Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայման տոնը:
Փետրվարի 13-ի երեկոյան Մայր տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նախատոնակի արարողություն: Արարողությանը հաջորդեց անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը։ Այնուհետեւ Մայր տաճարի Իջման խորանից վառված մոմով Ս. Տրդատի բաց խորանի հարեւանությամբ վառվեց մեծ խարույկը՝ իբրեւ Քրիստոսին խորհրդանշող լույս: Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաները հանդես եկան շարականների եւ ազգային երգերի կատարումներով, արարողությանը ներկա հավատացյալները խարույկից վառված մոմեր տարան իրենց օջախները:
Փետրվարի 14-ին մատուցվեց Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սբ Էջմիածնի միաբան Մուշեղ եպս Բաբայանը: Նշելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի օրը հռչակված է նաեւ նորապսակների օրհնության օր, սրբազան հայրը մաղթեց, որ Տերը Սիմեոն ծերունու երկարակեցությունն ու կամքի խոնարհությունը պարգեւի նորաստեղծ ընտանիքներին` նրանց ապագա տարիները լցնելով անսպառ օրհնությամբ:
Պատարագի ավարտից հետո կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ:

Մովսիսական օրենքի համաձայն՝ երբ ընտանիքում առաջնեկն արու զավակ էր ծնվում, նրան տանում էին տաճար` Աստծուն նվիրաբերելու. «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի»: Եվ Հովսեփն ու Մարիամը 40 օրական Հիսուսին տանում են Երուսաղեմի տաճար` Նրան «Տիրոջը ներկայացնելու» (Ղուկ. Ա 22): Երբ տեղ են հասնում, տաճարի արեւելյան դուռը, որն Աստծո հրամանով փակված էր, բացվում է` համաձայն Աստծո խոսքի` ասված Եզեկիել մարգարեի միջոցով. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպեսզի Իսրայելի Տեր Աստվածը մտնի այնտեղով… Նա մտնելու է դռան կամարի տակի ճանապարհով եւ նույն տեղով էլ դուրս է գալու» (Եզեկիել ԽԴ 1-3):
Երբ տաճարի դռներն աղմուկով բացվում են, քաղաքում մեծ դղրդյուն է բարձրանում: Երուսաղեմի բնակիչները ջահերով ու լապտերներով շտապում են դեպի տաճար եւ տեղ հասնելով՝ տեսնում մանուկ Հիսուսին՝ ծնողների մոտ:
Երբ Մարիամն ու Հովսեփը մտնում են տաճար, նրանց ընդառաջ է գալիս Սիմեոն ծերունին: Ավանդության համաձայն` Սիմեոնը Եգիպտոսի Պտղոմեոս թագավորի հրամանով Ալեքսանդրիայում մասնակցել էր Հին Կտակարանի գրքերը եբրայերենից հունարենի վերածելու «Յոթանասնից» թարգմանությանը: Թարգմանությունը կատարելու ժամանակ Սիմեոնը Եսայու գրքում հանդիպում է «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի» (Եսայի Է 14) նախադասությանը: Մտածելով, թե շատերը չեն հավատա այս խոսքին, ջնջում է այն: Որոշ ժամանակ իր արածի մասին մտորելուց հետո շուտով նիրհում է, իսկ երբ արթնանում է, տեսնում է, որ այն հատվածը, որ ինքը ջնջել էր, ոսկե տառերով նորից գրվել էր նույն տեղում: Սիմեոնը փառաբանում է Աստծուն եւ երանի տալիս նրանց, ովքեր պետք է ականատես լինեն այդ դեպքին: Սբ Հոգին, տեսնելով Սիմեոնի հավատքը, ասում է. «Մահ չես տեսնի, մինչեւ տեսնես Տիրոջ Օծյալին»: Եվ երբ Սիմեոնը, Հոգով առաջնորդված, տաճար է գնում եւ տեսնում Հիսուսին, օրհնում է Աստծուն եւ հենց տաճարում էլ ավանդում հոգին: Տաճարի մեջ Տիրոջը գոհություն է հայտնել նաեւ Աննա մարգարեուհին, պատմել Մանկան մասին: Համաձայն Եկեղեցու հայրերի բացատրության` Սիմեոնը եւ Աննան խորհրդանշում են Փրկչին ընդառաջ դուրս եկած Հին Ուխտի ողջ մարդկությանը:
Տյառնընդառաջի ծիսական արարողություններն սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ: Հավատացյալները տոնին մասնակցում են ձեռքերին օրհնված մոմեր պահած, որոնք արարողության ավարտին վառում են եկեղեցու կանթեղներից եւ տանում` լուսավորելու իրենց տները: Այս ամենը հիշեցնում է լույսի տոնախմբություն` խորհրդանշելով Սիմեոնի` Հիսուսին տված «Լույս» անունը: Իսկ խարույկ վառելն ու նրա շուրջը պտտվելը կամ վրայից թռչելը տոնի ժողովրդական ավանդույթներից են: Երբ Հիսուս Քրիստոսին տաճար տարան, Երուսաղեմի ժողովուրդը Փրկչին դիմավորեց ջահերով ու կրակներով: Հենց դա է խորհրդանշում վառվող խարույկը: Վառելով Տյառնընդառաջի կրակը՝ ուզում ենք, որ մեր հոգիները լուսավորվեն աստվածային լույսով, ինչպես բակն է լուսավորվում կրակով: Եվ եթե հեթանոսները կրակը պաշտում էին իբրեւ աստված, ապա քրիստոնյաները, որպես Աստծո ստեղծագործություն, Աստծուն են մատուցում, Ով եկավ «երկրի վրա կրակ գցելու» (Ղուկ. ԺԲ 49)` ի Քրիստոս մկրտվողներին մյուսներից բաժանելու: Եթե հեթանոսներն Աստծու պատիվը կրակին էին տալիս, ապա քրիստոնյաները կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում են Նրան ծառայեցնելու:
Այս տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է. ինչպես Նա` Քրիստոսը, խոնարհվեց ու դեպի մեզ եկավ` մեր փրկության համար, այդպես էլ մենք պետք է գնանք Նրան ընդառաջ` աստվածահաճո գործեր կատարելով, մեր կյանքը Նրան նվիրելով, քայլելով Նրա ճանապարհով եւ դրանով արժանի դառնալով Տիրոջ պատկերին ու նմանությանը: Մարդացած Փրկիչն ամեն պահ դիմում է մեզ. «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, եւ Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԱ 28): Հաջորդ քայլը մերն է: Յուրաքանչյուրս պետք է անսանք Տիրոջ ձայնին, քանզի ով Նրա հետեւից է գնում, «խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը» (Հովh. Ը 12): Քրիստոսը հաղթեց մեղքի ու խավարի իշխանությանը, Նրա մարդկությամբ խոնարհվեց աստվածությունը, ու աստվածությամբ բարձրացավ մարդկությունը, մենք փրկվեցինք ու հաշտվեցինք Տիրոջ հետ: Նա ճշմարիտ ազատություն պարգեւեց մեզ` աճելու եւ զարգանալու Իր անսպառ շնորհների տակ եւ լինելու Աստծո արքայության որդիներն ու ժառանգորդները: Ամեն հավատացյալ, ով խոնարհվում է Նրա անզուգական պատարագի ու խաչի առաջ, բարձրանում է եւ արժանի լինում Աստծո արքայությանը: Քրիստոսն է լույսի եւ ճշմարտության հավիտենական աղբյուրը, որից բխել են աշխարհի բոլոր ճշմարտությունները: Իրենով դեպի արքայություն դիմողին Նա պարգեւում է աստվածային շնորհներն ու երջանկությունը: Նա օրինակ է մեզ` Իրեն հետեւելու, որ բարոյականությունը, առաքինի կյանքն ու աստվածսիրությունը ոչ թե կեղծ փարիսեցիների պես արտաքուստ ցույց տրվեն, այլ բխեն մարդու ներքին աշխարհից ու համոզմունքից: Նրա մեջ էին մարմնացած առաքինությունը, հեզությունն ու խոնարհությունը, կատարյալ ներդաշնակությունը կյանքի, զգացմունքի ու կամքի: Վեհություն ու պարզություն, ճշմարտության խստություն ու հայրական քաղցրություն, հեզություն եւ արիություն, խոնարհություն ու հաստատամտություն, կարեկցություն ու սեր, արդարություն, աստվածսիրություն, ընկերասիրություն, եւ այս ամենը թե՛ ընկերների, բարեկամների, գիտնականների, թե՛ թշնամիների ու տգետների հանդեպ: Եվ բոլորս մեր տեղն ունենք Աստծո արքայության մեջ, երբ մոտ ենք Տիրոջն ու կատարում ենք Նրա պատվիրանները, ապրում իսկական քրիստոնյային վայել կյանքով: «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին եւ աղոթեք նրանց համար, որ չարչարում են ձեզ ու հալածում, որպեսզի… որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, քանի որ Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի ու բարիների վրա եւ անձրեւ է թափում արդարների ու մեղավորների վրա» (Մատթ. Ե 44-46): Ահա սրանք են ճշմարիտ աստվածնմանությունը, չարի դեմ պայքարն ու Աստծո ճանապարհը, որ «նեղ դռնով» ներս մտնենք, «որովհետեւ լայն է այն դուռը, եւ ընդարձակ այն ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, ու շատերն են նրանով մտնում, քանի որ նեղ է այն դուռը, ու նեղվածք այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, ու քչերն են այն գտնում» (Մատթ. Է 13-15): Այս ճանապարհին մեզ ոգեւորողը Սուրբ Հոգին է, առաջավար լույսը` մեր սուրբ հավատքն ու հավատամքը:
Իսկ ինչպե՞ս պայքարել չարի որոգայթների, աշխարհիկ գայթակղությունների ու փորձությունների դեմ, ո՞րն է մեր փրկության երաշխիքը: «Մարդկանց կյանքի ուժ տալու, ապրելու երաշխիքն Աստծո անխաբ խոստումն է, որ մեզ ապահովում է բոլոր գործերում»,- ասում են մեր սուրբ հայրերը: «Քո գործերը Տիրոջը հանձնե, եւ քո խորհուրդները պիտի հաստատվին» (Առակ. ԺԶ 3): Ամեն պահ Տիրոջ օգնությանն ապավինելով, Նրան հետեւելով` մենք կարող ենք հաղթահարել ժամանակավոր ու աշխարհիկ ամեն արգելք ու խոչընդոտ` առաջ ընթանալով դեպի կատարելություն: «Խնդրեցեք եւ կտրվի ձեզ, փնտրեցեք եւ կգտնեք, թատեք դուռը, եւ կբացվի ձեր առջեւ, որովհետեւ ամեն խնդրող ստանում է, եւ փնտրողը` գտնում, եւ դուռը ծեծողին բացվում է» ¥Մատթ. Է 7-9):
«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ Իմ միջոցով» (Հովհ. ԺԴ 6): Այս է Տիրոջ պատվիրանը. որ վերցնենք մեր խաչն ու քայլենք Նրա հետեւից: Այս կյանքում ամենքս էլ կրում ենք մեր խաչը` դժվարությունների, հոգսերի ու մտահոգությունների ծանր բեռը, մեր խնդիրն այն արժանապատվորեն կրելն է` համբերությամբ, առանց տրտնջալու եւ, որ ամենակարեւորն է, առանց ուրիշներին ցավ պատճառելու: Հնարավորինս օգնել մարդկանց, տալ նրանց լավագույնն ու նվիրականը. այս է ճշմարիտ քրիստոնյայի նպատակը, եւ ճանապարհը` մոտենալու Աստծուն: «Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է, եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից» ¥Մատթ. Ե 42): «Վերջ ի վերջո դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է Աստծո եւ ձեր միջեւ, եւ ոչ երբեք ձեր եւ նրանց միջեւ»,- ասում է Մայր Թերեզան:
Իսկական քրիստոնյայի կոչումը Տիրոջը հաղորդակից լինելն է, իբրեւ Աստծո պատկեր՝ Նրա իմաստությունը, սրբությունը, արդարությունն ու սերը կրելը, Աստծո հետ միանալը, քանի որ աստվածայինը, բարձրագույնն ու վեհագույնը միմիայն Նա կարող է տալ մեզ: Աստծու արքայությունը մտնել տենչացողը չպետք է աչք ունենա այս աշխարհի եւ որեւիցե հարստության վրա։ «Գանձեր դիզեք ոչ թե երկրի վրա, այլ երկնքում, որտեղ ցեցն ու ժանգը չեն փչացնում, եւ որտեղ գողերը անցք չեն փորում ու չեն գողանում» ¥Մատթ. Զ 19 ),- ուսուցանում է Տերը, որ մեր կառուցած շենքն այնտեղ հաստատուն ու կայուն լինի, այլ ոչ ավազից` անհաստատ ու շարժուն:
Ապրենք ճշմարիտ կյանքով` ընդառաջ գնալով Տիրոջը` Նրա պատվիրանները կատարելով։ Խնդրենք Աստծո արքայությունը, մնացածը ավելիով կտրվի մեզ:
Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի
IV կուրսի ուսանողուհի

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s