, ժամը 2.30-ին հրասայլերն ու հետեւակայինները միաժամանակ շարժվեցին դեպի նպատակակետ: Սկսվեց վճռական գրոհը, որ փոթորիկ էր հիշեցնում: Հանկարծակիի եկած թշնամին դիմադրության կարճատեւ ու անհաջող փորձից հետո շտապեց օգտվել տրամադրված մարդասիրական միջանցքից եւ հեռանալ` ավար թողնելով հեքիաթային քանակությամբ զենք ու զինամթերք: Իսկ քաղաքը հուսալիորեն պաշտպանված էր ականների անսովոր խիտ ցանցով. դիրքերը լքելիս թշնամին չհասցրեց ոչնչացնել զինամթերքը, քաղաքը:

Մայիսի 9-ի արշալույսին բացվեց նոր առավոտը. Շուշի հայաքաղաքը հանձնվեց իրավատերերին: Եվ հայ քաջորդին սուրը պատյան դրեց:

Էջ 151-156

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s