Սկիզբը՝ 2011 Դեկտ. Բ, 2012 Հունվար Ա

Ալեքսանդր կաթողիկոսն ուշադրությամբ հետեւում էր լատին քարոզիչների առաջ բերած հուզումներին Օսմանյան կայսրության հայության տարբեր հատվածներում։ Միջամտել դրանց եւ զսպել նա չէր կարող, ուստի մտածեց դիմել Հռոմի պապին եւ պահանջել, որ լատին քարոզիչների գայթակղություններին վերջ տրվեն։ Ահա այդ նպատակով 1709 թվի փետրվարի 25-ին նա նամակ ուղարկեց Կղեմես ԺԱ պապին, որը հենց այդ աղմկահարույց գործերի դրդիչն է եղել։ Հարգանքով դիմելով պապին՝ նա լրջորեն քննադատում է լատին քարոզիչների արածը՝ որպես նախատինք քրիստոնեության համար։ Անգամ նշվում էր, որ թուրքական իսլամական այլազգի իշխանություններն ավելի գթառատ են հայերի նկատմամբ, քան եկած լատին քարոզիչները։ Ուստի առաջարկում էր իր միջոցով նրանց նամակ ուղարկել՝ նրանց հետ կանգնեցնելու քրիստոնյաների նկատմամբ ատելությունից։ Միաժամանակ նշում է, որ պապի կողմից վայելուչ չի լինի հայերին հերետիկոս հռչակելը։
Հռոմադավաններն այս նամակը համարում են փաստաթուղթ, որով, իբր, Հռոմի պապը հայոց կաթողիկոսի կողմից ընդունվում էր Քրիստոսի փոխանորդ եւ Պետրոս Վեմի հաջորդ։ Եվ որ այդ նամակով Ալեքսանդրը կաթողիկոս դառնալուց հետո հրաժարվել է պապության նկատմամբ ընդդիմադիր կեցվածքից։ Սակայն նամակի բովանդակությունը նման եզրակացության համար ոչ մի հիմք չի տալիս։ Երկու բնության մասին ոչինչ չկա այնտեղ, իսկ Սուրբ Հոգու մասին ասված է՝ «Բղխումն ի Հօրէ անքննելի եւ անիմանալի» եւ «Բղխումն մշտնջենաւոր առ ի Հօրէ», սակայն օգտագործված մի քանի քաղաքավարական պատվադիր բառերը հռոմեադավանների համար առավել քան բավարար են, որ գրողը հռոմեադավան համարվի։
Մեզ հայտնի չէ, թե կաթողիկոսի նամակն ինչ հետեւանքներ ունեցավ։ Հավանաբար ոչ մի հետեւանք էլ չեղավ, ինչպես ցույց են տալիս հետագա իրադարձությունները։ Հայերեն նամակը թարգմանել է հայերենագետ Հակոբ Վիլլոթը, որ կրոնավոր էր, եւ նրա հավաստմամբ էլ Ալեքսանդրը համարվում է «ուղղափառական» նամակի հեղինակ։ Իրականում թարգմանությունը, ինչպես նշում է Մ. Չամչյանը, հարազատ չէր բնագրին։ Իսկ բնագրի հայերեն պատճենը բոլորովին այլ է եւ պահպանվել է։ Այս Վիլլոթը հայտնի է իր հայերեն բառարանով եւ այլ գրվածքներով, 1688-ին ինչ-ինչ շփոթությունների պատճառով վտարվել է Պարսկաստանից՝ շահ Սուլեյմանի հրամանով։ Հայերի նկատմամբ իր ատելությանը հագուրդ տալու համար մի գրքույկ հրատարակեց Ստեփանոսի եւ Ալեքսանդրի դեմ, որի մեջ թվարկվում են Ալեքսանդր կաթողիկոսի կատարածները կաթոլիկների դեմ։ Նա հիշում է Թավրիզում կապուչիների վանքի՝ Ալեքսանդրի քանդել տալը։ Նաեւ այն մասին, որ ակնարկելով լատինների մոտ ուսման գնացող տղաներին՝ ասել է, թե «անմեղ գառինս ձեր տանիք եւ տայք ի ծծել զստինս շանց», որ գրել է օսմանյան մեծ վեզիրին կաթոլիկներին պատժել։ Ասվում է նաեւ, որ Թավրիզում, Շամախիում, Գանջայում եւ Թիֆլիսում նա ամեն ինչ տակնուվրա է արել, եւ որ ինքն էլ նրա պատճառով է վտարվել Պարսկաստանից։ Այս ամենը լոկ ցույց է տալիս, որ Ալեքսանդրը շատ հեռու էր կաթոլիկությունից։
Մեզ հետաքրքրող ժամանակշրջանում հայ ազատագրական պայքարի երկնակամարում փայլեց Իսրայել Օրին։ Սկզբում նա կամենում էր հայրենիքն ազատել Արեւմուտքի միջոցով, հետո փորձեց իր ծրագիրն իրականացնել Ռուսաստանի Պյոտր ցարի աջակցությամբ եւ էական օգնություն չստանալով՝ ռուսական արքունիքի պարտադրմամբ 1704 թ. փետրվարի 10-ին Մոսկվայից մեկնել էր Դյուսելդորֆ՝ կուրֆյուրստ Վիլհելմ Հովհանի մոտ՝ նրա հետ խորհրդակցելու։ Վերջինս աշխատել էր օգնել Օրուն՝ Հայաստանի ազատագրության խնդրում։ Օրուն ոգեւորում էր այն իրողությունը, որ 1701-ին մահացել էր Գանձասարի Սիմեոն կաթողիկոսը, իսկ նրանից էլ առաջ՝ 1700-ին՝ Երմիա կաթողիկոսը, եւ 1702 թվին Եսայի Հասան-Ջալալյանցն աթոռակալել էր Գանձասարում՝ վերջ տալով Հայոց Եկեղեցու երկփեղկմանը։ Նա հաշտվել էր Նահապետ կաթողիկոսի հետ եւ հաստատվել նրա կողմից։ Եսայի Հասան-Ջալալյանցը պաշտպանեց Իսրայել Օրու ծրագիրը եւ քաջալերեց մելիքներին։ Նա Անգեղակոթի խորհրդաժողովի մասնակից մելիքների գլխավորներին հավաքեց Գանձասարում, որտեղ Օրուն իրավունք տրվեց իրենց հաշվին ծախսեր անելու։ Այս ամենով հանդերձ՝ զարմանալի է, որ Եսայի կաթողիկոսն իր «Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի» աշխատության մեջ բոլորվին չի խոսում Իսրայել Օրու կամ նրա ծրագրի մասին։ Օրին Վիեննայում հանդիպեց կուրֆյուրստ Վիլհելմ Հովհանի հետ։ Լեոպոլդ կայսրից օգնության հույսը կորցնելով, քանի որ նա զբաղված էր իսպանական ժառանգության խնդրով, նա կուրֆյուրստի հետ գնաց Դյուսելդորֆ եւ նրա հանձնարարական նամակներով գնաց Հռոմ ու հանդիպեց Կղեմես ԺԱ պապին՝ համոզելով նրան գրել պարսից շահին՝ քրիստոնյաների պաշտպանության համար։ Ստանալով այդ նամակը՝ Օրին Ռուսաստանից մեծ դեսպանությամբ մեկնեց Պարսկաստան՝ հետապնդելով հետախուզական նպատակներ։ Նա Հոլանդիայում զենք գնեց՝ 400 հայ զինելու համար, որոնք ռուսական արշավանքների ժամանակ պետք է որպես առաջապահ ծառայեին, քանի որ լավ ծանոթ էին երկրին։ 1705-ին նա Վիեննայից մեկնելու պատրաստվեց, երբ մայիսի 7-ին մահացավ Լեոպոլդ Ա կայսրը, եւ նրան հաջորդեց Իոսիֆ Ա-ն։ Հարկ եղավ նրան տրամադրել հովանավորելու հայերին։ Վիեննայից նա կարողացավ մեկնել միայն 1706 թվի հոկտեմբերին եւ ուղեւորվեց Մոսկվա։ Ինչպես վերը նշեցինք, նա մեծ շքախմբով՝ հիսուն մարդուց ավելի, մեկնեց Պարսկաստան՝ որպես ռուսական մեծ ցար Պյոտրի դեսպան։
Օրու դեսպանությունը խայտաբղետ կազմ ուներ. նրա մեջ էին մտել տարբեր ազգերի ներկայացուցիչներ, եւ Օրին մինչեւ անգամ կամենում էր իր հետ վերցնել վրաց արքայազնին, սակայն դրան ռուսաց արքունիքը չհամաձայնեց։ Օրին դեսպանության հետ ճանապարհվեց 1707 թ. հունիսին՝ Մոսկվայում թողնելով Մինաս վարդապետին՝ կապն ապահովելու համար։ Դժվար է ասել՝ պարսից արքունիքը գիտե՞ր, թե՞ պարզապես կասկածում էր Օրու դեսպանության իրական նպատակների հարցում։ Համենայն դեպս, երկար ժամանակ փորձեցին խոչընդոտել նրա ուղեւորությունը։ Շամախիի կուսակալը շարունակ արգելում էր դեսպանության հետագա ընթացքը, թե Սպահանից հրահանգներ չունի, իսկ շահ Հուսեյնի կառավարությունն Օրու դեսպանությունն ընդհանրապես չընդունելուց վախենում էր, իսկ ընդունելու հարցում էլ վարանում էր։ Սակայն 1709 թ. տեղի ունեցավ Պոլտավայի ճակատամարտը, եւ ռուսաց ցարի դեսպանին Շամախիում պահելը դարձավ անբացատրելի ու վտանգավոր, ուստի նույն թվականին շահական արքունիքը որոշեց, այնուամենայնիվ, ընդունել պատվիրակությանը։ Օրին սկզբում եկավ Էջմիածին եւ հանդիպեց Ալեքսանդր կաթողիկոսին ու ստացավ նրա օրհնությունը։ Այստեղից նա ճանապարհը շարունակեց դեպի Սպահան։ 1709 թ. հուլիսի 7-ին ցարին գրած նամակում նա հայտնում է իր պաշտոնի պատիվը բարձր պահելու մասին եւ շնորհակալություն հայտնում նրան՝ հայոց ազգի նկատմամբ ցուցաբերած հոգածության համար։ Դրանից էլ չորս ամիս առաջ Օրին նամակ էր գրել Հռոմի պապին, որտեղ նա գովում եւ երկինք էր բարձրացնում պարսից շահին՝ նկատելով քրիստոնյաների հանդեպ ունեցած հոգատարությունը։ Ալեքսանդր կաթողիկոսը, անշուշտ, հակառակ չէր Օրու ծրագրին, սակայն հանդիմանել էր պապի գործելակերպը։ Այլ խոսքով՝ կաթողիկոսը մտադիր չէր դավանափոխությունը պայման դիտել եւ այդ հարցում համամիտ էր Նահապետ կաթողիկոսի հետ։ Օրու հպարտ կեցվածքը, ինչպես նաեւ ֆրանսիական քարոզիչների տարածած լուրերը, թե Օրին հայ թագավորական ծագում ունի եւ կամենում է վերականգնել հայոց թագավորությունը, ստիպեցին շահական արքունիքին արագացնելու Օրու դեսպանության վերադարձը։ 1709 թ. սեպտեմբերի 20-ին դեսպանությունն արդեն Շամախիում էր։ Սակայն, ըստ էության, Օրին կատարել էր իր հետախուզական առաքելությունը։ Ավելին. այդ խնդիրը նա արդեն լուծել էր երկու տարի Շամախիում գտնվելու ժամանակ։ Օրին իր դեսպանության նպատակն էր համարել Պարսկաստանում քրիստոնյաների պաշտպանությունը, ուստի շահ Հուսեյնն էլ ցարին ուղղված նամակում գրում էր, որ չնայած քրիստոնյաների մեջ մարդիկ կան, որոնք արժանի պատիժը պետք է կրեին՝ իրենց վատ արարքների համար, սակայն նա հանուն ցարի նկատմամբ տածած բարեկամության՝ ներում է քրիստոնյա ժողովուրդների բոլոր արարքներն ու մեղքերը՝ պայմանով, որ նրանք այլեւս այդպիսի սխալներ չգործեն։ Գրվածքից պարզ չէ, թե ում է ակնարկում շահը, սակայն դա հավաստում է, որ դեսպանությունը պաշտոնապես հանդես է եկել քրիստոնյաների պաշտպանությամբ։ Ըստ որում, Օրին ընդունվել է որպես ռուսաց ցարի եւ ոչ թե Հռոմի պապի դեսպան։
Ենթադրվում է, որ Օրին հարաբերության մեջ է մտել իսլամացած վրաց Գորգին խանի հետ, որն Աֆղանստանում բռնակալ կուսակալ էր։ Գորգինից ավելի Օրու ներկայությունից օգուտ քաղեցին աֆղանները, որոնց ղեկավար Միր-Վեյսը կազմակերպեց ապստամբություն, իսկ նրա որդի Մահմուդը տապալեց շահ Հուսեյնին եւ իրեն պարսից շահ հռչակեց։ Օրին արդեն Շամախիից լուր էր ուղարկել աֆղանների շարժման մասին, եւ նավերի էր սպասում Պյոտր ցարից, որպեսզի Կասպից ծովով Ռուսաստան տեղափոխի մետաքսագործ 20 հայ ընտանիք եւ Պյոտրի համար նվեր ուղարկվող 25 նժույգ։ Հասկանալի է, որ այդ նավերով վերադառնալու էր Օրու դեսպանությունը, ինչպես նաեւ Գանձասարի Եսայի կաթողիկոսը, որը համաձայնել էր անձամբ ներկայանալ ցարին եւ միանալ ազատագրության գործին։ Սակայն բավարար քանակությամբ նավեր չուղարկվեցին, եւ դեսպանության մի մասը ճամփա ընկավ ցամաքով։ Օրուն տանող նավը փոթարկից ցամաք նետվեց եւ ջարդուխուրդ եղավ. Օրին ստիպված եղավ ձմեռել Նիզովոյում։ Նա Աստրախան հասավ միայն 1711 թվի ամռան սկզբներին։ Օրին ժամանակն իզուր չէր կորցնում եւ ռուսաց արքունիքին տեղեկություններ էր հաղորդում օսմանյան պետության մասին, որը Ռուսաստանի դեմ պատերազմի էր պատրաստվում։ Հարկ է նշել, որ ցարի մոտ ամբաստանել էին Օրուն, եւ նա ստիպված էր այս կարգի ծառայությամբ ցրել իր դեմ հարուցված մեղադրանքները, ինչպես նաեւ պայքարել իր գործին արգելք հանդիսացողների դեմ։
Օսմանյան զորքերը գլխավորելու էր մեծ վեզիր Մեհեմմեդը։ Պրուտի մոտ Պյոտր ցարը ծանր կացության մեջ ընկավ, բայց կարողացավ հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նման պայմաններում Օրին իր մահկանացուն կնքեց Աստրախանում 1711 թվի օգոստոսին՝ դեռ 50-ամյակը չբոլորած։ Որոշակի չէ՝ նա ծանր հիվանդությա՞ն զոհ դարձավ, թե՞ ինչ-ինչ մեքենայությունների։ Հուղարկավորության արարողությունը ղեկավարեց Եսայի կաթողիկոսը՝ նրան հողին հանձնելով հայոց եկեղեցու բակում, սակայն գերեզմանի տեղը հայտնի չէ։ Օրու մահից հետո Եսայի Հասան-Ջալալյանց կաթողիկոսն ստիպված եղավ վերադառնալ Գանձասար։
Շարունակելի
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s