Հազարավոր տարիներ մարդկությունն զգաց իր ոչնչությունը մեղքերի անդունդի մեջ (Իմաստ. Բ 5), տառապեց` սպասելով խոստացված Մեսիային, Փրկչին: Եվ երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված մարդացավ… Եկավ «Աստծո Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ. Ա 29): Եկավ կատարելու մարդկության փրկագործությունը, ջնջելու ու վերացնելու այն անեծքը, որը մեր նախահոր` Ադամի պատվիրանազանցության պատճառով ծանրացել էր ողջ մարդկության վրա: Եկավ մարդկային ազգին ազատագրելու մեղքի ու մահվան կապանքներից` մարդկության առջեւ վերստին բացելով երկնքի արքայության ճանապարհը…
Գեթսեմանիի պարտեզում հանկարծակի անտանելի ու անելանելի կացության մեջ ընկած Հիսուսին հետո բոլոր իրավիճակներում տեսնում ենք արի ու հզոր, ոչ մի նեղությունից չընկճվող ու հակառակությունից չշփոթվող, այլ դատարանների առջեւ, ե՛ւ տանջանքների պահին, ե՛ւ խաչի վրա անվրդով ու անսասանորեն տոկացող:
Հիսուսը ձերբակալվում է Իր 12 աշակերտներից Հուդա Իսկարիովտացու մատնությամբ: Ինչպես Ավագ չորեքշաբթի օրվա շարականում է ասվում, «Ոչնչից երկինքն ու երկիրը ստեղծողը, այսօր վաճառվում է դյուրագին երեսուն արծաթով»: …Քահանաների ու ծերերի գլխավորությամբ Հիսուսի վրա եկող, սրերով ու մահակներով զինված ամբոխը Նրան ձերբակալում է՝ որպես մի ավազակի: Եվ այդ եղավ, որպեսզի մարգարեների գրվածքները կատարվեն (Մարկ. ԺԴ 48): Այդ պահից սկսվում են Քրիստոսի չաչարանքները… Նրան նախ տանում են Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ Նա հարցաքննվում է եւ… հայտարարվում «մահապարտ»: Ժողովը փակվում է` հետաձգվելով մինչ առավոտ: Հիսուսը հանձնվում է քահանայապետի բարապաններին, որպեսզի հսկեն Նրան ու վարվեն Նրա հետ, ինչպես կամենան: Եվ ողջ գիշեր Աստվածորդին ենթարկվում է քստմնելի ձաղկանքի ու ծաղրուծանակի, քանզի Նրան պահպանողները ծիծաղում էին Նրա վրա եւ խփում, ծածկում էին Նրա երեսը եւ տանջում, հարցնում էին Նրան ու ասում. «Մարգարեացիր, ո՞վ է, որ քեզ խփեց» (Ղուկ. ԻԲ 63, 64): Նա, Ում հրեշտակներն իսկ չէին համարձակվում նայել, այսօր անարգվում է Իր իսկ ծառաների` մարդկանց կողմից… Քահանայապետներն ու ժողովրդի ծերերն առավոտյան ժողովի ժամանակ խորհուրդ են անում Հիսուսի դեմ` Նրան սպանելու համար (Մատթ. ԻԷ 1): Եվ կապելով անարգված Քրիստոսին` տանում հանձնում են Պիղատոսին: Վերջինս հարցաքննում է Հիսուսին ու «Նրա մեջ որեւէ հանցանք չի գտնում»: Եվ իմանալով, որ Նա գալիլիացի է, հանձնում է Հերովդեսի դատին, ով արհամարհելով ու ծիծաղելով տառապյալ Քրիստոսի վրա՝ վերստին ուղարկում է Պիղատոսի մոտ: ….Ի վերջո, Պիղատոսը, «կամենալով ամբոխին գոհացնել, նրանց համար տոնի առիթով արձակում է հանցագործ Բարաբբային: Իսկ Հիսուսին ծեծել տալով` նրանց ձեռքն է հանձնում, որպեսզի խաչը հանեն» (տե՛ս Մարկ. ԺԵ 15):
Ինչպես Պիղատոսը, այնպես էլ իր զինվորները հրեաների նկատմամբ անարգական վերաբերմունք ունեին, ուստի առիթը բաց չեն թողնում Հիսուսին խայտառակ ձաղկանքի ենթարկելու համար: Երբ գանակոծությունը բավականին խորանում է, զինվորները դադարեցնում են ծեծը եւ խոշտանգված Քրիստոսին ենթարկում են ծաղրուծանակի: Ծաղրելը դեռ բավական չէր, Նրան նաեւ տանջում ու նեղում են, թքում երեսին, ապտակում, ավելի կսկծացնելու համար՝ եղեգով խփում փշերով ծածկված գլխին: Ինչպես դարձյալ Օրմանյանն է նկատում, «փշե պսակի պատրաստման համար գործածված ճյուղերը փշատենու կամ վայրի եղջերափշի չոր ճյուղեր էին, իսկ փշատենու ճյուղերը բավականին սուր ու ամուր են, մանավանդ գանգի շրջանում խայթող ու սաստիկ ցավ պատճառող, արյունալից վերքեր կարող են պատճառել` գլուխն ու երեսը զարհուրելի կերպարանքի վերածելու չափ…»: Եվ այսքան տառապանքներից, գանակոծությունից ու խոշտանգումներից հետո Հիսուսը դեռ պետք է կրեր Իր խաչափայտը: Իսկ խաչափայտի նշանավոր մասունքների հետազոտությունները ցույց են տվել, որ Հիսուսի խաչափայտը մայրի ծառի ընտանիքից էր, որ պատկանում էր ծանր փայտերի տեսակին: Ուստի այն կրելը տառապյալ ու ուժասպառ Քրիստոսի համար խիստ դժվար էր… Տեսնելով, որ Նա չի կարողանում տոկալ խաչափայտի ծանրության տակ, զինվորները Սիմոն Կյուրենացի անունով մեկին, որը հանդից էր գալիս, պարտադրում են շալակել այն ու Հիսուսի հետեւից բարձրացնել Գողգոթա, ինչպես վկայում է Ղուկաս ավետարանիչը (տե՛ս Ղուկ. ԻԳ 26): Եվս մեկ կարեւոր հանգամանք. Քրիստոսի կրած տառապանքների սաստկությունն առավել պատկերացնելու համար, տեղին է հիշել սբ Գր. Տաթեւացու այն միտքը, որի համաձայն` Տիրոջ մարմինը, լինելով անարատ, անապական ու զերծ մեղքից, աչքի բիբի պես նուրբ ու շատ զգայուն էր, ուստի Նրա կրած չարչարանքները տաժանելի ու սոսկալի էին: Ահա թե ինչու Երեմիա մարգարեն Քրիստոսի անունից ասում է. «Ձեզ եմ ասում, ձեզ, ով անցորդներ, ետ դարձեք, նայեցեք, տեսեք` Ինձ հասած ցավերի նման ցավեր եղե՞լ են արդյոք» (Ողբ Երեմիայի Ա 12): Նրա տառապյալ տեսքի ու խոշտանգված մարմնի նկարագրությունն է տալիս եւ Եսայի մարգարեն` ասելով. «Ո՛չ տեսք ուներ Նա եւ ո՛չ վեհություն: Նայեցինք մենք Նրան, բայց Նա ո՛չ տեսք ուներ եւ ո՛չ էլ գեղեցկություն: Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը: Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտե… Նա մեր մեղքերն էր վերցնում եւ մեզ համար չարչարվում: …Բայց Նա խոցվեց մեր մեղքերի համար եւ մեր անօրինությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար Նա պատիժ կրեց, եւ Նրա վերքերով մենք բժշկվեցինք…» (Եսայի ԾԳ 2-6):
…Երբ մահապարտների թափորը հասավ Գողգոթա (ուր, ըստ ավանդության, թաղված է մեր նախահայր Ադամը), Քրիստոսը խաչվեց երկու ավազակների միջեւ, որպեսզի իրականանար մարգարեությունը. «Նա հանցավորներին հավասար համարվեց: Նա շատերի մեղքերը կրեց եւ նրանց անիրավությունների համար դատապարտվեց» (Եսայի ԾԳ 12):
Սոսկալի է անգամ պատկերացնելը… Գողգոթայի բարձունքում մարդը խաչում էր իր Արարչին… «Նա, Ով անօրենություն չգործեց, եւ նենգությունը տեղ չգտավ Նրա բերանում» (Եսայի ԾԳ 9), Իր անմեղ արյան հեղմամբ քավում էր մարդկության մեղքը:
Աշխարհի Փրկիչը մերժեց ըմպել նույնիսկ մահապարտների համար պատրաստված` զմուռսով խառնված գինին, որը զգայարանները թմրեցնելու եւ չարչարանքները մեղմելու համար էր մատուցվում, սակայն չկամեցավ այդպիսի արհեստական միջոցներով Իր չարչարանքների սաստկությունը թեթեւացնել, այլ մտքի կատարյալ պարզությամբ եւ կամքի պատրաստակամությամբ էր ուզում չարչարանքների ու մահվան դառը բաժակը խմել: Խելագար ու ատելությունից կուրացած ամբոխը, սակայն, չէր հանդարտվում` ծիծաղելով, նախատինքներով ու հայհոյություններով առավել խոցելով խոշտանգված Քրիստոսին: Արդեն մոռացվել էին այնչափ հրաշքները, անթիվ բժշկությունները, անհամար բարիքները: Իսկ Նա՞: Խաչի վրա գամված, ջղաձգումից թուլացած ու կքված, կարծես Ինքն Իրեն մոռացած, աղոթում էր Իր թշնամիների, չարչարողների, սպանողների համար: Ըստ եկեղեցական հայրերի` Եդեմի պարտեզում նախաստեղծների կատարած ամեն մի մեղանչման դիմաց մեր Տերը Իր տնօրինությամբ համապատասխան փրկչական գործողությունը կատարեց, քանզի «քրտնելով, փշե պսակ կրելով, զինվորների թուքը հանդուրժելով, ոտքերը եւ ձեռքերը կապված, լեղին ճաշակելով, գլխի խոնարհմամբ, կողի խոցվածքով եւ մնացյալ ամեն ինչով բուժում էր նախաստեղծների ախտերը» (սբ Գր. Տաթեւացի, «Քարոզ Խաչի»): Ինչպես օրվա շարականում է ասվում, «Ադամը, խախտելով պատվիրանը, ձեռքը մեկնեց դրախտի ծառին, իսկ Քրիստոսը ձեռքերով բեւեռվեց խաչափայտին, եւ Ադամի կերած պտուղի փոխարեն լեղի խմեց…»: Քրիստոսն այս բոլոր չարչարանքները հանձն առավ եւ խաչափայտի վրա Հոգին ավանդեց` մարդկության փրկության համար:
Նույնիսկ անշունչ արարածները չկարողացան տանել Անմահի մահը` սգալով ու ողբալով Նրա համար, քանզի Նրա հետ միասին չարչարվում էր ողջ բնությունը: Երբ Հիսուսն Իր Հոգին ավանդեց, արեգակն անմիջապես խավարեց` թաքցնելով իր լույսը, որպեսզի չտեսնի փառքերի Թագավորին՝ խաչին գամված: Երկնային մեծ լուսատուն լույսն իր մեջ ամփոփեց եւ երեք ժամ խավարի մեջ մնալուց հետո կրկին լուսավորեց, որպեսզի քարոզի ողջ երկրով ու երկնքով մեկ, թե երրորդ օրը իր Արարիչը դարձյալ ծագելու է դժոխքից եւ հարություն է առնելու մեռելներից: Բնությունն աղաղակեց, որ արդար ու անմեղ է Նա, Ում անարգ մահվամբ սպանեցին եւ դասեցին ավազակների շարքը: Հիսուսի մահվամբ Հին Ուխտը խախտվեց ու կործանվեց, եւ Նոր Ուխտի դռները բացվեցին…
Գողգոթայի բարձունքում Քրիստոսը կատարեց մարդկության փրկագործության վեհ ու սքանչելի խորհուրդը. կատարվեց այն, ինչ նախասահմանված էր հավիտյաններից առաջ, եւ կանխատեսել էին մարգարեները: Աստվածորդին Իր փրկագործ չարչարանքներով ու խաչի անարգ մահվամբ հաղթեց մահվանը` երրորդ օրը հրաշափառապես հարություն առնելով մեռելներից: Նա փարատեց գերեզմանի ու մահվան խավարը եւ մխիթարեց թախծյալ մարդկությանը: Քանզի երբ մարմնով դրվեց գերեզմանում, Հոգով իջավ դժոխք, փշրեց նրա դռները, կապեց սատանային հրեղեն շղթաներով եւ ազատեց բանտված հոգիներին: Սբ Գր. Տաթեւացին ասում է. «Մեր Տիրոջ եւ Փրկչի գերագույն հաղթանակը կայանում է նրանում, որ լինելով խաչին գամված` արձակում էր կապվածներին, եւ մեռած` մեռյալներին հարություն էր տալիս, Իր մահով խափանում էր մահը եւ գերեզման իջնելով` մեզ երկինք բարձրացնում» («Քարոզ Խաչի»): Խաչի վրա հեղած Իր արդար ու սուրբ արյամբ ջնջեց անեծքը, որը մեր նախահոր` Ադամի պատվիրանազանցության պատճառով ծանրացել էր ողջ մարդկության վրա: Քրիստոսի փրկագործությամբ մարդկությունը հաշտվեց Աստծու հետ` արժանանալով որդիության բարձրագույն պատվին (տե՛ս Հռոմ. Ը 16, 17): Քրիստոսի զոհագործությամբ մարդը հավատքով արդարանալու եւ երկնքի արքայության ժառանգորդը լինելու երանելի շնորհին արժանացավ, իսկ խաչն անարգանքի գործիքից վերածվեց զորության նշանի, քանզի խաչի զոհասեղանի վրա պատարագվեց Աստծո Գառը` քավելով մարդկության մեղքը:
Հայաստանյայց Առաքելական Սբ Եկեղեցին Քրիստոսի չարչարանքների հիշատակությունները սրբագործել է պատշաճ արարողակարգով: Ամեն տարի՝ Ավագ հինգշաբթի երեկոյան եւ Ավագ ուրբաթ օրը, բոլոր եկեղեցիներում կատարվում է Քրիստոս Աստծո սոսկալի չարչարանքների եւ խաչելության հիշատակությունը: Եվ յուրաքանչյուր քրիստոնյա, մասնակից լինելով այդ կարգին, իր Փրկչի հետ խորհրդավոր կերպով քայլ առ քայլ անցնում է խաչելության ու չարչարանքների ճանապարհը` տառապելով Նրա հետ ու ամաչելով ու սոսկալով մարդ արարածի գործածի համար: Սակայն չարչարանքների, խաչելության ու մահվան տխրազգաց հիշատակներին հաջորդում են հարության, կյանքի ու փրկության ուրախալի հիշատակումները:
Գնահատենք ու արժեւորենք տիեզերական պատմության ամենանշանակալի իրադարձությունը` Գողգոթայի հաղթանակը, հաղթանակ, որը մեզ ուժ եւ կարողություն է շնորհում՝ կյանքում քաջությամբ եւ Քրիստոսի օրինակով ոտք դնելու արդեն մեր Գեթսեմանիի պարտեզ եւ բարձրանալու մեր Գողգոթան, քանզի առանց խաչելության չկան հարություն եւ կյանք… Խաչվենք Քրիստոսի հետ, որպեսզի Նրա հետ էլ վայելենք հաղթական փառքը երկնքում: Գողգոթայի հաղթանակը յուրաքանչյուր քրիստոնյայի հաղթանակն է. արժեւորենք այն` մեր աչքի առջեւ մշտապես ունենալով մեր Փրկչի` մեզ համար կրած փրկագործ չարչարանքները, կենսատու խաչելությունը, երեքօրյա թաղումը, երանելի հարությունը, աստվածապես համբարձումը եւ նստելը Հոր աջ կողմում, եւ խոստովանենք ու օրհնենք Նրա ահավոր եւ փառավորյալ մյուս գալուստը:
Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s