«Նրա վրա ներդաշնակությամբ հաստատված ամբողջ կառույցը Տիրոջով վերաճում է մի սուրբ տաճարի, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք որպես բնակարան Աստծու՝ Սուրբ Հոգու միջոցով» (Եփես. Բ 21-22)։

Պողոս առաքյալն իր այս խոսքերն ուղղում է Եփեսոսի նորադարձ քրիստոնյաներին, որոնք Եկեղեցու հովանու տակ փառաբանելով Աստծուն՝ միասին դառնում են նույն կառույցի, նույն ընտանիքի անդամ, ուր բնակվում է Աստված՝ Իր Սբ Հոգով։

Արարիչ Աստծու ձեռակերտը՝ մարդ արարածը, մանկության օրերից որոնումների մեջ է ապրում։ Կյանքը ցույց է տալիս, որ մենք, երբ հասնում ենք որոշ տարիքի, մեր հաջողությունների կամ անհաջողությունների մեջ, միեւնույն է, անբավարարության զգացում ենք ունենում եւ երազում ենք մի անգամ եւս ծնվելու մասին, որպեսզի բոլորովին այլ ձեւով ապրենք՝ անկատար թվացող մեր նպատակներին հասնելու համար։ Հագենալու ձգտումը, որ անսահմանափակ է, մի հիվանդություն է, որ դժբախտացնում է մեզ, մանավանդ եթե ավելացնենք բախտախնդրության եւ փառամոլության ախտերը։ Երբ կորցնում ենք մեր դիրքն ու հեղինակությունը, դառնում ենք կենդանի դիակ։ Այլ բան է, երբ մեր ընչաքաղցության բարդույթից ճիշտ ժամանակին ազատվելով՝ մտածում ենք օգտավետ լինել այլոց եւս, եւ այդ դեպքում, կարծես, իմաստավորվում է վերստին ծնվելու մեր երազանքը՝ մեր թերացումները շտկելու ցանկությամբ։ Այս մասին՝ քրիստոնեական վերածննդի մասին է խոսում ողջ Աստվածաշունչը։ Ահա թե ինչու, չունենալու համար խոր հիասթափություն, նույնիսկ երբ թաղված ենք նյութական շռայլ վայելքներին մեջ, Հիսուսը հորդորում է, որ մեր հարստությունը դիզենք երկնքում, ուր ո՛չ գողն է հափշտակում, եւ ո՛չ էլ ցեցն է ապականում։ Դա հոգեւոր, աննյութական արժեքներով ապրելու մեր կյանքն է, որի դեպքում Տերը խոստանում է մեզ այն առավել տալ։ Հաճախ ենք տեսնում հղփացած, եսամոլ մարդկանց, ականատես ենք լինում, թե ինչ վախճան են ունենում։ Թեեւ հարուստ, բայց՝ դժբախտ։ Իսկ երկնքում հարստություն դիզել կամեցող մարդը կարող է ապրել նվազ նյութական բարիքներով, բայց իր համեստ հնարավորություններին բաժնեկից է դարձնում նաեւ իր շրջապատի մարդկանց։ Ահա այս մասին է խոսում Պողոս առաքյալը, երբ ասում է եփեսացի հավատացյալներին, որ նրանք ներդաշնակորեն կառուցվում են՝ լինելու մի բնակարան, ուր Աստված ապրում է Հոգով։ Բազմաթիվ քրիստոնյա հայորդիների օրինակով տեսնում ենք, թե ինչպես իրենց բարի գործերով իմաստավորել են իրենց կյանքը, իրենց անունները հավերժարցել, հիշատակության եւ օրհնության արժանի դարձրել իրենց աստվածահաճո գործերով։ Հավատում ենք, որ մեզ շրջապատող բազում գործարարներ ի վերջո հագենալու են իրենց ունեցվածքից եւ հետեւելու են մեր ազգի այն զավակներին, որոնց անունները գրված են պատմության մեջ՝ ոսկե տառերով։ Սա է իսկական քրիստոնեական սիրո եւ կամեցողության առավել կյանքը։ Սա նշանակում է հաշտ ու խաղաղ ապրել մեր ներքին ձայնի հետ, արթնացնել խիղճը, դառնալ բնակարան Սբ Հոգու՝ հնազանդվելով Աստծու կամքին։ Քրիստոսով մեր կյանքը իմաստավորվում է, հզորանում եւ կատարելագործվում, իսկ գթասրտության, ծառայասիրության, զոհողությունների եւ սգավորներին վշտակցելու դրսեւորումներով մեզ մղում ենք դեպի ուրախ եւ երջանիկ, պտղաբեր կյանքի եւ զարդարվում կենսանորոգ առաքինություններով։ Սա է իսկական վերածնության իմաստը, սա է իրական հոգեւոր արժեքներ վայելելու ճանապարհը, սա է Քրիստոսի՝ մեզ խոստացած՝ Իր խաղաղությունը, որ չի կարող աշխարհը տալ։

Աշխարհի տվածն ի վերջո դառնում է ավելորդ բեռ՝ անիմաստ եւ անբովանդակ, որովհետեւ նա չի հագեցնում հոգու քաղցը, չի կարող սնունդ մատակարարել հոգու աշխարհին, իսկ աստվածակերտ, անապական, անձեռակերտ, անձեռնմխելի հոգեւոր հավիտենական արժեքները սահման եւ ժամանակ չեն ճանաչում։ Երեմիա մարգարեն, նկատի ունենալով խաղաղություն եւ ներդաշնակ կյանք որոնող մարդու վիճակը, ասում է. «Կփնտրեք Ինձ ու կգտնեք, որովհետեւ փնտրելու եք ձեր ամբողջ սրտով» (ԻԹ 13)։ Մենք՝ քրիստոնյաներս, սրտով պետք է փնտրենք միայն մի ճշմարտություն, դա այն ճանապարհն է, որ նշեց Աստծու Որդին՝ Հիսուսը, եւ ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը»։ Որեւէ որոնում այլ ճանապարհի, կարող է հասցնել մի փակուղու, որն ուղենիշ չունի։ Մեր հոգին խռովքի մեջ պահող, բարոյական տկարությունների աշխարհն այսօր տագնապի մեջ է, պատերազմների, սպառնալիքների, նյութական եւ հոգեկան ճգնաժամի մեջ։ Առանց Քրիստոսի ճշմարիտ խաղաղության չկա խաղաղություն. սին խոստումներով, ռազմական հզորությամբ կամ ուժի գերիշխանությամբ է պահվում աշխարհի թվացյալ խաղաղությունը։ Մեր ժամանակի մարդը, որ քաջատեղյակ է աշխարհի ամենահեռավոր անկյունում կատարվող իրադարձություններին, ինքն իրեն զգում է խղճուկ, անազատ, անպաշտպան անձ։ Թեեւ հպարտանում ենք, որ «բարձր կենսամակարդակով» բավարարում ենք մեր կենցաղային պահանջները, շողշողուն սարքավորումներով, փարթամ սննդամթերքներով ենք սնվում, բայց այս շռայլությամբ հանդերձ՝ սննդամթերքների ավելցուկների աղբանոցների մեջ որոնող շների կողքին տեսնում ենք, որ նաեւ մարդիկ են հայտնվում, որոշ երկրներում նույնիսկ միլիոնավոր երեխաներ սովամահ են լինում։ Այս ամենն ինչպես կարող է ուրախացնել մարդ կոչվածին, ինչ բավարարության զգացում կարող է հաղորդել նրան, որ դադարեցնի իր հոգու փնտրտուքը։ Միանգամայն պարզ է՝ որքան էլ հաջողություններ ունենանք, որքան էլ նվաճենք տիեզերքը՝ գիտության ամենօրյա ձեռքբերումներով, միեւնույն է, այն չի կարող լցնել հոգու դատարկությունը, կասեցնել մարդու անզորության, միայնության, վախի, ատելության, այլասերվածության սպառնացող վտանգը։ Հոգին մահացու սպառնալիքներից ազատելու ճանապարհը մնում է փակ, փառքի եւ հաջողության, վայելքի եւ դիրքի ունայնության գիտակցությունը ժամանակի հետ խորանում։ Միայն բարի եւ աստվածահաճո գործերով, մեր խոնարհ եւ ազնիվ, լուռ ու աննկատ, առանց սին հավակնությունների ընթացող մեր կյանքը՝ Քրիստոսով, կարող է մեզ հնարավորություն տալ ներդաշնակորեն կառուցվելու որպես Աստծու բնակարան՝ Սբ Հոգով։

Մեծ պահոց շրջանի աղոթքները, շարականները, քարոզներն ու պահեցողության կանոնները առաջնորդում են մեզ հոգու հզորացման ցանկալի վիճակի, իսկ ապաշխարությամբ, խոստովանությամբ եւ հաղորդությամբ՝ հոգու փրկության։ Հայ հավատացյալն իր դարավոր ավանդություններով միշտ էլ իր հոգեւոր, բարոյական ծառայությամբ եւ նվիրվածությամբ արժանի մասնակիցն է եղել Եկեղեցու փրկագործության առաքելության եւ հավատարիմ մնալով իր դավանությանը՝ մերժել է մոլորեցնող հոսանքներն ու ազդեցությունները։ Մեր Եկեղեցու՝ հոգեւոր արթնության կոչերն իր հավատացյալներին առաջնորդում են պատրաստ լինել դիմավորելու արժանավորապես Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, Նրա լույս գերեզմանից լույս մատակարարելու մեր հոգիներին եւ ջերմացնելու մեր կյանքը, խաղաղեցնելու մեր խռովյալ հոգիները, մահաբեր փակուղուց դուրս գալու ճանապարհները։ «Ես եմ ճանապարհը եւ կյանքը»,- այսօր էլ հստակ լսվում է Քրիստոսի ձայնը, եւ ով լսում է Նրա ձայնը եւ հավատքով հետեւում Նրա պատվիրաններին, նա արժանի մասնակիցն է լինում Նրա հրաշափառ Հարության։

Քրիստոս հարյավ ի մեռելոց, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

Արսեն արք. ԲԵՐԲԵՐՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s