Ա. ԽՈՐՀՈՒՐԴԸ

Տիրոջ հրաշափառ Հարությանը նախորդող շաբաթը, որ Եկեղեցում կոչվում է Ավագ, ամփոփումն է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի (որոնք առանձին-առանձին կրկին Ավագ են կոչվում) ուսուցումների ու պատվիրանների, չարչարանքների ու նվաստացումների, խաչի վրա մահն ընդունելու եւ հարություն առնելու բազմաբովանդակ խորհրդի։
Օրերի այս շարքում, իր աննախադեպ իրադարձությունների առումով, առանձնակի տեղ ունի Ավագ հինգշաբթին։ Այս օրը Տերը վերջին անգամ Իր աշակերտների հետ նստեց ընթրիքի։ Ընթրիքն այդ, իհարկե, սովորական, ամենօրյա մի հացկերույթ չէր, այլ հրեաների զատկական ընթրիքը։ Այս հանգամանքն ինքնին խորհրդանշական էր. հասկանալի էր, որ Հիսուս Քրիստոսն Իր աշակերտների հետ արդեն իսկ խորհուրդ ունեցող տոն էր նշում, որի ժամանակ էլ պիտի տեղի ունենային իրադարձություններ, որոնց կարեւորությունն ու իմաստը աշակերտները միայն Հոգեգալստից հետո պիտի հասկանային։ Եվ այդ պատմական ընթրիքը՝ իր խորհրդի ողջ խորքայնությամբ, դարձավ Քրիստոսի Եկեղեցու վարդապետության հիմնահենքը։
Խորհրդավոր այս ընթրիքի մասին չորս ավետարանիչներն էլ գրում են՝ սուղ մանրամասներում որոշակիորեն լրացնելով միմյանց։
Մատթեոս ավետարանիչն ասում է, որ մովսիսական Զատկի օրը աշակերտները մոտենում են Ուսուցչին եւ հարցնում. «Ուր ես կամենում՝ պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես»։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Գնացե՛ք քաղաք այսինչ անձի մոտ եւ նրան ասացե՛ք. «Վարդապետն ասում է՝ Իմ ժամանակը մոտեցել է, քեզ մոտ եմ անելու Զատիկը Իմ աշակերտների հետ միասին»։ Եվ աշակերտներն արեցին, ինչպես Հիսուսն իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը։ Եվ երբ երեկո եղավ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել» (Մատթ. ԻԶ 17-20)։
Նախ փորձենք համառոտակի բացատրել, թե ինչ էր իրենից ներկայացնում հրեական Զատկի՝ Պասեքի (Պասեքը հրեաների ամենագլխավոր սրբազան տոնն է՝ նվիրված հրեա ժողովրդի՝ Եգիպտոսի գերությունից դուրս գալուն) ընթրիքը, եւ ինչպես էր այն ընթանում հրեաների մոտ։ Հրեաները, մինչ կսկսվեր զատկական ընթրիքը, նախ անպայմանորեն լվանում էին ոտքերը եւ նոր միայն մոտենում սեղանին։ Ըստ Մովսեսի պատվիրանի՝ սեղանին դրվում էր դառը կաթնուկը (վայրի հազար)՝ որպես խորհրդանիշը Եգիպտոսում կրած տառապանքների, խարոսեթը (մրգերից եւ ընկուզեղենից պատրաստված խյուսը)՝ որպես այն կավը, որից նրանք գերության ընթացքում կիզիչ արեւի տակ աղյուս էին պատրաստում, զոհաբերվող գառը (անպայմանորեն խորոված եւ ամբողջական՝ առանց ոսկորները ջարդելու (այստեղ արժե հիշել, որ խաչյալ Տիրոջ ոտքերը, ի տարբերություն կողքի երկու խաչվածների, չջարդեցին), բաղարջ հացը՝ ի նշան Եգիպտոսում հրեաների կերած անթթխմոր հացի, եւ ջրախառն գինին՝ որպես Աստծո օրհնություն։ Ուտելիքի ու գինու համտեսումն ընթանում էր աղոթքներով, նախնյաց պատմության փառաբանմամբ եւ սաղմոսների ընթերցումով, եւ այս ամենը տեղի էր ունենում սահմանված կարգով, որն էլ իրավունք է տալիս ասելու, որ այդ ընթրիքը բացառապես ծիսական նշանակություն ուներ։
Ընթրիքի մասնակիցներին առաջին հերթին մատուցվում էր գինին (ողջ ընթրիքի ընթացքում իրավունք ունեին խմելու ընդամենը չորս գավաթ)։ Յուրաքանչյուրը, վերցնելով գավաթը, կարդում էր որեւէ կարճ՝ «օրհնյալ է» բառով սկսվող մի աղոթք՝ բարախ (barach), ապա տան տերը կամ մասնակիցներից ավագը կարդում էր Աստծուն փառաբանող զատկական բուն աղոթքը՝ կիդդուշը (kiddousch), որից հետո նոր միայն խմում էին։ Երկրորդ գավաթն ըմպելուց առաջ լվանում էին ձեռքերը։ Կրկին տան տերը կամ մասնակիցներից ավագը վերցնում էր բաղարջ հացը եւ բաժանում մասնակիցներին։ Ամանում մնում էր մեկ հաց, որը նա երկու կես էր անում եւ մի կեսը դնում սեղանի մի անկյունում, ուր այն, ըստ մովսիսական օրենքի, պետք է մնար մինչեւ ընթրիքի ավարտը՝ պատահաբար ներս մտած աղքատին կամ ճամփորդին տալու համար։ Բաղարջի այս կտորը կոչվում էր աֆիկոման (aphicoman), իսկ երկրորդ կեսը բաղարջ կտրողը թողնում էր իրեն։ Ուտելիքից, ավելի ստույգ՝ գառան մսից օգտվելը կրկին ընթանում էր համապատասխան բարախներով։ Ինչպես նշեցինք, սեղանին դրված բոլոր ուտեստները խորհուրդ ունեին, եւ ճաշակելուց առաջ համապատասխան աղոթք էին կարդում։ Ընթրիքին ներկա երեխաներին խնամքով բացատրում էին դրանց նշանակությունները՝ պատվելով Մովսեսի հետեւյալ խոսքերը. «Եթե պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, թե՝ «Ի՞նչ է նշանակում այս ծիսակատարությունը», նրանց կպատասխանեք, որ Տիրոջ համար Զատկի զոհն է սա, այն Տիրոջ, ով Եգիպտոսում եգիպտացիներին կոտորելիս խնայեց իսրայելացիներին, փրկեց մեր ընտանիքները» (Ելք ԺԲ 26-27)։


Բնականաբար, այսպիսի խորհրդանշական զատկական սեղան էր գցված նաեւ Վերնատանը, ուր Տերն Իր աշակերտների հետ վերջին անգամ պիտի ընթրեր, ճիշտ կլինի ասել՝ նշեր Պասեքը՝ ամբողջացնելով, բարձրակետին հասցնելով Իր երեքամյա քարոզչության տիեզերական խորհուրդը՝ Հաղորդությունը՝ երկրի վրա մարդու եւ Աստծո հնարավոր միավորումը։
Դժվար չէ կռահել, որ եթե Տիրոջ վերջին ընթրիքը լիներ սովորական կամ նույնիսկ տոնական մի ճաշկերույթ, հնարավոր է՝ իրադարձություններն այլ ընթացք ունենային։ Սակայն սա մեր իմանալու բանը չէ։ Եվ քանի որ մարդկային միտքը ի զորու չէ կանխորոշելու Աստծո ծրագրերը, ուստի հետեւենք առաքյալների հաղորդած տեղեկություններին։
Ինչպես վերը նշեցինք, հրեաները զատկական սեղան նստելուց առաջ լվանում էին ոտքերը։ Ամենայն հավանականությամբ այս պարտականությունը դրված էր ծառաների կամ սեղանակիցներից փոքրերի վրա։ Հովհաննես առաքյալը վկայում է. «Նա վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները եւ մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց։ Եվ ապա ջուր վերցնելով՝ ածեց կոնքի մեջ եւ սկսեց Իր աշակերտների ոտքերը լվանալ եւ սրբել մեջքին կապած սրբիչով,- տարակուսած աշակերտներին ասելով,- «Գիտե՞ք, թե այդ ինչ արեցի ձեզ, Դուք Ինձ Վարդապետ եւ Տեր եք կոչում. եւ լավ եք անում, քանի որ իսկապես ե՛մ. իսկ արդ, եթե Ես՝ Տերս եւ Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ» (Հովհ. ԺԳ 4-5, 12-14)՝ հաստատելով Ոտնլվայի խորհուրդը։ Այսպիսով, Ուսուցիչը հանդիսավոր կերպով հնազանդության օրինակ տվեց աշակերտներին, քանի որ, ինչպես Ղուկաս ավետարանիչն է ասում, «Նրանց մեջ հակաճառություն առաջացավ, թե իրենցից ո՛վ պիտի մեծ համարվի»։ Սա Տիրոջ ժամանակին ասված խոսքերի իրական ու շոշափելի փաստումն էր. «Եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասավորը պիտի լինի» (Մարկ. Թ 34)։ Տիրոջ ու ծառայի միակամության ինչպիսի՜ օրինակ ու նաեւ՝ «Լվացվածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է. եւ դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ» (Հովհ. ԺԳ 10)։ «Ոչ բոլորդ» ասելով՝ Տերն ի նկատի ուներ Հուդային եւ ակնարկում էր, որ դավաճանությունն այն մեղքն է, որ լվացում չունի։
Մատթեոս ավետարանիչը գրում է. «Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն Ինձ մատնելու է»։ Եվ նրանք խիստ տխրեցին. նրանցից յուրաքանչյուրնը սկսեց ասել Նրան. «Միթե ե՞ս եմ, Տե՛ր»։ Նա պատասխան տվեց ու ասաց. «Ով իր ձեռքն Ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա՛ է Ինձ մատնելու։ Մարդու Որդին կգնա այս աշխարհից, ինչպես Նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կմատնվի մարդու Որդին։ Ավելի լավ կլիներ նրա համար, եթե այդ մարդը ծնված չլիներ»։ Հուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Միթե ե՞ս եմ, Վարդապե՛տ»։ Նրան ասաց՝ դու ասացիր (Մատթ. ԻԶ 21-25)։ Իսկ Հովհաննես ավետարանիչն ավելացնում է. «Եվ երբ նա պատառն առավ, սատանան մտավ նրա մեջ։ Հիսուսը նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկույն արա՛» (Հովհ. ԺԳ 17)։
Ուստի կարելի է ենթադրել, որ երբ Տեր Հիսուս Քրիստոսը Հաղորդության խորհրդի հաստատմանն անցավ, «նրանք դեռ ուտում էին», եւ Հուդան էլ արդեն «ձեռքը պնակի մեջ էր մտցրել»… Այստեղ շատ կարեւոր է այն պարագան, որ թեպետ Աստվածորդին, Իր վրա վերցնելով ողջ մարդկության մեղքը, դարձավ զոհաբերվող Գառը՝ ընկած մարդուն վերստին բարձրացնելու, եւ կրկին Աստծուն որդեգրելու, Աստծո արքայությանն արժանացնելու համար, սակայն մարդուն՝ որպես Իր արարչագործության զարդը, Իր պատկերով ու նմանությամբ ստեղծված արարածի, կրկին տվեց ընտրելու իրավունք։ Եվ Հուդան՝ իբրեւ մարդկության մի հատվածը, կատարեց իր ընտրությունը։
«Ավելի լավ կլիներ նրա համար, եթե այդ մարդը ծնված չլիներ». սա պահի ազդեցությամբ ասված խոսքեր չեն, այլ տիեզերական ահազանգ՝ ուղղված մեզ՝ բոլոր ժամանակներում ապրողներիս։ Սա սթափության տիեզերական կոչ է, քանզի մարդուն փրկություն տանող ուրիշ ճանապարհ այլեւս տրված չէ…
Առաքյալների շարադրանքից երեւում է, որ Հաղորդության խորհուրդը հաստատվեց ընթրիքի վերջում, երբ Հուդան, հրեական զատկական ընթրիքն անելուց հետո, արդեն գնացել էր իր սեւ գործին…
Բնականաբար բաղարջներն արդեն սպառվել էին, եւ սեղանին միայն աֆիկոմանն էր մնացել։ Ուստի, ամենայն հավանականությամբ, Տերը հենց աֆիկոման «վերցրեց, օրհնեց, կտրեց եւ տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ Մարմինը»։ Ապա վերցրեց գավաթը, գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ թափվում է վասն շատերի՝ իրենց մեղքերի թողության համար։ Բայց ասում եմ ձեզ, այսուհետեւ Ես այլեւս որթատունկի բերքից չեմ խմի մինչեւ այն օրը, երբ ձեզ հետ կխմեմ նորը Իմ Հոր արքայության մեջ» (Մատթ. ԻԶ 26-29)։
Այստեղ կարող է հարց ծագել, թե ինչու առաքյալներից ոչ մեկը զոհաբերվող գառան մասին ոչինչ չի ակնարկում. չէ՞ որ զոհաբերված գառը զատկական սեղանի կարեւորագույն բաղադրիչներից մեկն էր, ստույգ ասելու դեպքում՝ ամենակարեւորը։ Խորհրդավոր ընթրիքի տիեզերաշունչ, սակայն նաեւ մարդկայնորեն ամենահուզիչ պահն այն էր, որ այդ օրվա զոհաբերության սեղանի պատարագիչը հենց զոհաբերվող Գառն էր՝ մարդու Որդին, Ով որպես մարդ՝ կատարյալ էր եւ կատարելության մեջ՝ անկրկնելի, քանզի ծնվածներից միակն էր, որ զերծ էր ադամական մեղքից։ Եվ քանի որ մարդու Որդի էր, ուստի օժտված էր մարդուն բնորոշ բոլոր հատկություններով՝ զգացողություններով, զգացումներով, հույզերով ու ապրումներով։ Հիշենք ընթրիքից հետո Նրա՝ Ձիթենյաց լեռ բարձրանալը եւ վերջին աղոթքը, որի մասին գրում են բոլոր ավետարանիչները։ Հիսուսը, ըստ Իր սովորության, գնաց Ձիթենյաց լեռը՝ աղոթելու։ Նրա հետեւից գնացին եւ աշակերտները։ «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացեք եւ ինձ հետ հսկեցե՛ք» (Մատթ. ԻԶ 38)։ Հեռանալով նրանցից՝ ծնկեց մի քարի մոտ ու աղոթեց. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե իմ կամքը, այլ Քո՛նը թող լինի»։ Եվ Նրան երկնքից երեւաց մի հրեշտակ եւ ուժ էր տալիս Նրան. Նա տագնապի մեջ էր եւ ամբողջ հոգով էր աղոթում։ Եվ Նրանից քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետնին թափվելով» (Ղուկ. ԻԲ 42-44)։ Սա նշանակում է, որ Նա մարդ ծնվածներից ոչ պակաս էր զգում այն սոսկալի տառապանքների ու ապրումների չափը, որ սպասվում էր Իրեն։ Բայց գնում էր դրան, քանզի մարդու Որդին նաեւ Աստծո Որդին էր՝ Աստված, Ով շատ սիրեց մարդուն…
Շարունակենք Խորհրդավոր ընթրիքը։
Այսպիսով, խաչի վրա մահն ընդունելուց առաջ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, մովսիսական ընթրիքի ծիսական բոլոր տարրերն օգտագործելով, Հին ստվերական Ուխտը փոխարինեց Նորով, նոր ծիսական արարողությամբ՝ Պատարագով։ Որպես զոհաբերվող Գառ՝ Նա մորթվեց եւ Իր արյունով գնեց մեզ Աստծո համար (տե՛ս Հայտ. Ե 9)։
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու Մարմինը եւ չըմպեք Նրա Արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է Իմ Մարմինը եւ ըմպում Իմ Արյունը, հավիտենական կյանք ունի. եւ Ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ Իմ Մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ Իմ Արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է Իմ Մարմինը եւ ըմպում Իմ Արյունը, կբնակվի Իմ մեջ, եւ Ես՝ նրա մեջ» (Հովհ. Զ 54)։
Ուստի հարկ է, որ երկյուղով մոտենանք Տիրոջ խոսքերին, ուրախությամբ ու ցնծությամբ ընդունենք մարդկության ողջ պատմության մեջ աննախադեպ ու սքանչելախորհուրդ այս հրավերը՝ Տիրոջ հետ Աստծո արքայության մեջ հավիտենական «ընթրիքին» մասնակցելուն։ Հագնենք անկեղծ զղջումի եւ հնազանդության հոգեւոր մեր զգեստները եւ մեր հոգու «լվացված ոտքերով» մոտենանք այն Սեղանին, որտեղից խորհրդավոր Պատարագիչը մեզ հաղորդ է դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ մեզ Իր հետ եւ Իրենով կյանք տալով։ Մեր հոգում անթեղված ողջ սիրով ու նվիրումով, երախտագիտությամբ ու հավատարմությամբ ընդունենք տիեզերական Զոհաբերությունը, որ արվեց հանուն մեղավորներիս հոգու փրկության, հանուն մարդու հավիտենական կյանքի։
Շարունակելի
Աստղիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s