Ըստ Սարգիս Հարությունյանի «Բանագիտական ակնարկներ» գրքի

Հայոց ավանդության մեջ ս. Սարգիսը հանդես է գալիս երկու հիմնական մակարդակով.
1. Իբրեւ պատմական անձնավորություն, որ ապրել ու գործել է 4-րդ դարում, եղել է Կեսարիայի հռոմեական զորավար, խուսափել Հուլիանոս Ուրացող կայսրի (361-363 թթ.) հալածանքից, նախ` ապաստանել Հայոց Արշակ Բ (կամ նրա հոր՝ Տիրանի) թագավորի մոտ, ապա վերջինիս խորհրդով անցել Պարսկաստան, կարգվել Շապուհ II-ի զորահրամանատար: Սակայն պարսից զորքի մեջ քրիստոնեություն քարոզելու մեղադրանքով ձերբակալվել է, մերժել զրադաշտական հավատ ընդունելու պահանջը եւ իր` Մարտիրոս անունով որդու եւ 40 քրիստոնյա զինվորների հետ նահատակվել: Քրիստոնյաները վերցրել են նրա մարմինը, տարել Ասորիք: Մաշտոցը նրա մասունքները բերել է Հայաստան, ամփոփել Կարբի ավանում. Ուշիում եւ Գագա դաշտում նրա անունով շինել է եկեղեցիներ, որով Սարգիս զորավարը սրբացվել է Հայոց Եկեղեցու կողմից՝ իբրեւ քրիստոնեական կրոնի համար մարտնչող նահատակ: Եվ նրա վկայաբանությունն ավանդվել է Հայոց Եկեղեցու կողմից գրավոր եղանակով` իբրեւ վկայաբանություն:
2. Իբրեւ սրբազան-առասպելական կերպար՝ օժտված տարբեր հմայական հատկանիշներով ու գործառույթներով, հանդես է գալիս հիմնականում ժողովրդական բանավոր ավանդության մեջ` զանազան զրույցների, երգերի, աղոթքների եւ հավատալիքային պատկերացումների տեսքով:
Որ ս. Սարգսի կերպարն ու պաշտամունքը ժողովրդական քրիստոնեության մեջ ներթափանցել են եկեղեցական գրավոր ավանդություններից, աներկբա է:
Ուշ միջնադարից վկայված, աշուղական արվեստով կերտված մի ձոներգում, որն իր աղոթային բանաձեւված վերջաբանով ընկալվել եւ կատարվել է որպես աղոթք («Աղօթք սրբոյն Սարգսի զօրավարին»), սրբի կերպարն ու արարքները, թեպետ առանց որոշակի սյուժեի, ներկայացված են եկեղեցական վկայաբանական աղբյուրների հիման վրա՝ դրանց բնորոշ մոտիվների մակարդակով: Այնտեղ շեշտված են ս. Սարգսի՝ քրիստոնյա Կոստանդիանոս թագավորի զորավար լինելու, Հուլիանոս Ուրացողին չհանդուրժելու եւ հակադրվելու, արեւմուտքից գալու, թագավորի (ըստ երեւույթին` Արշակ Բ-ի) կողմից հովանավորվելու, մեծագույն փառքով պատվի արժանանալու, օտար երկրում («ի այլաստան», ըստ երեւույթին` Պարսկաստանում) պահապան կարգվելու վարքաբանական մոտիվները: Սրանց զուգահեռ՝ ս. Սարգսի կերպարն ու արարքները ենթարկվել են բանաստեղծական ընդհանրացման, որ արտահայտվել է յուրաքանչյուր 3-րդ (երբեմն էլ 4-րդ) տողից հետո կրկնվող բանաստեղծական կրկնակներում, որոնցից յուրաքանչյուրում ս. Սարգիսը բնութագրվում է գեղարվեստական մի նոր մակդիրով` համապատասխան նախորդ եռյակի կամ քառյակի բովանդակության: Ըստ այսմ` ս. Սարգիսը բնութագրվում է հետեւյալ հինգ մակդիրներով՝ քաջ սպառազեն, պարիսպ, արիացյալ, ատենահաս, մեծ գերեհան: Ուշագրավ է վերջին մակդիրը, որը բնորոշում է երգի վերջին քառյակը, որի մեջ, ի դեպ, ոչ թե թվարկված են սրբի վարքաբանական արարքները, ինչպես նախորդներում, այլ իբրեւ բանաստեղծական ընդհանրացում՝ արտահայտված է հեղինակի հետեւյալ սեւեռուն բաղձանքը.
Իսկ գերելոց այլասեռից,
Որք ի կապանս են յերկաթի,
Հա՛ն զնոսա ի չար կապից,
Մեծ գերեհան սուրբդ Սարգիս:
(Կ. Պոլիս, 1709)
Այսինքն` բոլոր այլազգի այլադավաններից գերված ու երկաթե կապանքներով շղթայվածներին հանիր եւ ազատիր չար կապանքներից: Սա արդեն սրբի մեջ բանաստեղծական իդեալի մարմնավորման ցանկություն եւ հավատալիք է, որով ս. Սարգիսը ձեռք է բերում բռնության մեջ տառապող մարդկանց ազատարարի ակտիվ գործառույթ: Ուրեմն, ըստ միջնադարյան այդ աղոթերգում գործածված բանաստեղծական մակդիրների, ս. Սարգիսը ներկայանում է մի քանի տարբեր, բայց համազոր դրական հատկանիշներով. իբրեւ լավ սպառազինված, արիասիրտ, պաշտպան ու պահապան (= պարիսպ) զորական, ինչը միանգամայն համախոս է նրա եկեղեցական վկայաբանությանը, միաժամանակ եւ ատենահաս, այսինքն` ժամանակին հասնող եւ գերյալներին ազատող սուրբ, որն արդյունք է բանավոր ավանդության մեջ նրա հավատալիքային իդեալականացման: Նկատենք, որ ժողովրդական բանահյուսության մեջ սրբի ամենատարածված մակդիրն է ատենահասը (ատանահաս սուրբ Սարգիս), որն արդյունք է նրա` ձիավոր պատկերացման (ձին իբրեւ արագավազության, արագահասության խորհրդանիշ), որից էլ՝ սրբի երկակի հատկանիշներով օժտված («Ատենահաս բոզ ձիավոր սուրբ Սարգիս») մակդիրը: Ուրեմն` ոչ միայն ձիավոր, այլեւ գորշասպիտակավուն (բոզ) ձիավոր, որ գալիս է հնօրյա ճերմակ ձիավոր հերոսների պատկերացումից:
Ժողովրդական սրբազան բնագրերում` ս. Սարգսին նվիրված աղոթքներում, ձիավոր մեր սուրբը հաճախ հանդես է գալիս որդու` Մարտիրոսի հետ (մի մոտիվ, որ դարձյալ սերում է եկեղեցական վկայաբանությունից): Ուշագրավն այն է, որ այստեղ սուրբը սովորական երկրային ձիավոր չէ, այլ երկնային.
Կես գիշերին դուրս էլա,
Մեկ ձիավոր սուրբ տեսա,
Ասի, լացի, ոտն ինկա.
Ասի. Հայր սուրբ, անունդ ի’նչ է:
— Իմ անունս` Սուրբ Սարգիս,
Օրդուս անունը` Մարտիրոս,
Ձիս կը քալե ամպի վերան,
Անթաթար ծովի վերան…
(Հարությունյան, 2006, N ա, բ)
Կամ`
…Իր ձին կերթա պաղան վրա,
Անապատի ծովու վրա:
Նույն աղոթքի մեկ այլ տարբերակում (N 420 ե) ս. Սարգիսը զուգադրվել է Մշո սբ Կարապետի հետ, որոնց ձիերի յոթ պորտերն իջել են երկնային ծովի վրա.
Մուշու սուրբ Կարապետ, Սուրբ Սարգիս ծիու վրա,
Յոթը պորտը ծովու վրա:
Այս նույն աղոթքի տարբերակներում է երիցս դրսեւորվել միջնադարյան աղոթքներում հանդիպող ս. Սարգսի` գերիներին ազատելու մոտիվը՝ իբրեւ սրբի կողմից տրվող հատուկ հանձնարարություն.
Գնացեք ասեք գերիներուն
Ազատ կանե իր արեւուն։
(Հարությունյան, 2006, N 420 ա, բ, գ)
Այդպես, ուրեմն, գերեդարձությունը, որ իբրեւ բաղձանք արտահայտված էր միջնադարյան աղոթերգում, հետագա աղոթքներում դառնում է ս. Սարգսի կարեւոր գործառույթներից մեկը:
Ս. Սարգսի` գերիներին ու շղթայվածներին ազատելու այս գործառույթը դրսեւորվել է նաեւ նրա մասին պատմվող ավանդազրույցներից մեկում: Ղզլբաշի (իմա` պարսից) Ուշաբ (իմա` Շապուհ) թագավորը հրամայում է բոլոր հայ քրիստոնյաներին` ուրանալ իրենց հավատը, արեգակն ու կրակը պաշտել: Հայերը չեն համաձայնում: Ուշաբն սկսում է հայերին տանջել, կոտորել, մորթազերծ անել: Լուրը հասնում է Սարգսին, որը եղել է մի հսկա տղամարդ: Սա իր ընկերներով հարձակվում է Ուշաբի զորքի վրա, թունդ կռիվ տալիս: Ուշաբը, այդ իմանալով, կատաղում, փրփրում է, հրաման է տալիս բռնել Սարգսին, կտոր-կտոր անել: Բայց Սարգիսն «ամպի պես գոռում, կեծակի նման տրաքտրաքում, քանդուքար է անում թագավորի բերդերն ու էնտեղ կապած, կշկռած հայերին ազատում» (Ղանալանյան, 1969, 366): Պատմական ու վկայաբանական մոտիվներով այս զրույցում Պարսից Շապուհ թագավորի անունը նմանահնչությամբ շփոթվել է Ուշաբ-վիշապ անվան հետ, եւ ըստ այդմ՝ նրա հակառակորդ Սարգիսը ձեռք է բերել վիշապամարտիկ ամպրոպային հերոսի հատկանիշներ, որը կործանում է վիշապի ամրոցները եւ այնտեղ բանտված զինվորներին ազատում: Հիշեցնենք, որ ժողովրդական մի ավանդազրույցում ս. Սարգիսը կռվում է ջրարգել վիշապի հետ, նիզակով սպանում նրան եւ նրա երախից ազատում՝ նրան ի կեր մատուցված որբ քրոջն ու եղբորը (Ղանալանյան, 1969, 188-189):
Նկատենք նաեւ, որ գերյալներին ազատելու գործառույթը հնավանդ է եւ յուրահատուկ է, օրինակ, հին իրանական (ավեստական) Վայու հողմի աստվածությանը, որը հզոր մարտիկ է եւ շատ իրանական ցեղերի զինվորական դասի հովանավորը: Նա սլանում է երկնային բարձունքներում, օգնություն է հասնում իրեն դիմող իրանական դյուցազուններին, բայց մերժում չար Աժի Դահակային: Նա միաժամանակ «շըղթայվածներին ու գերիներին էլ է աջակցում» (Ֆր. Շպիգել) (Աբեղյան, 1975, 81):
Ըստ ժողովրդական ավանդազրույցների` ս. Սարգսի եւ ս. Գեւորգի ձիերը հրեղեն են, բնակվում են Սալահունյաց գավառում գտնվող Այղր լճում: Հարկ եղած դեպքում նրանք հեծնում են այդ ջրաբնակ ձիերին եւ հասնում կանխելու գլուխ բարձրացրած չարն ու չարությունը (Ղանալանյան, 1969, 86): Մեկ այլ զրույցում ս. Սարգիսն իր հրեղեն ձիով երկինք է սլացել՝ Տուժիկ պապա սարի գագաթին (Արեւմտյան Դերսիմ), ձին ծառս է եղել, ոտքերը խրվել են ապառաժի մեջ եւ այնտեղ թողել սմբակների հետքերը: Նույն մոտիվն առկա է նաեւ Թալինի Մաստարա գյուղի ձորի Ս. Սարգսի քարի, Կարինի Մուտուրական գյուղի մոտ գտնվող Ս. Սարգսի քարի մասին պատմող ավանդազրույցներում: Հրեղեն ձիու` քարի վրա թողած ոտնահետքերի մոտիվն առկա է նաեւ Սասունում, ուր, ըստ տեղացի բանասացների, ցույց են տվել Դավթի Ձիթռոցի քարը` վրան Քուռկիկ Ջալալու սմբակների հետքերը:
Ճերմակաձի ս. Սարգիսը ժողովրդական պատկերացումներում հանդես է գալիս զինված, հիմնականում ծոպերով զարդարված նիզակով, երբեմն էլ` թրով: Մուշից գրառված մի ժողովրդական երգում նա պատկերացվում է հետեւյալ կերպ.
Սուրբ Սարգիսն էր խըռ ձիավոր
Ձեռքի մըզրախ փունջուխլավոր…
Կամ`
Սուրբ Սարգիսն էր մեծ զորավոր
Ջահել-ջիվան, ինք ձիավոր…
Այսինքն` սպիտակակապտավուն (խըռ), երիտասարդ ձիավոր՝ զինված ծոպազարդ նիզակով:
Շարունակելի
Աննա ՊՈՂՈՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s