ԱՍՈՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻ ՕՐՈՔ ԵՎ ՆՐԱ ԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ ԵՂԱԾ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ V ԴԱՐԻ ԿԵՍԵՐԻ
ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սկիզբը՝ 2012 Հունվար Բ-Մարտ Բ

Չափազանց մեծ միամտություն կլիներ կարծել, թե Կորյունը 440-ական թթ. Մաշտոցի Վարքում չի հիշատակել Գրիգոր Լուսավորչի անունը իբր այն պատճառով, որ տեղյակ չի եղել ոչ միայն նրա գործերին, այլ նույնիսկ անվանը: Կորյունի գրած Մաշտոցի Վարքում եւ Ագաթանգեղոսի Պատմության մեջ առկա է «Հաճախագույն ճառերի» եւ բարձր Վարդապետության մասին մի ամբողջ պարբերություն (Կոր., Ի, Ագաթ., «886), որոնց հեղինակն է, ըստ Կորյունի, Մաշտոցը, իսկ ըստ Ագաթանգեղոսի` Գրիգոր Լուսավորիչը: Հաճախապատում ճառերի բոլոր ձեռագրերում դրանք նույնպես վերագրվում են Գրիգոր Լուսավորչին: Ավելին` այդ յուրօրինակ «Ճառընտիրի» քսաներեք ճառերից յուրաքանչյուրն ունի վերնագիր` «հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչի ճառ Ա», «հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչի ճառ Բ», մինչեւ ԻԳ-րդ ճառը: Այդպես եղել է, անկասկած, նաեւ Կորյունի ժամանակ: Սկսած գերմանացի հայագետ, ազգագրագետ Պաուլ Ֆետերից` XIX դ. վերջից, որոշ բանասերներ այն կարծիքն են ապացուցում, թե այդ Ճառերը գրել է Մաշտոցը 430-ական թթ. եւ տարածել Մեծ Հայքի բոլոր գավառներում` իրավունքի, բարոյականության, կենցաղավարության, մարդկային արատների մասին եւ դրանք վերագրել Գրիգոր Լուսավորչին: Եթե հավատանք այս վարկածին, ապա կնշանակի, որ այդ ժամանակ Գրիգոր Լուսավորիչն այնպիսի մեծ պաշտամունք ուներ գոնե Հայ Եկեղեցու համար, որ Մաշտոցը ցանկացել է, իր գրած Ճառերը նրան վերագրելով, դրանց ավելի մեծ արժեք տալ եւ դրանց միջոցով ավելի տարածել Լուսավորչի պաշտամունքը ամբողջ Մեծ Հայքում: Հետեւաբար, թե՛ առաջին դեպքում, երբ ընդունում ենք, որ Գրիգոր Լուսավորիչն է Հաճախապատում ճառերի հեղինակը, եւ թե՛ երկրորդ դեպքում, երբ ընդունում ենք, որ դրանք Մաշտոցն է գրել եւ վերագրել Գրիգոր Լուսավորչին,- մեր խնդրի համար միեւնույն է՝ երկու դեպքում էլ 440-ական թթ. Կորյունը, Եզնիկը, Եղիշեն եւ Մաշտոցի բոլոր աշակերտները պետք է տեղյակ լինեին ոչ միայն Գրիգոր Լուսավորչի անվանը, այլեւ նրա անունով տարածված Ճառերին եւ, առհասարակ, ազգային սրբի նրա հռչակին: Էլ ինչպե՞ս կարելի է պնդել, թեկուզ այս մի հատիկ փաստից հետո, թե Եզնիկը, Եղիշեն եւ հատկապես Կորյունը չգիտեն նույնիսկ Լուսավորչի անունը: Սակայն, մի բան է անուն իմանալը, մի այլ բան` տվյալ շրջանում Լուսավորչի անունն ու գործը Մատյաններում հիշատակելն ու պանծացնելը: Գրիգորի անունը տվյալ շրջանում եղել է խորհրդապաշտական արգելքի տակ` մինչեւ նշխարների հայտնվելը: Արգելքը տեւել է, ըստ Սահակ Պարթեւի տեսիլքի, երեքուկես տասնամյակ` «երեք տասներեակք ամաց եւ կէս տասներեկի» (Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ թուղթ առ Վահան Մամիկոնեան. աշխատութեամբ Գ. Տէր-Մկրտչեան եւ Ստ. Մալխասեան, Տփղիս, 1904, Տեսիլ Սահակայ եւ Մեկնութիւն տեսլեանն, Ա դրուագ, ԺԷ, էջ 33), սկսած 439 թ. եւ ավարտվել 474 թ.՝ Զենոն կայսեր գահակալության (474-491 թթ.) առաջին տարում, երբ Գառնիկ ճգնավորին երեւացած տեսիլքով հայտնվեցին սբ Գրիգորի նշխարները: Այդ աստվածատուր շնորհով էլ վերջ գտավ Գրիգոր Լուսավորչի պաշտամունքի եւ նրան փառաբանող Ագաթանգեղոսի Պատմության վրա դրված «խորհրդապաշտական» արգելքը: Գյուտ կաթողիկոսն ու Փավստոս Բուզանդն առաջինն էին, որ V դ. երկրորդ կեսին վերականգնեցին սբ Գրիգորի անունը հայ մատենագրության մեջ: Թեեւ նրանք բազմաթիվ քաղումներ են անում Ագաթանգեղոսի Պատմությունից, այսուհանդերձ, նրա հեղինակին չեն անվանում «Ագաթանգեղոս»: Հավանորեն դրանից հետո է, որ արտագրող գրիչները «Ագաթանգեղեայ Պատմութիւն» վերնագիրն ընկալել են որպես «Ագաթանգեղոսի գրած Պատմություն»: Այդպես, վերստին հրապարակ եկած Պատմության վերնագրից «Ագաթանգեղոս» անունը մուծվել է նրա Առաջաբանի մեջ՝ որպես Պատմության հեղինակի անուն: Սույն կասկածելի հավելման մասին է վկայում այն, որ ձեռագրերի մեծ մասում՝ Պատմության Առաջաբանում, ենթադրյալ հեղինակն ինքն իրեն անորոշ դերբայով անվանում է ոմն Ագաթանգեղոս. «Արդ` հրաման հասեալ առ իս ոմն Ագաթանգեղոս, որ ի քաղաքէ ի մեծն Հռովմայ…» (Ագաթ., էջ 9, «12): Ոչ մի հեղինակ, հնում թե հիմա, իր մասին խոսելիս չի գրում. «Ես՝ ոմն այսինչս»: Համեմատության համար բերեմ մի քանի օրինակ. Փարպեցին գրում է. «հասեալ հրաման առ իս Ղազար Փարպեցի» (Փարպ., Դ, էջ 14): Եղիշեն իր մասին գրում է նախաբանում` առանց իր անունը հիշելու. «Զբանն վասն որոյ պատուիրեցեր` արարի, ո՛վ քաջ» (Եղիշե, էջ 3): Հովհան Մամիկոնյանը գրում է հիշատակարանում՝ «Ես՝ Յովհան Մամիկոնեան եպիսկոպոս», եւ ապա` «Դարձեալ ես` Յովհաննէս Մամիկոնեան եպիսկոպոս» (Յովհան Մամիկոնեան. Պատմութիւն Տարօնոյ, աշխատությամբ եւ առաջաբանով պատմական գիտությունների թեկնածու Ալ. Աբրահամյանի, Երեւան, 1941, էջ 289)։ Կարելի է կարծել, թե V դարում կամ դրանից հետո մատենագիրների մեջ իսկապես տարակուսանք է ծագել Ագաթանգեղոս պատմիչի գոյության վերաբերյալ:
Միանգամայն անտեղի է Ստ. Մալխասյանցի վարկածը, իբր Ագաթանգեղոս եղել է այդ Պատմությունը ստեղծող Գյուտ կաթողիկոսի (461-478 թթ.) ծածկանունը: «Նշանակալից է,- գրում է նա,- որ այս գրվածքը երեւան է գալիս հենց Գյուտ կաթողիկոսի ժամանակ, որ հայրապետական աթոռը գրավում է տասը տարի, 461-471 թվականներին: Գյուտը, ինչպես ինքը հայտնում է, ուսում էր առել Բյուզանդիոնում եւ շարունակ թղթակցություն ուներ այնտեղի իր ծանոթների հետ. լավ հմուտ էր հայերեն եւ հունարեն լեզուներին», ինչպես վկայում է Ղազար Փարպեցին. հունասիրության մեջ մեղադրվելով` պարսից թագավորի հրամանով հրաժարեցրած էր կաթողիկոսական պաշտոնից: Նա հայտնի է նաեւ իբրեւ Հայոց Եկեղեցու ժամերգությունը բարեկարգող ու ճոխացնող. նրա անունը միշտ մակագրվում է մեր ժամագրքերի վրա` Հոհան Մանդակունու հետ միասին: Շատ հավանական է, որ հենց Գյուտ կաթողիկոսն էլ եղած լինի Ագաթանգեղոսի անունը կրող Պատմության իսկական հեղինակը: Եթե այս Պատմությունն ունեցել է մի հեղինակ, ինչո՞ւ այս հեղինակը չէր կարող լինել Գյուտ կաթողիկոսը, որ թե՛ գիտական պատրաստությամբ, թե՛ հունասիրությամբ, թե՛ եկեղեցական-գրական պարապմունքով եւ թե՛ իր ապրած ժամանակով շատ լավ հարմարում է այս ենթադրությանը: Ագաթանգեղոսի Պատմության երեւան գալը մի խոշոր հարված էր ասորական հոծ եւ ուժեղ խմբի համար: Սրանք լուռ չմնացին եւ իրենց կողմից փորձեցին մի հակահարված հասցնել հունասերների խմբին՝ ստեղծելով մի ուրիշ պատմություն հայոց դարձին ի քրիստոնեություն, որ ասորական ծագում ունենար եւ իր փայլով նսեմացներ հույն Գրիգորի փայլը: Այս մտադրությունն իրագործելու նպատակով՝ նախ նրանք ասորերենից թարգմանեցին Լաբուբնայի (Խորենացու Ղերուբնայի) («Ղերուբնա» գրչական սխալ է, պետք է լինի «Ղեբուբնա») Պատմությունը…» (Ստ. Մալխասյանց. Ժամանակագրական խնդիրներ Հայոց հին մատենագրության մեջ, (բանավոր զեկուցում Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովի նիստում, 10 ապրիլի, 1944 թ.) — ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր», 1944, № 6-7, էջ 7-24):
Ուշագրավ է այս կապակցությամբ Հր. Աճառյանի սրամիտ դիտողությունը, որ նա 10 հարցերի թվում ներկայացրել է Ստ. Մալխասյանցին 1945 թվականին. «Ուրեմն (Խորենացին) 40 տարեկան էր, երբ Ագաթանգեղոսը հնարեց Լուսավորչի առասպելը, եւ 45 տարեկան, երբ հնարվեց Աբգարի զրույցը: Արդ Խորենացին տեսել ու ապրել էր այդ խաբեբաների հետ. նա չէ՞ր բռնի նրանց օձիքից ու չէ՞ր ասի. «Ա՜յ խաբեբաներ, ինչո՞ւ ձեզանից այդպիսի սուտ ու մուտ բաներ եք հնարում… ո՞ւմ եք ուզում խաբել այդպիսի ստերով» եւ, ապա, շեշտելով Փարպեցու հիացմունքը երանելի այր Ագաթանգեղոսի Ստուգապատում Պատմության մասին, ավելացնում է. «Այսպե՞ս պիտի խոսեր Փարպեցին, եթե Լուսավորչի պաշտամունքը եւ պատմությունը մի օրով սարքված մի «առասպել» լիներ» (Հր. Աճառյան. Մեր առաջին պատմագրերի թվականը «Հայկականք Գ». ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր», 1945, № 3-4, էջ 49, 50: Տե՛ս նաեւ Հր. Աճառյան. Բանասիրական ուսումնասիրություններ, Երեւան, 1976, էջ 201-206 եւ 234-236 (ծանոթագրություններ): Մալխասյանցը, սրան ի պատասխան, արդարանում է նրանով, թե «Թեպետ (Խորենացին) իրոք ժամանակակից եւ մոտ ծանոթ էր Ագաթանգեղոսի Պատմության անհայտ հեղինակին, որ իմ կարծիքով Գյուտ կաթողիկոսն էր, բայց սա թաքցրել է յուր անունը եւ իր կեղծիքը վերագրել մտացածին Ագաթանգեղոսին» (Ստ. Մալխասյանց. Իմ պատասխանները. ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր», 1946, № 11-12, էջ 3-8: Տե՛ս նաեւ Ստ. Մալխասյանց. Բանասիրական հետազոտություններ, Երեւան, 1982, էջ 33-41(քաղվածը՝ էջ 38-ում): Այդ դեպքում բոլորովին հասկանալի չէ, թե ինչո՞ւ պետք է 460-ական թվերին կաթողիկոսական աթոռին նստած, այդպիսի արժեքավոր գործ ստեղծող հովվապետը հարկ համարեր քողարկվել նման կեղծանունով, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակ՝ V դ. կեսերին, հրապարակի վրա էին հայ դպրության եւ պատմագրության բոլոր նշանավոր դեմքերը՝ Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթը, Կորյունը, Եղիշեն, Փավստոսի Պատմության հայ հեղինակը, Խորենացին, Փարպեցին եւ ուրիշներ, ի՞նչ իմաստ ուներ, որ Գյուտ կաթողիկոսը նրանց բոլորի աչքի առաջ հանդես գար այդ ծածկանունով, իսկ Խորենացին ու Փարպեցին էլ, այդ կեղծիքին անտեղյակ, փառաբանեին մտացածին Ագաթանգեղոսին՝ առանց կասկածելու, որ դա իրենց դասընկեր կամ ժամանակակից Գյուտ կաթողիկոսն է:
«Ագաթանգեղոսի Հայոց Պատմությունը եւ հին վրացերեն «Վասն հաւատոյ» դավանաբանական երկը» ուսումնասիրելով (տե΄ս ՀԽՍՀ «Լրաբեր հասարակական գիտությունների». 1987, № 4, էջ 62-81)՝ արդեն ցույց ենք տվել, որ Ագաթանգեղոսի Պատմությունը պետք է գրված լինի ոչ թե V դ. երկրորդ կեսին, ինչպես ընդունված է հայագիտության մեջ, այլ 431 թ. Եփեսոսի Տիեզերական ժողովից առաջ, ավելի ճշգրիտ՝ 410-ական թվերին, երբ նրա մեջ մուծվեց Մեսրոպ Մաշտոցի համառոտ Աստվածաշունչը՝ որպես Ագաթանգեղոսի Պատմության երկրորդ գիրք՝ «Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի» վերտառությամբ: Այդ հրապարակումից շատ ավելի առաջ (1982 թ.) մենք նույն եզրակացությանն էինք հանգել «Կորյուն թե՞ Ագաթանգեղոս» ծավալուն անտիպ ուսումնասիրության մեջ՝ երկու երկերի բնագրական աղերսը քննելու ճանապարհով: Վերջին աշխատությունից մի հոդվածաշար հրապարակվեց ՀՀ ԳԱԱ «Գիտություն» պարբերաթերթում եւ «Լրաբեր հասարակական գիտությունների» (տե՛ս «Գիտություն», 1996, թիվ 4, 16 մարտի, թիվ 5, 25 մարտի, թիվ 6, 11 ապրիլի, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1996, թիվ 2, էջ 49-64) ամսագրում, որտեղ բանասիրության մեջ առաջին անգամ Կորյունի եւ Ագաթանգեղոսի բնագրական փոխառնչության հարցը դիտարկվում է բոլորովին նոր տեսանկյունից՝ Ագաթանգեղոսի Առաջաբանի («1-17) եւ բուն Պատմության աղերսի լուսաբանման հիման վրա: Իսկ Ագաթանգեղոսի «Դարձ փրկութեան» գրքում եղած կորյունյան հատվածների իսկական սկզբնաղբյուրը բացահայտելու համար, որպես բանասիրական հիմնահարցը լուծելու բացառիկ միջոց, օգտագործել ենք դավանաբանական այն հիմունքները, որոնք արծարծված են Գրիգոր Լուսավորչի Վարդապետության մեջ, եւ որոնց հիման վրա էլ շարադրված է Ագաթանգեղոսի «Դարձ փրկութեան» գիրքը: Բնագրերի բաղդատումը կրկին հաստատում է մեր նախկին եզրակացությունը, որ Ագաթանգեղոսի Պատմությունն է Կորյունի մոտ նկատված բազմաթիվ նույնաբան հատվածների իրական սկզբնաղբյուրը:
Շարունակելի
Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s