ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

 «ԱՆՄԻՏ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԸ»

Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

 

Տե՛ր հայր, մինչեւ բուն առակին անցնելը, անդրադառնանք առակին անմիջապես նախորդող երկխոսությանը, ինչը պատճառ եղավ, որ Հիսուսը պատմի այս առակը: Մեկը տրտնջում է եղբորից, որ ժառանգությունը իր հետ չի կիսում, եւ խնդրում է Հիսուսին, որ օգնի, այսինքն` համոզի եղբորը ժառանգությունը կիսելու: Եվ Տերը, որ երբեք չէր զլացել օգնել մարդկանց, մերժում է խնդրողին՝ ասելով, որ Ինքը դատավոր չէ` նրանց վրա կարգված:

Տե՛ր հայր, նախ փորձենք ավելի առարկայորեն հասկանալ մերժման պատճառը. ինչո՞ւ Տերը մերժեց խնդրողին:

— Հիսուսն ասաց. «Ինձ ո՞վ դատավոր կամ բաժանարար կարգեց ձեզ վրա» (Ղուկ. ԺԲ 14): Այստեղից պետք է հասկանալ, որ Տիրոջ առաքելությունը երկրավոր դատավորությունը չէր: Տիրոջ խնդիրը փրկության լույսի ավետումն էր, փրկության տնօրինության իրագործումը: Այս եղբայրների պարագայում Հիսուսն Իր միջամտության կարիքը չտեսավ, ավելին՝ պարզորոշ ասաց, որ սխալ կլինի այդ միջամտությունը: Իհարկե, Տերն ամեն բան կարող էր: Եթե կարող էր հրաշքներ եւ նշաններ կատարել, ծովի վրայով քայլել, կույրերին աչքի լույս պարգեւել, կաղերին քայլեցնել եւ այլն, կարող էր նաեւ այս հարցը որոշել: Բայց… խնդրանքը մերժել դեռ չի նշանակում անարդարություն գործել. իսկ եթե խնդրանքն անարդա՞ր էր, չա՞ր էր… Մյուս կողմից` Հիսուսը շատ մեծ հեղինակություն էր վայելում, եւ շատ ու շատ ճարպիկ մարդիկ պիտի փորձեին օգտվել այդ հեղինակությունից: Մեր օրերում էլ քիչ չեն նման երեւույթները, երբ որեւէ հեղինակավոր մարդու անունը կամ խոսքը ճարպիկ մարդիկ օգտագործում են՝ իրենց ճղճիմ նպատակներին հասնելու համար: Այս դեպքում երկու եղբայրներ չէին կարողանում փոխհամաձայնության գալ ժառանգության հարցում: Իսկ գուցե խնդրողի՞ պատճառով, ի՞նչ իմանաս: Եվ ահա Հիսուսը հրաժարվում է՝ չխառնվելով նրանց ներքին վեճին, ինչն իրենք պարտավոր էին լուծել սթափ մտքով, ագահությունից զերծ սրտով:

— Օրմանյան պատրիարքն այստեղ առավել կարեւորում է մերժման բարոյական պատճառը՝ ասելով, որ Հիսուսը շարունակ այս աշխարհի բարիքներից հրաժարվելու եւ հոգեւոր բարիքներ որոնելու քարոզ ու պատգամ էր տալիս մարդկանց: Եվ, ուրեմն, չէր կարող երկու եղբայրների նյութական վեճը լուծել որպես դատավոր: Քանի որ դա կնշանակեր քաջալերել ագահությունը: Սակայն ոմանք այս կեցվածքը կարող են դիտել իբրեւ «պասիվ դիրքորոշում»:

— Իսկ ո՞վ ասաց, որ «պասիվ դիրքորոշումը» չի կարող լինել իմաստուն դիրքորոշում: Իսկապես էլ, խոսքի վերջում Նա հենց ագահությունից է զգուշացնում դիմողին եւ հավաքված ժողովրդին. «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետեւ մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ. ԺԲ 15):

Այս զգուշացումից հետո էլ սկսում է պատմել առակը. «Մի մեծահարուստի արտերն առատ բերք տվեցին. եւ նա խորհեց իր մտքում ու ասաց. «Տեսնեմ ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկա: Գիտեմ,- ասաց նա,- թե ինչ պետք է անեմ. կքանդեմ իմ շտեմարանները եւ ավելի մեծերը կշինեմ ու այնտեղ կհավաքեմ ցորենը եւ իմ ամբողջ բարիքները. ու ինքս ինձ կասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր»: Աստված նրան ասաց. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»: Նույնպես է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կհավաքի եւ Աստծով չի հարստանա» (Ղուկ. ԺԲ 16-21):

Առակի հերոսը մեծահարուստն է, որի արտերն առատ բերք էին տվել: Նախ մի հետաքրքիր դիտարկում. մարդկային հասարակության մեջ հնուց ի վեր եղել է որոշակիորեն ձեւավորված բացասական վերաբերմունք նյութական հարստության եւ հարուստների հանդեպ, անգամ եթե սոցիալական շերտավորումն այնպիսի աղետալի չափերի չի հասել, ինչպիսին արդի ժամանակներում է: Սակայն սխալ պիտի լիներ նման վերաբերմունքը միանշանակ արդար համարելը. նյութական հարստությունն ինքնին ո՛չ չարիք է, ո՛չ էլ չարիքի աղբյուր. այն չարիքի աղբյուր դարձնողը մարդն է՝ Աստծուց հեռացած, եսակենտրոն մարդը: Առհասարակ հոգեւոր հարթության մեջ բոլորովին այլ է պատկերացումը «հարուստ» եւ «աղքատ» եզրերի մասին: Ըստ այդմ՝ աղքատ չէ չունեւոր մարդը, այլ աղքատ է այն մարդը, ով, ինչպես մեր սուրբ հայրերն են ասում, իր մեջ չի հաղթահարել հարստության տենչը՝ անկախ նրանից, թե որքան ունի: Նման մարդու կարողությունը մեծանալուն զուգընթաց՝ մեծանում են նպատակներն ու ծրագրերը: Եվ այսպես՝ շարունակ… Եվ ի վերջո պարզվում է, որ գերնպատակը միայն ու միայն նոր, ավելի շատ հարստություն կուտակելն է, ուրիշ ոչինչ… Այսպես ձեւավորվում է անհագության, ագահության մոլությունը: Տեսե՛ք, թվում է, թե ի՞նչ վատ բան կա, որ մարդու արտերն առատ բերք են տվել, այնքան, որ բերքը չի կարող տեղավորել եղած շտեմարաններում: Մտածում է հները քանդել եւ նոր, ավելի մեծ շտեմարաններ շինել, որ ամբողջ բերք ու բարիքը տեղավորի: Կարծես թե որեւէ դատապարտելի բան չկա. մարդիկ հիմնականում հենց այդպես էլ մտածում են: Բայց արի ու տես, որ Տիրոջ աչքին խոտելի թվաց մեծահարուստի կեցվածքը: Ինչո՞ւ: «Ինքս ինձ կասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր»,¬ սա հստակորեն արտահայտված նյութապաշտական մտածողություն է, եւ հենց այս մտածողությունը դատապարտեց Աստված: Թող էլի նոր շտեմարան կառուցեր, բայց իր հույսն արդեն լիներ ոչ թե նյութեղեն շտեմարանը, այլ մեծ ու անհատակ շտեմարանը երկնային: Այնինչ նա երկրի վրա էր գանձեր դիզում: Ինչպիսի խաբկանք… Գանձը կուտակեց եւ հենց նույն գիշերն էլ հրաժեշտ տվեց այս երկրային կյանքին: Ո՞ւմ մնաց կուտակածը. անշուշտ՝ ո՛չ իրեն:

— Տե՛ր հայր, «կե՛ր, խմի՛ր, քե՛ֆ արա» ապրելակերպն այսօր շատերի համար է նպատակ դարձել: Այսօրվա մեծահարուստներից շատերը, օրինակ, «ո՞ւմ մնաց կուտակածը» հարցին կարող են պատասխանել՝ զավակներիս: Ի՞նչ սխալ կա այս պատասխանի մեջ:

— Սխալի խնդիր չէ: Առաքյալն ասում է. «Ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, եւ ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած, եւ նրանց ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի եւ պիտի ուտի ձեր մարմինը՝ ինչպես կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցեք» (Հակ. Ե 2-3): Նույնպես եւ առակն է ասում` ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու, ո՞ւմ համար ես դիզում ու կուտակում: Ըստ առակի` ինքը չվայելեց: Իսկ թե ում մնաց, կարեւոր չէ: Թերեւս, իրենից բացի, ում էլ որ մնա, ավելի արժանավոր պիտի լինի, եթե իր պես չմտածի: Այս ամենի մեջ նաեւ մի շատ մեծ մոլորություն կա. տեր լինելու, ինքնաբավ լինելու խաբկանքն է դա. տե՛ր եմ, շատ տարիների համար ամբարված հարստություն ունեմ, ուրեմն՝ երջանիկ կլինեմ եւ… վերջ: Մարդը մտածում է, որ իր կյանքը կերուխում է, զեխություն: Իսկ զեխության համար ի՞նչ է պետք՝ փող, հարստություն, փողն էլ կա, ուրեմն՝ էլ ոչ մի խնդիր: Բայց՝ չսխալվե՛ք. Աստծու ձեռքին է ամեն բան՝ առողջությունն էլ, կյանքն էլ, մահն էլ, հարստությունն էլ, հարստությունից զրկվելն էլ…

— Ասել է թե՝ ամեն բան ժամանակավոր է, եւ որեւէ մեկն այս աշխարհում տեր չէ, այլ ընդամենն Աստծո ունեցվածքի ժամանակավոր օգտագործող։ Եթե անգամ ամեն ինչ մնում է զավակներիդ, միեւնույն է, նրանք էլ այդ հարստությունը չեն տնօրինելու հավերժորեն: Տե՛ր հայր, Հովհաննես Ոսկեբերանն ասում է. «Միայն նրանք են տիրում հարստությանը, ովքեր քամահրել են ե՛ւ դրա օգտագործումը, ե՛ւ խնդացել դրանից ստացած հաճույքների վրա։ Միայն նա, ով մերժել է հարստությունը եւ բաժանել աղքատներին, նա՛ է, որ հարստության վրա ունեցել է կատարյալ իշխանություն»:

— Ոսկեբերան հայրապետի խոսքը կատարյալ մարդու եւ հոգու կատարյալ վիճակի մասին է, այսինքն՝ այն, ինչ պահանջում էր Քրիստոսը մեծահարուստ երիտասարդից (տե՛ս Մատթ. ԺԹ 16-22), այն է՝ ամբողջ ունեցածը բաժանել աղքատներին եւ հետեւել Իրեն: Այսպիսի կյանք եւ կենցաղավարություն մենք շատ ու շատ սրբերի մոտ ենք տեսնում: Եվ մենք, որ ապրում ենք սովորական երկրային կյանքով եւ ի զորու չենք նման հոգեւոր սխրանքներ կատարելու, հարկ է, որ խոնարհվենք նրանց առաջ, ովքեր այս կյանքում հասել են այդչափ մեծ սրբության:

Վերջերս զրուցում էինք հարստություն-աղքատություն նյութի շուրջ (աղանդավորական ազդեցություն կրած միջավայր էր): Մեկն ասաց. «Տե՛ր հայր, աղքատությունը չարիքների մայրն է»: Ասացի. «Ո՛չ, նման բան չկա»… Եվ մարդիկ իսկական «փոթորիկ» սարքեցին՝ չթողնելով միտքս ավարտել: Ասում էին. «Տե՛ր հայր, դու, ի՞նչ է, չե՞ս ուզում, որ մեր ժողովուրդը լավ ապրի, հարուստ լինի»: Եվ կամ` «Սոված փորով Աստծուն չես պաշտի, Աստծուն պաշտում են նրանք, ում փորը կուշտ է», եւ այլն, եւ այլն… Ո՛չ, նման բան չկա: Սրբերի ցանկը՝ ձեզ օրինակ եւ ապացույց: Մեր Տեր Հիսուս Քրիստոսից սկսած՝ բոլոր սրբերն աղքատ մարդիկ են եղել:

— Եկեղեցու վարդապետները հաճախ են շեշտում այն միտքը, որ նրանք, ովքեր շատ ունեն, սակայն քիչ ողորմություն են անում, այդ արածը բավական չէ նրանց փրկության համար: Սակայն մյուս կողմից՝ չէ՞ որ ամենակարեւորը քանակը չէ, այլ այն, թե ինչ կա քո սրտի մեջ: Չէ՞ որ Աստված տեսնում է մեր սրտերը եւ կարդում է մեր մտքերը: Երբ Հիսուսը Զակքեոս մաքսապետին ասաց. «Այսօր քո տան համար փրկություն եղավ», կարծում եմ` ոչ նրա համար, որ Զակքեոսը խոստացավ քառապատիկը հատուցել նրանց, ում զրկել էր, եւ ընդհանրապես` իր ունեցվածքի կեսը բաժանել աղքատներին, այլ ավելի այն պատճառով, որ նա զղջաց իր արածների համար` խոստանալով այլեւս ազնիվ կյանքով ապրել: Համաձայն չե՞ք, տե՛ր հայր:

— Այո՛, բայց քանակի խնդիրը չպետք է իսպառ անտեսել. չէ՞ որ քանակը համեմատության հնարավորություն է տալիս: Իսկ համեմատությունը հաճախ շատ կարեւոր հանգամանք է: Այլապես, երբ Քրիստոսը կանգնած էր գանձանակի կողքին եւ տեսնում էր, որ շատերը շատ դրամ գցեցին, պիտի ասեր. «Բոլորն էլ գցեցին»: Այդ դեպքում այրի կնոջ երկու լուման, որն իր ամբողջ կարողությունն էր, չպիտի արժեւորվեր եւ ավելի շատ դիտվեր Տիրոջ կողմից, քան մեծահարուստի տվածը, որ թվաբանորեն, թերեւս, 100 անգամ ավելի էր այրի կնոջ տվածից, սակայն պարզ համեմատությամբ չնչին մի բան էր այրու երկու լումայի դիմաց, քանի որ սա իր կուտակածից, ավելցուկից տվեց, իսկ այրին` «իր ունեցած ամբողջ ապրուստը»: Ըստ այդմ էլ, այո՛, աղքատ այրին ավելի շատ օրհնություն պիտի վայելեր, քան մեծահարուստը, որ իր ավելցուկն էր տալիս:

Իսկ այս առակի մեծահարուստը, ով մտածում էր միմիայն կուտակելու, ուտել-խմելու, վայելելու մասին, ով «ի՛ր անձի համար գանձեր դիզեց եւ Աստծով չհարստացավ», կվայելի՞ արդյոք աստվածային օրհնության աննշան մի պտղունցը: Հազի՛վ թե:

Հետեւաբար՝ ոչ թե այստեղ շտեմարաններ կառուցենք, որ երկրային գանձերով լցնենք, այլ, Տիրոջ պատգամի համաձայն, գանձեր դիզենք երկնքում, «որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում» (Մատթ. Զ 20):

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s