Արդեն մի տեսակ օրինաչափություն էր դարձել կաթողիկոսության համար թեկնածուի առաջադրումը՝ իր մահկանացուն կնքած վերջին կաթողիկոսի կողմից։ Այս անգամ էլ նույնը կրկնվեց, քանի որ Ալեքսանդր Ա կաթողիկոսը, դեռ չմահացած, հրավեր էր ուղարկել Մովսես Ջուղայեցուն, որ նա գա եւ աթոռակալի։ Խնդիրը հեշտությամբ էր բացատրվում, որովհետեւ Ջուղայի առաջնորդները կարող եւ ունեւոր էին եւ ի վիճակի էին շինարարական գործեր ձեռնարկելու։ Սակայն տեղի ունեցավ անսպասելին։ Մովսեսը, որչափ մենք կարող ենք դատել, թերեւս, միակն էր, որ պաշտոնապես հրավիրվելով կաթողիկոսական աթոռն զբաղեցնելու՝ հրաժարվեց ստանձնել այդ պաշտոնը։ Ճիշտ է, կաթողիկոսությունից հրաժարվողներ եղել էին, սակայն դա կատարվել էր հիվանդության կամ որեւէ այլ բարդության հետ կապված։ Մովսեսին դիմեցին մի քանի անգամ, որ նա հանձն առնի կաթողիկոսությունը, սակայն նա անդրդվելի մնաց՝ հայտարարելով, որ Մայր Աթոռի միաբանությունը թող մտքից դա հանի, քանի որ այն իր գործը չէ։ Հրաժարականի պատճառները հայտնի չեն, ուստի մնում է հանելուկ, թե ինչու այդ բազմաշխատ եւ բազմարդյուն անձը, որ այնքան օգտակար էր եղել Նոր Ջուղայի աթոռին, հրաժարվեց այդ մեծ պատվից։ Անգամ Հովհաննես Կոլոտը, որ բանիմաց մարդ էր, գովասանական բացատրություններով էր նրան դիմել Երուսաղեմի գործի հետ կապված։ Ավելորդ է ասել, որ նա անկարող մեկը չէր եւ վաստակաշատ գործունեություն ծավալեց Նոր Ջուղայի աթոռին՝ եւս տասը տարի՝ մինչեւ 1725 թվականի մարտի 1-ը, այսինքն՝ մինչեւ իր մահը։ Մ. Օրմանյանի կարծիքով՝ նա պարզապես իր խաղաղ դիրքը գերադասել է Էջմիածնի խռովահույզ գործունեությունից։ Նրա օրոք Նոր Ջուղայի Ամենափրկչի վանքում կային 2 եպիսկոպոս եւ 17 նշանավոր վարդապետ, իսկ քաղաքի 14 եկեղեցիներում հովվություն էր անում 62 քահանա։ Սակայն, այնուամենայնիվ, Մովսեսը խաղաղ կյանք չունեցավ՝ Նոր Ջուղայում եւս աֆղանների ապստամբության եւ Սպահանին տիրելու պատճառով։
Մայր Աթոռի միաբանությունը, Մովսեսի հրաժարականից հետո անգամ, որոշեց կաթողիկոսության թեկնածու փնտրել նորջուղայեցիների մեջ։ Նրանք հրավիրեցին Սբ Ամենափրկչի միաբան երկու եպիսկոպոսներից Աստվածատուրին, որը պարսից իշխանությունների հաստատումն ստանալուց հետո՝ 1715 թ. մայիսի 7-ին, եկավ Էջմիածին եւ թերեւս հաջորդ օրն էլ՝ Կարմիր կիրակիին, օծվեց կաթողիկոս։ Նրա նախորդ գործունեության մասին պատմությունը հիշատակներ չի պահպանել։ Նրա կաթողիկոսական գործունեությունն արժանավոր եղավ։ Հեզաբարո բնավորություն ունեցող, շնորհաշատ ու ջերմեռանդ այր էր, որ հանդես էր գալիս նաեւ բարերարությամբ։ Նա նորոգություններ կատարեց Մայր տաճարում՝ Իջման տեղը մարմարից կառուցեց, նորոգեց ավագ խորանը, վերաշինեց եկեղեցու սյուները, սալահատակեց, ջրհոր բացեց, ինչպես նաեւ վանական կալվածքները պետական ֆարմաններով ապահովեց։ Այս ամենը նա կատարեց իր հովվապետության առաջին հինգ տարում, հետո խաղաղությունը խախտվեց, պատերազմ սկսվեց, եւ էջմիածինը դրանից շատ տուժեց։ Ասվում է, որ իբր հնազանդության նամակ է ուղարկել Հռոմի պապին, սակայն հռոմեական այլ գործիչներ ու հեղինակներ այդ բանը չեն կրկնում, ինչը կասկածելի է դարձնում վերը հիշվածը։ Չկա նաեւ նամակի պատճենը, եւ մնում է ենթադրել, թե դա լատին քարոզիչների դեմ Ալեքսանդրի գանգատի կրկնությունն էր, իսկ եթե մեջը գովասանքի խոսքեր են եղել, ապա դավանական կարեւորություն չեն ունեցել։ Իսկ հնազանդություն կոչվածը նման նամակներին հատուկ ոճն է, երբ դիմացինին գովասանքի խոսքեր են ասվում, իսկ սեփական անձը նվաստացնում են։ Պահպանվել է 1718 թ. հունիսի 19-ի նշումով մի կոնդակ՝ Վենետիկում գտնվող Ջուղայեցի եւ այլ վաճառականներին, որ Էջմիածնի համար մի քանի բեռ կանթեղ, ջամ եւ այլ ապակեղեն ուղարկեն, որում, սակայն, ոչ մի խոսք չկա հռոմեադավանության վերաբերյալ։
Այս ընըացքում խռովահույզ էր կացությունը Կ. Պոլսում։ Հովհաննես Գանձակեցին Կ. Պոլսի պատրիարք էր դարձել 1714 թ. մարտի 21-ին՝ Ալեքսանդրի մահվանից 8 եւ Աստվածատուրի կաթողիկոսությունից 14 ամիս առաջ։ Նա դեռ նոր էր աթոռակալել, երբ լատիններն իրենց հետեւորդներին սկսեցին ստիպել, որ հայկական եկեղեցիներ չհաճախեն եւ գնան միայն կաթոլիկ եկեղեցիներ։ Կառավարության խստությունները լատինների դեմ պայմանավորված էին Վենետիկի հետ հարաբերությունների խառնակվելով, որը պատերազմի հավանականություն էր ստեղծում։ Գանձակեցին սկզբում կոչ արեց եւ հորդորեց նրանց հաճախել հայկական եկեղեցիներ, որպեսզի կառավարության կասկածամտությունն առաջ չբերեն, քանի որ իրեն էլ հանձնարարված էր հսկել իր հոտի վարքագծի վրա։ Լատին քարոզիչները, սակայն, ավելի ուժեղացրին իրենց արգելքը եւ պղտորեցին մթնոլորտը՝ մտածելով, թե ֆրանսիական դեսպանի հովանավորությամբ կարող են հաղթել հայոց պատրիարքությանը, քանի որ Ֆերիոլի հաջորդ՝ Պյեր-Պաչո կոմս Դեզալիորը նույնքան մոլեռանդ էր գործում, որքան նրա նախորդը. Գանձակեցին իր փոխանորդին ուղարկեց կաթոլիկ եպիսկոպոսի մոտ, որ խրատի իր եկեղեցականներին եւ զգուշացնի կառավարության կողմից հնարավոր տհաճ ձեռնարկների մասին։ Դրան հակառակ՝ լատին եպիսկոպոսը հավաքեց կաթոլիկ կրթություն ստացած հայերին եւ հռոմականությանը հարած եկեղեցաակններին եւ նրանց հանձնարարեց պատրիարքին գահընկեց անել եւ իրենցից մեկին պատրիարքական աթոռ բարձրացնել։ Այդ նպատակով սկսեցին դրամ հավաքել՝ հնարավոր ծախսերի համար։ Պատրիարքի դեմ գործողների գլուխ էր կանգնել Մելքոն Թասպասյան եպիսկոպոսը, որը ցանկանում էր պատրիարք դառնալ։ Նրան հետեւում էին Հովհան Նիկոմիդացին, Սարգիս ու Երեմիա եպիսկոպոսները եւ ուրիշներ։ Իշխանություններին այդ ամենը հայտնի դարձավ։ Պատրիարքին հանձնարարվեց ոչ մեկին ոչինչ չասել, եւ մեծ վեզիրը ձերբակալեց այդ երեք եպիսկոպոսներին եւ անհայտ վայրում բանտարկեց։ Կաթոլիկներին հարածներին թվաց, թե ձերբակալությունն ու բանտարկությունը հայոց պատրիարքի ձեռքի գործն են, ուստի մի հարյուր հոգով մեծ վեզիրին բողոքեցին՝ ամբաստանելով պատրիարքին։ Նրանց մտքով չէր անցնում, որ կատարվածի հեղինակը հենց մեծ վեզիրն է։
Մեծ վեզիրը նրանց ընդունեց եւ հայտարարեց, որ գործին ծանոթ է, եւ որ դա Երուսաղեմի հաշիվների հետ կապված խնդիր է՝ պատրիարքի եւ հիշյալ երեք եպիսկոպոսների միջեւ, որոնք եւս երեք ընկեր ունեն, եւ ինքը դատ կբացի, եթե նրանց էլ բերեն։ Բողոքողները դրան հավանեցին, բայց մյուս երեքը, որոնց պահել էր լատին եպիսկոպոսը, այդպես էլ մեջտեղ չեկան։ Հասկանալի է, որ դա ամբոխին զայրացրեց, քանի որ լատին եպիսկոպոսն իրենց մեջտեղ էր նետել, իսկ այժմ վտանգի էր ենթարկում։ Լատին եպիսկոպոսն ստիպված եղավ երեք եպիսկոպոսներին հանձնել, իսկ ամբոխն էլ նրանց հանձնեց մեզ վեզիրին՝ Հովհան Նիկոմիդացի եպիսկոպոսի հետ միասին։ Ինչ վերաբերում է Սարգիս եւ Երեմիա լատինամետ եպիսկոպոսներին, ապա նրանք բանտում իսլամություն էին ընդունել եւ գործից ետ քաշվել։ Պատրիարքն էլ է կանչվում դատարան եւ հայտնում իր բողոքը, որ լատինները կամենում են օտարացնել իր հոտը եւ արգելում են հայերին հայոց եկեղեցիներ հաճախել։ Սակայն հարկ է նշել, որ նա մեծ վեզիրի ծրագրին մասնակից չէր։ Նա լոկ նշում էր, որ փորձում են ժողովրդին արգելել տուրքերը տալ Հայոց Եկեղեցուն եւ տալ Կաթոլիկ Եկեղեցուն։ Ըստ որում, ավելացնում է նա, հիշյալ չորս եպիսկոպոսները լատինների գործի կատարողներն են։ Մեծ վեզիրն էլ այդ չորսից բացատրություն է պահանջում։ Հիշյալ չորս անուններից հանդես է գալիս Թասպասյանը՝ ասելով իրենց կեցվածքի պատճառը։ Մեծ վեզիրը նրա խոսքը համարում է մեղքի խոստովանություն եւ որպես օտարներին աջակցողների ու կառավարության դեմ հանդես եկողների՝ դատապարտում թիարանի։ Նրանց բանտարկում են 1714 թ. վերջերին, սակայն նրանցից երեքը թիապարտությունից ազատվում են կաշառք տալով, իսկ Մելքոն եպիսկոպոսը, որպես շարժման պարագլուխ, երկու տարի մնում է բանտում եւ այնտեղ էլ վախճանվում։ Որպես Մելքոնի գործակիցներ՝ դատապարտվում են նաեւ Մելտոն Բալաթցին եւ Չախմախօղլուն, որոնցից առաջինն ազատվում է ուրացությամբ, իսկ երկրորդը՝ կաշառքով։
Լատինների բռնած երկդիմի դիրքը շատերին հեռացրեց նրանցից, իսկ մեծ վեզիրի՝ օտարասիրության մեղադրանքով դատավճիռներն էլ, որոնք շարունակվեցին, շատերին վախեցրին։ Հանձնարարվեց հսկել նման գործողությունները նաեւ գավառներում ու զսպել հռոմեամետներին։ Հասկանելի է, որ նոր ձերբակալություններ եղան, որոնց մեջ էր Աբրահամ Արծրունյան եպիսկոպոսը, որը Կ. Պոլսի թիարան ուղարկվեց, իսկ Գրիգոր Եվդոկացի վարդապետը եւ Կարնեցի մի քանի քահանաներ բանտարկվեցին, բայց տուգանքով ազատվեցին։ Արծրունյանն էլ ազատվեց՝ իր հրեա բանտակիցների միջնորդությամբ։ Իսկ գավառներում նման քաղաքականությունը շարունակվեց նաեւ հաջորդ տարում։
Դեռեւս 1714 թ. վերջերին ծրագրվել էր պատերազմը Վենետիկի հանրապետության դեմ, իսկ 1715 թ. ապրիլին սուլթան Ահմեդ Գ-ն եւ մեծ վեզիր Տամատ Ալին, նավատորմիղով դուրս գալով Կ. Պոլսից, գրավեցին Թինոս կղզին, իսկ հունիսին թուրքական բանակը մտավ Պելոպոնես։ Հուլիսին գրավվեց Կորնթոսը, հետո՝ Պելոպոնեսի ցամաքային մասում գտնվող Նաուբլիա, Քորոն, Նավարին եւ Մեթոն բերդաքաղաքները։ Նվաճվեցին Չերիկո եւ Կրետե կղզիները, եւ արդեն 1715 թ. նոյեմբերին թուրքական տիրապետությունը հաստատվեց ոչ միայն Պելոպոնեսում կամ Մորեայում (Մոռայում), այլեւ՝ արխիպելագում։ Հենց այդ ժամանակ էլ լատինները, փաստորեն, հակակառավարական կեցվածք էին որդեգրել՝ մեջտեղ բերելով հայ հռոմեադավաններին՝ դառնալով վերջիններիս դժբախտության պատճառ։
1715 թվի ապրիլին՝ Զատկից հետո, Երուսեղեմից Կ. Պոլիս եկավ Հովհաննես Կոլոտ վարդապետը եւ ամբողջությամբ նվիրվեց Երուսաղեմի կացության բարելավմանը։ Նա ամենուրեք հայտնում էր Երուսաղեմի դժվարությունների մասին եւ օգնություն խնդրում։ Միաժամանակ նա կամենում էր Երուսաղեմն ազատել Կ. Պոլսի պատրիարքության ենթակայությունից, այլ խոսքով՝ երկու պատրիարքությունների միավորումը լուծարել եւ Կ. Պոլսի պատրիարքության կողմից հսկողությունը սահմանափակել։ Հարկ է խոստովանել, որ դրան Հովհաննես Գանձակեցին որեւէ ձեւով չընդդիմացավ, թեկուզ եւ սխալվել եւ Երուսնղեմ էր ուղարկել Հովհաննես Բալըքեսիրցուն։ Համենայն դեպս, այդ սխալը նա գիտակցաբար չէր գործել։ Կոլոտը կարողացավ ժողովրդին համոզել, եւ մեծամեծները նպաստեցին նրա ձեռնարկին։ Այդ մեծամեծների մեջ էին Հարություն Մուրադյան Ապուչեխցին, Հարություն Թեւեքելյան Ապուչեխցին, Սարգիս Խալֆա Կեսարացին, Իսրայել Կոստանդնուպոլսեցին եւ Լութվինը, որոնք իրենց կողմը գրավեցին Սեղբեստրոս Երեւանենց Ակնեցուն (իմա՛ Սեղբոս ամիրա), որը կոչվել է նաեւ մահտեսի՝ Երուսաղեմ ուխի գնացած լինելու համար։ Դժվար էր, սակայն, այդ գործն իրականացնել։ Կոլոտին ասում էին, որ դառնա պատրիարք եւ այդ գործն իրականացնի, իհարկե, մեծամեծների գիտությամբ եւ հավանությամբ։ Նա սկսեց խուսափել՝ առաջ բերելով բազմաթիվ պատճառաբանություններ։ Սակայն չորս տարվա պայմանաժամը ծանրացել էր նրա ուսերին, ուստի նա, ի վերջո, համաձայնեց։ Հովհաննես Գանձակեցին էլ վեհանձնորեն խոստացավ կամովին հրաժարվել պատրիարքությունից։
Շարունակելի
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s