Սկիզբը՝ 2011 Դեկտ. Բ, 2012 Հունվար Ա-Փետր. Ա

Ավետիքին ավելի մեղմացած ենք տեսնում իր ընդարձակ հիշատակարանում, որը, փաստորեն, ինքնակենսագրություն է։ Այստեղ պարզ երեւում է, որ տակավին հավատափոխված չէ, քանի որ գրում է, թե եղել է հռոմեադավանության համակիր եւ անգամ հալածվել է՝ իբրեւ կաթոլիկ։ Որ, իբր, Եղիազար կաթողիկոսն իրեն եպիսկոպոս ձեռնադրելիս հանձնարարել է հնազանդվել պապին, բաժակին ջուր խառնել եւ Սուրբ Հոգին «բղխումն ի Հօրե եւ յՈրդւոյ» ասել։ Ասվում է նաեւ, որ նա ֆրանկ լինելու մեղադրանքով պատժվածներին ազատել է։ Բերվում են նաեւ միտումնավոր հորինված այլ եղելություններ, որպեսզի հիմնավորվի, թե ինչու է պատրաստվում կաթոլիկանալ։ Երկարատեւ բանտարկությունն ու հալածանքներն էին ստիպել նրան դրանք գրել. նա ազատվելու հույսն սկսել էր կապել դավանափոխության հետ։ Հիշատակարանի վերջում ներում է իր բոլոր հալածիչներին, հրաժարվում Կ. Պոլսի եւ Երուսաղեմի պատրիարքություններից, թուրքի տված փառքից եւ կամենում է գտնել կյանքի ուղիղ ճանապարհը։ Դժվար չէ տեսնել, որ դավանափոխության որոշում է կայացնում միայն ու միայն ազատություն ձեռք բերելու համար։
Ավետիքի հալածանքները, դատելով հիշատակարանից, շարունակվում են նաեւ քավարանի բանտում։ Դավանափոխության շնորհիվ՝ նա 1710 թվի սեպտեմբերի 22-ին Փարիզի արքեպիսկոպոս Լուի-Անտուան Նոայլի առաջ հավատի դավանությունը տվեց, մերժեց հայադավանությունը եւ ընդունեց կաթոլիկությունը եւ եկեղեցական ու թագավորական իշխանություններից ազատվելու հրաման ստացավ։ Բանտից ազատվելով հանդերձ՝ մնաց հսկողության ներքո։ Նրան բնակության տեղ տրվեց Պըտի դելա Կրոայի տանը՝ Ֆերու փողոցի վրա։ Նրան թույլատրում են պատարագել ամեն կիրակի (այլ տեղեկությամբ՝ ամեն օր) Կարմեղյանց մատուռում։ Նա հաճախ շրջագայել է բուսաբանական այգում։ Նրան ազատություն տրվեց, երբ առողջությունը բոլորովին քայքայվել էր։ Եվ շատ չանցած՝ 1711 թվի հուլիսի 11-ին (հին տոմարով՝ հունիսի 30-ին) նա մահացավ անհիշատակ միանձնության մեջ եւ թաղվեց Սբ Սուլպիկիոսի եկեղեցական դամբարանում։ Նրա տապանաքարն անհայտացել է ֆրանսիական մեծ հեղափոխության շրջանում՝ 1793 թվին։ Կյանքի վերջին շրջանում փափագել է գնալ Հռոմ՝ հուսալով հանգիստ ապաստան գտնել, բայց չի կարողացել։
Ավետիքը, պատահել է, շփոթվել է երկաթյա դիմակով մարդու հետ, որ 54 տարեկանում մեռնելով՝ թողել է երկարակյաց անձի հռչակ եւ դարձել զառամյալ ծերունու տիպար։ Նա զոհ դարձավ մոլեռանդ հռոմեադավանափոխությանը, որը մեծապես բորբոքեցին կաթոլիկ կրոնավորները ֆրանսիացի դեսպան Ֆերիոլի սրտում։ Ավետիքը հայադավանության մեծ պաշտպան չէր, կարողացավ հարաբերություններ մշակել լատինների հետ եւ անգամ ստիպեց, որ Ֆերիոլն իր գործունեության վերաբերյալ նպաստավոր վկայություններ տա։ Այդ առումով շատ ավելի բուռն գործեցին Եփրեմ Ղափանցին եւ Հովհաննես Զմյուռնացին, որոնք, սակայն, Ֆերիոլի անգութ դավաճանության զոհ չդարձան։ Ավետիքը, իհարկե, կաթոլիկության ամենամեծ հալածիչը չէր։ Ավետիքի մահվան տարում Ֆերիոլը՝ որպես խելագար, պաշտոնազրկվեց, հսկողության տակ առնվեց եւ Փարիզ ուղարկվեց՝ իր արծաթագին գեղեցկուհի եգերացի Այշեի հետ։
Ավետիքի գործունեությունը քննադատելիք շատ պահեր ունի, սակայն կաթոլիկների ստոր արարքների հետ բաղդատած՝ նրա դեմ հարուցված մեղադրանքներն առավել քան մեղմանում են։ Հաշվի առնելով նրա ձերբակալությունը, բանտային անողորմ պայմանները, հալածանքները եւ առողջական ծանր կացությունը՝ հազիվ թե կարիք կա կանգ առնելու նրա դավանափոխության խնդրի վրա՝ որպես զիջում հայադավանի կողմից։ Նրա հիշատակարանների մի մասը հրապարակված է, անտիպ նամակները, բանաստեղծությունները, աղոթքները, աղերսագրերը, կոնդակները, որոնք լույս են սփռում նշված շրջանի պատմության վրա, կարող են երկու մեծ հատոր կազմել։ Դրանք ապացուցում են, որ Ավետիքը ճկուն եւ մշակված մտքի տեր մարդ էր։
Իսկ ինչ կացություն էր տիրում Երուսաղեմում։ 1702 թ. հուլիսի 13-ի հրովարտակով Ավետիքն առաջին անգամ հաստատվել էր Երուսաղեմի պատրիարք։ Կարճ ընդմիջումից հետո՝ 1704 թվի դեկտեմբերին, Երուսաղեմի պատրիարքությունը կրկին տրվեց Ավետիքին։ Հարկ է խոստովանել, որ Երուսաղեմի պատրիարքությունը Կ. Պոլսի պատրիարքներին հանձնելը մեծապես աղետալի եղավ Երուսաղեմի աթոռի համար։ Ստացվում էր, որ պաշտոնապես պատրիարք կա, սակայն փաստորեն՝ չկա։ Աթոռը ղեկավարվում էր Կ. Պոլսից ուղարկված, բաբա կամ նազր կոչված, վարձկան մատակարարների կողմից, որոնք հաճախ աշխարհիկ անձեր էին ու մտածում էին միայն շահելու կամ շահեցնելու մասին։ Երուսաղեմի հասույթները գանձում էր Կ. Պոլսի պատրիարքությունը եւ ծախսում իր հայեցողությամբ՝ առանց Երուսաղեմի կարծիքը հաշվի առնելու։ Դրա հետեւանքով Երուսաղեմի աթոռի պարտքերը գնալով աճում էին։ Կ. Պոլսի պատրիարքներն իրենց ազգականներին ուղարկում էին Երուսաղեմ՝ որպես փոխանորդ։ Երուսաղեմը թշվառ վիճակի մեջ էր, իսկ Կ. Պոլսում ժողովրդին կերակրում էին սուտ լուրերով։ Եթե ծեր միաբաններից որեւէ մեկը բողոքի ձայն էր բարձրացնում, ապա բանտ էին գցում, իսկ եթե երիտասարդ էր, աքսորում էին կամ կալանում։ Դրանից հետո այլեւս ոչ մեկը չէր համարձակվում սրտացավ միաբաններին պաշտպանել։ Իսկ երբ առձեռն միջոցներն սպառվեցին, սկսեցին կարասին գաղտնի ձեւով ծախել Յոպպեում, Եգիպտոսում, ինչպես նաեւ պարտեզներն ու մուլքերը գրավ էին դնում, եկեղեցական սպասքը վաճառում էին այլազգիներին։ Շատ հաճախ հազար ղուրուշի ապրանքը վաճառվում էր ընդամենը երկու հարյուր ղուրուշով։ Միաբանները զրկվել էին հոգեպահ կերակրից։ Շատացել էին պարտքատերերը, եւ քանի որ վճարում չէր լինում, նրանք դիմում էին ամեն տեսակի բռնությունների։ Երբեմն վանք էին մտնում զինվորները, ջարդում խցերի դռներն ու լուսամուտները, խուզարկում խցերը, խլում միաբանների ունեցվածքը, ծեծում նրանց ու հայհոյում, փետրում մորուքները եւ այլն, եւ այլն։ Միաբանության կարգն ու կանոնը խախտվեց, տիրեց համատարած անկում։ Այսպես եղավ մինչեւ 1713 թիվը, երբ Սահակ Ապուչեխցին շարունակում էր նույն կեցվածքը Երուսաղեմի վանքի եւ պատրիարքության նկատմամբ։
Մեզ հետաքրքրող ժամանակներում Կ. Պոլիս եկավ Հովհաննես Բաղիշեցի վարդապետը, որն ավելի հայտնի է Կոլոտ մականունով։ Բաղեշ քաղաքի ծայրին՝ Խոցերով գետակի ափին, գտնվում էր Սբ Կարապետ Ամլորդու կամ ժողովրդական բարբառով՝ Ամրդոլու վանքը, որը դեռ Գրիգոր Տաթեւացու ժամանակներում հռչակվեց՝ Դանիել ճգնավոր վարդապետի ջանքերով։ Բարսեղ Գավառացու կամ Աղբակեցու օրոք ուսումնարանը նոր փայլ ստացավ, որը դպրատուն եւ անգամ համալսարան է կոչված հայոց մեջ, քանի որ արտաքին ուսմանց մեջ էլ հմտացավ։ 1615 թվին Բարսեղ Գավառացուն փոխարինեց Ներսես Մոկացին, որն ավելի ուշ Մեծ անապատ տեղափոխվեց, որից հետո բավական ժամանակ ոչինչ հայտնի չէ հաջորդների մասին։ 17-րդ դարի երկրորդ կեսին փայլեց Վարդան Բաղիշեցի վարդապետը, որը նշանավոր աշակերտներ կրթեց. Գրիգոր Շիրվանցի, Հովհաննես Բաղիշեցի։ Նրա օրոք Ամրդոլու վանքը հարստացավ նոր շինություններով եւ մատենադարանով։ Նրա մասին մեզ շատ տեղեկություններ չեն հասել, չնայած աշակերտները գովեստներ ու երախտագիտության խոսքեր են հղում նրա հասցեին, սակայն առանց կենսագրական տվյալների։ Վարդանը մահացավ 1705 թ. մարտի 24-ին եւ թաղվեց Բարսեղի մոտ՝ Ամրդոլու եկեղեցու ատյանի վրա։ Դրանից հետո հաջորդության համար գժտություններ եղան, որի հետեւանքով երկու ընտիր աշակերտները՝ Գրիգորը եւ Հովհաննեսը, ստիպված եղան թողնել իրենց սիրեցյալ համալսարանը եւ մի շարք վանքեր այցելելուց հետո հաստատվեցին Գլակա Սբ Կարապետ վանքում՝ ստանալով Կարապետ եպիսկոպոսի հովանավորությունը։ Այս շրջանում էլ սկսվեց Գլակա մայրավանքի վերաշինությունը, սակայն մի քանի տարվա ընթացքում շինված կառույցները հիմնահատակ քանդվեցին 1709 թ. հունիսի 5-ի երկրաշարժի հետեւանքով։ Ստիպված եղան նորից ձեռնարկել վանքի վերաշինությանը։ Կարապետ եպիսկոպոսի մահից հետո Գրիգոր Շիրվանցին վանահայր ընտրվեց եւ գործի անցավ Հովհաննեսի հետ, սակայն մեծ պարտքերի տակ ընկավ։ Այդ էր պատճառը, որ Հովհաննեսը 1712 թվին դուրս եկավ հանգանակության եւ հասավ Կ. Պոլիս։ Սահակ պատրիարքի օգնությամբ նա այստեղ էլ լավ հանգանակություն արեց եւ ազատեց Գլակա վանքը պարտքերից։ Այդ ժամանակ Կ. Պոլսում հանգանակություն են հավաքել նաեւ Աբրահամ Խոշաբեցին, Ներսես Ծերունին եւ մեկ այլ Հովհաննես։
Երբ Գլակա վանքի պարտքերի հարցը լուծված էր, Սահակ պատրիարքը եւ Պոլսի մեծավորներից Հարություն Մուրադյանը, Հարություն Թեւեքելյանը, Սարգիսը, Իսրայելը, Լոթվինը եւ մայրաքաղաքի հայությունը Կոլոտին համոզեցին Երուսաղեմ գնալ՝ որպես աթոռակալ ու վեքիլ՝ որոշակի գումար տալով։ Նա Երուսաղեմ հասավ 1713 թվի ապրիլի 5-ին։ Կոլոտի գալը հեղաշրջիչ եղավ Երուսաղեմի աթոռի համար։ Նա կարողացավ իր հետ բերած գումարով գրավից հանել մի փոքրիկ վանք, որը, թերեւս, Ասորվոց եկեղեցին էր, Սբ Հարությունի կանթեղները, Սբ Հրեշտակապետի վանքի պարտեզը, որ ֆրանկների ձեռքում էր։ Ապրիլի 5-ին՝ Զատիկը կատարելուց եւ ուխտավորներին ուղարկելուց հետո, Հովհաննես Կոլոտը շարունակեց իր պաշտոնավարությունը՝ մեծ ուշք դարձնելով աթոռի ներքին բարեկարգությանը եւ պարտքերի մարմանը, թեկուզեւ պարտատերերի եւ հայ հռոմեադավանների կողմից ենթարկվեց զրպարտությունների ու կրեց մեծ նեղություններ։ Բայց Կոլոտը հաստատուն մնաց իր ուղղության մեջ եւ ոչ մեկին չէր ներում վանքի մատակարարություններից նենգությամբ ու չարաշահությամբ օգտվելը։ Նա մեծ հույսեր էր կապում Կ. Պոլսի ուխտավորների՝ հաջորդ տարում գալու հետ։ Սակայն նրա ակնկալիքները չարդարացան։
Շարունակելի
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Թողնել մեկնաբանություն