ԿԱԽԱՐԴՈՒԹՅԱՆ, ԳՈՒՇԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՍԱՏԱՆԱՆ ՄԱՐԴՈՒՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԱՍՏԾՈՒՑ…

Ձեր հարցերին պատասխանում է Երուսաղեմի Սրբոց Հրեշտակապետաց վանքի տեսուչ Ղեւոնդ վրդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Ձեր անունից հարցերն ուղղում է մեր թերթի արտահաստիքային թղթակից Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։

— Հա՛յր սուրբ, քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած մեր երկրի` իրենց քրիստոնյա համարող հայորդիներից շատերն այսօր հեթանոսների նման դիմում են կախարդների, գուշակների, վախ չափողների օգնությանը` տարբեր պատճառներով: Ըստ Ձեզ` ի՞նչն է մերօրյա` առավել քաղաքակիրթ ու զարգացած մարդուն տանում գուշակների մոտ։
— Գուշակությամբ, սնահավատությամբ, մոգությամբ, կախարդությամբ տառապում էր դեռեւս հրեա ժողովուրդը: Հին Կտակարանի Երկրորդ Օրենք գրքում Աստված ասում է. «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով՝ կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետեւ Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով» (Բ Օրենք ԺԸ 10-12): Այս ամենը գալիս է հեթանոսությունից, քանի որ հեթանոսները հավատում էին նշանների, որոնցով եւ շարժվում էին: Այսօր չեն քարկոծում մարդկանց, եւ մարդը, ընկնելով այս ամենի մեջ, հեռանում է Աստծուց, Եկեղեցուց: Քրիստոնյան, դիմելով գուշակներին, ենթագիտակցորեն կամ իր արարքով ցույց է տալիս, որ չի վստահում Աստծուն, որովհետեւ իր վաղվա օրվա համար վախ ունի, դրա համար էլ ուզում է իմանալ, թե վաղն ինչ կլինի իր հետ: Իսկ եթե կա պահանջարկ, բնականաբար, շատանում են «ապրանք վաճառողները»:
— Հա՛յր սուրբ, քրիստոնյա ասելով` նկատի ունեք գիտակից քրիստոնյայի՞ն, թե՞ մկրտված, բայց եկեղեցական կյանքին անհաղորդ «քրիստոնյային»։
— Ցավոք սրտի, Պատարագի եկող, Հաղորդություն ստացող շատ գիտակից քրիստոնյաներ այսօր զբաղվում են նման բաներով: Այսօր մոգության, օկուլտիզմի հոգեբանությունը մտել է Եկեղեցու, քրիստոնյաների մեջ: Չարը չի կարող բացահայտ գալ, ուստի ծածուկ, քրիստոնեական սիմվոլիկայի` խորհրդապաշտության կերպով է գալիս, որը սպիտակ մոգություն է: Ինչո՞ւ սպիտակ։ Որովհետեւ քողարկված է. դիմում ենք իբրեւ թե Աստծուն, սրբերին, բայց դա հաղորդակցություն չէ Աստծու հետ։ Նկատի ունեմ այն դեպքերը, երբ դու անընդհատ պիտի կրկնես մի բան` այլ բան ստանալու համար: Մոգության իմաստը սրա մեջ է: Մոգության ձեւ է, երբ մարդը որեւէ խնդիր ունի, եւ նրան խորհուրդ են տալիս գնալ եկեղեցի, Հաղորդություն ստանալ կամ քահանային խոստովանել մեղքերը, եւ վերջ` հարցերդ կլուծվեն: Մինչդեռ հավատքը գիտակից բան է, երբ հասկանում ես` ինչ ես անում, դրա համար մարդը պիտի գիտակցի, որ սխալ ճանապարհի վրա է ու ետ դառնա:
Բախտագուշակներն իրենց շրջապատում են սրբապատկերներով, նրանք խաչակնքվում են, Նարեկ կարդում, Աստվածաշնչից խորհուրդներ են տալիս, ասում են` Աստված ինձ հայտնվեց եւ այս բանն ասաց, մինչդեռ իրականում ոչ մի կապ չունեն Աստծու հետ: Այս ամենը մարդուն գցում է սատանայի ճանկերի մեջ: Հիշենք, թե ինչ է ասում սբ Պողոս առաքյալը. «Սատանան էլ է կերպարանավորվում որպես լուսե հրեշտակ» (Բ Կորնթ. ԺԱ 14): Ուրեմն կախարդության, գուշակության միջոցով սատանան մարդուն հեռացնում է Աստծուց:
— Գուշակները, վախ չափողները եւ նմաններն իրենց կեղծիքը քողարկելու եւ իրական դեմքը ծածկելու համար մարդկանց նաեւ եկեղեցի են ուղարկում` մեռոնաջուր բերելու կամ պարզապես մոմ վառելու եւ այլն: Սա եւս իրենց գործունեությունն օրինական ցույց տալու մի խաբկանք է։
— Այո՛, նաեւ թուղթուգիր կոչվածը պատվիրում են տանել ու դնել եկեղեցու պատի մեջ: Դա մոգություն է եւ որեւէ կապ չունի քրիստոնեության հետ: Գուշակներն օգտագործում են, այսօրվա լեզվով ասած, Եկեղեցու «բրենդը»` իրենց ապրանքը ծախելու համար, մարդիկ էլ, տգետ լինելով, ընկնում են դրա մեջ: Սբ Հովհան Ոսկեբերանը նույնիսկ ասում է. «Եթե երեխադ մահամերձ հիվանդ լինի, եւ քեզ խորհուրդ տան դիմել գուշակին, որ «բուժի» նրան, ավելի լավ է երեխադ մահանա, քան բժշկվի եւ հավիտենական դատապարտության ենթարկվի»: Այո՛, ես չեմ մերժում, որ նրանք քո վաղվա օրվա մասին ճիշտ բաներ են ասում, բայց հարցն այն է, թե դու ում հետ ես շփվում. Աստծուն թշնամի ուժերի հետ:
— Հաճախ մի որոշակի ժամանակահատվածում, կարծեք, իսկապես դրական փոփոխություններ են տեղի ունենում գուշակի դիմած մարդու գործերում: Ի՞նչ կարելի է սպասել թվացյալ հաջողությունից (եթե ֆիզիկական խնդիր է, առողջությունից) հետո: Որքանո՞վ է վնասվում մարդու հոգին, որն Աստծու կնիքն է կրում։
— Գուշակների եւ էքստրասենսների դիմած մարդու ֆիզիկական, ժամանակավոր խնդիրը կարող է լուծվել, բայց որոշ ժամանակ անց շատ ծանր հետեւանքներ է ունենում հոգեկան աշխարհի վրա: Օրինակ` մարդը եկեղեցի մտնելիս, Աստվածաշնչի ընթերցանության ժամանակ սկսում է հորանջել։ Եթե ավելի է խորացել գուշակությունների մեջ, սկսում է գիտակցաբար դիմադրել Աստծուն, հայհոյել Նրան, չի ուզում եկեղեցի գնալ, դառնում է անտարբեր հոգու փրկության եւ Աստծու արքայության հանդեպ:
Իսկ մարմնի հետ կապված վնասներից են վախը, ընկճվածությունը, սթրեխոն (դեպրեսիա), հուսահատությունը, անընդհատ հանդիպող դժբախտություններն ու անհաջողությունները: Դառնում է ավելի ջղային, ունենում հոգեկան խանգարումներ, ինքնասպանության մտքեր, ի վերջո` դիվահարվում է: Ուրեմն, երբ սատանայի հետ ինչ-որ կերպ շփվում ես, ընկնում ես նրա ձեռքը` լուրջ վնասելով հոգիդ: Դրա համար նույնիսկ կատակով չի կարելի «բախտ բացել»: Եվ այդ ժամանակավոր «բուժումը» (եթե խնդիրը ֆիզիկական է) անդրադառնում է հոգեւորի վրա: Օրինակ, հաճախ պատահում է, որ տղային թուղթուգիր են անում՝ ինչ-որ աղջկա սիրելու համար, եւ կարծեք թե ստացվում է, բայց ամուսնությունից որոշ ժամանակ հետո տղան սկսում է ատել կնոջը, լուրջ խնդիրներ են առաջանում ընտանիքում: Եվ կինը նորից է փորձում դիմել կախարդների օգնությանը. ամուսինը դառնում է ստրուկ…
Հետաքրքիր են հոգեբանների վերլուծությունների արդյունքները. վերջիններս շուրջ 20 տարի ուսումնասիրություններ են կատարել հոգեկան հիվանդների շրջանում եւ եկել են այն եզրակացության, որ նրանք ժամանակին զբաղվել են գուշակությամբ եւ դրա տարատեսակներով: Այդ ամենի վերջը դա է: Եթե նկատել եք, գուշակների 90 տոկոսը կանայք են. դա փորձություն է. ինչպես դրախտում, այսօր էլ նույն կերպ սատանան փորձում է կնոջը, ով հոգեւորի հանդեպ ավելի զգայուն է: Մոտենում է կանանց, ովքեր ունեն ինչ-ինչ խնդիրներ` այրի են, սթրեսի մեջ…, եւ հանկարծ նրանց «այցելում են» ու ասում, որ պետք է բժշկումներ անեն, հակառակ դեպքում՝ դժբախտության կենթարկվեն եւ այլն: Մինչդեռ Աստված երբեք չի պարտադրում եւ բռնանում մարդու ազատ կամքի վրա:
— Ցավալի է, որ մարդը չի էլ գիտակցում, թե ինչ դիվային ուժերի հետ գործ ունի…
— Դեւերի մոգական աշխարհը մարդուն ուժ է տալիս իշխելու հոգեւոր աշխարհի` դեւերի վրա, եւ որքան մարդը կատարելագործված է այստեղ, ավելի է մոտենում սատանային. իրեն թվում է` իշխանություն ունի դեւերին հրամայելու, ինքը կարող է հարցեր լուծել, եւ Աստված այլեւս իրեն պետք չէ, քանի որ ինքն է Աստված դառնում: Հիշենք, թե ինչ ասաց սատանան Ադամին. «Դուք աստվածներ կլինեք» (տե՛ս Ծննդ. Գ 5): Նույնն է եւ կախարդի, մոգի պարագայում. վերջինս ներքուստ ուրախ է, որ ինքն է մարդկանց բուժում, հրաշքներ գործում, բայց դա դիվային բան է: Ասեմ, որ գիտակցաբար գուշակությամբ զբաղվողներն ընկնում են եկեղեցական հայրերի նզովքների տակ: Այդպիսիների մասին Հայտնության գիրքն ասում է. «Իսկ գալով ծույլերին ու անհավատներին, ոճրագործներին ու պոռնիկներին, կախարդներին եւ կռապաշտներին, հմայողներին եւ բոլոր ստախոսներին` ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով եւ հրով այրվող լճի մեջ է, որը երկրորդ մահն է» (Հայտն. ԻԱ 8):
— Ցավոք, շատ քրիստոնյաների մեջ կան սնահավատության տարրեր: Մարդն իրեն քրիստոնյա է համարում, բայց վախենում է թուղթուգրից:
Հա՛յր սուրբ, թուղթուգիրը կարո՞ղ է ազդել խաչի զորությանն ապավինող քրիստոնյայի վրա։
— Թուղթուգիրը ծագում է սեւ ու սպիտակ մոգությունից: Ինչի՞ է նման այն. եթե մարդը բաց հագուստով մեկ ժամ կանգնի ուժեղ արեւի տակ, կարեւահարվի, լուրջ այրվածքներ կունենա: Սա մի աշխարհ է, որ որքան էլ ասես ինձ չի կպչի, քանի որ հավատում եմ Աստծուն, սուտ կլինի: Մյուս կողմից էլ չի կարելի վախով ապրել` մտածելով, որ ամեն րոպե կարող են մեզ թուղթուգիր անել: Մենք չպետք է ուշադրություն դարձնենք նման բաների վրա. երբ հարված է գալիս ինչ-որ տեղից, չմտածենք, որ մեզ թուղթուգիր են արել, այլ վանենք այդ մտքերը մեզնից: Գուցե ինչ-որ մեկը մի բան է արել, դիվային հարձակում է եղել, բայց չկենտրոնանանք այդ մտքերի վրա: Կամ՝ աչքով տալու հանգամանքը, որը նույնպես սնահավատություն է. մարդը մտածում է, որ իր հարեւանի աչքը «կպչող» է, սկսում է դրան վերագրել իր հետ պատահած անհաջողությունը` մտածելով. «Ահա ես երեկ տեսա նրան, հաստատ նրա աչքն էր, որ կպավ…»: Այնինչ խեղճ կինը տեղյակ էլ չի, որ «աչքով է տվել»: Ահա թե ոնց է սատանան մարդկանց իրար դեմ թշնամացնում: Նաեւ չպիտի մտածենք, թե ինչ աղոթք կարդանք, որ մեզ աչքով չտան: Սա եւս մոգություն եւ սնահավատություն է:
Ուրեմն վախով ապրելու փոխարեն վանենք մեզնից այդ մտքերը եւ հաղթենք Տիրոջով: Ապրենք Քրիստոսի պատվիրաններով եւ վախենանք միայն մեղքից եւ Աստծուն վիրավորելուց:
— Հա՛յր սուրբ, ինչպե՞ս մարդը կարող է գալ այն գիտակցությանը, որ ինքը մոլորության մեջ է, սխալ ճանապարհի վրա, եւ ո՞րն է այդ չարիքներից ազատագրվելու ճանապարհը: Ինչպե՞ս են բուժվում գուշակության հետեւանքները։
— Նախ մարդուն պետք է խրատել, բացատրել, որ դիմելով գուշակներին՝ ինքը գործ է ունենում մոգության, սատանայական ուժերի հետ, դրա համար պետք է անդրադառնա, զղջա, ապաշխարի ու հեռանա այդ ճանապարհից: Բայց ազատագրվելը դժվար է, որովհետեւ կլինեն հարձակումներ, փորձություններ… Ամբողջական ազատագրումը կախված է այն հանգամանքից, թե մարդը որքանով է դրա մեջ մխրճված: Չվախենանք այդ զորություններից. զինվենք հավատով, Աստծու Խոսքը կարդանք, աղոթքի մեջ լինենք, հաղորդակից լինենք Եկեղեցու խորհուրդներին, հաճախ հաղորդվենք: Եվ կամաց-կամաց կազատագրվենք այդ կապանքներից: Մենք կարող ենք Քրիստոսի անունով հաղթել եւ ամենակարեւորը` լինել զղջման եւ խոստովանության մեջ, որն էլ մեզ կփրկի նման փորձություններից:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s