Ըստ Սարգիս Հարությունյանի «Բանագիտական ակնարկներ» գրքի

Սկիզբը՝ 2012 Հունվար Բ

Գործառույթները

Հայ բանավոր ավանդության մեջ ս. Սարգիսը հանդես է գալիս մի շարք հատկանիշներով, որոնք նրան դարձնում են բազմագործառույթ սուրբ:
Վերեւում արդեն առաջ բերվեցին սրբին տրվող մի քանի մակդիրներ, որոնց մի մասը, ինչպես տեսանք, սերում է սրբի գրավոր վկայաբանությունից: Արդ տեսնենք սրբի մյուս մակդիրներն ու հատկանիշները:
Վերեւում արդեն նշվեց սրբի «ատենահաս» մակդիրը, որը բուն ժողովրդական է եւ մատնանշում է նրա` ժամանակին հասնողի, օգնողի, զորավիգ կանգնողի բուն հատկանիշը: Սա սբ Սարգսի հիմնական գործառույթն է` կապված նրա պաշտամունքի հետ: Այսինքն` սուրբը ժամանակին հասնում է, օգնում, փրկում նրանց, ովքեր հավատում են նրան, աղոթում, կատարում են ծիսական հատուկ արարողություններ, ուստի եւ իրավասու դառնում դիմելու նրան եւ օգնություն խնդրելու:
«Ատենահաս» մակդիրն իմաստով առնչվում է ս. Սարգսին տրվող «մուրազատու» (=փափագակատար) մակդիրին, որը տրվում է նաեւ այլ սրբերի: Բայց ս. Սարգսի դեպքում այդ մակդիրն ունի առավել որոշակի իմաստ եւ կապվում է սիրո եւ ամուսնության փափագի կատարման հետ եւ այդ առումով դառնում է սրբին բնութագրող ամենակարեւոր հատկանիշը:
Բանավոր ավանդության մեջ սիրահար զույգերի կողմից ս. Սարգսին ուղղված հաճախակի հնչող աղերսական բանաձեւն է`
«Մուրազատո՛ւ սուրբ Սարգիս,
Դու հասնիս (տարբերակ` հասուս) մըր էրկուսիս»։
Սիրահարներին միմյանց հասցնելու, իրար հետ ամուսնացնելու այս բաղձանքը, որ աղերսվում է ս. Սարգսից, բանավոր ավանդության մեջ ունի իր պատճառակցված (էթնոլոգիական) զրույցը, որը դարձել է առասպելական նախադեպ ս. Սարգսի հիշյալ գործառույթի: Ըստ այդ զրույցի` թշնամի թագավորը զորքով ելնում է Ուռոմի (հունաց) թագավորի վրա եւ վերջինիս նեղը գցում: Հույների թագավորը հայոց թագավորից օգնություն է խնդրում: Հայերից Սարգիս անունով մեկը իր զորքով հասնում է օգնության եւ մեծ քաջագործությունների գնով ազատում հույներին: Հույների թագավորը, վախենալով Սարգսի զորությունից, պատվիրում է վերջինիս զորքից կենդանի մնացած քառասուն զինվորներից յուրաքանչյուրին տալ մի աղջիկ, հարբեցնել եւ գիշերն այդ աղջիկների ձեռքով սպանել յուրաքանչյուրին: Կեսգիշերին 39 աղջիկներն սպանում են 39 զինվորներին, բացառությամբ՝ Սարգսին բաժին ընկած աղջկա: Վերջինս, ափսոսալով զորավարին, կողքին նստած լաց է լինում. արցունքներն ընկնում են քնած Սարգսի դեմքին, եւ նա արթնանում է ու զարմացած հարցնում լացի պատճառը: Աղջիկը պատմում է եղելությունը եւ շտապեցնում Սարգսին միասին փախչելու: Սարգիսն ու աղջիկը ծնկի են գալիս, Աստված կանչում: Աստծո զորությամբ բուք ու քամի է բարձրանում, Սարգիսն աղջկան առնում է իր բոզ ձիու գավակին, ձիով քաղաքի պարսպից դուրս թռչում ու միասին գալիս Հայաստան աշխարհ (տե՛ս Ղանալանյան, 1969, 365-366):
Այս զրույցով մի կողմից պատճառաբանվում է բուք ու քամու առնչությունը ս. Սարգսի հետ` իբրեւ աստվածային տուրք, փրկության միջոց, մյուս կողմից` իրեն սիրահարված հույն աղջկան փախցնելու մոտիվով զրույցը դառնում է առասպելաբանական նախադեպ ու նախօրինակ ս. Սարգսի կողմից սիրահար զույգերին իրենց մուրազին հասցնելու հավատալիքի:
Սրբի կողմից սիրահարներին իրենց մուրազին հասցնելու գործառույթը ցայտուն արտահայտություն է գտել «Աշուղ Ղարիբ» սիրավեպում, որի թիֆլիսյան տարբերակը 1885-ին հրատարակել էր Գեւորգ Տեր-Աղեքսանդրյանը՝ իր «Թիֆլիսեցոց մտավոր կյանքը» ժողովածուում: Ըստ այդ տարբերակի` աղքատ աշուղ Ղարիբը սիրում է մի հարուստ աղջկա` Շահսանամին: Վերջինս եւս սիրում է նրան, բայց հայրը հավանություն չի տալիս նրանց ամուսնությանը եւ մտադրվում է աղջկան ուրիշի կնության տալ: Աշուղ Ղարիբը գնում է օտարություն` փող դատելու եւ հարստանալու նպատակով՝ հրաժեշտի ժամանակ խնդրելով աղջկան, որ յոթ տարի հետո թող ամուսնանա ուրիշի հետ, եթե ինքը չվերադառնա: Յոթ տարի անց վերադարձի ճանապարհին նա զգում է, որ ուշանում է. վերջին օրն է, բայց դեռ մի քանի օրվա ճանապարհ ուներ անցնելու: Հուսահատված նա ս. Սարգսին օգնության է կանչում: Վերջինս իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին առնում ձիու գավակին, մի ակնթարթում հասցնում հայրենի քաղաք, ուր նա ամուսնանում է Շահսանամի հետ:
Ս. Սարգսի սիրո եւ ամուսնության փափագակատարի այս գործառույթը՝ նրա կերպարի արտաքին նկարագրին զուգակցված, դրսեւորում է գտել վերեւում արդեն հիշատակված ժողովրդական երգում, որը բերում ենք ամբողջությամբ.
Սուրբ Սարգիսն էր խըռ ձիավոր,
Ձեռքի մըզրախ փունջուխլավոր,
Առավ թռավ զըր սիրու կաքավ,
Սիրու ճանպախ մըզի տվավ:
Սուրբ Սարգիսն էր մեծ զորավոր,
Ջահել-ջիվան, ինք ձիավոր,
Տուշմնին հաղթող` իր սուրբ հավտով,
Զինք ձենողին` շուտով հասնող:
Քզի մեռնիմ, ով սըբ Սարգիս,
Ջհել ձիովդ մըզի լե հասնիս,
Թոփ մըզրախովդ իմ դատ էղնիս,
Զմըզի հասցուս մըր մուրազին:
Մի պատճառաբանական զրույցում ներկայացվում է ս. Սարգսի կապը հացաբույսերի, մասնավորապես՝ ցորենի եւ դրանից պատրաստված փոխինդի հետ, որն ամենուրեք համարվում է ս. Սարգսի տոնի ծիսական կերակուրը: Ուլիանոս թագավորի դեմ կռվելուց հետո ս. Սարգիսը քաղցում է եւ մտածում, թե որտեղից մի կտոր հաց ճարի: Այդ պահին ուժեղ քամի է բարձրանում եւ երկնքից մի քանի ցորենի հատիկ է բերում գցում Սարգսի առաջ: Նա վերցնում է դրանք, ճմռում ափի մեջ, հատիկները հանում գցում բերանը, ուտում, կշտանում: Եվ ապա խնդրում է Աստծուն, որ ով տարվա մեջ այդ հատիկների հիշատակին յոթ օր ծոմ պահի, ուրբաթ օրն էլ փոխինդով թաթախվի, նրա մուրազը տա, ինչ խնդրի կատարվի (տե՛ս Ղանալանյան, 1969, 366):
Այստեղ, ուրեմն, պատճառաբանվում է նաեւ Ս. Սարգսի տոնի ծագման ծիսական հիմքը, միաժամանակ ս. Սարգսի խնդրանքով եւ աստվածային կամքով սահմանվում է Ս. Սարգսի տոնն իր ծիսական ուտեստով, մուրազի կատարման հետեւանքով, որն այնուհետեւ դառնում է կայուն ավանդույթ տարվա ժողովրդական տոնական ծիսակարգում: Այսպես, տեսնում ենք, որ Ս. Սարգսի տոնն ու դրան առնչվող ծիսական արարողությունը թե՛ եկեղեցական եւ թե՛ ժողովրդական տոնացույցում կատարվել են փետրվարին, տարվա մի ժամանակաշրջան, որ հատկանշվում է ձյունաբքի եւ մրրիկների բնական երեւույթներով, իսկ հասարակական կենցաղի տեսանկյունից` ամուսնությունների եւ հարսանիքների առատությամբ:

Պաշտամունքը
Ս. Սարգսի տոնի ծիսական ուտեստը փոխինդն է` բոված ցորենի ալյուրը, որից պատրաստում են երկու տեսակի ուտելիք. մեկը խաղողահյութով, մեղրաջրով կամ շաքարաջրով պատրաստված շաղախն է, մյուսը` փոխինդի խաշիլը, որը ճաշակում են յուղով։ Երկուսն էլ խիստ սիրված ու տարածված են Հայաստանի գրեթե բոլոր ազգագրական շրջաններում, տեղ ունեն ժողովրդի առտնին ճաշացանկում` իբրեւ ազգային կերակրատեսակներ՝ անկախ ծիսական արարողություններից: Ծիսական է համարվել այն փոխինդը, որի ցորենը խարկվել է եւ աղացվել Ս. Սարգսի տոնի ժամանակ: Լցնում էին տախտակի վրա եւ երեկոյան դնում դռան ետեւը կամ տանիքին եւ մատուցում ս. Սարգսին` մրմնջալով հատուկ աղոթքը. «Մեռնիմ քի, ատենահաս բոզ ձիավոր սըփ Սարգիս, դու կգաս քու ձիու ոտ զարկիս մեջ»:
Ս. Սարգսի` ամուսնության հովանավորման եւ երիտասարդ զույգերին իրենց սիրո փափագին հասցնելու գործառույթը դրսեւորված է դարձյալ մեկ ժողովրդական ծիսական արարողության մեջ` կապված հացի եւ ջրի ճաշակման հետ: Ս. Սարգսի տոնի ուրբաթ գիշերը նորահաս երիտասարդները, հատկապես՝ աղջիկները, աղի բլիթ են ճաշակում, որպեսզի երազում ջուր տեսնեն: Ս. Սարգսի հրամանով՝ ճակատագրի կողմից կանխորոշված կյանքի ապագա ընկերները ջուր են տալիս ծարավներին, որով գուշակվում են երիտասարդների ամուսնական զուգընկերները: Կամ էլ ս. Սարգիսն ինքն է կանխորոշում ապագա ամուսնական զույգերին, նրանց երջանկությունն ու դժբախտությունը (տե՛ս Աբեղյան, 1975, 81): Բացի այդ, նույն երեկոյան նորահաս աղջիկները շաղախված փոխինդից բրդուճ էին դնում տան կտուրին եւ հետեւում. եթե ճնճղուկը վերցնում էր այդ բրդուճը եւ թռչում-թառում մերձակա տների տանիքներից մեկին, ուր նորահաս երիտասարդ էր ապրում, ապա դա նախանշան էր, որ այդ երիտասարդն էր դառնալու իր ապագա փեսացուն:
Ս. Սարգսի` ամուսնության հովանավորման այս գործառույթին է հարում նաեւ նրա` ծննդկանին պաշտպան ու պահապան դառնալու հավատալիքը` դրսեւորված աղոթքներում: Դրանցից մեկում սուրբը բնորոշված է իբրեւ «Դեւերու հալածիչ եւ ցավերու փարատիչ», որն այլ բան չէ, քան հիվանդություն հարուցող դեւերին հալածելը եւ նրանց պատճառած ցավերից հիվանդին պաշտպանելը: Վանից գրառված՝ ծննդկանի աղոթքի մեկ այլ տարբերակ սկսվում է հետեւյալ երկտողով.
Սուրբ Սարգիս ամուր պարիսպ,
Ամուրական խաչն է թեւիս։
(Հարությունյան, 2006, 146 էջ)
Այստեղ սուրբը հանդես է գալիս որպես ծննդկանին պահպանող ու պատսպարող ամրակուռ ու անսասան ոգի:
Տարածված է նաեւ մեկ այլ հավատալիք՝ դրսեւորված ժողովրդական զրույցներում, որ եթե գիշերով գայլերի հարձակման ենթարկվածը ս. Սարգսին օգնության կանչի, ապա սուրբը կգա եւ կփրկի:
Հայ բանավոր ավանդության մեջ, մասնավորապես՝ «Սասնա ծռեր» հերոսավեպում, ս. Սարգիսը հանդես է գալիս որպես վիպական գործող անձ, որպես Սասնա դյուցազուններին գործակից ու հովանավոր: Վեպում նա կրում է նույն՝ «Ծուռ» մակդիրը, ինչ Սասնա մյուս հերոսները. Ծուռ Սըրգո: Սասնա դյուցազունները համարվում են Ծուռ Սըրգոյի ճորտեր ու փոքրավորներ (իմա` սպասավորներ): Երբեմն Ձենով Հովանի անվան համաբանությամբ կոչվել է Ձենով Սարգիս, դարձյալ՝ իբրեւ հովանավոր Սասնա կրտսեր ծռերի:
Ի դեպ, զինվորականներին հովանավորելու՝ ս. Սարգսի այդ հնավանդ գործառույթը դրսեւորված ենք գտնում նաեւ նորօրյա ժողովրդական հավատալիքներում:
Ըստ Երեւանի ռազմական ակադեմիայի ջավախցի ուսանողի պատմածի` ձմռանը՝ Ս. Ծննդյան օրերին, գիշերը երազ է տեսնում, ըստ որի՝ ինքը սովորականի պես գտնվում է վերակարգի մեջ, այսինքն` վերահսկում է զինվորական հաստատության տարածքի անվտանգությունը, հանկարծ քառատրոփ վարգով տարածք է ներխուժում մի հաղթանդամ սպիտակ ձիավոր: Երիտասարդը ձիավորից պահանջում է կանգնել ու բացատրություն տալ, թե ով է ինքը, ուր է ուզում գնալ եւ ինչու է մտել զինվորական հաստատության տարածք: Պատասխանի փոխարեն սպիտակ ձիավորը խոյանում է երիտասարդի վրա, առնում ամեհի ձիու սմբակների տակ, կոխկրտում թիկունքը եւ սուրում առաջ: Երիտասարդը թիկունքի ուժեղ ցավերից արթնանում է եւ երկար ժամանակ թիկունքին զգում սմբակների հետքերի ցավը: Շատ մտորելուց հետո եզրակացնում է, որ սպիտակ ձիավորը եղել է ս. Սարգիսը: Երիտասարդը հավաստիացնում է ունկնդիրներին, որ այդ երազից հետո ինքը ցանկացած վտանգից դուրս է գալիս բարեհաջող, «քանի որ մեջքիս վրա կա սուրբ Սարգսի ոտնահետքը» (գրառումը՝ բանագետ Սվետլանա Վարդանյանի):
«Կարծում ենք՝ մեր այս ակնարկը թերի կմնա, եթե գեթ հպանցիկ գծերով չանդրադառնանք հակառակ երեւույթին` ս. Սարգսի հավատքի ու պաշտամունքի նկատմամբ ժողովրդական խավերում եղած կենսախինդ հումորային վերաբերմունքին,- գրում է մեծ բանագետ եւ հայագետ Սարգիս Հարությունյանը եւ շարունակում։- Ժողովրդի մարդկանց մեջ ամենասրբազան եւ լուրջ պաշտամունքի ու հավատալիքի նկատմամբ միշտ էլ առկա է եղել մշտաժպիտ հումորն ու երգիծանքը, եւ ս. Սարգիսն էլ այդ տեսակետից բացառություն չի կազմել: Ս. Սարգսի տոնի օրերին, Հայաստանի գյուղական շատ վայրերում, երբ տատիկներն ու մամիկները մեծ երկյուղածությամբ փոխինդի ալյուր կամ խմոր էին դնում տախտակին եւ անձկությամբ սպասում, թե գիշերով սուրբը գալու է եւ իր ձիու ոտնահետքն է թողնելու փոխինդի ալյուրի կամ խմորի վրա, չարաճճի երիտասարդները, հաճախ գիշերով, ձիու պայտ էին բերում եւ հետքը դաջում փոխինդի վրա: Առավոտյան մի իսկական իրարանցում էր ընկնում տվյալ տանն ու ամբողջ գյուղում: Ս. Սարգսի ոտնահետքի լուրն իսկույն տարածվում էր գյուղով մեկ. հավատավորները, մեծ երկյուղածությամբ ու աղոթքներ մրմնջալով, դիմում էին այդ երջանիկ տունը` րոպե առաջ տեսնելու սրբի այդ նշանը եւ տեսնելուց հետո ջերմեռանդությամբ հիանում: Իսկ գործին տեղյակ սակավաթիվ մարդիկ լուռ քրքջում կամ ծիծաղում էին միամիտ հավատավորների վրա»:
Աննա ՊՈՂՈՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s