ԱՍՈՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻ ՕՐՈՔ ԵՎ ՆՐԱ ԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ ԵՂԱԾ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ V ԴԱՐԻ ԿԵՍԵՐԻ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սկիզբը՝ 2012 Հունվար Բ

Նույնիսկ Փավստոս պատմիչը, որ Խորենացուց առաջ քաջածանոթ էր Գրիգոր Լուսավորչին եւ նրան փառաբանող Ագաթանգեղոսի Պատմությանը, միեւնույն էջում Տրդատ թագավորին անվանում է «նախածանոթ Քրիստոսի հավատքին» եւ «առաջընծա Քրիստոսի», իսկ Գրիգոր Լուսավորչին՝ միայն «յառաջեպիսկոպոս» եւ «նախավաստակ». «Սոյնպէս եւ զյիշատակս թագաւորին Տրդատայ թէ կամօք թէ ակամայ, որ արժանին լեալ էր նախածանօթ ’ի Քրիստոսն հաւատոց: Վասն այսորիկ կամ եղեւ աշխարհին զնախնեաց ժամանակին հարանց եպիսկոպոսաց զայս տեղիս պատուել, ուր սոքա եդեալն էին. զի սիրելի էր աշխարհին, պատուել զյառաջընծայն Քրիստոսի զթագաւորն իւրեանց Տրդատ: Նոյնպէս եւ զյառաջեպիսկոպոսն զնախավաստակն զԳրիգորիս» (Փաւստոսի Բիւզանդացւոյ Պատմությիւն Հայոց. բնագիրը Ք. Պատկանյանի, Երեւան, 1987, Ա, ԺԴ, էջ 60):

Որ Եղիշեն Տրդատի վերաբերյալ տվյալները, իրոք, քաղել է Ագաթանգեղոսի մեր ձեռքը հասած Պատմությունից, հաստատվում է եւ այլ զորեղ փաստարկներով, որոնք նույնպես վրիպել են մեր կորովի հայագետի եւ նրան հետեւողների ուշադրությունից: Վերոհիշյալ Թղթում Հայոց ժողովի մասնակիցները, դարձյալ, իբրեւ անցյալ սերտ բարեկամության օրինակ, հիշեցնում էին Թեոդոս կայսրին, որ նրա առաքինի նախնիները, Եվրոպայում եւ Ասիայում վիթխարածավալ տերության հասնելով, «այդչափ մեծ իշխանության մեջ մեծ եւ սիրելի դաստակերտ էին անվանում մեր հայոց աշխարհը» — «Եւ յայնչափ մեծ իշխանութեան՝ դաստակերտ մեծ եւ սիրելի զՀայոց աշխարհս անուանէին» (Եղիշէ, էջ 72):

Եղիշեի եւ Ագաթանգեղոսի աղերսը ժխտող բանասերների համար միանգամայն անհավանական հայտնություն կարող է թվալ, եթե պարզվի, որ այստեղ եւս Եղիշեի աղբյուրն Ագաթանգեղոսն է: Եվ, սակայն, դա այդպես է — Ագաթանգեղոսի Պատմությունն է այն Մատյանը, որ վկայում է, թե, իսկապես, դեռեւս Տրդատ Մեծ թագավորի հեթանոսության շրջանում, որ ճիշտ համընկնում է Թեոդոս կայսեր առաքինի նախնիների ժամանակին, Հայաստանը կոչվելիս է եղել «դաստակերտ կայսերաց»: Այդպես կարդում ենք Տրդատ արքայի հրովարտակում՝ ուղղված Մեծ Հայքի ժողովրդին՝ մեծամեծներից մինչեւ շինականները — «քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամենայն Հայոց աշխարհիս. Իմաստութիւն Յունաց հասցէ դաստակերտիդ կայսերաց» (Ագաթ., «127): Ուշագրավ է, որ «դաստակերտ… զՀայոց աշխարհս անուանեին» եւ «Վասն որոյ եւ նախնին մեր Տրդատիոս» հատվածները՝ երկուսն էլ Թեոդոսին ուղղված Հայոց ժողովի Թղթից են: Այս երկու՝ իրար հաջորդող հատվածները կասկած չեն թողնում, որ Եղիշեն դաստակերտ կայսերաց կարդացել է հենց Տրդատի հրովարտակում: Իր բնույթով եզակի սույն փաստը միանգամից անքակտելիորեն կապում է Եղիշեի եւ Ագաթանգեղոսի պատմական Մատյանները միմյանց հետ, որից հետեւում է, որ Ավարայրի պատմիչը, եթե նա իրոք հիշյալ Հայոց ժողովի Թղթի հեղինակն է, քաջատեղյակ է եղել Ագաթանգեղոսի Հայոց պատմությանը եւ էապես օգտվել է նրանից: Նույնիսկ եթե Հայոց ժողովի Թուղթը Եղիշեի գրչի արգասիքը չէ, միեւնույն է՝ խնդիրն այդ դեպքում եւս շահեկան լուծում է ստանում հօգուտ Ագաթանգեղոս-Եղիշե աղերսի, կնշանակի՝ Եղիշեի Պատմության միջոցով մեզ հասել է մի վավերական Թուղթ, որից ակնհայտ երեւում է, որ դեռ 451 թ.՝ Ավարայրի նախօրեին, Հայոց մեծամեծ նախարարներն ու եպիսկոպոսներն ընթերցել են Ագաթանգեղոսի Պատմությունը եւ նրանից պատմական տվյալներ քաղել Թեոդոս կայսերը հղած Թուղթը գրելիս:

Եվ այսուամենայնիվ, Եղիշեի Վարդանանց պատմության զանազան մասերի բաղդատումն Ագաթանգեղոսի Պատմության հետ վերջնականապես ի հայտ է բերում այն իրողությունը, որ հենց ինքը՝ Եղիշեն, քաջածանոթ է եղել Տրդատ թագավորի եւ Գրիգոր Լուսավորչի ավանդապատումին ոչ թե հիշյալ Հայոց ժողովի Թղթի միջոցով կամ որեւէ այլ՝ մեզ անծանոթ աղբյուրից, այլ անմիջապես մեր ձեռքը հասած Ագաթանգեղոսի Պատմությունից, եւ Վարդանանց պատմությունը շարադրելիս հմտորեն օգտվել է նրա պերճ ու ծաղկուն ոճերից:

Եղիշե-Ագաթանգեղոս աղերսն ամբողջացնելու համար կարելի է մատնացույց անել բազմաթիվ լեզվաոճական նույնություններ ու նույնանման ինքնատիպ դարձվածներ նաեւ Եղիշեի Պատմության ամենատարբեր մասերից: Մի շարք նմանաոճ արտահայտություններ ու դարձվածներ գտնում եմ Ագաթանգեղոսի ու Եղիշեի հենց առաջին էջերում, կարծես Վարդանանց պատմիչն իր երկը շարադրելուց առաջ աչքի է անցկացրել Ագաթանգեղոսի Պատմության մանավանդ Առաջաբանը եւ Առաջին գիրքը, ուստի Վարդանանց պատմության սկիզբն էլ հատկապես ճոխացած է ագաթանգեղյան ոճերով: Ընդ որում, աչքի է զարնում Ագաթանգեղոսի եւ Եղիշեի պատկերավոր մտածողության հարազատությունը, որը հաճախ արտահայտվում է նույնանման համեմատություններով: Ուշագրավ է, որ մրրկածին օդովք հազվադեպ կապակցությունը երկու հեղինակների մոտ էլ գործածված է հենց Առաջաբանի սկզբնամասում.

Ագաթ., «1

«…ի մէջ ընդոստուցեալ ալեացն որ ընդդէմ դառնան, մրրկածին օդովքն ի մարտ պատրաստին…»:

Եղիշէ, էջ 5

«…եւ իբրեւ բարձրաթռիչս եղեալ՝ զամենայն վնասակար մրրկածին օդովք անցանիցեմք…»։

(«Մրրկածին օդովք» արտահայտություն ունի նաեւ Գյուտ կաթողիկոսը)։

Ագաթանգեղոսի Առաջաբանում մարդու լսելիքը (ականջները) պատկերավոր կոչված է աման պատգամաց (պատգամների անոթ). սրան հար եւ նման Եղիշեն մարդու գլուխն անվանում է աման խորհրդոց (մտքերի անոթ).

Ագաթ., « 11

«…միայն յօժարութիւն կամաց սրտին՝ սիրով մատուցանել զլսելիս, հաւատովք ձգտեալ զականջս՝ աման պատգամաց…»:

Եղիշէ, էջ 47

«…առ չհանդուրժել սրտին իւրոյ՝ կոտորէր զզօրութիւն մարմնոյն, եւ ծակոտէր զբազմամթեր աման խորհրդոցն…»:

Կողք կողքի ցուցադրենք եւս մի քանի նմանատիպ, նմանաոճ արտահայտություններ.

Ագաթ., «22

(Հայոց Խոսրով Մեծ թագավորը Արտաշիրի դեմ տարած հաղթանակի առթիվ)

«…հրաման տայր ընդ կողմանս կողմանս դեսպանս արձակել, հրովարտակս առնել, յեօթն բագինս մեհենիցն ուխտաւոր լինել պատկերաց կռոց դիցն պաշտաման: Սպիտակ ցլուք եւ սպիտակ նոխազօք, սպիտակ ձիովք եւ սպիտակ ջորւովք… ոսկովք պսակօք եւ արծաթի զոհարանօք, յանօթս ցանկալիս ակամբք պատուականօք… զիւր ազգին Արշակունեաց զհայրենեացն պաշտամանց տեղիսն մեծարէր։ …եւ մեծամեծ պարգեւս քրմացն շնորհէր»:

Եղիշէ, էջ 12

(Պարսից Հազկերտ արքայից արքան հոռոմների եւ հոների դեմ տարած հաղթանակի առթիվ)

«…աւետաւորս առաքեաց ընդ ամենայն ատրուշանս աշխարհին իւրոյ. ցլուք սպիտակօք եւ գիսաւոր նոխազօք առատացոյց զզոհս կրակի, եւ խիտ առ խիտ թանձրացոյց անդուլութեամբ զպաշտօն պղծութեան իւրոյ. պսակօք եւ պատուովք մեծարեաց զբազումս ի մոգաց եւ զբազմագոյնս ի մոգպետաց»:

Պարսից արքա Արտաշիրը Հայոց Խոսրով թագավորին սպանելու համար Պարթեւ Անակին խոստանում է բարձր պարգեւներ — հար եւ նման ոճով էլ Պարսից արքայից արքա Հազկերտը, պարգեւ խոստանալով, հրապուրում ու հորդորում է հայ նախարարներին ընդունելու մոգության կրոնը.

Ագաթ., «26

«Խօսել սկսաւ (թագաւորն Արտաշիր) ընդ նմա (Անակայ) եւ ասէ. «Եթէ միայն զայդ նախանձ խնդրեսցես միամտութեամբ՝ զբնութիւնն պարթեւական, զձեր սեփական Պահլաւն ի ձեզ դարձուցից, եւ քեզ թագ եդեալ փառաւորեցից, եւ երեւելի եւ փառաւոր ի թագաւորութեանս իմում արարից, եւ երկրորդ ինձ կոչեցից»:

Եղիշէ, էջ 17

«…եւ այսպէս հրապուրէր եւ յորդորէր հանապազ (Յազկերտ զոմանս ի նախարարացն Հայոց). «Եթէ միայն, ասէ, զօրէնս մոգութեան յանձին կալջիք, եւ զձեր մոլորութիւնդ սրտի մտօք դարձուսջիք ի ճշմարտութիւն երեւելի մերոց դից օրինացս, ի մեծութիւնս եւ յաւագութիւնս հասուցից հաւասար իմոց (տպ. իմոյ) սիրելի նախարարացս, եւ առաւել եւս զանցուցից»:

Վարդանանց պատմիչը Պարսից արքայից արքա Հազկերտին առավելագույնս բնութագրելու համար շատ հաջող կերպով փոխ է առել Ագաթանգեղոսից հեթանոս արքաների ինքնամեծար ոճերը. Հազկերտի հրովարտակում հմտորեն օգտագործված են Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրովարտակների սկզբի ու եզրափակիչ ողջույնի բանաձեւերը.

Ագաթ., «131

«Ողջ լերուք ի դիցն օգնականութենէ դուք ամենեքին… զի մեք գլխովին իսկ ողջ եմք» (հմմտ. Տրդատի երկրորդ հրովարտակի սկիզբն ու վերջը («134, 136):

Եղիշէ, էջ 9

«Առ ամենայն ազգս տէրութեան իմոյ՝ արեաց եւ անարեաց, բազմասցի ի ձեզ ողջոյն մարդասիրութեան մերոյ. դուք ողջ լերուք, եւ մեք մեզէն ողջ եմք դիցն օգնականութեամբ»:

«Գաղտաձիգ նետ» եւ «ծածուկ նետ» համարժեք փոխաբերությամբ Ագաթանգեղոսը եւ Եղիշեն պատկերավոր արտահայտում են Հռոմայեցվոց արքա Դիոկղետիանոսի եւ Պարսից արքա Հազկերտի նյութած գաղտնի որոգայթները ընդդեմ քրիստոնյաների, եւ ինչպես այստեղ Դիոկղետիանոսը կոչված է չարի աման, այդ նույն բառերով էլ Եղիշեն է որակում Վասակ մարզպանին.

Ագաթ., «141

«Իսկ իբրեւ տեսին առաքինիքն զգաղտաձիգ նետս թշնամւոյն, որ ի ծածուկն սովոր էր ձգել ի սուրբսն քրիստոսասէրսն, աման չարի գտեալ զթագաւորն…»:

Եղիշէ, էջ 16

«…սկսաւ ծածուկ (Հազկերտ) նետիւք խոցոտել զմիտս իւրոյ չարութեանն. եւ անբժշկական վէրս յոգիս եւ ի մարմինս տեսանէր»:

Եղիշէ, էջ 91

«Ձեռն էարկ կամակորութեամբ եւ եմուտ յորդէգրութիւն դիւապաշտութեանն, եւ եղեւ աման չարին…»:

(Ագաթանգեղոսի «զգաղտաձիգ նետս թշնամւոյն, որ ի ծածուկն սովոր էր ձգել» արտահայտությունը գործածել է Փարպեցին իր «Պատմութիւն Հայոց»-ի ԻԳ գլխում. «Եւ ընկալեալ զայսպիսի հրովարտակ ամենայն Հայոց աւագանւոյն… ծանուցեալ եւ զառ ի ծածուկ նետս թշնամւոյն, զոր ձգէր խորամանկութեամբ յանարատ հօտն Քրիստոսի»):

Ագաթ., «142

«…որ ի նմանէ (Դիոկղետիանոսէ) անցանէր ընդ եկեղեցիս Աստուծոյ»:

Եղիշէ, էջ 15

«…որ ի նմանէ (Յազկերտ) ընդ սուրբ եկեղեցիսն էանց…»:

Շարունակելի

Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s