ԱՍՈՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻ ՕՐՈՔ ԵՎ ՆՐԱ ԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ ԵՂԱԾ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ V ԴԱՐԻ ԿԵՍԵՐԻ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սկիզբը՝ 2012 Հունվար Բ-Փետր. Ա

Եղիշեի մոտ Հայաստան ուղարկված Պարսից մոգպետը, Վասակ մարզպանի հետ զրուցելիս, քրիստոնյա հայերի համառությունը ցույց տալու համար օգտագործում է այնպիսի արտահայտություններ, որոնք առկա են միայն Ագաթանգեղոսի մոտ՝ Դիոկղետիանոս կայսեր հրովարտակում՝ ուղղված Հայոց Տրդատ թագավորին, եւ որոնցում Դիոկղետիանոսը նկարագրում է Հունաց աշխարհում քրիստոնյաների դեմ սկսած իր հալածանքներն ու նրանց համառությունը.

Ագաթ., «153
«…վասն զի եւ զմեր զնախնիսն, զառաջին հարսն զթագաւորսն, դառնացուցեալս ձանձրացուցին. զի մեր սուրքս բթեցան, եւ նոքա ոչ զարհուրեցան ի մեռանելոյ»:
Եղիշէ, էջ 60
«… (թագաւորն Շապուհ) դառնացաւ եւ ձանձրացաւ յանձն իւր, եւ զնոսա ոչ կարաց նուազեցուցանել ի բազմութենէն… Սուրք սպանողացն բթեցան, եւ նոցա պարանոցքն ոչ ձանձրացան»:

Ագաթ., «154
(Դիոկղետիանոս առ Տրդատ)
«Թէպէտ եւ ազգի ազգի պատուհաս տանջանաց ի վերայ եդաք՝ առաւել եւս տոչորեալ յորդագոյնս տարածեցաւ աղանդ նոցա (քրիստոնէից)»:
Եղիշէ, էջ17
«…քանզի տեսանէր զքրիստոնէութիւն, որ օր քան զօր յորդեալ տարածանէր ընդ ամենայն կողմանս հեռաւոր ճանապարհին ընդ որ ինքն անցանէր» (Յազկերտ):

Ագաթ., «203
«Եւ զի՞ մի ըստ միոջէ թուեմ. զի բազում տեղիք այն են, որ իմ խաղաղութեամբ է հասեալ…»:
Եղիշէ, էջ16
«…եւ զի՞ մի մի թուիցեմ, այլ զամենայն զանարժանսն յառաջ մատուցանէր»:

Ագաթ., «760 ՃԴ
«Այլ ինքն (ս. Գրիգոր) միայն առանձնացեալ, զմի մի իւրաքանչիւր ի սրբոցն առեալ յիւրաքանչիւր արկեղ դնէր՝ իւրաքանչիւր հանդերձով եւ իւրեանց կազմութեամբ պնդէր եւ կնքէր քրիստոսանշան կնքովն»:
Եղիշէ, էջ 182
«…եւ զամփոփումն սուրբ ոսկերաց նոցա ոչ խառն ի խուռն ի մի վայր ժողովելով, այլ զմի մի ի նոցանէ ուրոյն ուրոյն ի վեց տապանս ժողովեալ էր, եւ զանուանս իւրաքանչիւր ուսեալ եւ ի վերայ տապանացն նշանակեալ էր: Եւ զկապանսն երկաթիս (ձձ.՝ պատէր), ընդ իւրաքանչիւր ոսկերսն եդեալ էր… որպէս եւ զհանդերձս զիւրաքանչիւր տապանի նշանակեալ էր»:

Ագաթ., «773 ՃԷ
«Եւ դէմք երեսացն (Տրդատայ) դարձան յիւր իսկ կերպարանսն, եւ մարմինն փափկացեալ մատաղացեալ լինէր իբրեւ զառօրեայ մանկան ծնելոյ»:
Եղիշէ, էջ195
«…զի եւ որ ծերագոյնքն էին ի նոցանէ (նախարարացն Հայոց), փափկացան մատաղացան մանկացան»:

Ագաթ., «797
«Ի վաղնջուց հետէ կորուսեալք (պետք է ուղղել ըստ Եղիշեի՝ «կուրացեալք»), տգիտութեամբ մեղացն պաշարեալք, մառախլապատք, միգապատք, ափշեալք, ոչ կարացեալ հայել իմանալ նկատել, զարեգակն արդարութեան տեսանել»:
Եղիշէ, էջ 55
«Նոքա ի վաղնջուց հետէ էին իսկ կուրացեալք, դուք զիա՞րդ զկնի կուրացն կուրացարուք»:

(Եղիշեի օգնությամբ հնարավոր է դառնում ճշտել Ագաթանգեղոսի բնագիրը — «կուրացեալք» իմաստն ավելի է պատշաճում այստեղ, քան «կորուսեալք»՝ Տրդատ թագավորն ուզում է ասել, թե «Վաղուց մեզ՝ հեթանոսներիս կուրացրել էր տգիտության մառախուղն ու մեգը, որ խանգարում էր հայել իմանալ նկատել, զարեգակն արդարութեան տեսանել»: Կեսարիայի արքեպիսկոպոս Ղեւոնդեսին հղած նամակի այս խոսքերը քաղված են Ագաթ., «235-ից, որտեղ Խոր Վիրապից նոր դուրս եկած Գրիգորը քարոզում է իր շուրջը հավաքված հեթանոս հայերին. «մառախուղ ստուերացն խաւարին թանձրութեան նստեալ է ի վերայ ձերոյ աչաց սրտին, ոչ կարացեալ հայել իմանալ, ածել զմտաւ, եւ զԱրարիչն ճանաչել»)։

Ագաթ., «823
«…եւ իբրեւ ի քնոյ ընդոստուցեալ, զի գիտասջիք զզգաստութիւնն, որ արժանն է»:
Եղիշէ, էջ 15
«Ոչ ի կարծ ընդոստուցեալ, եւ ոչ ի լուր զարթուցեալ»:

Ագաթ., « 824
«Զի զոր, կափուցեալ զաչս ձեր, համարէիք խաւար՝ ծագեաց եբաց եւ լուսաւորեաց զտեսանելիս ձեր, մերկեաց ի ձէնջ զզգեցեալ զխաւարն հեթանոսութեան, եւ զճառագայթարձակ զգեցոյց զպատմուճանն»:
Եղիշէ, էջ 54-55
«Կափուցէք զաչս յընթերցուածոց, եւ խցէք զականջս ի լսելոյ… խաւարն արտաքին նոցա՛ թանձրացեալ պահի, դուք լուսազգեստք՝ ընդէ՞ր յուղարկեցայք ընդ նոսա ի նոյն խաւար»:

Սույն զուգադիր հատվածում Ագաթանգեղոսի դիմաց Եղիշեն հավելյալ ունի՝ «Եւ զկապանսն երկաթիս ընդ իւրաքանչիւր ոսկերսն եդեալ էր, քանզի դահճացն ի բաց ընկեցեալ էր» («Եվ երկաթե կապանքներ էին դրված յուրաքանչյուր կմախքին, քանզի դահիճները ցրիվ էին տվել» (նրանց ոսկորները): Այստեղ Եղիշեն Խուժիկի պատմածը սուրբ Ղեւոնդյանց նահատակների նշխարներն ամփոփելու մասին ներկայացրել է Ագաթանգեղոսի Պատմության ոճով, քանի որ երկու հեղինակների մոտ էլ խոսքը վերաբերում է միեւնույն նյութին՝ սուրբ Ղեւոնդյանց եւ սուրբ Հռիփսիմյանց նշխարների ամփոփմանը, որոնց հոշոտել էին կրակապաշտ Հազկերտի եւ մյուս կողմից՝ հեթանոս Տրդատի դահիճները:
Բայց, համեմատելով հայերեն Ագաթանգեղոսի եւ սուրբ Գիրգորի հունարեն Վարքի համապատասխան հատվածները, պարզվեց, որ այստեղ, ինչպես եւ Եղիշեի մոտ, Հռիփսիմյան կույսերի նշխարներն ամփոփելիս սուրբ Գրիգորը «երկաթե գամերով գամում է նրանց տապանները»: Ակնհայտ է, որ այդ նախադասությունը եղել է նաեւ հայերեն Ագաթանգեղոսում եւ բաց է թողած գրիչների մեղքով — դրա մասին է վկայում «իւրաքանչիւր հանդերձով եւ իւրեանց կազմութեամբ պնդէր» աղճատ խոսքը Ագաթանգեղոսի հատվածում: Ուշագրավ է, որ «պնդէր» բայի դիմաց Ագաթանգեղոսի երկու ձեռագիր ունեն «պատէր» — վերջին բայը, սակայն, մնացորդն է այն բաց թողած նախադասության, որ առկա է հունարեն Վարքում, որի հիման վրա էլ վերականգնում եմ արտագրող գրչի բացթողածը. «իւրաքանչիւր հանդերձով զոսկերսն սրբոց պատէր եւ երկաթե կապանօք իւրեանց կազմութեամբ պնդէր»: Ըստ երեւույթին, Ագաթանգեղոսի սկզբնական ձեռագրում տողերն ավարտվել են «պատէր» եւ «պնդէր» բայերով, որոնց նմանությունը շփոթեցրել է արտագրող գրչին եւ պատճառ դարձել մի ամբողջ տող բաց թողնելուն: Գալով Ագաթանգեղոսի բնագրից օգտվելու փաստին՝ հարկ է նշել, որ այդ երկը V դ. սկզբից ի վեր դասավանդվում էր Հայոց դպրոցներում, որոնցից ելած աշակերտները՝ հետագա մեր նշանավոր մատենագիրները, գոց գիտեին նրա շարադրանքը, ուստի բնական է, որ Հռիփսիմյան կույսերի նշխարների ամփոփումը եւ Պարսկական անապատում հոշոտված սուրբ Ղեւոնդյանց նշխարների ամփոփումը Եղիշեն հարկ է համարել շարադրել ագաթանգեղյան բառուբանով:
Այնպես որ, Եղիշեն, թեեւ Գրիգոր Լուսավորչի անունը չի տալիս, բայց Վարդանանց պատմության մեջ՝ հակառակ Մալխասյանցի ենթադրության, կրկնում է Ագաթանգեղոսի Պատմության բազմաթիվ նախադասություններ, համեմատություններ եւ ոճական դարձվածներ, ինչպես եւ հեթանոսական շրջանին բնորոշ արտահայտություններ, որ գործածում է արքայից արքա Հազկերտի հրովարտակներում, բայց քաղել է Ագաթանգեղոսի Պատմության մեջ եղած հեթանոս արքաների՝ Խոսրով Մեծի, Տրդատի, Դիոկղետիանոսի հրովարտակներից, քանի որ հայերեն Ագաթանգեղոսի հեղինակը ժամանակով ավելի մոտ էր կանգնած նախագրային ժամանակին եւ տեղյակ էր հին բանավոր խոսակցական ոճերին եւ արքունի արարողակարգին:
Ստ. Մալխասյանցի այն պնդումը, թե Գրիգոր Լուսավորչի անձը 460-ական թվերից առաջ մոտ 180 տարի թաղված է եղել մթության մեջ, եւ նրա պաշտամունքն առաջ է եկել միայն V դ. վերջին, վկայում է, որ մեր կորովի հայագետը եւ նրան հետեւողները բոլորովին ծանոթ չեն եղել դարասկզբին գոյություն ունեցած հայ եկեղեցական վավերագրերին, որոնք հիմնովին հերքում են նման կանխակալ պատկերացումները: Հակառակ Ստ. Մալխասյանցի եւ նրա համախոհների, պետք է նշել, որ Լուսավորչի պաշտամունքը ստեղծվել էր արդեն IV դ. ընթացքում՝ այդ Կաթողիկոսական Տան իշխանության ժամանակ, եւ իր բարձրակետին հասավ V դ. սկզբին՝ հայ նոր դպրության սկզբնավորման շրջանում, եւ Գրիգորն իր վսեմ կերպարանքով փայլատակեց ոչ թե 460-ական թվերին, այլ հենց V դ. առաջին քառորդում: «Հաճախապատում ճառեր»-ի յուրաքանչյուր վերտառության մեջ Գրիգորը մեծարվում է որպես «Հայր մէր լուսաւորիչ»: Սահակ Պարթեւին վերագրվող «Գիր աւանդութեան» գրվածքում, որի մեջ նորադարձ քրմերի որդիների ու Գրիգոր Լուսավորչի միջեւ հարցուպատասխանի ձեւով սահմանվում են նոր հավատին սպասավորելու համար հատկացվող ապրուստի միջոցները, հայոց դարձի ռահվիրան կոչված է «սուրբ լուսաւորիչն Հայոց Մեծն Գրիգորիոս» (Սրբոյն Սահակայ Գիր աւանդութեան. յաղագս կարգի սպասաւորաց սրբոյ եկեղեցւոյ. — Սոփերք Հայկականք, հ. Բ, էջ 127)։ Սահակ Պարթեւ կաթողիկոսի հեղինակած եւ 426 թ. Վաղարշապատի Եկեղեցական ժողովում հաստատված «Կանոնական Սահմանադրության» մեջ («Կանոնք սրբոյն Սահակայ Հայոց հայրապետի») (Կանոնագիրք Հայոց, հ. Ա, աշխատությամբ Վ. Հակոբյանի, Երեւան, 1964, էջ 363-421) Հայոց առաջին քահանայապետը եւ Լուսավորիչը քանիցս մեծարվում է այնպիսի սրբազան պատվանուններով, ինչպես՝ «երիցս երանեալն քաջ նահատակն Քրիստոսի Գրիգորիոս» (կանոն ԼԸ), «առաքեալն եւ խոստովանողն Քրիստոսի եւ հայր վերստին նորոգման բոլոր Հայաստան աշխարհիս Գրիգորիոս» (կանոն Խ), «քաջ նահատակ տէր Գրիգոր» (կանոն ԽԴ): Ի դեպ, «երիցս երանեալ» պատճենված է հունարեն τρίσμάκάριος (լատ.՝ ter beatus) մակդիրից, որ Հույն Եկեղեցին շնորհել է քրիստոնեություն ընդունած առաջին կայսրին՝ Կոստանդիանոս Մեծին: Այսպես, տեսնում ենք, որ V դ. առաջին քառորդում, դեռեւս նոր ստեղծվող հայ մատենագրության մեջ, Գրիգոր Լուսավորիչը ներկայանում է իր ամբողջ վսեմ կերպարանքով:
Շարունակելի
Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s