«Մարդ ոչ միայն հացով կապրի, այլեւ Աստծո բերանից դուրս եկած ամենայն խոսքով» ¥Մատթ. Դ 4-5),- ուսուցանում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Մինչդեռ մենք մեր երկրային կյանքի ընթացքում հաճախ ենք մոռանում հոգեւոր սնունդը եւ հոգ տանում միայն ֆիզիկականի մասին: Հիշենք, որ հոգեւոր սնունդը եւս անհրաժեշտ է մարդուն, եթե, իհարկե, նա ոչ միայն ցանկանում է գոյատեւել, պահպանել իր կյանքը, այլեւ իրապես կատարյալ դարձնել այն` հետեւելով Աստծո խոսքին ու Նրա պատգամներին: Տիրոջ խոսքը, աստվածաշնչյան պատվիրաններն ու հոգեւոր արժեքները` ազնվությունը, եղբայրասիրությունը, բարեպաշտությունը, առաքինությունը, խոնարհությունն ու աստվածսիրությունն են, որ առանձնացնում են մարդուն կենդանիներից եւ մոտեցնում աստվածային արարչագործությանը, Տիրոջ պատկերին ու նմանությանը:
Հենց այս արժեքները երիտասարդների մեջ սերմանելու գործին է նպատակաուղղված «Սուրբ Էջմիածնի երիտասարդներ» համախմբման` ուսումնական հաստատություններում իրականացվող «Հույս կենաց» ¥Երեկոյան ժամերգության վերջին աղոթքի անունով) ծրագիրը, որի շրջանակներում երեխաները, երիտասարդները ծանոթանում են Պատարագին, կատարվում է երգեցողության ուսուցում՝ ըստ մշակված ծրագրի, որպեսզի որեւէ եկեղեցի կամ սրբավայր ուխտագնացության գնալիս ուսանողներն իրենց իսկ ջանքերով իրականացնեն Պատարագի երգեցողության դպրաց բաժինը: Ծրագրում ներառված են նաեւ Աստվածաշնչի մեկնություն (Տասը պատվիրանները, Երանիները եւ այլն), իմացաբանական, ճանաչողական, աստվածաբանական թեմաներ:
«Հույս կենաց»-ի իրագործումն սկսվել է Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջից, որն այսօր շուրջ վեց հարյուր ուսանող ունի: Քոլեջի տնօրեն Գագիկ Բալասանյանը, կարեւորելով այս դասընթացը, նշում է, որ այն կօգնի ուսանողներին առավել մոտենալ եկեղեցուն, ստանալ իրենց հուզող շատ ու շատ հարցերի պատասխաններ, ինչպես նաեւ ճանաչել մեր ազգային-հոգեւոր արժեքները եւ պահպանել դրանք:
Ծրագիրը նաեւ իր նշանակալի ավանդը կունենա երիտասարդների հոգեւոր գիտելիքները լրացնելու, հարստացնելու գործում:
«Սուրբ Էջմիածնի երիտասարդներ» համախմբումն իր ծրագրային բոլոր դրույթներով միտված է հետեւելու Տեր Հիսուսի քարոզելու կոչերին: Մի եվրոպացի աստվածաբան սիրում էր կրկնել, թե քրիստոնյաներն այլեւս ձկնորսներ չեն, այլ ակվարիումի պահապաններ. որքան էլ անընդունելի լինի այս միտքը, սակայն պետք է նշել, որ մեր օրերում, հատկապես՝ նախկին խորհրդային երկրներում, իրավամբ, առկա է հոգեւոր ճգնաժամը, որն ավելի է պարտավորեցնում մեզ` ամրապնդելու աստվածային պատգամների իրագործման անհրաժեշտությունը երիտասարդության կյանքում: Հուսանք, որ առաջիկայում նմանատիպ ձեռնարկների ու նախաձեռնությունների շնորհիվ է՛լ ավելի կաշխուժանա հոգեւոր կյանքը հայաստանյան երիտասարդության շրջանում: Այս ամենը մեծապես կօգնի դիմակայելու շատ ու շատ աշխարհիկ փորձություններին ու քայքայիչ աղանդներին եւ կզորացնի երիտասարդների հոգին` կարեւորելու եւ պահպանելու մեր ազգային-հոգեւոր արժեքները: Իսկ պահպանելու համար պետք է նախ ճանաչել։ «Ինչպե՞ս պաշտպանես այն, ինչի մասին չգիտես, չես լսել կամ էլ սխալ ես լսել»,- նշում է համախմբման խորհրդի հիմնադիր, հոգեւոր պատասխանատու, Մայր Աթոռի միաբան Թովմա աբեղա Խաչատրյանը:
«Կարծում ենք, որ այս հոգեւոր ճգնաժամը պետք է հաղթահարվի միմիայն հովիվ-հոտ կապի ամրապնդման ու սերտացման միջոցով; Նրանց ճիշտ գործելակերպն ու աջակցությունն են, որ պետք է դուրս բերեն մեր երիտասարդությանն այն տիղմից, որի մեջ մխրճված է նրանց կյանքի ընթացքն ապահովող սայլը, ցույց տան ճիշտ ճանապարհը եւ առաջնորդեն դեպի աստվածային կատարելություն: Եվ ցանկացած խնդիր հեշտ է հաղթահարել, եթե անվերապահորեն հավատանք Աստծո զորությանը, հետեւենք նրա պատվիրաններին»,- համոզված են համախմբման երիտասարդ անդամները:
«Այսօր շատերին թվում է, որ կարող են փողով գնել ամեն ինչ, սակայն կան վեհ, վերերկրային պարգեւներ` աստվածային անխռով երջանկությունը, Տիրոջ շնորհները, անսահման, անափ սերը` մարդկանց եւ Աստծո ստեղծած աշխարհի հանդեպ, որոնք ոչ մի կերպ եւ ոչ մի տեղ փողով չեն վաճառվում: Այս ողջ հոգեւոր հարստությունը մեզ փոխանցում են հենց քրիստոնեական դասերը»,- ասում են ուսանողները:
Արդ, այս արժեքներով ու Տիրոջ պատվիրաններով ապրելով է իմաստավորվում ու կարեւորվում մարդկային կյանքը, մեր հոգին ջերմանում աստվածային լույսով ու շնորհներով, իսկ ամենակարող Աստծո հանդեպ հավատը մեզ հաղորդակից է դարձնում աստվածային երջանկությանը, որը թաքնված է հենց մեր մեջ, միայն թե պետք է նրան թույլ տանք վեր բարձրանալ եւ պարուրել մեզ, առնել իր թեւերին եւ տանել դեպի մեր կյանքի նպատակն ու առաքելությունը, որին հասնելու համար նախ եւ առաջ հարկ է ճանաչել Տիրոջն ու օրինակ վերցնել Նրանից:
«Հույս կենաց»-ի դասերն անցկացվում են նաեւ Երեւանում` Ֆինանսաբանկային քոլեջ-հիմնադրամում, որի ուսանողներն ակտիվորեն մասնակցում ու շարունակում են իրենց աջակցությունը ցուցաբերել նաեւ համախմբման աշխատանքներին: Այս քոլեջը դարձել է «Սուրբ Էջմիածնի երիտասարդների» համախբման ու բազմաբնույթ միջոցառումների անցկացման սիրելի վայրերից մեկը:
Մոտ ապագայում ծրագիրը կմեկնարկի նաեւ մայրաքաղաքի այլ ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ Կոտայքի թեմի Չարենցավան եւ Աբովյան համայնքներում:
Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s