ԽՈՍՎԱԾ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՏԱՐԱԳԻՆ
(15 հունվարի, 2012 թ.)

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Նախքան բուն քարոզին անցնելը՝ ուզում եմ ի խորոց սրտի աղոթել մեր երկնավոր Հորը եւ Քրիստոսի Եկեղեցու հոգեկիր այրերից մեկի` ս. Հովհան Ոսկեբերանի վերջին բառերով ասել. «Փա՛ռք Քեզ, Աստվա՛ծ, փա՛ռք Քեզ, ամեն ինչի համար փա՛ռք Քեզ»:
Փա՛ռք Քեզ, ամենակարո՛ղ Տեր, որ Քո անբավ ողորմությամբ եւ անսահման գթությամբ օծակից եղբայրներիս եւ ինձ արժանացրիր քահանայության բարձր կոչմանը` այսուհետ կենարար մարմինդ եւ արյունդ բաշխելու մեր «փոքր ածուին», Թորգոմի տան զավակներին Ս. Ավետարանի անխարդախ կաթը ջամբելու, քարոզելու, ուսուցանելու, նրանց միտքն ու հոգին լուսավորելու Քո աստվածային պատվիրաններով եւ պատգամներով:
Մարդասե՛ր Տեր, սրանից քառասուն օր առաջ հոգեւոր եղբայրներիս հետ ծնկեցի Մայր տաճարի Ավագ խորանին եւ ուխտեցի` անձնվիրաբար եւ անսակարկ ծառայել առաքելահիմն եւ լուսավորչահաստատ մեր Եկեղեցուն եւ ժողովրդին, անաղարտ պահել ուղղափառ հավատքի դավանությունը` բարձր գիտակցությամբ եւ պատասխանատվությամբ արժեւորելով եւ իմաստավորելով Աստծո պարգեւած ամեն մի օրը:
Հարուցյա՛լ Փրկիչ, Դու, որ մեր հավատքի հոր` ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով իջար դրախտավայր Հայոց աշխարհը եւ հիմնեցիր Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, տո՛ւր ինձ զորություն, ուժ եւ կարողություն` միշտ աներեր հավատքով, առավել նվիրվածությամբ եւ խոնարհությամբ ծառայելու Քեզ եւ լինելու «մշակ առանց ամօթոյ»:
Նվիրական այս պահին որդիական խոնարհությամբ եւ երախտագիտությամբ շնորհակալություն եմ հայտնում ազգիս Վեհափառ հորը` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին` հայրական հոգածության եւ խնամքի համար: Վեհափա՛ռ Տեր, շնորհակալ եմ վստահության եւ օրհնության համար: Իբրեւ Հայոց Եկեղեցու զավակ` իմովսանն ամեն ինչ պիտի անեմ` դառնալու արժանի սպասավորը մեր Եկեղեցու եւ արդարացնելու Հայրապետիդ հույսերը: Ջերմագին աղոթքս է այս պահին, որ ամենազոր Աստված անհողդողդ պահի ու պահպանի Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը եւ նրա ազգընտիր գահակալիդ` պարգեւելով քաջառողջ կյանքի երկար օրեր, հովվապետական անսասան գավազան, որպեսզի օր առաջ իրականություն դարձնեք աստվածահաճո Ձեր բոլոր երազներն ու իղձերը:
Որդիական խոնարհությամբ եւ անսահման սիրով շնորհակալություն եմ հայտնում ծնողներիս, ովքեր ինձ կյանք են պարգեւել, անքուն գիշերներ անցկացրել սնարիս մոտ, կրթել եւ դաստիարակել` իրենց անձնական օրինակով ինձ համար դառնալով հայրենանվիրումի եւ աստվածսիրության աղբյուր: Այլ բան չէր էլ կարող լինել, քանզի նրանք զավակներն են այն նորջուղահայերի, ովքեր, Առաքել Դավրիժեցու վկայության համաձայն, ամուր կապված էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնին եւ Գրիգոր Լուսավորչի Աջին:
Որդիական խոնարհությամբ շնորհակալություն եմ հայտնում հոգեւոր ծնողիս` Նաթան եպս Հովհաննիսյանին, որի ձեռամբ տասներկու տարի առաջ նույն այս տաճարում սարկավագ ձեռնադրվեցի, իսկ քառասուն օր առաջ քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացա` վերակոչվելով Զաքարիա աբեղա: Զաքարիա անձնանունը ստուգաբանվում է իբրեւ «Տերը հիշել է»: Աղոթքս է առ Բարձրյալն Աստված, որ Տերը միշտ հիշի մեր ազգի բոլոր զավակներին, նրանց թվում նաեւ՝ հոգեւոր ծնողիս: Սիրելի՛ սրբազան հայր, թող Ձեր աջը միշտ զորավոր լինի, որպեսզի առաքելական հաջորդականությամբ եւ Ս. Հոգու խորհրդանիշ սրբալույս մյուռոնի հրաշագործ զորությամբ բազում եկեղեցականներ պարգեւեք մեր Եկեղեցուն, ովքեր, հավատքով, նվիրումով, քրիստոնեական բազում առաքինություններով զարդարված եւ առլեցուն, արժանի հետնորդները կլինեն մեր լուսամիտ հայրերի, վարդապետների եւ հայրապետների:
Անդրանիկ Պատարագիս շնորհակալություն եմ հայտնում Վազգենյան հոգեւոր դպրանոցի, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչական եւ դասախոսական կազմերին, Մայր Աթոռի լուսարարապետությանը եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի զինվորյալ միաբանության բոլոր անդամներին, ովքեր այսօր աղոթակից են ինձ հետ եւ բաժնեկից անկորնչելի ուրախությանը, որ ապրում եմ այս պահին` անդրանիկ Ս. Պատարագս մատուցելով հայ մարդու համար նվիրական այս տաճարում՝ Աստծո եւ հայի հետ հանդիպման մի վայրում, որտեղ իրենց մշտամնա աղոթքն են առ Աստված կատարել եւ այս ս. Խորանի վրա Պատարագ մատուցել մեր լուսավոր նախնիները: Այսօր ես էլ, իբրեւ Հայոց Եկեղեցու խոնարհ մի սպասավոր, սրտաբուխ աղոթքս խառնեցի նրանց աղոթքին եւ Տիրոջից խնդրեցի, որ հաստատուն լինեմ կարգիս մեջ եւ արժանի մշակ Հայոց Եկեղեցու անդաստանում:
Եվ վերջապես, խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ, սիրելի՛ հավատացյալներ, որ ձեր ներկայությամբ միշտ կենդանի եք պահում մեր եկեղեցիները: Ինչպես որ դուք կարիքն ունեք հոգեւորականի աղոթքի եւ գոտեպնդող խոսքի, այնպես էլ մենք` եկեղեցականներս, կարիքն ունենք ձեր աղոթքների եւ բարի խոսքի: Խնդրանքս է, որ այսուհետ ձեր աղոթքներում մեր Եկեղեցու սպասավորների շարքում հիշեք նաեւ ինձ, որպեսզի հոգեւոր ծառայությունս լինի աստվածահաճո` ի փառս Աստծո, ի զորացումն Հայոց Եկեղեցու եւ ի բարօրություն մեր ազգի:

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն»:

«Որ ինչ ասիցէ ձեզ` արասջի՛ք»
(«Ինչ որ ասի ձեզ, արե՛ք»)
(Հովհ. Բ 5)

Սիրելի՛ քույրեր եւ եղբայրներ ի Քրիստոս,
Այսօր՝ ս. Պատարագի ընթացքում, սարկավագը Ս. Գրքից ընթերցեց Կանայի հարսանիքի մասին ավետարանական հատվածը: Մարդկային կյանքից վերցված սրտառուչ եւ բազմախորհուրդ մի պատմություն, որի ընթացքում մեր Տերն Իր առաջին հրաշքը գործեց:
Հովհաննես աստվածաբան ավետարանիչը պատմում է, որ Հիսուսը եւ Նրա աշակերտները Գալիլիայի Կանա քաղաքում հրավիրված էին հարսանիքի: Հավանաբար ամուսնացող զույգը Հիսուսի մտերիմներից կամ ազգականներից էր, որովհետեւ հարսանիքին մասնակցում էր նաեւ Տիրամայրը: Բնականաբար Հիսուսն ընդունել էր հրավերը եւ Իր օրհնաբեր ներկայությամբ պատվել այն` գործուն մասնակիցը դառնալով ներկաների ուրախության ու երջանկության: Քրիստոսն Իր այս քայլով ցույց է տալիս, որ յուրաքանչյուրս մեր հարազատների, մտերիմների, ընկերների հետ պետք է լինենք ոչ միայն տխրության, ցավի, տառապանքի ժամանակ, այլ նաեւ ուրախության: Այդ ժամանակ պետք է սրտանց եւ անկեղծորեն ուրախանանք եւ փառք տանք Աստծուն, որովհետեւ մեր հարազատը գտել է այնքան փափագելի երջանկությունը: Եվ մեզ մնում է միայն մեր անմիջական մասնակցությամբ առավել կատարյալ եւ ամբողջական դարձնել այն` բազմապատկելով այդ ուրախությունը, ցույց տալով մեր սերն ու հարգանքը` եւս մեկ անգամ շեշտելով, որ տվյալ անձը կամ անձինք միայնակ չեն, նրանց կողքին են իրենց ընկերներն ու հարազատները, ովքեր անմնացորդ սիրում են նրանց:
Ինչպես Աստված օրհնեց մեր նախածնողներ Ադամին եւ Եվային եւ նրանց աճելու, բազմանալու եւ երկիրը լցնելու պատվեր տվեց, այնպես էլ այստեղ Հիսուսի ներկայությամբ օրհնվում է այս հարսանիքը: Քրիստոսը նաեւ շեշտում է պսակի խորհրդի աստվածադիր եւ կարեւոր լինելը, ինչպես մեծ աղոթասաց ս. Գրիգոր Նարեկացին կասեր. «Այս երկրի վրա ավելի պատվական բան չկա, քան տղամարդու եւ կնոջ սերը»: Եվ ահա, եթե ուզում ենք, որ Քրիստոս Աստված մասնակցի նաեւ մեր ուրախությանը, ապա պետք է Նրան ընդունենք մեր սրտում եւ հոգում, խոստովանենք Նրան իբրեւ Փրկչի` միշտ ձգտելով կատարելության ու հավիտենական արժեքների: Իսկ ամուսնացող զույգերին սա հիշեցում է, որ պսակի խորհրդին պետք է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ եւ բարձր գիտակցությամբ: Եվ վստահ եղեք, որ Աստված էլ կօրհնի այն` Իր անսահման սիրով եւ գորովով ջերմացնելով ընտանեկան ձեր հարկերը:
Պատկերացրեք՝ արեւելյան ավանդույթներով հարսանիք էր Կանայում, որի ընթացքում մասնակիցները զվարճանում էին, զանազան կենացներ ասում, շնորհավորում հարսին եւ փեսային: Մի խոսքով` հարսանիքն իր բնականոն ընթացքի մեջ էր: Թվում էր, թե խանգարող ոչինչ չկար: Բայց հանկարծ պարզվում է, որ խնջույքի գինին վերջանում է, ուստի եւ վտանգված էր հարսանիքի հետագա ընթացքը: Ի՞նչ անել, ինչպե՞ս լուծել այս խնդիրը. մտահոգ էին մասնակիցները: Այստեղ ներկաներին օգնության է հասնում Աստվածամայրը: Նա մոտենում է Հիսուսին եւ պարզապես ասում. «Գինի չունեն»:
Սիրելինե՛ր, ս. Կույսը երեսուն երկար տարի ծով համբերությամբ սպասել էր Աստվածորդու հրաշագործությանը եւ ներքուստ վստահ էր, որ իր Զավակի ներկայությամբ բոլոր խնդիրները եւ խոչընդոտները լուծելի են, ուստի աներկբայորեն, առանց վարանելու դիմեց Նրան: Ինչպես տեսնում ենք՝ Տիրամայրն առաջին անգամ բարեխոս եւ միջնորդ է դառնում մարդկանց եւ Հիսուսի միջեւ, եւ նրա խնդրանքը կատարում է Քրիստոս Աստված: Ուստի հաճախ հայցենք Տիրամոր բարեխոսությունն իր Որդու առաջ, որպեսզի Տերը ների մեր մեղքերը եւ արժանացնի հավիտենական կյանքին:
Ս. Մարիամ Աստվածածինը, քաջ գիտենալով մարդկանց հանդեպ իր Որդու անսահման սիրո մասին, սպասավորներին պարզապես ասում է. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»: Հիսուսը վեց թակույկներում լցված ջուրը վերածում է անուշ գինու եւ պատվիրում, որ այն տանեն եւ սեղանապետին ցույց տան: Վերջինս էլ, չիմանալով կատարված հրաշքի մասին, մտածում է, որ փեսան դժվարին կացությունից ելք է գտել եւ սկսում է հաճոյանալ նրան` ասելով, որ սովորաբար մարդիկ լավ գինին սկզբում են մատուցում, բայց ինքը հակառակն արեց: Ավետարանն այստեղ հավելում է, որ Հիսուսն այստեղ հայտնեց Իր փառքը, եւ Նրա աշակերտները հավատացին Նրան:
Սիրելի՛ հավատացյալներ, այս հարսանիքի մասնակիցների նման մենք էլ այս կյանքում միշտ կարիքի մեջ ենք, բազում չլուծված խնդիրներ ունենք, որոնց պատճառով երբեմն ընկճվում ենք, տխրում, երբեմն ոչ ճիշտ քայլեր կատարում` չգտնելով «ի՞նչ անելու» պատասխանը: Ամեն քայլի դիմում ենք՝ ապահով եւ բարեկեցիկ կյանք ունենալու համար, բայց ինչ-որ մի պահի հասկանում ենք, որ չնայած գործադրած բոլոր ջանքերին, այնուամենայնիվ, կատարյալ երջանիկ չենք, դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու: Եվ խնդիրների այս հորձանուտում երբեմն մոռանում ենք Աստծո մասին, Ով մեզ Իր պատկերով եւ նմանությամբ է ստեղծել, Ով հավիտենական կյանքն է մեզ խոստացել, Ով այնքան շատ է սիրում մեզ բոլորիս: Ահա ավետարանական այս հրաշքն ուսուցանում է, որ եթե Աստված մեզ հետ լինի, մեր ամեն մի օրն ապրենք իմաստավորված եւ ամենակարեւորը` երբեք չմոռանանք Տիրոջ ներկայության մասին, ապա միայն այդ դեպքում մեր բոլոր խնդիրները կլուծվեն, եւ մենք ճիշտ որոշումներ կընդունենք, մեր կյանքի անուշ գինին էլ չի պակասի: Քանզի Տիրոջ ներկայությունն այլակերպում եւ պայծառակերպում է մարդուն` դարձնելով նրան Քրիստոսով նոր արարած:
Այս հրաշքի գինին Նոր Ուխտի շնորհներն են, ջուրը` Հին Կտակարանի, իսկ թակույկների մինչեւ վերջ լցված լինելը մատնանշում է, որ Քրիստոսն առատորեն է հեղում Իր շնորհները նրանց վրա, ովքեր կատարում են Աստծո կամքը եւ ամեն պահ զգում Նրա ներկայությունն իրենց կյանքում: Խոսքերիս ապացույցը մեր լուսավոր նախնիներն են` ս. Մեսրոպ Մաշտոցն ու ս. Հովհան Օձնեցին, ս. Ներսես Շնորհալին ու ս. Գրիգոր Նարեկացին, ս. Հովհան Որոտնեցին ու ս. Գրիգոր Տաթեւացին եւ Հայոց Եկեղեցու մյուս նվիրյալ զավակները, ովքեր իրապես ապրել են Աստծո ներկայությունն իրենց կյանքում, անընդհատ պայքար մղել մեղքի դեմ, հույսը դրել են ոչ թե մարդկանց վրա, այլ Աստծո` իրենց աներեր հավատքով, նվիրվածությամբ, խոնարհությամբ եւ մյուս առաքինություններով տիպար օրինակ դառնալով մեզ համար: Դրա համար էլ Աստված առատորեն Իր շնորհներն է բաշխել նրանց` մարդկանց կյանքում հրաշագործելու զորություն տալով: Անկասկած մեր կյանքում էլ հրաշքներ կլինեն, եւ ինքներս էլ Տիրոջ օգնությամբ կարող ենք հրաշքներ գործել, եթե զգանք Աստծո ներկայությունը եւ ապրենք աստվածահաճո կյանքով:
Այս հրաշքում Քրիստոսը ջուրը գինու վերածեց` ցույց տալով, որ Նա է ամեն ինչի արարիչը, Ով եկել է մեր ուրախությունը բազմապատկելու, մեզ երկրից երկինք տանելու: Միայն Տիրոջ ներկայությամբ մեր կյանքն օրհնությամբ լի կլինի, եւ այն իր համն ու հոտը կունենա: Եվ Կանայի հարսանիքի նման չի ընդհատվի, չի պակասի նաեւ ուրախությունը մեր կյանքից, որովհետեւ Աստված մեզ հետ է, Նա երբեք միայնակ չի թողնում Իրեն հավատացողներին, ինչպես Դավիթ մարգարեն է ասում. «Ուրախ կլինեն բոլորը, ովքեր իրենց հույսը Քեզ վրա են դնում, հավիտյան կցնծան, եւ Դու կբնակվես նրանց մեջ» (Սաղմ. Ե 12):
Իսկ «Ի՞նչ անելու» պատասխանը դարեր առաջ տվել է Աստվածամայրը` ասելով. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»: Տիրամոր այս պատգամն ուղղված է մեզանից յուրաքանչյուրին, որ ոչ թե լսենք, թե ինչ են ասում մեր հարեւանները, ընկերները, հարազատները, այլ ունկնդիր լինենք Տիրոջ կենդանի եւ օրհնաբեր խոսքերին, Նրա պատվիրաններին, մեր հայացքը հառենք հավատքի զորագլխին` Տեր Հիսուս Քրիստոսին, Ով մեզ համար աշխարհ եկավ, խաչվեց, թաղվեց եւ երրորդ օրը հարություն առավ մեռելներից: Եթե Կանայում, Հիսուսի կատարած հրաշքի շնորհիվ, ներկաներից շատերը հաղորդակից դարձան Հիսուսի աստվածային փառքին, Նրա աշակերտներն էլ հավատացին Նրան, ապա Քրիստոսի հարությունը դարձավ մեծագույն հրաշքը, որ առավել ամրապնդեց մեր հավատքը, իմաստավորեց եւ իր լրումին հասցրեց Տիրոջ ամբողջ փրկագործությունը: Իբրեւ քրիստոնյաներ` մենք երջանիկ ենք, որովհետեւ մեր Աստված հաղթանակի, սիրո եւ խաղաղության Աստված է, Ում հավատալով եւ ընդունելով` մեր կյանքում եւս հրաշքներ կլինեն:
Անդադրում աղոթքս է անդրանիկ Պատարագիս, որ Տերը զորացնի մեր մեջ առ Աստված հավատքը, հարության հույսն ու սերը, որպեսզի Տիրոջով զորացած եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դարավոր օրհնությամբ գոտեպնդված` բարին արարենք, լինենք այս աշխարհի աղն ու լույսը` անպակաս լինելով Աստծո օրհնությունից:
Թող Տերն Իր ամենազոր Աջի ներքո պահի եւ պահպանի նաեւ մեր երկիրը, Եկեղեցին եւ հոգու խաղաղություն պարգեւի ամենքիս, որպեսզի մեր միջոցով փառավորվի ամենասուրբ Երրորդությունը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն:
«Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն. ամեն» (Բ Կորնթ. ԺԳ 13):

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s