Վանի նահանգը, որպես Օսմանյան կայսրության վարչատարածքային միավոր, կազմավորվել է 1548 թ.: Այն փաստացիորեն կայացել է 1555 թ. Ամասիայի պայմանագրով, երբ հաստատվել է Վանի նահանգի եւ ողջ Արեւմտյան Հայաստանի միացումն Օսմանյան կայսրությանը: Նահանգի վարչական կենտրոնը Վան քաղաքն էր:
Վանի նահանգի գոյության շուրջ երեք եւ կես դարերի ընթացքում վարչամիավորի բնակչության թիվը եւ էթնիկական կազմը լուրջ փոփոխություններ են կրել:
Գտնվելով Օսմանյան կայսրության եւ Պարսկաստանի սահմանագլխին` Վանի նահանգը 16-17-րդ դարերում բազմիցս դարձել է արյունալի պատերազմների թատերաբեմ, որի արդյունքում նրա տարածքը հաճախ ավերվել եւ ամայացվել է, իսկ տեղաբնիկ բնակչության, այսինքն` հայերի քանակը մեխանիկական կրճատման է ենթարկվել (ջարդեր, բռնագաղթ, սոցիալ-տնտեսական եւ ռազմաքաղաքական ծանրագույն իրադրության հետեւանքով արտագաղթ եւ այլն):
19-րդ դարի երկրորդ քառորդից պատերազմներին միացել է Ռուսական կայսրությունը: Սակայն այս շրջանում` ընդհուպ մինչեւ Առաջին աշխարհամարտը, նահանգը համեմատական անդորրի մեջ է գտնվել: Պարբերաբար կրկնվող ջարդերը, բռնագաղթն ու տնտեսական եւ այլ պատճառներով արտագաղթը, ինչպես նաեւ Հյուսիսային Միջագետքից մեծ քանակությամբ քրդական ցեղերի մուտքը լուրջ փոփոխություններ են առաջացրել նահանգի բնակչության էթնիկական կազմում: Այս ամենին գումարվեց նաեւ Հյուսիսային Կովկասից «չերքեզների» մուտքը նահանգի տարածք: Օսմանյան պաշտոնական վիճակագրության կողմից այս ընդհանուր անվանումը տրվել է Հյուսիսային Կովկասից Օսմանյան կայսրության տարածք վերաբնակված հյուսիսկովկասյան մահմեդական լեռնականներին (հիմնականում` մահմեդական օսեր, ինչպես նաեւ ադղեացիներ եւ մահմեդական աբխազներ), որոնք այստեղ են հաստատվել Կովկասյան պատերազմից (1817-64 թթ.) հետո` 1860-70-ական թթ.:
Չնայած վերը նշված էթնոժողովրդագրական գործընթացներին` 19-րդ դարի վերջին քառորդում Վանի նահանգն Արեւմտյան Հայաստանի առավել հայաշատ նահանգներից էր: Վանի առաջնորդարանի տվյալներով՝ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո (1878-80 թթ.) Վանի նահանգի հայերի թիվն առնվազն 300 հազար էր (մեր հաշվարկներով` ավելի քան 310 հազար), ինչը կազմում էր բնակչության շուրջ 60 %-ը: Այս թիվը բնականաբար անհանգստացնում էր թուրքական իշխանություններին, ուստի 1878-88 թթ. Վանի նահանգի վարչատարածքային բաժանման եւ սահմանների մեջ բազմաթիվ փոփոխություններ կատարվեցին, որոնց նպատակն էր դիմախեղել նահանգի բնակչության էթնիկական պատկերը: Այսպես, Վանի նահանգի կազմից հանվեցին արեւմտյան ու հարավարեւմտյան հայաշատ շրջաններ (Մուշ, Բուլանըխ, Մանազկերտ, Խլաթ, Բիթլիս, Խիզան, Սպարկերտ) եւ միացվեցին հիմնականում ասորի ու քուրդ բնակչությամբ Հաքյարիին: Ըստ Հայաստանի Հանրապետությունում պատմական ժողովրդագրությամբ զբաղվող լավագույն մասնագետներից մեկի` պատմաբան Գեղամ Բադալյանի` վարչատարածքային փոփոխությունները կատարելիս օսմանյան իշխանությունների նպատակն էր թույլ չտալ, որ Վանի նահանգը լինի միատարր հայ բնակչությամբ օսմանյան վարչամիավոր: Փաստորեն, օսմանյան վարչակարգը նպատակադրվել էր այս ճանապարհով փակել հայաբնակ վիլայեթներին (նահանգներին) ինքնավարություն շնորհելու հարցը` գերտերությունների առջեւ արդարանալով, թե բացարձակապես հայաբնակ վիլայեթներ չկան Օսմանյան կայսրության տարածքում:
Միեւնույն նպատակը հետապնդելով` վարչատարածքային փոփոխություններից զատ` օսմանյան իշխանությունները դիմում էին նաեւ մեկ այլ զեղծարարության` կեղծելով Վանի նահանգի տարածքում անցկացվող վիճակագրական հաշվումների արդյունքները: Այդպիսի աղավաղված տվյալներ են 1896 թ. օսմանյան պաշտոնական վիճակագրության քանակական ցուցանիշները, որոնց համաձայն` նահանգում իբր բնակվում էին 173,8 հազար մահմեդական եւ մոտ 62 հազար հայ: Այսպիսով, Հայկական հարցի միջազգային լուծման համար ստեղծվում էր շատ լուրջ խոչընդոտ:
Վանի նահանգի հայ բնակչությունն զգալի կորուստներ կրեց 1894-96 թթ. համիդյան ջարդերի ընթացքում, երբ կոտորվեց 20 հազար, բռնի մահմեդականացվեց 30 հազար եւ արտագաղթեց շուրջ 40 հազար հայ: Հիմնահատակ կործանվեցին բազմաթիվ հայկական գյուղեր Արճեշում, Աղբակում, Արծկեում եւ այլուր: Փաստորեն, համիդյան ջարդերի հետեւանքով Վանի նահանգի հայ բնակչության թիվը կրճատվեց շուրջ 90 հազարով: Հայերի թիվը շարունակեց կրճատվել նաեւ 20-րդ դ. առաջին տասնամյակում. ամեն տարի հարյուրավոր հայեր տեղափոխվում էին Ռուսական կայսրության սահմաններ:
Վերոնշյալ հանգամանքների հետեւանքով Հայոց ցեղասպանության նախօրյակին Վանի նահանգի բնակչությունն ուներ բավական խայտաբղետ էթնիկական կազմ: Խնդրո առարկա է ոչ միայն նահանգի բնակչության ազգային կազմը, այլեւ բնակչության ընդհանուր քանակը` ըստ վարչամիավորների: Նման պայմաններում հարկ ենք համարում նշել, որ Առաջին աշխարհամարտի նախօրյակին Վանի նահանգը բաղկացած էր 2 գավառից` Վանի (վարչական կենտրոնը` Վան) եւ Հաքյարիի (վարչական կենտրոնը` Բաշկալե), որոնք էլ իրենց հերթին բաժանվում էին համապատասխանաբար 8 (Վանի, Բերկրիի (Մուրադիե), Արճեշի, Արծկե-Ալջավազի (Ադիլջեւազ), Գյավաշի, Շատախի, Նորդուզի (1913-ից` Մամուրեթ ուր Ռեշատ), Մահմուդիի) եւ 5 (Խոշաբի, Աղբակի, Ջուլամերկի, Գյավառի, Շամդինան) կազաների (գավառակների):
Այժմ մանրամասն անդրադառնանք Վանի նահանգի տարածքում բնակվող յուրաքանչյուր էթնիկական հանրությանը` վերջում ստանալով ամբողջ նահանգի եւ նրա 2 վարչամիավորների բնակչության ընդհանուր թիվը.
ա) Հայեր: Հայոց ցեղասպանության նախօրեին Վանի նահանգի ամենամեծաթիվ էթնիկական տարրը հայերն էին: Ինչպես վերը նկատեցինք, Վանի նահանգի տեղաբնիկ էթնիկ տարրը կազմող հայերի քանակը 16-19-րդ դդ. շարունակաբար նվազել է: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի տվյալներով` 1912 թ. ապրիլի 1-ին Վանի նահանգում շուրջ 197 հազար հայ էր բնակվում, որից շուրջ 185 հազարը` Վանի գավառում: Սակայն չպետք է մոռանալ, որ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանը հաշվառման խիստ բարդություններ է ունեցել եւ միեւնույն ժամանակ շտապողական հաշվարկ է կատարել` կապված Հայկական բարենորոգումների ծրագրի հետ: Եվ, բացի այդ, հաշվառվել են հիմնականում միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդները, չնայած Վանի նահանգում կաթոլիկ հայերը շատ չնչին թիվ են կազմել, իսկ բողոքականները գրեթե իսպառ բացակայել են: Վանի թեմական վիճակագրության 2 տարբեր տվյալներով էլ՝ Վանի նահանգի հայերի թիվը 214 հազար կամ 192,2 հազար էր: 1916 թ. հունվարի 14-ին Երեւանի, Ելիզավետպոլի, Թիֆլիսի նահանգներում, Կարսի մարզում եւ Պարսկաստանում անցկացված վիճակագրության համաձայն` այս տարածքներում Վանի նահանգից ապաստանած հայությունը կազմում էր 24 127 ընտանիք: Հիմք ընդունելով մեկ ընտանիքի միջին մեծության 8,6 գործակիցը` Գ. Բադալյանը հաշվարկել է հայերի թվաքանակը եւ ստացել ավելի քան 207 հազար թիվը: Հաշվի առնելով այն, որ այդ ընտանիքներն իրենց ողջ կազմով չէին կարողացել փրկվել, ուստի այս թիվը պետք է ընդունել որպես ելակետային դրություն գաղթի նախօրյակին, այսինքն` գաղթի ճանապարհը բռնած վան-վասպուրականցիների քանակը: Միեւնույն ժամանակ այս թիվը թույլ է տալիս մեզ նախապատվությունը տալ վերոնշյալ՝ շուրջ 214 հազար թվին: Հաշվի առնելով բնական աճի ցուցանիշները` 1914 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, այսինքն` 2,5 տարի անց (ռազմական գործողությունների անմիջապես նախօրյակին) Վանի նահանգի հայերի թիվը կլինի շուրջ 220 հազար: Հարկ է նշել, որ «Հայաստանի ազգային ատլասի» երկրորդ հատորի «Հայկական Մեծ եղեռնը 1915-1916 թթ.» քարտեզում (էջ 94) արդեն նշված է առավել ճշգրտված 219 հազար թիվը (քարտեզի հեղինակ` Բ. Հարությունյան, հաշվարկը` Գ. Բադալյանի): Հարկ է նշել, որ Վանի նահանգի մեծ մասում ռուսական զորքերի առկայության ժամանակ հարեւան վիլայեթներից (Բիթլիս եւ այլն) հազարավոր հայեր (առնվազն 5 հազար) ապաստանել են Վանի նահանգի ռուսական զորքերի վերահսկողության ներքո գտվող տարածքներում: Փաստորեն, հետագա հաշվարկներում, երբ դիտարկենք Վանի նահանգի կորուստները 1914-18 թթ., պետք է հաշվի առնենք նաեւ այդ փաստը:
Այսպիսով, Հայոց ցեղասպանության նախօրյակին Վանի նահանգի հայերի թիվն արդեն շուրջ 220 հազար էր կազմում: Նրանք գերազանցապես բնակվում էին Վանի գավառում, մասնավորապես` Վան քաղաքում եւ Վանա լճի առափնյա գավառակներում: Գ. Բադալյանի հաշվարկներով՝ Վան քաղաքում միայն հայերի թիվը մոտ 30 հազար էր: Նրանք կենտրոնացած էին Վանի` միմյանցից 5-6 կմ հեռավորության վրա գտնվող արեւելյան Այգեստան (մոտ 25 հազար հայ) եւ արեւմտյան Քաղաքամեջ (շուրջ 3 հազար հայ) թաղամասերում: Ի տարբերություն Վանի գավառի` Հաքյարիի գավառում հայերի քանակն անհամեմատ ավելի քիչ էր: Եթե 1880-ական թթ. հայ բնակչության հոծ զանգվածներ էին առկա Հաքյարիի Աղբակ, Խոշաբ, Ջուլամերկ եւ Գավառ գավառակների ավելի քան 60 գյուղերում, ապա Հայոց ցեղասպանության նախօրյակին հայերը մեծամասնություն էին կազմում միայն Խոշաբի եւ Աղբակի որոշ մասերում ու Դիզա գյուղաքաղաքում: Հաքյարիի հայության թվի կրճատման պատճառը պարբերաբար կրկնվող ջարդերն ու արտագաղթն էին: Եթե 1880-ական թթ. Հաքյարիի հայության թիվը 35-40 հազար էր, ապա 1912 թ.` շուրջ 15 հազար (քանի որ, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի տվյալների համաձայն, 1912 թ. Վանի նահանգի հայերի թիվը 197 հազար էր, այդ թվում` 185 հազարը Վանի գավառում, ուստի Հաքյարիի հայության թիվը շուրջ 12 հազար էր, սակայն, հաշվի առնելով հայ բնակչության հաշվառման բարդությունները հիմնականում ոչ հայաբնակ այս գավառում, հայության թիվը պետք է դիտարկել շուրջ 15 հազարի սահմաններում):
Ի մի բերելով այս թվերը՝ կարելի է եզրակացնել, որ, հաշվի առնելով հայ բնակչության բնական աճն ու արտագաղթի չափերը, Հայոց ցեղասպանության նախօրյակին Վանի նահանգի շուրջ 220 հազար հայից մոտ 205 հազարն ապրել է Վանի գավառում, իսկ ավելի քան 15 հազարը` Հաքյարիում:
բ) Քրդեր: Հայոց ցեղասպանության նախօրյակին Վանի նահանգի երկրորդ էթնիկական տարրը քրդերն էին: Փոքր քանակով քրդեր Վանի նահանգի տարածքում հաստատվել են դեռեւս մինչեւ օսմանյան այս վարչամիավորի կազմվելը: Քրդական էթնիկ տարրն առաջին անգամ այստեղ (Հաքյարիում) հայտնվել է 9-րդ դ.: Քրդերի քանակն սկսեց աճել 11-րդ (սելջուկ-թյուրքերի արշավանքներ) եւ 13-15-րդ դդ. (մոնղոլական արշավանքներ եւ նրանց շուրջ 100-ամյա տիրապետություն, Լենկ-Թեմուրի արշավանքներ, կարակոյունլու եւ ակկոյունլու թուրքմենական ցեղերի տիրապետություն): 16-17-րդ դդ. թուրք-պարսկական պատերազմների ընթացքում պատերազմող կողմերը, նպատակ ունենալով թույլ չտալ թշնամու պարենավորումը եւ, հետեւապես, առաջխաղացումը, ոչնչացնում էին Վանի նահանգի սահմանակից շրջանների ցանքատարածությունները` այդ կերպ հիմք ստեղծելով հայ շինականների արտագաղթի համար:
Շարունակելի
Միքայել ՄԱԼԽԱՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s