Սկիզբը՝ 2011 Դեկտ. Բ, 2012 Հունվար Ա-Բ

 

Իսրայել Օրու՝ ազգային այդ նշանավոր գործչի մասին հայկական աղբյուրները զարմանալիորեն ոչինչ չեն հայտնում։ Օտար դիվանների մեջ պահպանված թղթակցությունները, մասնավորապես Կարապետ Եզյանցի կատարած քննությունը, որը մի ստվար հատորով հրատարակվեց 1898-ին՝ պարունակելով 300-ից ավելի նամակ ու այլ վավերաթուղթ, ցույց են տալիս, որ նրա վաղաժամ մահը խանգարեց գործնական արդյունքի հասցնել իր ձեռնարկը։ Նա 1680-ից մինչեւ 1711 թվականն անխոնջ աշխատեց Հայաստանի ազատագրության համար, հանդիպեց այնպիսի դժվարությունների, որոնք կարող էին հուսահատեցնել ուզած գործչի։ Օրին եղավ հայկական պետականությունը վերածնելու ծրագրի իսկական դրոշակակիր։ Նա շուտ հեռացավ կյանքից եւ իր գործունեության արդյունքը չտեսավ, սակայն նրա ծրագիրն ու ցանած սերմերը հայտնվեցին պարարտ հողում՝ ոգեւորության աղբյուր դառնալով հայ ազատագրական շարժման գործիչների համար։ Թերեւս կարելի է նրան քննադատել դավանափոխության պայմանին համակերպվելու համար, սակայն այդ մեծ գաղափարը եւ նրա աշխարհիկ անձ լինելը նրան շատ էլ մեղավոր չեն դարձնում, քանի որ պայմանն ստիպողական էր կաթոլիկ աշխարհի կողմից, եւ այն չընդունելն ի չիք էր դարձնում Հայաստանի ազատագրության ամեն մի հնարավորություն։ Հարկ է խոստովանել, որ Օրին շատ ճկուն անձնավորություն էր, եւ երբ նրա՝ պֆալցյան ծրագիրը դարձավ անգործադրելի ու անիրական, նա անմիջապես դիմեց Ռուսաց ցարի օգնությանը, որը նրա առաջ կրոնափոխության կամ, որ ավելի ճիշտ է, դավանափոխության պայման առաջ չքաշեց։ Օրին, փաստորեն, հիմք դրեց հայերի ռուսական կողմնորոշմանը՝ դրա իսկական առումով։ Օրին կողմնորոշումը չէր հասկանում որպես մի որեւէ գերտերության կառքին լծվելու ստրկամիտ գաղափար, այլ քաղաքականություն, որի նպատակն էր լինել հայոց ազգային խնդիրների լուծումը։

Մինաս վարդապետ Տիգրանյանը, որ շարժման առաջին իսկ օրերից եղել էր Օրու գործակիցը եւ ուղեկցել նրան այդ ամբողջ շրջանում, Օրու մահից հետո դարձավ նրա գործի շարունակողը՝ առավելապես զբաղվելով հայ-ռուսական հարբերություններով։ Նրա պատրաստվածությունը բարձր չէր, օտար լեզուների իմացությունն էլ՝ անբավարար, ուստի ի վիճակի չէր եվրոպական արքունիքներին շահագրգռելու Հայաստանի ազատագրության խնդրով։ 1711-1714 թթ. նա մնաց Աստրախանում՝ անընդհատ տեղեկություններ հաղորդելով աֆղանների ապստամբության մասին, որը շոշափում էր Պարսկաստանի կացության խնդիրը եւ սպառնում Սեֆյան Պարսկաստանի գոյությանը։ Ստեղծված կացությունը մեծապես հետաքրքրում էր ռուսական արքունիքին, եւ 1715 թ. Պարսկաստան ուղարկվեց Արտեմ Վոլինսկին, որին հրահանգված էր տեղեկություններ հավաքել հայ ժողովրդի վերաբերյալ։ Իսկ ռուսաց արքունիքի հետաքրքրությունը բարձրացնողը Մինաս վարդապետն էր։

Մինչ տեղի էին ունենում վերը հիշատակված իրադարձությունները, Ավետիք պատրիարքը 1706 թվի դեկտեմբերից բանտարկված էր մնում Սբ Միքայելի վանքում՝ ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս ԺԴ-ի հրամանով։ Հռոմի Կղեմես ԺԱ պապը թախանձագին խնդրում էր, որ Ավետիքին ավելի ճնշեն, իսկ ֆրանսիական թագավորի վրայից ջնջել Ավտիքին հալածելու բիծը՝ պարզապես անհնար էր, քանի որ Ավետիքի ձերբակալությունն ու բանտարկությունը կատարվել էին նրա հրամանով։ Ավետիքը շղթայակապ վիճակում էր եւ չէր կարող հարաբերություն ունենալ որեւէ մեկի հետ՝ բացառությամբ Մոնֆրեր Ժուլիենի։ Վերջինս, Ավետիքի իսկ խոսքերով, խիստ անողորմ էր եւ կերակուր բերելիս նրան հերետիկոս ու հերձվածող էր անվանում։ Գիշերները նրան լույս չէին տալիս, եւ Ավետիքը միշտ մթության մեջ էր անցկացնում։ Ավետիքն անգամ կարծում էր, թե Ժուլիենը հակառակ իր ղեկավարների կամքի է իրեն հալածում, սակայն դա ճիշտ չէր, քանի որ կաթոլիկ կրոնավորն իր ղեկավարի կամքին հակառակ գործել չէր կարող։ Դա սովորական խաղ էր, որ նպատակ ուներ խաբելու ու թյուրիմացության մեջ գցելու Ավետիքին։ Ավետիքն անգամ նշում է, որ իր խցի վերեւում գտնվողը մեզն իր գլխին էր թափում, եւ բանտապանները դա չէին արգելում։ Ավետիքը խիստ վիրավորվում էր հատկապես իրեն հերետիկոս եւ հերձվածող կոչելուց։ Լեզուն չգիտեր, ուստի բողոքել չէր կարող եւ օրնիբուն լաց էր լինում եւ վիրավորանքից երբեմն երկու-երեք օր հրաժարվում ուտելիքից։ Նրան ստիպում էին դավանափոխ լինել, եւ հալածվում էր պահքը եւ ծոմը լավ պահելու համար, ինչպես ընդունված էր հայերի մոտ։ Որոշ ժամանակ անց սկսում են նրան կիրակի եւ տոն օրերին տանել վանքի մատուռ՝ պատարագ լսելու, սակայն այնտեղ էլ նրան՝ որպես խորշելի անձնավորության, առանձնացած էին պահում։ Բանտարկության վերջին շրջանում Ժուլիենին տեղափոխում են այլ վանք, եւ նրան փոխարինում է Սաքմո միաբանը, որն Ավետիքի իսկ հաղորդմամբ՝ չէր խոսում, հետեւաբար եւ չէր նախատում։

Իսկ Կ. Պոլսում Ավետիք պատրիարքին չէին մոռացել, եւ նրան գտնելու ջանքեր էին գործադրվում։ Եկեղեցիներում երեկոյան աղոթքներ էին կարդացվում՝ նրա վերադարձի համար։ Խոսակցություններ էին շրջում՝ Ռոդասթոյում նրա գտնվելու մասին, եւ շատերը գնում էին այնտեղ՝ նրան տեսնելու։ Մեկ ուրիշը հայտարարում էր, թե նրան տեսել է Հոլանդիայում եւ դրա համար պարգեւներ էր ստանում։ Երկու թուրք գերի հայտարարում են, թե իբր նա Մալթա կղզում է բանտարկված, եւ մի քանի հարուստ հայ հատուկ նավով Մալթա է մեկնում։ Դեսպան Ֆերիոլն այդ ամենի մասին տեղյակ է պահում թագավորին, որն ականջալուր է լինում այն բանին, թե Ավետիքին փնտրելու համար մարդիկ են եկել Լիվոռնո եւ հետո էլ անցնելու են Ֆրանսիա։ Այս ամենը լոկ մեծացնում են կասկածները, եւ 1709 թ. դեկտեմբերի 28-ին Ավետիքին տեղափոխում են Բաստիլ, այսինքն՝ Փարիզի արքունական բանտ։ Մ. Օրմանյանն Ավետիքի նշած թվին կասկածում է, քանի որ բանտի արձանագրությունների մեջ նշված է դեկտեմբերի 18-ը։ Ավետիքի անունն անգամ գաղտնի է պահվում։ Ավետիքին շղթայակապ բանտարկում են ստորին հատվածում՝ գետնափոր նկուղներից մեկում, որտեղ մնում է 40 օր։ Նրա առողջական վիճակը խիստ վատանում է. ստամոքսի ցավից ու հազից նա գրեթե ուշաթափվում էր։ Բանտի վերատեսուչ Բեռնավիլը բժիշկ է հրավիրում եւ հոգ տանում նրան։ Հավանաբար բժշկի խորհրդով 1710 թ. փետրվարի վերջերին նրան տեղափոխում են միջին քավարանի բանտը։ Չնայած բանտային պայմանները մի փոքր տանելի են դառնում, սակայն դավանափոխության ստիպումները շարունակվում են, որ իբր կաթոլիկ դառնալով՝ հնար կլինի նրան բանտից ազատել։ Այդ նպատակով նրա մոտ են ուղարկում աբբա Ռնոդոթին եւ թարգման մսյո Լաքրոային, որը մի լեզվագետ հայ էր՝ Խաչատուր անունով։ Իսկ Լաքրոան պարզապես Խաչատուրի թարգմանությունն է։ Նա Բաստիլում վստահելի անձ էր եւ կարգվել էր թարգմանների ղեկավար։ Ավետիքի հետ շփվել են նաեւ բանտապահ Միշելը, կերակուր բերող Անտուանը եւ բժիշկը, որի անունը չի արձանագրված։ Եվ այսպես Ավետիքը չորս տարի տանջվում էր բանտարկության մեջ՝ հուսալով, որ իր յուրայինները միջոց կգտնեն իրեն ազատելու։ Բայց օգնություն չկար, նա կտրված էր աշխարհից, հիվանդությունները քայքայում էին առողջությունը, պակասում էր հոգու կորովը։ Նրան տալիս էին կարդալու հռոմեականության ոգով գրված գրքեր, իսկ Ռնոդոթը հմտորեն առաջ էր տանում իր գիծը։ Ավետիքին թույլատրում են գրառումներ կատարել, անգամ արտագրել տպագրված գրքերը, որոնք դեռ պահվում են Փարիզի ֆրանսիական մեծ գրադարանում։ Ընդօրինակված գրքերից են եղել Ռոբերտոս Բելարմինոսի, Կղեմես Գալանոսի աշխատություններից երկուսը եւ Նոր Կտակարանի՝ ամստերդամյան 1668 թ. հրատարակությունը, որոնցից առաջինի վրա պահպանվել է 1710 թ. հունիսի 9/20 թվականը, իսկ վերջինի վրա՝ օգոստոսի 3/14 եւ 27 թվականները, ինչը ցույց է տալիս, որ այդ ժամանակ նրան թույլ են տվել գրառումներ կատարել։ Ընդօրինակումներից զատ, նա հիշատակարաններ է թողել, որոնք նրա արկածների եւ կենսագրության մասին տեղեկություններ են պարունակում։ Դրանք են, որ գաղափար են տալիս նրա ոդիսականի վերաբերյալ։ 1710 թ. օգոստոսի 23-ին նա գրել է, որ չորս տարի եւ ութ ամիս է, ինչ գտնվում է բանտում, այսինքն՝ նրա բանտարկությունը տեղի է ունեցել 1706 թ. սկզբներին, երբ նա դուրս էր եկել Կ. Պոլսից։ Նա իր գրառումներում շատ զգուշավոր է ֆրանսիացի եւ ֆրանսիական պաշտոնյաների մասին խոսելիս՝ անշուշտ վախենալով, որ թարգմանի միջոցով դրանք կարող են հաղորդվել իշխանություններին եւ վտանգ ստեղծել իր համար։ Ուստի միշտ աղոթում է Լյուդովիկոս ԺԴ-ի համար եւ գովում նրան, որին Լույս կամ Լույսք (Louis) է կոչում։ Նա հարգանքով է խոսում նաեւ մոնսինյոր Բոնշարթրի եւ Փարիզի կարդինալ Նոայլի մասին՝ հույս ունենալով, որ կփափկացնի նրանց սրտերը։ Մինչեւ 1710 թ. օգոստոսի 23-ը նա տակավին հայադավան էր։

Շարունակելի

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s