«Նրանք, որ Աստծուն են նայում եւ Նրան մոտենում, Նրա գեղեցկությունն են առնում իրենց վրա, ինչպես որ պատրույգը, ճրագին մոտենալով, նույն լույսն է դառնում»,- ասում է սբ Գրիգոր Նարեկացին: Արարչի եւ արարածի միջեւ հոգեկան ամուր, անքակտելի կապը, թերեւս, ամենաբարձրն ու կատարյալն է, որին մարդ արարածը կարող է հասնել իր երկրային կյանքի ընթացքում: Այդ ճանապարհին մեծագույն ուղեկիցներն աղոթքներն են, որոնք, ինչպես ասում են սուրբ հայրերը, «բարձրացնում են մարդկանց առ Աստված եւ Աստծուն խոնարհեցնում դեպի մարդիկ»: «Արթուն եղեք եւ աղոթք արեք»,- ասում է Տերը: Արթուն լինենք, աղոթք անենք եւ հետեւենք Նրա պատվիրաններին, քանզի ճշմարիտ քրիստոնյան պետք է ոչ միայն խոսքով լինի քրիստոնյա, այլեւ վարքով ու գործերով:
Այս քառառասունութօրյա պահքը ճիշտ ժամանակահատվածն է իսկական քննողի ու իմաստասերի պես նայելու մեր հոգուց ներս, գնահատելու մեզ ու մեր հոգեւոր կյանքը:
Մայր Աթոռ Սբ Էջմիածնի լուսարարապետության եւ Քարոզչական կենտրոնի նախաձեռնությամբ յուրաքանչյուր շաբաթ՝ ժամը 18:30-ին, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում կատարվում է խոկման արարողությունը, որի ընթացքում ընթերցվում է աղոթք, հետո քարոզ է լինում, այնուհետեւ անջատվում են Մայր տաճարի բոլոր լույսերը, եւ հոգեւոր երգեցողության, թույլ մոմերի լուսավորության ներքո հավատացյալը խոկում է, այսինքն` ինքն իր մեջ վերլուծում է լսածը, քաղում այն, ինչ պետք է իր կյանքի այդ պահի համար եւ աղոթում: Խոկման մասնակիցները բացառիկ միջավայր են ունենում Մայր Եկեղեցու զորացման, հայրենիքի եւ ժողովրդի բարօրության, հոգեւոր վերելքի համար խորհելու, մտորելու, աղոթելու, իրենց հոգեւոր վիճակը քննելու եւ գնահատելու ուղղությամբ: «Մեր երիտասարդների անունից խորապես շնորհակալ եմ Վեհափառ Հայրապետին, ում օրհնությամբ եւ լուսարարապետության առաջարկով սկսեցինք այս ձեռարկը: Իրապես, խոկումն անհրաժեշտ պայմաններից մեկն է քրիստոնյայի հոգեւոր կյանքի կառուցման համար: Խոկման ժամանակ Աստծո ներկայությունն առավել ես զգում, լսում Նրա շունչը, քայլում Նրա հետ, պարակից դառնում երկնայիններին»,- ասում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի հիմնադիր, հոգեւոր պատասխանատու, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի միաբան Թովմա աբեղա Խաչատրյանը:
«Ամեն շաբաթ անպայման մասնակցում եմ խոկմանը եւ ամենակարեւորը, որ ստանում եմ, խաղաղությունն է. եթե խաղաղ ես, մնացած ամեն բան մի կողմ է գնում: Այդ մի ժամվա ընթացքում ամբողջովին կտրվում ես արտաքին աշխարհից եւ դու ես, քո Աստվածը»,- ասում է Լուսինեն:
Իրապես, ահա լսում ես «Տեր ողորմյա»-ն, եւ այդ հոգեպարար հնչյունների ներքո հոգիդ թեւածում է այս աշխարհի սահմաններից անդին, դեպի աստվածային լույսն ու ջերմությունը: Սկսում ես խորհել ապրած կյանքի, արված ու չարված գործերի, մեղքերի, սխալների ու չարի գայթակղությունների մասին: Ակամայից միտքդ են գալիս սուրբ Եփրեմ Ասորու խոսքերը, թե «ի՞նչ բարություն ենք տեսել սատանայից, որ այդքան սիրում ու կատարում ենք նրա կամքը` մեր զազրելի գործերով: Նա էր, որ խաբեց Եվային օձի միջոցով եւ նրանով` մեր հայր Ադամին, որ լուսեղեն պատմուճանից մերկացրեց մարդուն, փախցրեց Աստծո երեսից ու թաքցրեց թզենու ներքո, Աստծո անեծքին մատնեց մեր հորն ու մորը եւ արտաքսել տվեց անմահության աստվածավայել դրախտից, դարձրեց մահվան ենթակա… Նա էր, որ մարդու լուսեղեն պատմուճանի պայծառությունը փոխարինեց կաշվե հանդերձով եւ դրախտի պտուղների անաշխատ վայելումը փոխարկեց երեսի քրտինքով վաստակելու: Նա էր, որ զրկեց հրեշտակային բազմացումից ու արժանացրեց բազմացման կենդանիների պես, այն էլ` ցավերով ու տրտմությամբ…»։ Իսկ կարո՞ղ ենք պատկերացնել, թե ինչ կարող է պատրաստված լինել մեզ համար…
Արդ, մարդու սիրտը Սուրբ Հոգու տաճարն է, սրբությամբ պահենք այն` հեռու ամեն տեսակ մեղքերից, ապականությունից ու ախտերից, լցնենք սիրով, ջերմությամբ, աղոթքով ու աստվածապարգեւ բերկրությամբ, որպեսզի այնտեղ հավետ թագավորեն միայն Տիրոջ խոսքը, աստվածային երջանկությունը, ու թեւածի խաղաղության աղավնին:
Մենք` հողեղեն եւ մահկանացուներս, թաղված ենք անթիվ, անհամար թերությունների ու մեղքերի մեջ: Խոկման ժամանակ, կարծես, մի ակնթարթ սահելով-անցնելով մեր ապրած կյանքի ու ժամանակի միջով, հասկանում ես, թե անսահման գթառատ ու բարեգութ Տիրոջ խոսքը որքա՜ն կարեւոր ու անհրաժեշտ է մարդու համար, որ Աստված, մշտապես ուղեկցելով մեզ, խորհուրդներ է տալիս` բարձրացնելու եւ արժանի դարձնելու Իր պատկերին ու նմանությանը: Մնում է անսալ Տիրոջ ձայնին ու քայլել Նրա հետեւից, չէ՞ որ Նա թակում է բոլորիս դռները, ինչո՞ւ ենք ծուլանում բացել դրանք Ամենակալի առջեւ…
Անսա՛նք Տիրոջը, աղոթենք կյանքի հարատեւության, խաղաղության, մեղքերի թողության, տառապանքների ու փորձությունների հաղթահարման, փրկության, մեր հարազատների, մտերիմների, բարեկամների ու ընկերների, նաեւ մեր ազգի ու համայն մարդկության համար: Չէ՞ որ «Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք եւ հավատաք, որ կստանաք, կտրվի ձեզ» (Մարկ. ԺԱ 24): Աղոթենք նախ եւ առաջ մեր վատ կողմերից ու թերություններից ազատվելու, ճշմարիտ ճանապարհով քայլելու եւ աստվածային լույսին հաղորդ լինելու համար՝ հայցելով Տիրոջից սովորեցնելու «փոքրիկ քայլերի արվեստը», աղոթենք` խնդրելով. «Տո՛ւր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ…» (Անտուան դը Սենտ-Էքզյուպերի): Չէ՞ որ հեզության ու խոնարհության այս խոսքերով էր ավարտվում նաեւ Տիրոջ աղոթքը. «…բայց ո՛չ թե իմ կամքը` այլ Քոնը թող լինի» (Ղուկ. ԻԲ 42): Այնժամ մենք իսկապես երջանիկ կլինենք` ապրելով աստվածային սիրո ու խնդության մեջ:
Ի վերջո, նայենք մեր շուրջը, Տիրոջ ստեղծած այս հրաշք աշխարհին եւ չմոռանանք, որ եթե ամեն ինչ խաղաղ է, արեւն այսօր էլ մեզ լույս է տալիս, մենք երջանիկ ենք, առողջ, դրա համար միշտ աղոթում է ինչ-որ մեկը, աղոթում են մարդիկ, ճիշտ է, նրանք քիչ են, բայց կան, մենք էլ փորձենք նմանվել նրանց:

Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s