ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

«ՓԱՐԻՍԵՑՈՒ ԵՎ ՄԱՔՍԱՎՈՐԻ ԱՌԱԿԸ»

Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Սկիզբը՝ 2012 Հունվար Ա

— Տե՛ր հայր, ուզում եմ կրկնել մարդկանց շուրթերից ամենահաճախադեպ հնչող հարցերից մեկը. «Ինչո՞ւ երբեմն մեր աղոթքները լսելի չեն լինում»:
— Նախ վերհիշենք աղոթքի տեսակները` ընդհանրական եւ անհատական, կանոնիկ եւ ինքնաբուխ եւ վերջապես` ընդունելի եւ անընդունելի: Աղոթքներ կան, որոնք շատ արագ են պատասխանվում, աղոթքներ էլ կան, որոնց պատասխանը «ուշացումով», դանդաղորեն է տրվում: Եվ կան աղոթքներ, որ, այո՛, ընդհանրապես մնում են անպատասխան: Սրա համար մի քանի պատճառ կա: Առաջինն այն է, որ աղոթքի «նյութը» բարի չէ: Սա այն դեպքն է, երբ մարդը, հիմնականում չհասկանալով, մեղքն է խնդրում. եթե մարդն իր կորուստն է խնդրում, ապա Աստված, գթասիրտ հոր նման, խնայում է այս մարդուն: Այսպիսի աղոթքների մասին է Հակոբոս առաքյալն ասում. «Խնդրում եք եւ չեք ստանում, որովհետեւ չարամտորեն եք խնդրում» (Հակ. Դ 3):
Պատասխան չստանալու երկրորդ պատճառն այն է, որ մարդը կարծում է, թե բարի է իր խնդրանքը, սակայն իրականում այն չար է: Օրինակ` մարդը խնդրում է ունեցվածք, հարստություն, իշխանություն… Բայց ի՞նչ իմանա, թե ինչպիսի դժբախտությունների եւ հոգեւոր անկման պիտի տանի նրան այդ հարստությունը: Դու չգիտես, քեզ համար անհայտ է, դու ինքդ քեզ չես ճանաչում: Այո՛, մենք հաճախ դատում ենք ուրիշներին, ովքեր հարստություն, իշխանություն ունեն եւ ի չարս են գործադրում: Բայց երբ մենք այդ ուրիշների վիճակին «արժանանանք», ի՞նչ իմանաս, հնարավոր է, որ նրանցից էլ վատը դառնանք… Ուրեմն, դարձյալ Աստծո ողորմածության տնօրինությունն է մեր հանդեպ, որ նման աղոթքները մնում են անպատասխան:
— Ինչպես չաղոթելու մասին ուսուցանում է Քրիստոսն Իր «Լեռան քարոզում», ուսուցանում են առաքյալները, Եկեղեցու սբ հայրերը: Նաեւ ուսուցանում են` ինչպես աղոթել: Սբ Հակոբոս Մծբնա հայրապետը մի հետաքրքիր արտահայտություն ունի: Ասում է. «Մի՛ դատապարտիր քո անձը աղոթքներով»: Առաջին հայացքից` պարադոքս է: Սակայն այս մեկնություններից հետո հասկանալի է դառնում հայրապետի խոսքը: Այն է` ավելի լավ է չաղոթել, քան թե այդպես (իմա` սխալ, չարամտորեն) աղոթել։ Այդպե՞ս է, տե՛ր հայր:
— Անկասկա՛ծ: Ավելի լավ պիտի լիներ, եթե առակի փարիսեցին իր գլուխը չգովեր աղոթքով, քան թե ընդհանրապես չաղոթեր: Նա մե՛ղքը խնդրեց: Այդ «ավելի լավը», անշուշտ, հարաբերական է, որովհետեւ ավելի լավը եւ ամենալավը եւ ամենաճիշտը աղոթելն է: Իհարկե, եթե այն ճշմարիտ աղոթք է: Իսկ ընդհանրապես, իմ կարծիքով, ամենաճիշտն այն է, երբ մենք կանոնիկ աղոթքներով ենք կանգնում Աստծո առաջ: Հիշում եմ իմ` դեպի Եկեղեցի քայլելու առաջին տարիները, երբ աղոթում էի ե՛ւ կանոնիկ աղոթքներով` «Հայր մեր»-ը, Նարեկացու, Շնորհալու աղոթքները, ե՛ւ դրանից հետո, ասենք, իմ խոսքերով մի քանի բան էի խնդրում: Բայց մեկ-երկու տարի հետո հասկացա, որ ինքնաբուխ աղոթքներիս մեջ «թեմա» չի եղել, ավելին` անգամ մեղք է եղել… Մինչդեռ «Հայր մեր»-ը եւ մյուս կանոնիկ աղոթքները ինձ պատշաճ կերպով ներկայացրել են Աստծո առաջ:
— Տե՛ր հայր, իսկ ո՞ւմ աղոթքն է անընդունելի: Այլ կերպ ասած` անպատասխան աղոթքը պայմանավորված է միայն աղոթքի տեսակո՞վ, թե՞ նաեւ կոնկրետ անձի հանգամանքով:
— Այո՛, իհա՛րկե: Աղոթքի անպատասխան մնալու պատճառներից մեկն էլ կարող է լինել աղոթողի անարժանությունը: Երբ մարդն իր ողջ կյանքի ընթացքում ընկղմված է լինում մեղքի ու պղծության մեջ, հետո սկսում է ինչ-որ բաներ խնդրել, անգամ հոգեւոր բարիքներ, ու չի տրվում Աստծուց, պատճառը հենց այն է, որ մարդն անարժան է Աստծո առաջ: Նաեւ` եթե մարդը հավատավոր, բարեպաշտ մեկն է, սակայն մեղք է գործում ու դրանից հետո, փոխանակ խոստովանելու եւ զղջալու, այդ մեղքը «պահում-փայփայում է» իր սրտի մեջ, հենց այդ մեղքն էլ դառնում է արգելք իր աղոթքի պատասխանի համար: Այսինքն` Աստծո օրհնության դուռն է փակվում. Աստված պիտի օրհներ, պիտի գթար այս մարդուն, բայց մարդը, մեղանչելով ու չզղջալով, ինքն իսկ փակում է աստվածային օրհնությունը:
— Տե՛ր հայր, իսկ ինչպե՞ս հասկանանք` այն, ինչ խնդրում ենք, Աստծո կամքի համաձա՞յն է, թե՞ ոչ, բարի՞ է, թե՞ չար:
— Նախ անպայման պետք է կրթվել կանոնիկ աղոթքներով` «Հայր մեր»-ով, սաղմոսներով, Նարեկացու, Շնորհալու աղոթքներով, ժամերգության աղոթքներով, վերջապես` սբ Պատարագով, որը մեր մեծագույն աղոթքն է առ Աստված: Այս դեպքում մեզ համար շատ ավելի հեշտ պիտի լինի հասկանալ` մեր աղոթքը բարի՞ է, թե՞ չար: Խոնարհաբա՛ր պետք է աղոթել. մեր անձը ցածրացնելով, մեր մեղքերը խոստովանելով, Աստծուն փառաբանելով, Աստծո ողորմությունն ամենքի համար խնդրելով: Մեր տատիկ-պապիկները ո՞նց էին ինչ-որ բան խնդրում Աստծուց։ Ասում էին. «Աստվա՛ծ ջան, բոլորին հասնես, նոր միայն իմ զավակին»… Այս կեցվածքը, աղոթքի այս հոգեբանությունը շատ կարեւոր է եւ զուտ քրիստոնեական. սա արդեն իսկ մերժումն է եսակենտրոնության մեղքի. խնդրում ես բոլորի՛ համար… Սա նաեւ բացարձակ ներողամտության ու անոխակալության դրսեւորում է, ինչը նույնպես հաճախ են կարեւորում սբ վարդապետները` սրանք համարելով ճշմարիտ աղոթքի հավատարիմ ուղեկիցներ, առանց որոնց ամեն բան ապարդյուն է:
«Օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին եւ աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում»,- ասաց մեր Տերը:
Մաղթանքս է, որ Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր զավակները, Աստծո Սուրբ Հոգով լցված, կարողանան աղոթել մաքսավորի պես` զղջումով, խոնարհությամբ, Աստծուն փառաբանելով, իրենց մեղքերի համար թողություն խնդրելով, նաեւ մեր տատիկ-պապիկների նման` նախ բոլորի համար, վերջում էլ` իրենց համար բարի՛ն խնդրելով: Եվ հարաժամ ապրեն Սիրո, Խաղաղության ու Աղոթքի մեջ. Ամեն:
Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s