Սկիզբը՝ 2012 Փետր. Բ

Այս պատերազմների ընթացքում օսմանյան իշխանությունների կողմից նահանգի տարածք բերվեցին քրդական հոծ խմբեր` որպես մարդկային պատնեշ Սեֆյան Իրանի դեմ պայքարում: 17-րդ դ. սկզբին Շահ-Աբասի կողմից կազմակերպված հայ բնակչության բռնագաղթը չշրջանցեց նաեւ Վանի նահանգի տարածքը` ընդգրկելով նահանգի հյուսիսարեւելյան շրջանները: Այդ դատարկված տարածքներում 18-րդ դ. սկզբից վերաբնակվեցին քրդական հոծ զանգվածներ: Քրդական զանգվածների հոսքը Վանի նահանգ շարունակվեց 18-19-րդ դդ. ընթացքում, եւ արդեն 1840-ական թթ. Հյուսիսային Իրաքից այստեղ հաստատվեցին քրդական զանազան ցեղեր:

Քրդերի քանակը որոշելիս հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ տասնյակ հազարավոր քրդեր նույնիսկ 19-րդ դ. վերջին եւ 20-րդ դ. սկզբին՝ ամռանը, տեղափոխվում էին Հյուսիսային Իրաք: Այդպիսին էր «աշիրեթ», այսինքն` ցեղային (քոչվոր) քրդերի մի մասը: Հաշվի առնելով այն փաստը, որ Վանում, ռուսական փոխհյուպատոս Ռ. Տերմենի հաղորդմամբ, 1906 թ. «աշիրեթ» քրդերից «հարտոշիները» 7,4 հազար ընտանիք էին կազմում (Գ. Բադալյանի հաշվարկով` 40-45 հազար մարդ), ուսումնասիրողների հիմնական մասն այս զանգվածն ամբողջովին ընդգրկել է Վանի նահանգի մշտական բնակչության մեջ, մինչդեռ հարկ է նշել, որ «հարտոշիների» մի մասը բնակվում էր Իրանի հյուսիսարեւմտյան սահմանամերձ շրջաններում: Իսկ այն քրդերը, որոնք մշտապես հաստատվել էին իրենց բնակության վայրերում, կոչվում էին «ռայա», այսինքն` նստակյաց: Վերջիններս բնակվում էին հիմնականում Գյավաշում, Կարճկանում, Խոշաբում, Մոկսում, Հաքյարիում, մասամբ էլ` Շատախում եւ Վանում: «Աշիրեթները» ցրված էին Վանի նահանգի գրեթե ողջ տարածքում:

1912 թ. Վանի գավառում քրդերի թիվը շուրջ 72 հազար էր (ըստ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի տվյալների` 1912 թ. Վանի գավառում բնակվում էր շուրջ 32 հազար «ռայա» եւ շուրջ 40 հազար «աշիրեթ» քուրդ), իսկ Հաքյարիում, ըստ Գ. Բադալյանի հաշվարկների, շուրջ 51 հազար: Այսպիսով՝ 1912 թ. Վանի նահանգում շուրջ 123 հազար քուրդ էր բնակվում, եւ ընդ որում` դրանց մեծ մասը (մոտ 80 հազարը) «աշիրեթ» էր: Հաշվի առնելով բնական աճի գործոնը` կարելի է եզրակացնել, որ Հայոց ցեղասպանության նախօրեին Վանի նահանգում առկա էր մոտ 129 հազար քուրդ բնակչություն. շուրջ 76 հազարը՝ Վանի գավառում, 53 հազարը` Հաքյարիում (քրդերի քանակական աճը 1912-14 թթ. պայմանավորված էր ոչ միայն բնական աճի բարձր տեմպերով, այլ նաեւ թուրքական իշխանությունների կողմից իրականացվող վերաբնակեցումներով Բիթլիսից եւ այլ վայրերից):

գ) Ասորիներ: Հայոց ցեղասպանության նախօրյակին Վանի նահանգի երրորդ էթնիկական տարրը նեստորական ասորիներն էին: Վանի նահանգի տարածքում, մասնավորապես` Հաքյարիում, մեծ թվով ասորիներ հաստատվել էին դեռեւս 14-րդ դ. վերջին` պատսպարվելով Լենկ-Թեմուրի արշավանքներից: Նրանք, ինչպես եւ քրդերը, նույնպես բաժանվում էին ռայաների եւ աշիրեթների: Ասորիների շուրջ 95%-ը (մոտ 80 հազար) բնակվում էր Հաքյարիի գավառում, մասնավորապես` ավելի քան 50 հազարը Մեծ Զաբ գետի միջին հոսանքի ձախափնյա լեռնային հատվածում, որը կոչվում էր «Ասորական մարզ», ընդ որում` Ջուլամերկի Քոչանիս (Կոճանց) ավանը նեստորական ասորիների հոգեւոր առաջնորդ մար-շիմունի նստավայրն էր: «Ասորական մարզը» ինքնիշխանություն էր վայելում ընդհուպ մինչեւ Առաջին աշխարհամարտը: Մնացած մոտ 30 հազար ասորիները բնակվում էին Հաքյարիի այլ հատվածներում` Ջուլամերկի մնացած մասի, Խոշաբի, Աղբակի, Բեյթ-ուլ-Շաբաբի, Գավառի եւ Շամդինանի բազմաթիվ գյուղերում:

Ասորիներ բնակվում էին նաեւ Վանի գավառում` Մահմուդիի կենտրոն Սարայ գյուղաքաղաքում, ինչպես նաեւ Նորդուզի, Շատախի եւ այլ գավառակների առանձին գյուղերում: Սակայն Վանի գավառում ասորիների թիվն անհամեմատելիորեն ավելի քիչ էր, քան Հաքյարիում: Հաշվի առնելով ասորիների շրջանում բնական աճի տեմպերը եւ արտագաղթի ցուցանիշները` Հայոց ցեղասպանության նախօրյակի համար կստանանք հետեւյալ պատկերը. ավելի քան 80 հազար ասորի Հաքյարիում եւ մոտ 5 հազար` Վանի գավառում: Ըստ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի տվյալների` 1912 թ. Վանի գավառում ասորիների թիվը 18 հազար էր: Այս տվյալի ստույգ լինելու դեպքում կստացվի, որ Վանի նահանգում շուրջ 93 հազար ասորի էր բնակվում: Սակայն, Գ. Բադալյանի հաշվարկով, 1912 թ. Վանի գավառում ասորիների քանակն ընդամենը 4 հազար էր, ինչը հավաստիացվում է ասորաբնակ բնակավայրերի ցանկով:

Փաստորեն, ընդհանուր առմամբ Վանի նահանգում ասորիների թիվը շուրջ 85 հազար էր: Այս տվյալից զատ, կարելի է հանդիպել նաեւ այլ տվյալների` 80-100 հազարի սահմաններում, սակայն առավել իրատեսական է 85 հազար թիվը:

դ) Թուրքեր։Հայոց ցեղասպանության նախօրյակին Վանի նահանգի չորրորդ էթնիկական տարրը թուրքերն էին: Թուրքերը հիմնականում բնակվում էին Վանի գավառի վարչական կենտրոններում, մասնավորապես՝ Վան քաղաքում (շուրջ 15 հազար թուրք) եւ հարակից գյուղերում, Ականց (Արճեշ) եւ Արծկե (Ադիլջեւազ) քաղաքներում, Թիմարի եւ Արճեշի որոշ գյուղերում (օրինակ` Արտամետում հայերի կողքին 2,4 հազար թուրք էր բնակվում): Վանի գավառի թուրքերի ընդհանուր թիվը 1912 թ. մոտ 30 հազար էր:

Ըստ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի տվյալների` 1912 թ. Վանի գավառում շուրջ 47 հազար թուրք էր բնակվում, մինչդեռ այս թիվն ուռճացված է: Գ. Բադալյանի հաշվարկով՝ Վանի գավառում թուրքերի քանակը շուրջ 30 հազար էր: Նրա համոզմամբ Վանի գավառի, մասնավորապես` Արճեշի եւ Ադիլջեւազի թուրքերի մեծ մասը քրդական ծագում ուներ` սերելով 16-17-րդ դդ. այստեղ իշխող քուրդ փազուկիներից:

Հաքյարիում թուրքերի թիվը շատ չնչին էր` շուրջ 0,5 հազար: Նրանք կենտրոնացած էին Բաշկալե եւ Դիզե գյուղաքաղաքներում: Այսպիսով՝ 1912 թ. Վանի նահանգում շուրջ 30,5 հազար թուրք էր բնակվում:

Ի մի բերելով այս թվերը՝ կարելի է եզրակացնել, որ, հաշվի առնելով թուրք բնակչության բնական աճն ու վերաբնակեցման ծավալները, Հայոց ցեղասպանության նախօրյակին Վանի նահանգի շուրջ 32 հազար թուրքերից մոտ 31,5 հազարն ապրել է Վանի գավառում, իսկ ավելի քան 0,5 հազարը` Հաքյարիում:

ե) Եզդիներ։ Հայոց ցեղասպանության նախօրյակին Վանի նահանգի հինգերորդ էթնիկական տարրը եզդիներն էին: Վանի նահանգի տարածքում եզդիների հիմնական մասը հաստատվել էր դեռեւս 16-րդ դ.: Սակայն նրանք 1829-30 թթ. արեւմտահայ զանգվածների հետ գաղթել են Արեւելյան Հայաստան: Վանի նահանգում եզդիների նոր զանգվածներ են հայտնվել միայն 19-րդ դ. կեսերին, երբ այստեղ են տեղափոխվել Հյուսիսային Իրաքի Սինջարի շրջանում բնակվող եզդիների փոքր խմբեր:

Ըստ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի տվյալների` 1912 թ. Վանի գավառում շուրջ 25 հազար եզդի էր բնակվում, մինչդեռ, ըստ Շ. Եղիազարյանի տվյալների, Առաջին աշխարհամարտի նախօրեին Վանի գավառում եզդիների քանակն ավելի քան 6,5 հազար էր: Այս տվյալն ավելի շատ է արտացոլում եզդիների իրական էթնիկական ներկայացվածությունը Հայոց ցեղասպանության վճռական փուլի նախօրեին, քանի որ ոչ հայկական սկզբնաղբյուրներում քրդերի շրջանում տարադավան կրոնական խմբերի (մահմեդականներ եւ սինկրետիկ պաշտամունքների հետեւորդներ) նկարագրությունը, ըստ բնակավայրերի, հաստատում է այն փաստը, որ պատրիարքարանի տվյալները խիստ ուռճացված են:

Այսպիսով՝ Հայոց ցեղասպանության նախօրյակին եզդիների թիվն ավելի քան 6,5 հազար էր, եւ նրանք բնակվում էին Վանի գավառի Մահմուդիի ու Բերկրիի գավառակների ավելի քան 20 գյուղերում, չնչին քանակով` նաեւ Արճակի ու Թիմարի որոշ գյուղերում: Հարկ է նշել, որ Վանի նահանգի եզդիների երկու երրորդը բնակվում էր Մահմուդիի (Սարայ) գավառակի Եզդի (Կարասու, Ավառաշ) նահիեում (գյուղախումբ), որը գտնվում էր Մահմուդիի հյուսիսարեւմտյան մասում:

զ) Հրեաներ։ Հայոց ցեղասպանության նախօրյակին Վանի նահանգի վեցերորդ էթնիկական տարրը հրեաներն էին: Նրանց թիվը մոտ 1,5 հազար էր: Նրանք կենտրոնացած էին Հաքյարիի գավառի վարչական կենտրոն Բաշկալեում (150-180 ընտանիք, այսինքն` 1-1,2 հազար, միջինը` շուրջ 1,1 հազար հրեա) եւ Շամդինան գավառակի կենտրոն Նեհրի ավանում (մոտ 50 ընտանիք, այսինքն` մոտ 350 հրեա):

է) Բոշաներ (գնչուներ)։ Հայոց ցեղասպանության նախօրյակին Վանի նահանգում բնակվում էին փոքր թվով (շուրջ 500 մարդ) բոշաներ, այսինքն` գնչուներ: Նրանք կենտրոնացած էին Վան քաղաքի Փշով-Փողան կոչվող մասում եւ Մոկս գյուղաքաղաքում: Հարկ է նշել այն հանգամանքը, որ հայերի կողմից հաճախ «բոշա» են անվանվել ոչ միայն գնչուները, այլեւ վերջիններիս կենցաղվարությանը հետեւող հայերը, ուստի խոսել այն մասին, թե այս բոշաները բացառապես գնչուներ էին, այնքան էլ ճիշտ չէ: Այնուհանդերձ տվյալ դեպքում մենք դիտարկել ենք էթնիկական ինքնագիտակցության գործոնը, որը տվյալ դեպքում հայկական չէր:

ը) Հյուսիսկովկասյան էթնիկական հանրություններ։ Վանի նահանգում բնակվում էին նաեւ մոտավորապես նույն քանակով (շուրջ 500 մարդ) հյուսիսկովկասյան էթնիկական հանրությունների ներկայացուցիչներ, հիմնականում` մահմեդական օսեր, ինչպես նաեւ ադղեացիներ եւ մահմեդական աբխազներ: Նրանք կենտրոնացած էին Վանի, Արծկե-Ադիլջեւազի, Թիմարի եւ Արճակի մի քանի գյուղերում:

Այսպիսով՝ Առաջին աշխարհամարտի նախօրյակին քրիստոնյաները (հայեր եւ ասորիներ) կազմում էին Վանի նահանգի բնակչության մոտ երկու երրորդ մասը, իսկ մահմեդականները (քրդեր, թուրքեր, հյուսիսկովկասցիներ)` ավելի քան մեկ երրորդ մասը: Այս էթնոսներից զատ, ապրում էին նաեւ եզդիներ, հրեաներ եւ այլք: Այժմ վերը կատարած մեր հաշվումների վերջնական արդյունքները ներկայացնում ենք աղյուսակի տեսքով` նշելով նաեւ յուրաքանչյուր էթնիկական հանրության տոկոսային բաժինը բնակչության ընդհանուր թվի մեջ՝ 1914 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ.

Էթնոսը

Վանի գավառ

Հաքյարիի գավառ

Ողջ Վանի նահանգ

թիվը (հազ. մարդ)

%

թիվը

%

թիվը

%

Հայեր

205

63,08

ավ. 15

10

220

46,32

Քրդեր

76

23,38

53

35,33

129

27,15

Ասորիներ

5

1,54

ավ. 80

53,34

85

17,9

Թուրքեր

31,5

9,69

0,5

0,33

32

6,74

Եզդիներ

6,5

2

6,5

1,37

Հրեաներ

1,5

1

1,5

0,32

Կովկասցիներ

0,5

0,155

0,5

0,1

Գնչուներ

0,5

0,155

0,5

0,1

Ընդհանուր

325

68,42

150

31,58

475

100

Ահա այսպիսին էր էթնոժողովրդագրական իրավիճակի համառոտ նկարագիրը Վանի նահանգում Հայոց ցեղասպանության նախօրյակին:

Երբ Առաջին աշխարհամարտի սկզբին թուրքական իշխանությունները կազմակերպեցին Վանի նահանգի հայ բնակչության զանգվածային կոտորածը, դրան դիմակայել կարողացան նահանգի այն հատվածները, որտեղ կոմպակտ հայ բնակչություն էր առկա: Վանի նահանգի մի շարք գավառակներում ու գյուղախմբերում, ինչպես օրինակ` Շատախում, Թիմարում, Հայոց ձորում, Արճեշում, Գավառում, Ալջավազում եւ այլուր, հայերը կազմակերպեցին ինքնապաշտպանություն` համառ պայքար մղելով արյունարբու ջարդարարների դեմ: Ամենաարդյունավետը, իհարկե, Վան քաղաքի հերոսամարտն էր: Մինչեւ 1915 թ. ապրիլ ամիսը Վանում հավաքվել էր շրջակա գյուղերից թուրք եղեռնագործների արյունոտ ձեռքերից մազապուրծ եղած ավելի քան 70 հազար հայ: Այսպիսով՝ քաղաքում հայության թիվն ապրիլ ամսին մոտ 100 հազար էր: Վանի հերոսամարտի ընթացքում (1915 թ. ապրիլի 7 — մայիսի 6) հայերի կորուստները 350 էին` ներառյալ խաղաղ բնակիչները եւ մարտիկները: Մինչեւ ռուսական բանակի ժամանումը նահանգի տարածքում ավելի քան 25 հազար հայ է կոտորվում: Կոտորվել եւ բռնագաղթի էին ենթարկվել նաեւ տեղի ոչ մահմեդական ժողովրդներից ասորիներն ու եզդիները:

1915 թ. հուլիսին, երբ ռուսական զորքերը ժամանակավորապես թողնում են քաղաքը, իր օջախը լքում է շուրջ 205 հազար հայ: Ճանապարհին ենթարկվելով զանազան ավազակախմբերի հարձակումներին` նրանցից փրկվում են ավելի քան 150 հազարը: 1918 թ. Վանի գավառակում, Թիմարում, Արճակում եւ Հայոց ձորում վերահաստատվում են նրանցից 25 հազարը, որոնք, սակայն, նույն թվականին ենթարկվելով թուրքական բանակի հարձակմանը՝ հարկադրված են լինում կրկին հեռանալ իրենց բնօրրանից: Այսպիսով՝ արդեն 1918 թ. Վանի նահանգն ամբողջովին հայաթափ եղավ: Ընդհանուր առմամբ Վանի նահանգի հայության զոհերի թիվը գերազանցեց 80 հազարը, որից մոտ 55 հազարը զոհվեց գաղթի ճանապարհին: Հարկ է նշել նաեւ այն հանգամանքը, որ Վանի նահանգում Առաջին աշխարհամարտից հետո ընդամենը շուրջ 500 հայ էր մնացել: 1920-ական թթ. կեսերից Վանի նահանգում հայ բնակչության վերաբերյալ վիճակագրության մասին խոսել արդեն հնարավոր չէ:

Այսպիսով՝ 1915-18 թթ. Վանի նահանգի բնակչությունը նվազեց շուրջ 310 հազար ոչ մահմեդականներով (հայ եւ ասորի քրիստոնյաներ, եզդիներ): Նահանգը զրկվեց իր տեղաբնիկ էթնիկական տարրից` հայերից:

Փաստորեն, հետեւելով մեր աշխատանքում մատնանշված վիճակագրությանը եւ էթնոժողովրդագրական գործընթացներին՝ կարելի է հասկանալ, որ պատմական էթնոժողովրդագրության տեսանկյունից Վանի նահանգի բնակչության էթնիկական կազմի դիմախեղման օրինակով եւս մեկ անգամ իր ապացույցն է գտնում թուրքական իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը, ընդ որում` ոչ միայն Առաջին աշխարհամարտի տարիներին, այլեւ խաղաղ պայմաններում եւս` վարելով հայերին հայրենյաց հողից մաքրելու հստակ մշակված ժողովրդագրական քաղաքականություն:

Միքայել ՄԱԼԽԱՍՅԱՆ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s