ԱՍՈՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻ ՕՐՈՔ ԵՎ ՆՐԱ ԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ ԵՂԱԾ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ V ԴԱՐԻ ԿԵՍԵՐԻ
ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սկիզբը՝ թիվ 2012 Հունվար Բ-Մարտ Ա

Գրիգոր Լուսավորչին տրված «երիցս երանեալ» սրբազան մակդիրն առիթ է տվել նեստորական ասորի բարձրաստիճան կղերին՝ հայոց ազգային սրբին նվաստացնելու նպատակով մի Թուղթ հորինել եւ դնել՝ իբրեւ ընծայական, քարոզների մի գրքի հայերեն թարգմանության սկզբում: Գրքի վերնագիրն է «Գիրք որ կոչի Զգօն արարեալ Սրբոյն Յակոբայ երիցս երանեալ Հայրապետին Մըծբին քաղաքի՝ ըստ խնդրոյ սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, սակս մանկանց նորոյս սիովնի»: Հիշյալ ընծայականում, որ զարմանք հարուցող խնամքով պահպանվում է հայ մատենագրության մեջ արդեն գրեթե մեկուկես հազարամյակ, Գրիգոր Լուսավորիչը՝ իբրեւ անգետ աշակերտացու, դիմում է երիցս երանեալ Մծբնա Հակոբ հայրապետին՝ խնդրելով իրեն հասկացնել, թե ինչ է Քրիստոսի ուսմունքը, եւ որն է նրա հիմքը. «Բայց քեզ սիրելի իմ՝ հարց եւ խնդիրս ողջոյն ետու բերել, վասն կարօտութեան իմոյ՝ որ է ինձ առ ի քէն հարցանել խնդրուածոց իմոց, դու յինէն մի՛ արգելուցուս. վասն բազում ճառից գրգռեցին զիս խորհուրդք իմ, զի ուսուցից զքեզ, եւ բացցես դու ինձ զխորհուրդս խելաց իմաստութեան քոյ, ի միտ առնուլ քեզ զայս ամենայն, որ ինչ ես ի գրոց սրբոց հասու եղէ, զի պակասութիւն իմ քեւ լցցի. եւ քաղց իմ յագեալ լիցի ի վարդապետութենէ քումմէ, զի պարզու ծարաւոյ իմոյ՝ զովասցի յաղբերէ վտակաց քոց…»։
«Բայց յառաջ քան զամենայն ինչ՝ որ կարի պիտոյ է ինձ գրեսցես, եւ խելամուտ արասցես զիս վասն հաւատոյ մերոյ, թէ զիա՞րդ իցէ, եւ ո՞ր է հիմն նորա. եւ ո՞րպէս շինուած շինի նա. եւ որպի՞սի իրոք հաստատի նա, եւ ո՞րպիսի գործք պիտոյ են նմա…»։
«Յայսմ ամենայնի եղբայր ես այսպէս հաւատացեալ եմ, աղաչեմ զքեզ, զի գրեսցես, եւ խելամուտ արասցես զիս՝ թէ ո՞րպիսի գործ պիտոյ է այսմ հաւատոյ մերոյ, եւ հանգուսցես զիս» («Գիրք որ կոչի Զգօն ….», Կոստանդնուպոլիս, 1824, էջ 3-4):
Այս ընդամենը երկու տող դիմումը, որ ընդարձակվել է Հակոբ Մծբնացուն ուղղված հաճոյախոսությամբ եւ միտումնավոր կրկնվող ինքնանվաստացման խնդրվածքներով — խնդրանք՝ իրեն խելամուտ անելու, խնդրանք՝ խնդիրքը չարգելելու մասին, որոնք ուղեկցվում են սեփական պակասամտության հավաստիացումներով, իմ կարծիքով՝ կապված են 430 — ական թթ. Հայաստանում իշխած ասորի կաթողիկոսների հետ: Իսկ որ դա այդպես է, հաստատվում է նրանով, որ Հակոբ Մծբնացուն «զգօն պարսիկ» է անվանում նաեւ Փավստոս Բուզանդը Հայոց Պատմության սկզբում. «Զայնու ժամանակաւ խաղաց գնաց մեծ եպիսկոպոսն մծբնացւոց, այր սքանչելի ծերունի, վաստակասէր ի գործս ճշմարտութեան, որում անուն Յակոբ, փոխանակ ազգաւն պարսիկ կոչէր, այր ընտրեալ յաստուծոյ» (Փաւստոսի Բիւզանդացւոյ Պատմութիւն Հայոց. Գ, Ժ, էջ 36): «Ազգաւն պարսիկ» պետք է ուղղել պարզապես «զգաւն պարսիկ», որ նշանակում է «իմաստուն պարսիկ»: Սողոմոն Իմաստունին վերագրվող Հին Կտակարանի «Իմաստութիւն» գիրքը Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան» ճառում կոչված է «Զգօնութիւն»:
XIX դ. վերջին գերմանացի ասորագետ Բերտի եւ այլոց ջանքերով պարզվեց, որ Հակոբ Մծբնացուն ընծայված քարոզների գրքի իսկական հեղինակն է Ափրաատ կամ Ֆարհադ անունով մի պարսիկ իմաստուն (Խաքիմա Ֆարսայա), որը վախճանվել է 320-ական թթ., իսկ Հակոբ Մծբնացին կյանքում ոչ մի տող չի գրել:
Ե. Տեր-Մինասյանը, որի գրչին է պատկանում Հայ եւ Ասորական Եկեղեցիների հարաբերություններին վերաբերող արժեքավոր ուսումնասիրությունը, կարծիք է հայտնում, թե «դիմողը եղել է, անշուշտ, Գրիգոր անունը կրող մի հոգեւորական, բայց առաջին սխալին՝ գրվածքը Մծբինի եպիսկոպոսին վերագրելուն, անմիջապես հետեւել է երկրորդը՝ Գրիգորը դարձել է Գրիգոր Լուսավորիչ, որով մոտավորապես ժամանակակից երկու նշանավոր գործիչների անունները կապվել են միմյանց հետ» (Ե. Տեր-Մինասյան. Պատմա-բանասիրական հետազոտություններ, ԳԱ հրատ., 1971, նաեւ նույնի՝ Հայոց Եկեղեցու յարաբերութիւնները Ասորոց Եկեղեցիների հետ, Էջմիածին, 1908, էջ 122-133): Քրիստոնեական վարդապետության հմուտ գիտակը եւ հայ մատենագրության խոշոր մասնագետը այս հարցում շատ մեղմ բացատրություն է տալիս — որեւէ հայ գրիչ, առավել եւս՝ խմբագիր, ոմն Գրիգորի պատահական չէր շնորհի Սուրբ հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչի բարձր մակդիրները մի ընծայական Թղթի համար, որի մեջ միտումնավոր նվաստացվում է նույն այդ տիտղոսների կրողը, քանի որ իր Թղթում դիմողը Հակոբ Մծբնացուն խնդրում է իրեն խելք սովորեցնել մեր հավատի մասին, թե ինչպիսի՞ն է եւ ո՞րն է նրա հիմքը — այսպիսի նվաստացուցիչ խնդիրքը նախատեսված չէ «երկու նշանավոր ժամանակակից գործիչների իրար կապելու համար»: Ոմն Գրիգորն այստեղ ներկայացված է իբրեւ մի անգետ աշակերտացու երիցս երանեալ Հակոբ հայրապետի համեմատ, որի անունը քաջ ծանոթ էր հայերին: Պարսիկ իմաստունն իր Քարոզները գրել է Եկեղեցու ժողովի խնդրանքով, ինչպես նշված է մի քանի քարոզների վերնագրում։ Ուստի ակնհայտ է, որ պարսիկ զգոնի (իմաստունի) Քարոզների գիրքը հայերեն թարգմանելիս աղավաղել են՝ հայոց ազգային սրբին իբրեւ թերուս վարկաբեկելու համար, եթե ավելին չասենք: Նեստորական բարձրաստիճան կղերի ցուցումով գրքի սկզբին կցվել է Գրիգոր Լուսավորչի անունով հերյուրված վերոհիշյալ նվաստացուցիչ Թուղթը: Այս կեղծիքն արվել է, ինչպես ասվեց, 430-ական թթ., երբ ասորի կղերը Հայաստանում հատուկ արշավ էր սկսել Գրիգոր Լուսավորչի պաշտամունքը վերացնելու նպատակով:
Ես մի առիթով ուշադրություն եմ հրավիրել այն փաստի վրա, թե ինչպես 320-ական թթ., երբ սբ Գրիգորը, հեռանալով Հայոց արքունիքից, աշխարհից մեկուսանալու նպատակով գնաց ճգնելու իր հիմնած Գլակավանքից վերեւ գտնվող Ավետյաց Բլրի վրա, հազիվ չորս ամիս անց վանքի ասորի ազդեցիկ վերակացուները, որոնց սբ Գրիգորն ինքն էր հետը բերել Կապադովկիայից, արգելեցին նրան այլեւս մնալ Ավետյաց Բլրի վրա՝ իբր մարդկանցից հույժ չպաշտվելու պատճառով եւ նրան պատվավոր կերպով արտաքսեցին այդ տեղից, որ գնա հեռավոր Մանյա Այրքում ճգնելու անհայտության մեջ, քանի որ այդպիսի մեծ սրբին վայել չէ մարդկանց աչքին երեւալ:
Չնայած Հայաստանը հրաշագործ բժշկությամբ եւ վարդապետությամբ լուսավորելու Գրիգոր Լուսավորչի առաքելական գործունեությանը եւ հրեշտականման վարքին, քրմական տներից ելած եպիսկոպոսների մի մասը դեռեւս կասկածանքով էր վերաբերում նրան այն պատճառով, որ Կեսարիայում կրթված, ապա ձեռնադրված լինելով՝ նրան համարում էին «հունադավան կապադովկացի», որն այնտեղից օտար հավատի հետ օտար քարոզիչներ բերելով՝ օտարված էր թվում հայկական միջավայրից: Մինչդեռ, հենց Գրիգոր Լուսավորչի «Վարդապետության» մեջ բազմաթիվ վկայություններ ենք գտնում այն մասին, որ Քրիստոսի Ավետարանը պետք է քարոզվի յուրաքանչյուր ազգի լեզվով եւ, հատկապես, շեշտվում է Հին եւ Նոր Կտակարանները հայաբարբառ, հայերենախոս քարոզելու նպատակը:
Սբ Գրիգորի «Վարդապետության» մեջ հիմնավորվում է այն գաղափարը, թե Բաբելոնյան աշտարակի կործանումից հետո, երբ Աստված միալեզու ազգը բաժանեց յոթանասուներկու լեզուների եւ այդ ազգերն իրենց յոթանասուներկու նահապետներով սփռեց աշխարհով մեկ՝ բնակվելու իրենց համար որոշված սահմաններում («579), դրա համար էլ Քրիստոսը յոթանասուներկու առաքյալ ուղարկեց նույն թվով ազգերին քարոզելու Իր Ավետարանը՝ յուրաքանչյուրին իր լեզվով (Ագաթ. «612, 685-686): Իսկ այդ յոթանասուներկու առաքյալները այդչափ լեզուներին գիտակ էին դարձել Երուսաղեմի վերնատանը կատարված Պենտեկոստեի հրաշքով, երբ վերեւից առաքյալների վրա իջան կրակի լեզուներ, եւ նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով (Ագաթ. «499) (տե՛ս Գործք առաքելոց, Բ, 3-4): Հայոց ազգն էլ, Աստծո սահմանադրության համաձայն (Ագաթ. «297, 321), Հայկ նահապետի հետ, որ մեկն էր յոթանասուներկու նահապետներից, բնակվեց իրեն հատկացված Հայոց Լեռնաշխարհում, ուստի հայերին եւս պետք է Քրիստոսի ուսմունքը քարոզվեր իրեն տրված հայոց լեզվով. «Ինչպես Մովսես մարգարեն եբրայերեն էր օրենքը սովորեցնում իր ժողովրդին, իսկ Առաքյալների Գունդը բազում լեզուներով էր քարոզում Քրիստոսի Ավետարանը, այդպես էլ սուրբ Գրիգորը (Հայաստան) եկավ՝ Մովսեսի օրենքը եւ Քրիստոսի Ավետարանը հայաբարբառ եւ հայերենախոս դարձնելու» (հմմտ. Ագաթ. «854):
Ուստի Կապադովկիայից ասորի եւ հույն վարդապետներ բերելով՝ սբ Գրիգորը բնավ նպատակ չուներ նրանց լեզուներով ուսուցանել Քրիստոսի Ավետարանը — քանզի օտար հավատը օտար լեզվով չեն քարոզում, այլ ցանկանում էր «Հայոց երկրում ասորի եւ հելլեն դպրոցներ բացելով՝ տարբեր գավառներից բերած մատաղ մանուկներին հաղորդակից անել դպրության արվեստին՝ հմուտ ուսուցիչների ձեռքի տակ. մանավանդ պղծագործ քրմերին ու նրանց որդիներին դաս-դաս խմբել հարմարավետ տեղերում եւ ապրուստի թոշակ նշանակել» (Ագաթ. «840): Սրանով նա հույս ուներ ոչ միայն նրանց հեղինակությամբ ամրապնդել նոր հավատը լայն խավերի մեջ, այլ, առհասարակ, այդ լեզուների այնպիսի կատարյալ թարգմանիչներ պատրաստել, որ նրանք եկեղեցիների բեմից, հունարեն եւ ասորերեն բնագրերին նայելով, միանգամից Սուրբ Գիրքը կարդային հայերեն: Սակայն ասորի հոգեւորականները, որոնց Գրիգոր Լուսավորիչը ինքն էր իր հետ բերել Սեբաստիայի կողմերից (Փոքր Հայքից), սկսեցին հետզհետե բացահայտ արհամարհանք տածել տեղաբնիկ ժողովրդին: Նրանք գիր եւ Ավետարան ունեին եւ գերակա դիրք էին գրավում նորաստեղծ հայ եկեղեցիներում եւ վանքերում, հատկապես Իննակնյան վանքում, որ վանահայր Զենոբ Գլակի անունով կոչվեց Գլակավանք: Նրանք բարձրամիտ վերաբերմունքով նվաստացնում էին տեղի քրիստոնյա եւ դեռեւս հեթանոս համայնքները, ինչպես եւ նրանց շատ թե քիչ ազդեցիկ ներկայացուցիչներին: Այդ արհամարհանքը յուրովի արտահայտվել է եւ Փավստոսի ֊֊«Հայոց պատմության» մեջ. «Միայն քչերը, որոնք փոքրիշատե ծանոթ էին հունական կամ ասորի գրագիտության, մասամբ հասկանում էին այդ (կրոնը): Իսկ որոնք գրագիտության արվեստից զուրկ էին, այսինքն ժողովրդի՝ նախարարների ու շինականների խառնիճաղանջ բազմությունը — եթե ուսուցիչները նստելով գիշեր-ցերեկ ամպերի նման ուսումը ինչպես հորդ անձրեւ նրանց վրա հոսեցնեին, նրանցից ոչ մեկը ոչ մի խոսք, ոչ կես խոսք, ոչ մի բան, ոչ մի նշույլ իրենց լսածներից չէին կարող մտքում պահել կամ հասկանալ» (Բուզ., Գ, ԺԳ, էջ 91): Գրիգոր քահանայապետը զգում էր, որ օտարներին տածած հակակրանքը հետզհետե դառնում էր եւ իր դեմ՝ իր բարեմիտ գործողությունների եւ օտարալեզու քրիստոնյա գործիչներին վստահելու պատճառով: Ամենախոնարհ հավատը քարոզող օտարալեզու կրոնավորների մեծամտությունն ու փառասիրությունը անսպասելի էր Գրիգոր քահանայապետի համար, եւ նորադարձ հավատացյալ հոտը չպառակտելու համար՝ նա որոշեց ճգնելու անվան տակ հեռանալ Վաղարշապատի արքունիքից եւ մեկուսանալ սակավաբնակ վայրերում՝ իր փոխարեն դրան (արքունի) եպիսկոպոս կարգելով Մամիկոնյանների սպարապետական տոհմին պատկանող Տարոնի եւ Տայքի եպիսկոպոս Աղբիոսին (այսպես է նշված բելգիացի հայագետ Ժերար Գարիտի հայտնաբերած եւ հրատարակած հունարեն Վարքում (G. Garitte, Documents pour l’ռtude du livre d’Agathange, Citta del Vaticano, MCMXLVI (1946), «191։ Հայերեն Ագաթանգեղոսի Պատմության մեջ ձեռագրերն ու տպագիրները այստեղ՝ «846-ում, «Աղբիոս»-ի փոխարեն ունեն «Աղբիանոս»: Ըստ հայերեն Ագաթանգեղոսի՝ սբ Գրիգորն Աղբիանոսին է թողել արքունի վերակացու. «Եւ զԱղբիանոս զայր ճշմարիտ եւ աստուածասէր՝ վերակացու թողոյր արքունական դրան բանակին: Եւ ինքն ընդ ժամանակս ժամանակս յանապատ լերինս ելանէր, ուր եւ ինքեան իւրով անձամբն իսկ օրինակ ցուցանէր»: Իրականում Աղբիանոս եպիսկոպոսը վերակացու էր նշանակված Եփրատ գետի կողմերում («845), իսկ հետո ժառանգություն ստացավ նաեւ Մանավազակերտ (Մանազկերտ) ավանը եւ նրա շրջակա գավառակը՝ նույնպես Եփրատ գետի կողմերում (Բուզ., Գ, Դ): Աղբիանոսը նախկինում քուրմ էր եղել, եւ նրա տոհմը մի անգամ չէ, որ հետագայում հակառակորդ կաթողիկոսներ է տվել Հայ Եկեղեցու աթոռին, ինչպես ճիշտ նկատել է Ն. Ադոնցը: Այնպես որ հայերեն Ագաթանգեղոսում եղած «այր ճշմարիտ եւ աստվածասեր» բնորոշումը վերաբերում է ոչ թե Աղբիանոսին, այլ Աղբիոսին: Հունարեն Վարքն օգնում է հայերեն Ագաթանգեղոսում Աղբիանոս եպիսկոպոսի փոխարեն վերականգնելու սկզբնապես եղած Մամիկոնյան տան եպիսկոպոս Աղբիոսի անունը («173). «Սուրբ Գրիգորը ամեն ինչ կատարելուց եւ բոլորին քրիստոնեական հավատքի մեջ ամրապնդելուց հետո, Սրբազան Աղբիոսին թողեց իրեն պատկանող վայրում տեղապահելու (ճիշտ կլիներ՝ իրեն տեղապահ նշանակեց — Ա. Մ.), իսկ ինքը ամբողջ երկրով մեկ եպիսկոպոսներ էր հաստատում, շարունակ հսկում եւ ամրապնդում նրանց, որից հետո նա բնակվեց Դարանաղյաց գավառի Մանյա Այրք կոչված քարայրում, իրեն նվիրելով աղոթքների, պաղատման եւ պասի» (Ագաթանգեղոսի պատմության հունական նորահայտ խմբագրությունը (Վարք), թարգմ. հունարեն բնագրից՝ Հ. Բարթիկյանի, առաջաբան եւ ծանոթ.՝ Ա. Տեր-Ղեւոնդյանի, «Էջմիածին», 1966), որը հավատարիմ էր թե՛ սպարապետին եւ թե՛ Տրդատ թագավորին (ըստ հունարեն Վարքի («172)՝ սբ Գրիգորը, Աղբիոսին եպիսկոպոս նշանակելով, «ուղարկեց սպարապետական տունը, որը պատկանում էր Մամիկոնյանների տոհմին: Սրանք իրենց նախարարի՝ մեծ զորավարի եւ սպարապետի հետ միասին միշտ թագավորի հետ էին, դրա համար էլ Ս. Գրիգորը հրամայեց, որ Աղբիոսը միշտ թագավորի մոտ լինի եւ իր (Գրիգորի) տեղը գրավի մշտական քարոզչության եւ վարդապետության [ժամանակ]. կրթություն էր ստացել եւ քաջածանոթ էր Աստվածաշունչ գրքերին: Նա Տարոնի եւ Տայքի եպիսկոպոսն էր» — նույն տեղում, էջ 85):
Ապա դավանաբանական պատրվակով հասան այն բանին, որ քանի դեռ աստվածային տեսիլքով չեն հայտնվել Գրիգոր Լուսավորչի նշխարները, պետք է դադարեցնել նրա պաշտամունքը եւ արգելել նրան փառաբանող Ագաթանգեղոսի Պատմությունը: Սրանով պետք է բացատրել, որ 440-ից մինչեւ 475 թվականը հանդես եկած հայ մատենագիրների եւ պատմիչների (Եզնիկ Կողբացի, Կորյուն, Եղիշե եւ այլք) երկերում չի հիշատակվում Գրիգոր Լուսավորչի անունը, չնայած որ նրանք բոլորն էլ իրենց երկերում առատորեն օգտվել են Ագաթանգեղոսի Պատմության շարադրանքից եւ ոճերից:
Շարունակելի
Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s