Հայ Առաքելական Եկեղեցին միակն է քրիստոնյա աշխարհում, որ, հավատարիմ հնավանդ ավանդության, Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը նշում է ոչ թե դեկտեմբերի 25-ին, այլ հունվարի 6-ին։ Սակայն աշխարհասփյուռ Հայ Եկեղեցում, առանձին դեպքերում, Հիսուսի ծննդյան ավետիսը տրվում է ոչ թե նոր՝ Գրիգորյան տոմարով, այլ հին՝ Հուլյան տոմարով, որ համապատասխանում է հունվարի 19-ին։ Այսպես է այսօր Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում։ 1923 թվականից նոր տոմարն ընդունած Հայ Եկեղեցին հին տոմարով է Ս. Ծնունդը նշում նաեւ Հարավային Ռուսաստանի հայոց թեմի եկեղեցիներում։ Ո՞րն է մեր Եկեղեցում տոմարական այս տարբերության պատճառը։ Խնդիրը, անշուշտ, աստվածաբանական չէ։
Նշենք, որ դեռեւս 1917 թվականից նոր տոմարին անցնելու հարցը Հայ Եկեղեցում օրակարգային էր, որով զբաղվում էր Ամենայն Հայոց Գեւորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի կարգադրությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը։
1918 թվականին, սակայն, երբ նոր տոմարն ընդունում է նաեւ Հայաստանի առաջին հանրապետությունը, տոմարական խնդրով զբաղվող եկեղեցական հանձնաժողովը որոշում է առժամանակ պահել հին տոմարը, քանի որ ժամանակի պատերազմական-քաղաքական իրավիճակի պատճառով անհնար էր ստանալ եկեղեցական բոլոր հատվածների համաձայնությունը։ Եվ միայն 1923 թվականին է, որ Գեւորգ Ե Կաթողիկոսի կոնդակով Հայ Եկեղեցին անցնում է նոր տոմարի։
Գրիգորյան տոմարի ներմուծումը, սակայն, հայոց մի շարք թեմերում, մասնավորապես Ռուսաստանում եւ Վրաստանում, հանդիպում է լուրջ խոչընդոտների։ Բանն այն է, որ Ռուս եւ Վրաց Եկեղեցիները, չնայած նոր տոմարի անցնելու մասին վաղօրոք արած հայտարարությունների, շատ շուտով հրաժարվում են իրենց մտադրությունից եւ շարունակում են պահպանել հին` Հուլյան տոմարը։ Ահա այս պատճառով էլ Ռուսաստանի եւ Վրաստանի հայությունը եւս շարունակում է եկեղեցական տոները նշել հին տոմարով։ Խոսքն առաջին հերթին վերաբերում էր Քրիստոսի Հարության տոնին, որ տարբեր տոմարների հաշվարկով օրացուցային տարբեր օրերի կարող էին հանդիպել։ Պահպանելով հին տոմարը՝ ռուսահայ եւ վրացահայ հավատացյալները կամենում էին միանալ նաեւ այդ երկրների ժողովուրդների համընդհանուր ուրախությանը։
Ինչ վերաբերում է Ս. Ծննդյան տոնին, ապա ըստ հին տոմարի՝ Ուղղափառ Եկեղեցիները դեկտեմբերի 25-ի փոխարեն Սբ Ծնունդը կատարում են հունվարի 7-ին, իսկ Հիսուսի Մկրտությունը, ոչ թե Սբ Ծննդյան տոնին, ինչպես Հայ Եկեղեցում է, այլ 12 օր անց՝ հունվարի 19-ին։ Հուլյան հաշվարկով՝ այս նույն օրվա հետ է համընկնում նաեւ Հայ Եկեղեցու Ս. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը։ Այս դեպքում եւս ռուսահայ եւ վրացահայ համայնքները, առաջնորդվելով հին տոմարով, միանում էին այդ երկրների հավատացյալների ուրախությանը։
Չնայած 1924 թվականի դեկտեմբերի 10-ին Գեւորգ Ե Կաթողիկոսը կրկին նոր տոմարին անցնելու պահանջով իր երկրորդ կոնդակն է արձակում, սակայն այս թեմերում իրավիճակը գրեթե չի փոխվում։ Ի վերջո ռուսահայ ու վրացահայ համայնքներին արտոնվում է գործածել նաեւ հին տոմարը, որ առ այսօր պահպանվում է այդ թեմերի եկեղեցական մի քանի համայնքներում։
Բացառություն է արվում նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության համար։ Ընդառաջելով պատրիարք Եղիշե արք. Դուրյանի դիմումին՝ Գեւորգ Ե Կաթողիկոսը համաձայնում է, որ Տերունական սրբավայրերի նկատմամբ Հույն Ուղղափառ Եկեղեցու հետ ունեցած ընդհանուր իրավասությունների պարագայում, քանի դեռ Հույն Եկեղեցին պահպանում է հին տոմարը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում եւս նպատակահարմար է հին տոմարի գործածությունը։
1924 թ. դեկտեմբերի 29-ի հայրապետական կոնդակում մասնավորապես ասվում է. «Ի նկատ առեալ մեր յառանձնայատուկ պայմանս եւ զմիջազգային հանգամանս Ս. տեղեացդ, որոյ աղագաւ, արդարեւ, անհնարին է այժմէն իսկ ի կիր արկանել զնոր Տումար ըստ մտաց Կոնդակի մերոյ, որ ի 11-ն նոյեմբերի անցելոյ 1923 ամի ընդ համարաւ 349, եւ ըստ ամենայնի հաճ եւ հաւան գտեալ ընդ բացատրութիւն Ամենապատուութեանդ, թոյլ տամք բացառաբար շարունակել ըստ հնոյն մինչ համաձայնութիւն փոխադարձ լիցի այդր ընդ մէջ Հայոց, Յունաց եւ Լատինաց վասն նորոյ Տումարի»:
Ահա այս պատճառով էլ հունվարի 6-ի փոխարեն Ս. Ծննդյան տոնը Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում եւ որոշ հայ համայնքներում շարունակվում է կատարվել հունվարի 19-ին՝ նոր տոմարի համեմատ 13 օրվա տարբերությամբ։ Տոմարական այս բազմազանությանը Հայ Եկեղեցին այսօր համակերպվել է՝ որտեղ առաջնային է դարձել հարեւանների հետ եկեղեցական տոները կատարելու, երկրում տիրող տոնական տրամադրությանը համահունչ լինելու հոգեբանությունը։
Հեղինե ՄԿՐՏՉՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s