Անցյալ տարի Լոնդոնում բացվեց Իդա Քարի լուսանկարների ցուցահանդեսը, որը տեւեց չորս ամիս եւ օտարազգի արվեստագետների, արվեստասերների կողմից հետաքրքրության պակաս չունեցավ։ Սակայն այսօր այս անունը գրեթե մոռացված է Հայաստանում։ Ուրեմն, ո՞վ էր Քարը։

Ժամանակակիցները նրան սիրով ու գորովանքով «բոհեմական լուսանկարիչ» էին կոչում։ Հայազգի անվանի լուսանկարչուհի Իդա Քարամյանը ծնվել է 1908-ին Ռուսաստանի Տոմբով քաղաքում։ Ուսանողական տարիներին՝ 1920-ական թվականներին, Փարիզում ընկերների հետ զբաղվել է մոդեռն արվեստով։ Քարի վրա մեծ ազդեցություն է թողել Փարիզի ավանգարդը։ 30 տարեկանում Քարամյանը մեկնում է Եգիպտոս եւ միանում ընտանիքին, որտեղ էլ ամուսնանում է եգիպտացի լուսանկարչի հետ։

1945-ին տեղափոխվում է Լոնդոն՝ երկրորդ ամուսնու՝ արվեստագետ եւ քննադատ Վիկտոր Մուսգրեյվի հետ։ Սոհոյում՝ 1 D’Arblay փողոցում, Մուսգրեյվի պատկերասրահի բացման օրը Քարը ցուցադրում է «Քառասուն նկարիչ Լոնդոնից եւ Փարիզից» ֆոտոշարքը (1954)։

Սակայն Քարի հաջողության գագաթնակետը լավ ընդունելության արժանացած անհատական ցուցահանդեսն էր Whitechhapel պատկերասրահում 1960-ին։ Այս՝ շռնդալից հաջողություն ունեցած ցուցադրության ժամանակ ներկայացվել էին նաեւ Հայաստանում իրականացրած աշխատանքները։

1950-ականների վերջերին Քարը գալիս է Հայաստան, հանդիպում Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինին։ Մայր Աթոռում հիացմունքով ծանոթանում է հայ մշակույթի գանձերին. հնամենի մատյաններ՝ լուսապսակ մանրանկարներով, գեղանկարներ, որմնանկարներ, գեղարվեստական մետաղագործություն…

Քարին հատկապես ոգեշնչել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ վարդապետներից մեկի՝ հայր Եղիշե Սարգսյանի կերպարը։ Առաջին հանդիպումը Պատարագի պահին էր. Սուրբ Գիրքն ընթերցող հոգեւորականը խնամքով, զգուշությամբ, երկյուղածությամբ թերթում էր մատյանը։

— Մատները, ես պատկերացրի, նկարվելիք կադրի մեջ գլխավոր շեշտը մատները պետք է լինեն…

Առավել հաջող, անթերի ստացվեց սրբապատկերի ֆոնին արված կադրը։ Երիտասարդ վարդապետի աչքերը խոսուն են՝ թախծոտ, հատուկ կառույցների կողմից անընդհատ «թխվող» խոչընդոտներից իմաստնացած, տագնապալի սպասումով, քանզի Հայ Եկեղեցու համար դժվար ժամանակներ էին կատաղի անաստվածության երկրում։ Լուսանկարը մեծ հաջողություն ունեցավ, ցուցադրության առանցքը դարձավ, եւ Վազգեն Վեհափառն անմիջապես գնեց այդ գլուխգործոցը։

Այդ ժամանակներից հետո շատ բան է փոխվել աշխարհում, փառք Աստծո՝ մեր երկրում, նաեւ տեր Եղիշեի կյանքում։ Նա, հանուն մեծ, անափ սիրո, հրաժարվեց կուսակրոն հոգեւորականի վեղարից։ Վանեցի պապերից ժառանգած օրենքներով՝ ավանդական նիստուկացով, բայց նաեւ միմիայն իրեն ու հմայիչ տիկնոջը բնորոշ խենթությամբ հյուսեցին իրենց ընտանեկան բույնը, որը խորհրդային խեղդող, զորանոցային իրականությունից հոգնած մտավորականներից, արվեստագետներից շատերի համար կանչող, փրկարար հանգրվան էր դառնում։

Ողջ կյանքն անմնացորդ ու սիրով Հայ Առաքելական Եկեղեցուն նվիրաբերած տեր Եղիշե ավագ (ընդամենն իբրեւ աստիճան չպետք է ընկալենք) քահանա Սարգսյանը հիմա էլ նույն սիրով, խանդավառությամբ շարունակում է իր աշխատանքը։ Հիշողությունների իր ահռելի շտեմարանից երբեմն պատառիկներ է հրամցնում զրուցակիցներին, ու այդ պահերին աչքերը մեկ այլ փայլ են ստանում։

— Հիմա էլ մտապատկերիս մեջ հստակ է Քարի կերպարը՝ շարժուն, անսպառ էներգիայով լեցուն, գործունյա։ Լուսանկարվելու պահին չարաճճիություններ էի անում. գլուխս բերում էր իր պատկերացրած թեքության ու մինչ կհասներ ապարատին, ես շարժվում էի։ Նեղսրտում էր Իդան, բողոքում Նորին Սուրբ Օծությանը։ Հայերեն խոսում էր «ֆրանսիական ակցենտով», բառերը մի քիչ ձգելով. «Վեհափաաաաաղ, անհնազանդ է այս մարդը…»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխատակցուհի Մարինե Մխիթարյանը, որ քաջատեղյակ է այս պատմությանը, Իդա Քարամյանի գլուխգործոցի ֆոնի վրա նկարել է արդեն ծերունազարդ հոգեւորականին։ Հետեւելով Սարյանի «Երեք հասակին»՝ գուցե սա էլ կոչենք «Երկու հասա՞կ», «Երկու պատկե՞ր», որ ի մի են եկել բոլորովին տարբեր իրականություններից…

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s