ԱՍՈՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻ ՕՐՈՔ ԵՎ ՆՐԱ ԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ ԵՂԱԾ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ V ԴԱՐԻ ԿԵՍԵՐԻ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սկիզբը՝ 2012 Հունվար Բ-Փետր. Բ

Իմ երկարամյա ուսումնասիրությունները եւ բնագրերի համեմատության արդյունքները բերում են այն հետեւության, որ հայերեն Ագաթանգեղոսի Պատմությունը՝ իր բառագանձով եւ ոճագրական դարձվածներով, ամենից ավելի սերտ ընդհանրություններ ունի Սահակ Պարթեւ կաթողիկոսի «Գիր աւանդութեան» սպասահարկության հրահանգի, նրա իսկ հեղինակած Հայ Եկեղեցու «Կանոնական Սահմանադրութեան», Կ. Պոլսի Պրոկղ եպիսկոպոսին Սահակի եւ Մաժդոցի դավանաբանական Թղթերի (431-435), Գրիգոր Նազիանզացու Ճառերի հայերեն թարգմանության (410-420) եւ այդ շրջանի թարգմանական այլ երկերի հետ: Իբրեւ օրինակ՝ բերենք հետեւյալ ցայտուն համեմատությունները.
ա) «Անդ էր այնուհետեւ սրտալիր ուրախութիւն… Քանզի (ի ձեռն Գրիգորիոսի) յԱյրարատեան գաւառին, ի թագաւորանիստ կայեանսն, բղխեցին Հայոց տանն Թորգոմայ շնորհք քարոզութեան Աւետարանին…» (Ագաթ., «775-776. այս եւ հաջորդ ընդգծումներն իմն են — Ա. Մ.) (Ագաթ., էջ 1) — «Քանզի սուրբ Լուսաւորիչն Հայոց Մեծն Գրիգորիոս ծնեալ վերստին զՀայաստանեա(յ)ցս աշխարհ աւազանին ծննդեամբ… եւ լինէր ուրախութիւն այնուհետեւ եւ խնդութիւն մեծ յաշխարհիս Հայոց տանս Թորգոմայ» («Գիր աւանդ.», էջ127) (Սոփեր Հայկականք, հ. Բ): Երկուսն էլ միատեսակ են նկարագրում նորամուտ քրիստոնեության առաջ բերած խանդավառությունը Հայաստանում:
բ) «Բայց մի ոմն ի նոցանէ (ի Հռիփսիմեանց) ունէր արուեստ ապակագործութեան՝ առնել ուլունս ապակեղէնս, եւ տալ գինս ընդ կերակրոյ աւուրն պարենի ռոճկի» (Ագաթ., «150) — քրմերի որդիք ասում են Տրդատ թագավորին եւ Գր. Լուսավորչին՝ «եւ ոչ ունիմք արուեստս գործականութեան հնարից ինչ առ ի պատրաստել նոքօք զպարէն ռոճկաց մեզ եւ որդւոց մերոց» («Գիր աւանդ.», էջ 129):
Ագաթանգեղոսի Պատմությունն իր շատ դրվագներով եւ, հատկապես, կանոնական եւ օրինադիր հրահանգներով արտացոլված է հենց Սահակ Պարթեւի «Կանոնական Սահմանադրության» տարբեր հոդվածներում:
գ) «Ի բռնութենէ հարկապահանջ իշխանացն» (Ագաթ., Յռջբն., «6) — «Ազատ յամենայն հարկապահանջ իշխանաց» (Կանոն ԼԸ, էջ 395):
դ) «Եւ անդէն (Գրիգորիոս) բարձր քաղաքորմով փակեալ զտեղին ի պատիւ (նկատի ունի ապագա Էջմիածնի Մայր տաճարը — Ա. Մ.)» (Ագաթ., «770), «այլ (Գրիգորիոս) լոկ պարսպէր քաղաքորմով զտեղիսն (եկեղեցեաց)» (Ագաթ., «782) — հետեւելով սբ Գրիգորին՝ Սահակ Պարթեւ կաթողիկոսը սահմանում է՝ «զտաճարս աղաւթիցն… պարսպեալ եղիցի քաղաքորմովք (տպ.՝ քաղաք որմովք)» (Կանոն Բ, էջ 368):
ե) Տրդատ թագավորը հրաման է տալիս՝ «բազմութիւն մատաղ մանկտւոյ ածել յարուեստ դպրութեան… գումարել յարժանաւոր տեղիս դասս դասս» (Ագաթ., «840). ըստ այսմ՝ Սահակ Պարթեւը հրահանգում է՝ «Վասն որոյ եւ անհատ պարտի պահել յարդարուն զդպրոցսն ի վանս եւ յայլ արժանաւոր տեղիս» (Կանոն Ժ, էջ 372):
զ) «Եւ զյիշատակս վկայիցն բերելոց ժամադրեաց (Գրիգորիոս) ի տօն մեծ հռչակել… Զի ժողովեալ ի յիշատակ մեծի երանելւոյն Յովհաննու եւ սրբոյ վկային Աստուծոյ Աթանագինէի՝ յայնմ աւուր խմբեալ ի նմին յաւանին տօնեսցեն» (Ագաթ., «836) — «Տաւն սրբոյն Յովհաննու Մկրտչի եւ վկայի (Աթանագինէի — Ա. Մ.), զոր նախակարգեաց առաքեալն եւ խոստովանողն Քրիստոսի… Գրիգորիոս՝ ի վանս, զի ուխտադրութեան պահաւք հաստատեցաւ» (Կանոն Խ, էջ 397): Ագաթանգեղոսի Պատմության մեջ կա ոչ միայն այս տոնի սահմանումը, այլեւ հիշատակություն «ուխտադրութեան պահք»-ի մասին, երբ Գրիգորիոսը, Հովհաննես Մկրտչի ու Աթանագինես վկայի նշխարներն ամփոփելով նոր հիմնած եկեղեցում, հոգեւոր մխիթարության համար յոթ օր դադար առավ Եփրատ (Արածանի) գետի ափին, որտեղ մկրտում էր հայ ժողովրդին (Ագաթ., «835), ճիշտ ինչպես Եզեկիել մարգարեն յոթ օր դադար առավ Քոբար գետի ափին (Եզեկ. Գ 15): Սահակ Պարթեւը «ուխտադրութեան պահք»-ով, ըստ իս, ակնարկում է սուրբ Գրիգորի հենց այս յոթնօրյա դադարը՝ «վասն հոգեւոր մխիթարութեան», որից հետո էլ հաստատվեց բերված սրբերի հիշատակի տոնը: «Ուխտադրութեան», հավանաբար, աղավաղված է «մխիթարութեան» բառից. սրա վկայությունն է նաեւ երկու բառերի մեջ հավասար թվով հնչյունների շարքում «խ» եւ «ր» տառերի զուգադիպումը, որի պատճառով դժվարընթեռնելի ձեռագրում հնարավոր է այդպիսի տարընթերցում: Հունարեն Ագաթանգեղոսը եւս այստեղ ունի «մխիթարութիւն՝ παράκλησιν» (La Version Grecque Ancienne du Livre Armenien d’Agathange edition Critique par G. Lafontaine. Louvain, 1973, p. 320, «149)։ Անկասկած, սուրբ Գրիգորի մխիթարության յոթնօրյա պահքը Արածանի գետի ափին, Հովհաննես Մկրտչի եւ Աթանագինես վկայի հիշատակի առթիվ, Սահակ Պարթեւն Ագաթանգեղոսի Պատմությունից է մուծել իր «Կանոնական Սահմանադրության» մեջ՝ որպես սուրբ Գրիգորից սահմանված պահք:
է) Պրոկղին ուղղված Սահակի եւ Մաժդոցի Թղթերում նույնպես առկա են Ագաթանգեղոսի Պատմությանը բնորոշ դարձվածներ.

Ագաթ., «777
«Առնոյր այնուհետեւ (Գրիգոր) խորհուրդ հաւանութեան ընդ թագաւորին…քակել, կործանել, բառնալ զգայթակղութիւնսն ի միջոյ, ի բաց կորուսանել. զի մի՛ ումեք լիցի խէթ եւ խութ այնուհետեւ ընդ ոտս անկանել եւ խափան առնել»:

Թուղթ առ Պրոկղ (Գիրք Թղթոց, էջ 148)
«Ապա թէ իցէ ժաման(ակ)եալ (ուղղում եմ՝ ժամանեալ — Ա. Մ.) ի ժանգոյ աղտեղութեան, ի հարկէ ջան լիցի մեզ խզել զխոչն, եւ զգայթակղութիւն զայն ի միջոյ ի բաց կորուսանել»:

Ագաթ., «720
«Եւ վկայքս այս լինիցին ձեզ ողորմութեամբ նորա (Աստուծոյ) բերդ ամուր եւ աշտարակ հզօր ամրութեան»:

Թուղթ առ Պրոկղ (Գիրք Թղթոց, էջ 138)
«Քաղցրացեալ էր մեզ կալ մնալ աստէնի սմին ընտանեցեալ տգիտութեան, որպէս ի բերդ ինչ ամուր եւ աշտարակ հզօր փախստեայ անկեալք յանգիտութեանս»:

ը) Ըստ հայերեն Ագաթանգեղոսի («837)՝ Տրդատ թագավորն իր իշխանության մեջ առհասարակ նշանակեց «չորս չորս հողս երդոյ» բոլոր ագարակ տեղերում, իսկ ավաններում՝ «եօթն եօթն հողս երդոյ» ի ծառայություն սպասավորության քահանաների, որպես նվեր պտղի՝ Տիրոջը մատուցելու համար: Բուզանդի Պատմության մեջ ասված է, թե «Պապ թագավորը եկեղեցուց կտրեց այն հողը, որ Գրիգոր մեծ քահանայապետի ժամանակ տվել էր Տրդատ թագավորը Հայոց բոլոր աշխարհում Եկեղեցու սպասավորության ու պաշտամունքի համար, որովհետեւ յոթը հողից հինգը կտրում էր հօգուտ արքունիքի եւ միայն երկու հող էր թողնում» — «Պապ թագաւոր զհող եկեղեցւոյն, զոր տուեալ էր թագաւորին Տրդատայ առ մեծաւն Գրիգորիւ քահանայապետիւ ի սպաս պաշտաման եկեղեցւոյն ընդ ամենայն երկիրն Հայոց: Զի յեւթն հողոյն զհինգն հատանէր յարքունիս, եւ զերկուսն միայն թողոյր երկուս հողս» (Փաւստոսի Բիւզանդացւոյ Պատմութիւն Հայոց, Ե, ԼԱ, էջ 352-353)։ Սուրբ Գրիգորի հունարեն Վարքում Տրդատ թագավորը «յուրաքանչյուր մեծ գյուղում առանձնացնում էր հինգ հող երդոյ, իսկ փոքր գյուղերում՝ երեք, որպեսզի նշանակված քահանաները միջոցներ ունենան եկեղեցիների վերականգնման եւ իրենց ապրուստի համար» (G. Garitte, Documents pour l’ռtude du livre d’Agathange, Citta del Vaticano, MCMXLVI (1946), «191. Ագաթանգեղոսի Պատմության հունական նորահայտ խմբագրություն (Հունարեն Վարք). թարգմանությունը հունարեն բնագրից՝ Հ. Բարթիկյանի, առաջաբանը եւ ծանոթագրությունները՝ Ա. Տեր-Ղեւոնդյանի. -Հրաչ Մ. Բարթիկյան. Հայ-բյուզանդական հետազոտություններ, հ. I, հայերեն հոդվածներ, Երեւան, 2002 (այսուհետ՝ հունարեն Վարք), էջ 180): Իսկ Սահակ Պարթեւի «Կանոնական Սահմանադրության» մեջ սահմանվում է (հոդված ԺԹ)՝ «եւ գլխաւոր քահանայ վասն հանապազօրդ յեկեղեցւոջ ի գործ կալ՝ Բերդ (երկու հող երդոյ — Ա. Մ.) աւելի առցէ քան իւր ընկերս, թէ գեաւղ մեծ իցէ» (Կանոնագիրք Հայոց, հ. Ա, էջ 378): Նշանակում է՝ Սահակ Պարթեւի ԺԹ կանոնի հիմքը Սուրբ Գրիգորի հունարեն Վարքն է, որի մեջ մեծ գյուղի քահանային հատկացվում էր հինգ երդ (երկու երդ ավելի), իսկ փոքր գյուղի քահանային՝ երեք:
Այս համեմատությունները կարելի է շարունակել, բայց բերվածն էլ բավական է՝ հստակ հետեւության հանգելու համար: Սահակ Պարթեւի «Գիր աւանդութեան» հրահանգում եւ կանոններում հանդիպում ենք ոչ միայն Ագաթանգեղոսին հատուկ ոճերի ու դարձվածների կրկնության, այլեւ այնպիսի պատմական փաստերի, որոնք պարզապես Ագաթանգեղոսի Պատմության բովանդակային ատաղձի բեկորներն են: Այնպիսի տպավորություն է ստացվում, որ այդ կանոնները շարադրվել են Ագաթանգեղոսի Պատմությունն ընթերցելուց հետո, կամ, որ ավելի հավանական է, այդ երկու գործերը միեւնույն հեղինակի գրչի արգասիքն են: Ես հակված եմ այս երկրորդ ենթադրությանը: Սահակ Պարթեւն է Ագաթանգեղոսի Ա եւ Գ գրքերի հեղինակը, որոնք միասին կազմում են Գրիգոր Լուսավորչի Վարքը եւ պետք է գրված լինեն 410-ական թվերին՝ դեռ IV դ. ստեղծված սուրբ Գրիգորի «Ագաթանգեղեայ Պատմութիւն» վերնագրով հունարեն Վարքի հիման վրա եւ ճոխացվել հայկական միջավայրում սնված կենդանի ավանդություններով:
Գիրքն սկսվում է Առաջաբանով՝ «Յառաջաբան Ագաթանգեղեայ Պատմութեան» վերնագրով («1-17) (Ագաթ., էջ 1), իսկ բուն Պատմությունը սկսվում է «18-ից եւ վերնագրված է՝ «Ագաթանգեղեայ Պատմութիւն. Վարք եւ Պատմութիւն սրբոյն Գրիգորի» (Ագաթ., էջ 15): Վերջին դեպքում՝ կրկնակի վերնագրով հեղինակն ակնհայտ դիտել է տալիս ընթերցողին, որ «Ագաթանգեղեայ Պատմութիւն»-ը նույն իմաստն ունի, ինչ որ «Պատմութիւն սրբոյն Գրիգորի»: Այստեղից պետք է եզրակացնել, որ IV դ. առաջին կեսին ստեղծված հունարեն Պատմության հեղինակը Ագաթանգեղոս անունով կամ մականունով նկատի ունի հենց սուրբ Գրիգորին՝ Հայոց Լուսավորչին: Ըստ այսմ՝ «Ագաթանգեղեայ Պատմութիւն», որ գործածված է երկու անգամ՝ Առաջաբանի եւ բուն Պատմության վերտառության մեջ, նշանակում է ոչ թե «Ագաթանգեղոսի գրած Պատմություն», այլ «Ագաթանգեղոսի վերաբերյալ Պատմություն»: Ագաթանգեղոսը, ուրեմն, հեղինակի հղացմամբ ինքը՝ Գրիգոր Լուսավորիչն է՝ նրան տրված հունարեն պատվանունը, որ թարգմանվում է «բարի հրեշտակ» կամ «բարի լրաբեր», մեկ բառով՝ «ավետաբեր»: Այս մտքով էլ Առաջաբանի «16-ում հեղինակն ասում է. «…ընթերցելով Մատյանը՝ գալիք սերունդները կտեղեկանան մեր Թորգոմա ազգին, մեր Հայաստան աշխարհին Ավետարանի աստվածապարգեւ ավետիքները, կյանքի խոսքը քարոզելու մասին» — «զԹորգոմայ ազգիս, զՀայաստան աշխարհիս զաստուածապարգեւ աւետեացն աւետարանին քարոզելոյ բանին կենաց» (Ագաթ., էջ 12-13): Սուրբ Գրիգորի քարոզած այս «Ավետարանի ավետիքները» հիշատակվում են Ագաթանգեղոսի Պատմության Գ գրքի «725-ում եւ «789-ում: Կնշանակի՝ այդ ավետիքները Հայաստան բերողը ինքը՝ Գրիգորն է, որի համար էլ կոչվել է «Աւետաբեր» — հունարեն՝ Ագաթանգեղոս (Άγαθάγγελος): Մի այլ տեղ էլ՝ Առաջաբանում, հեղինակը սուրբ Գրիգորին անվանում է «Վարդապետութեանն Քրիստոսի պատգամաւոր (իմա՝ պատգամաբեր — Ա. Մ.)» («13): Հարկ է նկատի առնել, որ «աւետիք» եւ «պատգամ» Ագաթանգեղոսում գործածվում են նույն իմաստով՝ «զի եւ շնորհեսցին պատգամք Աւետարանի քոյ այսմ (Հայոց) աշխարհի. զի եւ սոքա ծանիցեն զքեզ…» («95), «ծանօթս աւետարանական աւետեացն, յարդարեալս ընդելս կացուցանէր (Գրիգորիոս)» («789) եւ «ամենեցուն… հոգեպատում պատգամացն ընդելս եւ ծանօթս կացուցանէր (Գրիգորիոս)» («723): Ըստ այսմ՝ հայերեն Ագաթանգեղոսի հեղինակ Սահակ Պարթեւը «Ագաթանգեղոս» անվան տակ ճանաչել է Գրիգոր Լուսավորչին, որով հերքվում է Ագաթանգեղոս անունով պատմագրի գոյությունը թե՛ անցյալում՝ Տրդատ թագավորի օրոք եւ թե՛ Սահակի ու Մաշտոցի աշակերտների շրջանում: Ուստի եւ հունարենից Սահակ Պարթեւի թարգմանած, մասամբ էլ լրացրած Առաջաբանում Տրդատ թագավորի քարտուղարը եւ ժամանակագիրը չէր կարող Ագաթանգեղոս կոչվել:
430-ական թվերին, երբ Սահակ Պարթեւը հեռացվել էր կաթողիկոսությունից, Պարսից արքունիքի հովանավորությամբ Հայ Եկեղեցու կաթողիկոսական աթոռին հաջորդաբար տիրացան ասորի նեստորական անօրեն եպիսկոպոսներ Բրքիշոն եւ Շմուելը, որոնք ճգնում էին նսեմացնել Գրիգոր Լուսավորչի հեղինակությունը Հայաստանում:
(շարունակելի)
Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s