Սկիզբը՝ 2011 Դեկտ. Բ- 2012 Հունվար Ա-Փետր. Բ

Սահակ Ապուչեխցու պաշտոնավարության առաջին տարիները համեմատաբար հանգիստ անցան, սակայն շուտով Կ. Պոլսի հայության շրջանում զգալ տվեցին երկպառակությունները։ Եթե մի կողմում լատինամետներն էին, լատին եւ լատինների մոտ ուսած երիտասարդները, որոնք վայելում էին Ֆրանսիայի դեսպանի հովանավորությունը եւ փորձում իրենց գործն առաջ տանել, ապա պատրիարքարանն ու Կ. Պոլսի հայությունն էլ ամեն կերպ աշխատում էին պահել ազգային եւ եկեղեցական ինքնությունը։ Առաջին թեւն օգտագործում էր օտար տերությունների աջակցությունն ու միջամտությունը, իսկ երկրորդն ստիպված էր ապավինել օսմանյան իշխանություններին, առավել եւս, որ վերջիններս խիստ կասկածամտորեն էին վերաբերվում առաջին խմբի գործունեությանը։ Հենց այդ ժամանակ էր, որ մեծ վեզիր Տամատ Ալի փաշան պատերազմի նախապատրաստություն էր տեսնում գերմանական (ավստրիական) կայսրության ու Վենետիկի Հանրապետության դեմ։ Այնպես որ՝ հռոմեադավանների հալածանքներն ավելի շուտ քաղաքական, քան կրոնական բնույթ էին կրում։ Լատինները կոչ էին անում կաթոլիկամետ հայերին չհաճախել հայկական եկեղեցիները եւ գնալ լատին եկեղեցիները։ Երկու խմբերի երկպառակություններն անդրադարձան Սահակ պատրիարքի գործունեությանը։ Նրա եւ Ռոդոսթոյի առաջնորդի միջեւ վեճ ծագեց. պատրիարքը պաշտոնազուրկ էր արել Ռոդոսթոյի առաջնորդին, իսկ վերջինս էլ օսմանյան կառավարության առաջ ամբաստանեց Սահակին։ Ըստ որում, նրան՝ Ռոդոսթոյի առաջնորդին, օժանդակեցին զանազան դժգոհ խմբերը, եւ օսմանյան կառավարությունը վճռեց փոխել պատրիարքին։ Սահակը, որ պատրիարք էր դարձել 1708 թվի դեկտեմբերին, հեռացվեց պատրիարքությունից 1714-ի մարտին՝ պաշտոնավարելով 5 տարի եւ 7 ամիս։ Դա էր, որ Հովհաննես Կոլոտի ակնկալիքներն ի չիք էր դարձրել։ Դրան գումարվեց մյուս գույժը, երբ ուխտավորների նավը խորտակվեց Մարմարա ծովում՝ Արակլիայի (Էրեյլիի) դիմաց։ Ուխտավորները, մի կերպ փրկվելով, վերադառնում են Կ. Պոլիս եւ նոր նավ վարձում, սակայն այն էլ, դեռ ճամփա չելած, վնասվում է փոթորկից. կոտրվում է ողնափայտը եւ այլեւս չի շարժվում։ Կոլոտը հակված էր կարծելու, որ այդ ձախորդություններն իր տեսած վատ երազների արդյունքն էին։ Նման մտածելակերպն առավել քան հատուկ էր նշված ժամանակներին։ Այսպես թե այնպես, 1714 թ. Զատիկը, որ ընկավ մարտի 28-ին, հաջող ու արդյունավետ չէր, եւ Կոլոտը չկարողացավ նորանոր միջոցներ ստանալով՝ բարելավել Երուսաղեմի աթոռի վիճակը, մասնավորապես՝ ազատել գրավ դրված կալվածներն ու եկեղեցական սպասքի մի մասը եւ չմտնել նոր պարտքերի տակ։
Սահակ Ապուչեխցին աքսորվեց, եւ պատրիարքական աթոռը մնաց թափուր։ Մեծամեծներից ոմանք ձանձրացել էին, իսկ մյուսները չգիտեին, թե ում ընտրել։ Դրանից օգտվեց Հովհաննես Գանձակեցի եպիսկոպոսը, որը ճանաչված էր իբրեւ խստակյաց, օրենքի նախանձախնդիր եկեղեցական եւ ճարտարախոս, քաջաքարոզ եւ գործուն անձնավորություն։ Գանձակեցու ծանոթ հացագործները մեծավորներին ներկայացրին նրա թեկնածությունը, եւ վերջիններս դրան հավանություն տվեցին։ Օսմանյան կառավարությունը 1714 թվի մարտի 21-ին՝ Ծաղկազարդի օրը, Հովհաննես Գանձակեցուն ճանաչեց Կ. Պոլսի պատրիարք։ Կ. Պոլսի հայությանը Հովհաննեսի անծանոթ լինելը քաջալերեց Սահակ Ապուչեխցուն եւ նրա կողմնակիցներին, եւ նրանք ուղիներ փնտրեցին՝ Սահակին վերադարձնելու պատրիարքական աթոռին։ Հովհաննեսը խորամանկ քայլ ձեռնարկեց։ Ավագ շաբաթվա օրերին հանդես գալով Մայր եկեղեցում՝ նա հայտարարեց, որ գժտության պատճառ չի ցանկանում լինել եւ հոժարակամ կհրաժարվի պատրիարքությունից, եթե ժողովուրդն այդպես է կամենում, միայն թե խաղաղություն եւ սեր լինեն։ Դրանով նա ձեռք բերեց բոլորի համակրանքը, եւ Հովհաննես Գանձակեցու պատրիարքությունն ընդունվեց միաձայն։ Ըստ Մ. Օրմանյանի՝ դա եղել է, հավանաբար, մարտի 26-ին։ Նա հանդիսավոր անցկացրեց Զատիկը, երբ այն Երուսաղեմում անպտուղ եղավ Հովհաննես Կոլոտի համար։ Հովհաննես Գանձակեցին, որ եկել էր Պարսկահայոց կողմերից, ավելի նախանձախնդիր էր դավանաբանության հարցերում եւ ընդդիմադիր հռոմեադավանության։ Նրա պաշտոնավարության հենց սկզբից խիստ լարվել էին եվրոպական պետությունների եւ օսմանյան կայսրության հարաբերությունները՝ կապված Վենետիկի դեմ սկսած պատերազմի հետ։ Դրանից էլ մեծապես օգտվեց Հովհաննես Գանձակեցին՝ մասնավորապես Ալեքսանդր կաթողիկոսի հաջորդի օրոք։
Հովհաննես Գանձակեցին առաջին ձեռնարկների ժամանակ մի անհաջող որոշում կայացրեց՝ կամենալով վեքիլ կամ փոխանորդ ուղարկել Երուսաղեմ Հովհաննես Բալըքեսիրցուն, որը մի քանի տարի առաջ նշանակվել էր այդ պաշտոնին, սակայն հատուկ դատաստանով հեռացվել էր՝ վատնումների ու չարաշահումների եւ պարտքերն ավելացնելու համար։
Կոլատը, որ նրան անվանում է չարիքների մեջ անհագ, երկրորդ Բել, նոր հրեա եւ հին հեթանոս, տեսնելով նրա եւ նրա գործակիցների ընդհանուր թալան կազմակերպելը՝ կալվածների եւ եկեղեցական սպասքի հաշվին, համբերատար սպասում էր դեպքերի զարգացմանը։ Թալանչիները մերկացրին Երուսաղեմի Եկեղեցին իր զարդերից։ Պարտատերերը շուտով համոզվեցին, որ իրենց պարտքը գանձելու միջոցներն օր օրի նվազում են, ուստի դիմեցին Կ. Պոլիս եւ պահանջեցին մուլքերը ծախել եւ իրենց պարտքերը տալ։ Բալըքեսիրցին եւ նրա գործակիցներն անգամ չընդդիմացան այդ կործանարար հրամանին եւ լոկ մտածեցին վաճառել Սուրբ Փրկչի գեղեցիկ վանքը։ Երբ այդ մասին իմացվեց, միաբանները եւ ժողովուրդը շփոթահար դիմեցին Կոլոտին՝ իր հեղինակությամբ եւ վայելած հարգանքով ընդդիմանալ այդ ձեռնարկին եւ տեր կանգնել ազգային սեփականություններին։ Դիմեցին նաեւ պարտատերերին, որոնք տեսնելով այդ ընդհանուր հուզումը՝ խոստացան սպասել։ Միակ պայմանն այն էր, որ իրենց հավատարիմ երաշխավոր տրվի, եւ իրենք, նրան հավատալով, կտան ոչ մեծ ժամանակ։ Բոլորն ստիպում են Կոլոտին՝ նրա ուղղամտության համար, դառնալ երաշխավոր, իսկ Կոլոտն էլ համաձայնում է զիջել պայմանաժամի հարցում՝ խնդրելով 4 տարի՝ պարտքերը մաս-մաս վերադարձնելու խոստումով։ Կոլոտի առաջին գործը եղավ Սբ Հարություն եկեղեցում գոհաբանական աղոթք տալը՝ ընձեռված հաջողության համար։ Վերադառնալով վանք եւ միաբաններին հավաքելով՝ նա նորանոր փոխառությունների ճանապարհը փակելու նպատակով ոչնչացնել տվեց պաշտոնական կնիքը, որը Կոլոտը պարտքերի կնիք էր կոչում. անձի անուն չկար կնիքի վրա, ինչի հետեւանքով ոչ մեկն անձնապես պարտավորություն չէր կրում, եւ մատակարարները փողի համար դրանից լայնորեն օգտվել էին։ Այդ ամենի մասին պատմում է Հաննան, որը եղել է գործի մասնակից։ Այս ամենը եղավ 1714 թվի վերջերին, իսկ 1715 թվի սկզբներին Կոլոտը մեկնեց Կ. Պոլիս՝ ներկայանալու ազգային մեծամեծներին եւ ցույց տալու իրենց անելիքը։
Հիշյալ ժամանակներում իր մահկանացուն կնքեց Ալեքսանդր կաթողիկոսը։ Նրա մասին պատմությունը շատ հիշատակներ չի պահպանել։ Հայտնի է, որ իր բարեկամներին ու հարազատներին մխիթարելու նպատակով 1711 թ. հոկտեմբերի 12-ին մեկնել է Նոր Ջուղա եւ այնտեղ ութ ամիս մնալուց հետո՝ 1712 թ. հունիսի 17-ին, վերադարձել Էջմիածին։ Ասվում է, որ նրա աթոռակալությունը եղել է կարի օգտակար՝ թե՛ ազգի եւ թե՛ Մայր Աթոռի համար։ Համաձայն Սիմեոն Երեւանցու՝ ծավալել է շինարարական ակտիվ գործունեություն, նորոգել հնացած շինությունները, մեծացրել Հռիփսիմեի տաճարի այգին, սուրբ աթոռը հարստացրել է եկեղեցական սպասքով ու զարդերով, ավելացրել Մայր Աթոռի մուլքերը՝ արքունական եւ դատավորական որոշումներով։ Ալեքսանդրը 1713 թ. հունիսի 4-ին գրել է Մովսես Ջուղայեցուն, թե ինքը տասը տեղ քարխանա ունի, 300-ից ավելի վարպետ ու մշակ են աշխատում իր կառույցներում։ Տասը տեղ բացված շինությունների մեջ նա հիշատակում է Երեւանի այգին, Օշականի մուլքը եւ մեծ առուն։ Աստիճանաբար տկարանալով՝ Ալեքսանդրը մահացավ 1714 թվի նոյեմբերի 22-ին։ Մահից առաջ կտակ է թողել, որով հայտնում է, որ Նահապետի օրից մնացած պարտքերը վճարել է, որ Եկեղեցին պարտք չունի, այլեւ փող ունի։ Իր հաջորդ է նշում Ջուղայի առաջնորդության մեջ եւս իր հաջորդ Մովսես Ջուղայեցուն։ Կտակը լրիվ չի պահպանվել, բայց գրվել է իր մահից ոչ շատ առաջ՝ 1714 թվի հոկտեմբերի 19-ին։ Նա թաղվեց մեծ զանգակատան ներքո՝ դռան աջակողմը։
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s