Սկիզբը՝ 2012 Մարտ Բ

Համաշխարհային կերպարվեստի պատմության մեջ դժվար է գտնել որեւէ թեմա, ավետարանական կամ աստվածաշնչյան որեւէ սյուժե, որին այդչափ անդրադարձած լինեն նկարիչները, որքան Խորհրդավոր ընթրիքին։ Պատճառը, թերեւս, իրադարձությունների խորհրդապաշտական այն շղթան է, որը հիմնովին փոխեց մարդ-Աստված հարաբերությունների նախկին պատկերացումները՝ դրանք հասցնելով այնպիսի տիեզերական խորքայնության, երբ մարդկային բանականության համար անհնարին թվացող վերացականությունը Աստվածորդու ինքնազոհաբերման միջոցով, Նրա տառապյալ մարմնի ու հեղված արյան գնով դարձավ զարմանալի զգացական իրողություն։ Սա էր Խորհրդավոր ընթրիքի Խորհուրդ խորինը, որի հոգեւոր կենսականությունը ոչ միայն ապշեցնող է, այլեւ սքանչելի։
Խորհրդավոր ընթրիքի առաջին պատկերները վերաբերում են դեռեւս 6-7-րդ դարերին։ Սրանք չնայած առավելապես ավետարանական տեքստերի զուտ պատկերային վերարտադրություններ են՝ հեռու ծիսական ընկալումներից, սակայն քրիստոնեական մշակույթի պատմության մեջ ունեն անգնահատելի արժեք, քանզի պրիմիտիվիզմի անկրկնելի այդ նմուշների կոմպոզիցիոն լուծումները հիմք ծառայեցին եկեղեցական կանոնական պատկերագրության համար։
Վաղ շրջանի «Խորհրդավոր ընթրիքի» պատկերները հիմնականում ունեն պատմական բնույթ։ Կոմպոզիցիոն լուծումները հյուսված են կիսաշրջանաձեւ, էլիպսաձեւ, ուղղանկյուն, հազվադեպ նաեւ՝ կլոր սեղանների շուրջ։ Մեզ հասած ամենավաղ շրջանի գործերից մեկը Ռավեննայի Սբ Ապոլլինար Նուովոյի եկեղեցու խճանկարն է (6-րդ դար)՝ ժամանակաշրջանին բնորոշ հարթաչափային լուծումներով։ Խճանկարի կենտրոնում պատկերված է կիսաշրջանաձեւ սեղան՝ ծածկված սպիտակ լայնափեշ սփռոցով, շուրջը միմյանց թիկնած 11՝ միադեմ, ճերմակազգեստ աշակերտները, իսկ ձախ անկյունում՝ Քրիստոսն է՝ ձեռքի օրհնության նշանով, գլխին խաչատիպ լուսապսակ։ Նա ոչ միայն իր չափերով, մորուքով, այլեւ գունային մուգ լուծումով է առանձնանում առաքյալներից։ Սեղանին փոքրիկ բաղարջներ են եւ ողջ սեղանն ասես գրաված ափսեի մեջ՝ երկու ձուկ։ Ֆոնը եւ երկրաչափական զարդամոտիվները կատարված են դեղինի եւ սեւի՝ դասական համադրություններով։ Եթե ձուկը՝ Տիրոջ վաղ քրիստոնեական խորհրդանիշը, եւ աշակերտների 11 թիվը չլինեին, ապա այս խճանկարը պարզ մի ընթրիքի տպավորություն կթողներ, քանզի սեղանին բացակայում են Խորհրդավոր ընթրիքի՝ մեզ հայտնի ծիսական կարեւոր ատրիբուտները, ինչպես նաեւ աշակերտներին բնութագրող հոգեբանական ու անհատական գծերը։ Կոմպոզիցիոն նմանատիպ լուծումները բնորոշ են վաղ շրջանի համարյա բոլոր գործերին, ինչպես եւ հայկական մանրանկարչության մեջ պահպանված շատ նմուշների, ինչպես օրինակ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի 1041 թ., Մատենադարանի 1045 թ. եւ 1057 թ. Ավետարանների «Խորհրդավոր ընթրիք»-ները, որոնցում բաղարջների փոխարեն գինու գավաթներ են պատկերված եւ կրկին ունեն գրաֆիկական պարզ լուծումներ։
Պատմական կոչվող «Խորհրդավոր ընթրիքի» թե՛ բյուզանդա-իտալական եւ թե՛ հայկական մանրանկարչական կառուցվածքային հաջորդ լուծումը պայմանավորված է հիմնականում ուղղանկյուն սեղանի պատկերումով, որն ըստ էության՝ կոմպոզիցիոն նոր մտահղացումներ չի թելադրում։ Սեղանի ձախ անկյունում կրկին Քրիստոսն է՝ կրկին քիչ առանձնացված ու ավելի մեծաչափ, խաչաձեւ լուսապսակով եւ ձեռքի օրհնության նշանով, իսկ սեղանի երկայնքով շարված են աշակերտները՝ լուսապսակներով կամ առանց լուսապսակների, առանց անհատականության ու դինամիկայի։ Սեղանին նորից ձուկն է, հացը կամ գինու գավաթները։ Կլոր կամ էլիպսաձեւ սեղանի պարագայում եւս նույն հարթապատկերային մոտեցումն է իշխում, նույն գրաֆիկական պրիմիտիվիզմի դրոշմը (Հովսիան ծաղկողի 1303 թ. եւ 1306 թ. Ավետարանները, 13-14 դդ. Ավետարան (երեքն էլ պահպանվում են Մատենադարանում)։ Այս պատկերներն առավելապես ստեղծվել են որպես գրական տեքստի տեսողական հավելում՝ Տիրոջ վերջին ընթրիքի պատմական իրողության։ Հետաքրքիր է, որ այս բնույթի համարյա բոլոր «Խորհրդավոր ընթրիք»-ների սեղաններին, որպես գլխավոր ատրիբուտ, դրված են ձկներ կամ ձուկ, որն, ինչպես գիտենք, հրեական զատկական սեղանից բացակայում էր, եւ այն էլ՝ բավականին մասշտաբային, քան պահանջում է կոմպոզիցիայի համաչափական լուծումը։ Նույն՝ գրոտեսկային սկզբմունքն էր գործում, երբ աշակերտների կողքին պատկերում էին Ուսուցչին։
Շատ արվեստաբաններ սեղանին ձկան պատկերումը կապում են դրա՝ Քրիստոսի խորհրդանիշը լինելու հետ։ Անշուշտ դա կա, սակայն չի բացառվում, որ Ավետարանների ծաղկողները, հիմնականում վանականներ լինելով, քաջատեղյակ էին «Խորհրդավոր ընթրիքի» բուն խորհրդին եւ Տիրոջ խորհրդանշանի ընդգծված պատկերումով փորձում էին շեշտել Ձկան՝ որպես Գառան զոհաբերումը։
Հետագայում՝ առավելապես Վերածննդի շրջանում, թեմային սկսեցին անդրադառնալ նաեւ պրոֆեսիոնալ նկարիչները։ Նրանք իրենց թե՛ գրաֆիկական (փորագրություն) եւ թե՛ գեղանկարչական գործերում, պահպանելով հարազատությունը ավետարանիչներից որեւէ մեկի թողած նկարագրության-տեղեկությանը, ցուցաբերեցին արդեն անհատական վերլուծական վերաբերմունք՝ շեշտելով ընթրիքի՝ առանձնապես իրենց հուզող այս կամ այն սյուժեն՝ Հուդայի մատնությունը, Ոտնլվան կամ Հաղորդության հաստատումը։ Ըստ նկարչի պատկերացումների եւ պատմական ժամանակաշրջանին վերաբերող ուսումնասիրությունների՝ սյուժե ներմուծվեցին կոմպոզիցինոն այնպիսի մանրամասներ, ինչպիսին Վերնատան ներքին` ենթադրյալ կառուցվածքն էր. ինտերիերը, կահ-կարասին, հագուստները, հաճախ նաեւ` բնության դրվագները, որոնք նշմարվում են պատուհաններից։ Անհատականացվեցին աշակերտների կերպարները՝ ավետարանիչների հաղորդած բնութագրական գծերով, նրանց արարքների եւ դրսեւորումների տարակերպությամբ, երբեմն նաեւ կողմնակի գործող անձանց կերպարներով՝ ստեղծելով հավաստի ու կենդանի հոգեբանական այն ողջ մթնոլորտը, որում ընթանում էին գործողությունները։
Ստեղծվեցին «Խորհրդավոր ընթրիքի» կերպավորման նոր հնարներ ու սիմվոլիկ ատրիբուտներ, ինչպես օրինակ՝ Հուդային քսակով կամ կիսադեմ պատկերելը, Հովհաննեսին՝ նրբակազմ ու գեղեցիկ, Պետրոսին՝ ավելի տարեց ու ազդեցիկ եւ այլն։ Անկախ սեղանի տեսքից՝ փոխվեց կերպարների բաշխվածությունը՝ հնարավորինս պահպանելով ավետարանիչների նկարագրությունները։ Եթե ուշադիր դիտելու լինենք «Խորհրդավոր ընթրիքի» վերածննդյան եւ հետ վերածննդյան շրջանի կոմպոզիցիաները, ապա ակնհայտ կդառնա պատկերների մեծ մասի՝ սեղանների տեսքերով պայմանավորված խաչանիստ կամ կլորավուն հենքակառույցում թաքնված եկեղեցու խորհրդանշական գաղափարը, որի կենտրոնում, այն է՝ Գլուխը, մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Չէ՞ որ, ըստ էության, Վերնատունը Տիրոջ առաջին եկեղեցին էր, որտեղ կատարվեց առաջին, աշխարհացունց Պատարագը, եւ որի պատարագիչը հենց Ինքը՝ Պատարագվողն էր։

Շարունակելի
Աստղիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s