19-րդ դարի երկրորդ կեսում եւ հատկապես Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի դաշնագրերից հետո Օսմանյան տերության բարձրագույն իշխանությունները որդեգրեցին եւ գործողության մեջ դրեցին նոր կուրս` Հայկական հարցը լուծել ողջ հայության բնաջնջման միջոցով: Թուրքական պետական այրերը քաջ գիտակցում էին, որ տանուլ տալով Արեւմուտքում եւ կորցնելով Բալկանյան թերակղզու տիրապետությունների գերակշիռ մասը՝ կայսրության ապագան վճռվելու էր Անատոլիայի արեւելքում: Սույն ոգով եւ տրամադրությամբ օսմանյան առաջին վեզիր Քյամիլ փաշան սառնասրտորեն սուլթանին հետեւյալն էր խորհուրդ տալիս. «Եթե Եվրոպիո մասին մեջ մեր ծոցը օձ սնուցինք, պետք չէ, որ նույն հիմարութիւնները ընենք մեր Ասիական Տաճկաստանի մեջ» («Փորձ», թիվ 7-8, 1878 թ., էջ 204):
Բեռլինի կոնգրեսից հետո հայ-թուրքական հարաբերությունները դարձան առավել շիկացած ու տագնապալից: Թուրքական վերին ատյաններում բուռն կերպով քննարկվում էին «հայկական վտանգը» վերանայելու բոլոր հնարավոր տարբերակները եւ, ի վերջո, հանգում էին այն եզրակացությանը, որ պետք է խստորեն զսպել ըմբոստությունը` ցույց չտալով տկարության կամ հանդուրժողականության որեւէ նշան:
Որքան շատ էր գրվում ու խոսվում Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածով նախատեսված եվրոպական հովանավորության մասին, այնքան սուլթանական ռեժիմը խստացնում էր իր հակահայկական մոլուցքն ու կամայականությունը: Ի թիվս այլ հեղինակների՝ անգլիացի Ջ. Բրայսը ճշմարիտ է նկատել այն հանգամանքը, որ հայության վերջնական բնաջնջման ծրագիրը սուլթան Համիդը հղացավ ու ծրագրեց Բեռլինի կոնգրեսից անմիջապես հետո:
Թուրքական բիրտ, հետամնաց պետական մեքենան արհեստականորեն կասեցնում էր կայսրության տարածքում ապրող ոչ մահմեդական ժողովուրդների տնտեսական, քաղաքական ու մշակութային առաջխաղացումը: Ժամանակին ռուս արեւելագետ Պ. Ա. Չիխաչեւը, սեփական դիտարկումներով ուսումնասիրելով թուրքական իրականությունը, հանգել էր հետեւյալ եզրակացությանը. «Իրապես, հենց որ քրիստոնյաները ստանան քաղաքացիական ու քաղաքական բոլոր իրավունքները, նրանք իսկույն եւեթ կդառնան պետական իշխանության տերերը եւ երկրի բարօրության շարժիչները» (Чихачев П. А., Великие державы и восточный вопрос, М., 1670 г., էջ 173-174) Հիրավի՝ ճշմարտացի եզրահանգում: Այո՛, հավասար պայմաններում եւ հավասար իրավունքների դեպքում հայերն իրենց մարդկային քաղաքակիրթ, ստեղծագործ պոտենցիալով, ստեղծելու, արտադրելու, արարելու ունակություններով կգերազանցեին քոչվոր տիրապետողներին:
Ահա այս պատճառով թուրքական պորտաբույծ վերնախավը սաստիկ խուսափում էր երկրի ցանկացած առաջադիմական վերափոխումից, առաջադեմ որեւէ մտքից ու գաղափարից:
Օսմանյան կայսրության տարածքում ապրող ժողովուրդների դրությունն էլ առավել վատթարացավ, երբ 1876 թ. գահը հափշտակեց խորամանկ ու նենգամիտ Աբդուլ Համիդը, որն իրավամբ «…. բռնակալներու ցանկին մէջ իր յատուկ տեղն ունի» (Եազըճեան Գ., «Ապտիւլ Համիտ Բ., կարմիր սուլթանը», Պեյրութ, 1980 թ., էջ 7):
Համիդի կառավարման` բռնությամբ եւ կամայականությամբ լեցուն 33 տարվա երկարատեւ շրջանը ժողովրդի հիշողության մեջ մնաց որպես «զուլումի թագավորություն»: Սուլթան Համիդը փոխեց իր նախորդների քաղաքականությունը քրդերի հանդեպ եւ հայ-քրդական հարաբերություններում: Արյունարբու սուլթանը կատարած քաղաքական այս շրջադարձով գտավ ամենահեռատես քայլը` քրդերի միջոցով վերջ տալ Հայկական հարցին:
Զինելով քրդական թափառական ցեղախմբերին՝ սուլթանական կառավարությունը նպատակադրված ձգտում էր արեւմտահայկական գավառները հայաթափել քրդերի ձեռքով: Այս նպատակով Համիդի կարգադրությամբ թուրքական 4-րդ բանակի հրամանատար Զեքի փաշային հանձնարարվեց ստեղծել «Համիդիե» զորագնդեր:
Համիդյան հայաջինջ ակտիվ քաղաքականության գործնական սկիզբը դրվեց 1890 թվականից` վերոնշյալ գնդերի կազմակերպմամբ: Համիդական գնդերը կատարյալ պատուհաս դարձան արեւմտահայության համար: Էրզրումի, Վանի, Բիթլիսի հայկական գրեթե բոլոր բնակավայրերը դարձան զինված քրդերի անօրինակ բռնությունների ու կամայականությունների փորձադաշտ:
Բեռլինի կոնգրեսից հետո «Հայաստան» հասկացությունը՝ որպես աշխարհագրական անուն, վերացվել էր եւ փոխարինվել «Քուրդիստան» տերմինով:
19-րդ դարի կեսերից սկսած՝ սուլթանական կառավարությունը պարբերաբար մահմեդականներով վերաբնակեցնում էր Արեւմտյան Հայաստանը: Նպատակը` փոխել բնակչության էթնիկական կազմը հայկական տարածքներում: 1880-ական թվականներից գաղթեցումները զանգվածային բնույթ ստացան: Թուրքական իշխանությունները գաղթականներին անհրաժեշտ ոչ մի բանով չէին ապահովում՝ իրենց իրավունք տալով անպատիժ կերպով թալանելու հայկական գյուղերը: Ստեղծվել էր բավական ծանր ու ճնշիչ մի կացություն, երբ հայերին կարող էին ճնշել ու կողոպտել բոլոր նրանք, ովքեր դրա համար բավական ուժ ունեին: Պետք է հստակ դիտարկել, որ արեւմտահայությունն Օսմանյան կայսրությունում գտնվել է ոչ նույնանման պայմաններում եւ, ըստ այդմ էլ, ենթարկվել ոչ նույնանման հալածանքների. գավառահայությունը ենթարկվել է շատ ավելի սոսկալի ճնշման ու հարկադրանքի, քան օրինակ՝ պոլսահայությունը:
Բայց սա ամենեւին հիմք չի տալիս թուրք պաշտոնական եւ թրքամետ հրապարակագիրներին պնդելու, որ «…. հայերը շատ երջանիկ են ապրած Թուրքիոյ սահմաններում եւ, առաջնակարգ դիրք ունենալով երկրի մեջ, միշտ գոհ եղած են թրքութենէ» (տե՛ս Ռուբէն, Հայ-թրքական կնճիռը, Գահիրէ, 1942 թ., էջ 8-9): Հայության հոծ զանգվածները երեխայական միամտության չափ սին հույսեր էին փայփայում, որ Բեռլինի դաշնագրի` հայոց դատին միտված 61-րդ հոդվածը վերջ կդնի անտանելի հալածանքներին, սակայն նոր զոհերն ու զանգվածային բռնությունները եկան հաստատելու, որ այդպես շարունակվելու դեպքում վերոնշյալ հոդվածը կդառնա արեւմտահայության կործանման ազդակը:
Արեւմտահայության համար պարզորոշ գծագրվում էր լինել թե չլինել հարցականի գոյությունը: Ժամանակի հայ հասարակական-քաղաքական միտքը տենդային կերպով ուղիներ էր որոնում Արեւմտյան Հայաստանն ու արեւմտահայությանը փրկելու վերահաս կործանումից: Հայ ազգային-քաղաքական գործիչներին լիիրավ հասկանալի է դառնում, որ առջեւում՝ ամենամոտ ապագայում, վճռվելու էր հող ու հայրենիք ունենալու հարցը: Բեռլինի կոնգրեսի տխրահռչակ հոդվածները միաժամանակ դարձակետ եղան հայ հասարակական-քաղաքական մտքի համար:
Ազատասիրական մի անօրինակ շարժում սկսվեց ողջ հայության կյանքում: Իրատես մտածող գործիչները, արագ հիասթափվելով 61-րդ հոդվածի թվացյալ հմայքից, այլեւս հույսեր չէին տածում Եվրոպայի դիվանագիտական խոստումներին: Այդ օրերին «Մշակը» գրում էր. «Ափսոս, որ տակավին կան անձինք, որ 61-րդ հոդվածին վրա հույս դրած են: Բոլորովին հաստատ համոզվելու է, որ այդ հոդվածին գործադրությունը երբեք չի կարելի, եթե Թուրքիո ձգվի» («Մշակ», Թիֆլիս, 1879 թ., թիվ 200):
Հայոց ազգային-ազատագրական շարժման գործիչները փրկությունը որոնում էին պայքարի, սեփական ուժերի համախմբան մեջ: Հետզհետե սաստկացող հայաջինջ քաղաքականությանը կուլ չգնալու համար հայոց իրականության բոլոր ոլորտներում սկսվեցին ազգային ինքնագիտակցության քարոզչությունը եւ ինքնապաշտպանական հնարավոր համակարգի ստեղծումը:
Հայրենիքն ազատագրելու գաղափարը հասարակական լայն մտայնության մեջ դառնում էր օրվա գերագույն կարգախոսը: Օրեցօր առավել հստակ էին դառնում եւ արմատավորվում Արեւմտյան Հայաստանը զենքի ուժով ազատագրելու մտայնությունն ու տրամադրվածությունը: Հայը, որը առաջ մոռացել էր զենքն ու զինավարժությունը, այժմ կրկին զենք ճարելու եւ զենքին տիրապետելու փնտրտուքի մեջ էր: Ազատագրական շարժման ճանաչված գաղափարախոս Րաֆֆին պատգամում էր իր ժամանակակիցներին. «Ով որ ճանաչում է Տաճկաստանը, ով որ գիտե, թե ինչ աղբյուրներից են ծագում հարստահարությունները, նա եւս մեզ հետ կհամոզվի, թե զինյալ քրդի դեմ միայն զինյալ մարդը կարող է պահպանել յուր կայքը, յուր ընտանիքը, յուր պատիվը» (Րաֆֆի, Երկերի ժող., հատ. 10, Ե., 1991, էջ 440):
19-րդ դարի դարավերջին բռնկված հայ ազգային-ազատագրական շարժումն օրինաչափ պատասխանն էր ընդդեմ թուրքական պետական մեքենայի հայահալած քաղաքականության սաստկացման: Այն թելադրված էր օտարի բարբարոսական լուծը թոթափելու եւ իր օջախի, հայրենիքի տերը լինելու՝ ժողովրդի բնականոն ցանկությամբ ու վճռականությամբ:
Պատմագիտության մեջ այլեւայլ դրդումներով հաճախ է անազնիվ փորձ արվել հայ հեղափոխական (այսինքն` ազգային-ազատագրական) շարժումը բխեցնելու եւ կապելու եվրոպական տերությունների դիվանագիտական խաղերի ու արտաքին միջամտությունների հետ, որը որոշակի թուրքամետ ուժերի կողմից հետապնդել է հեռուն գնացող ստոր նպատակներ:
Սակայն ճշմարտությունից հեռու չէ այն տեսակետը, ըստ որի՝ «Եւրոպական պետութիւնների դերը եղած է միմիայն քաջալերել հայ յեղափոխութիւնը բարենորոգումի սուտ խոստումներով, եւ քաջալերել թուրք ջարդարարութիւնը, ներողամիտ աչքերով դիտելով պետական ոճիրները իրենց կողմնակի շահերուն» (Սերոբեան Մ., «Հայկական հարցը եւ անոր փուլերը», Պեյրութ, 1937 թ., էջ 171-172):
«Հայկական ընդվզումը ինքնաբուխ էր, ներսից,- նշում է գերմանական սոցիալ-դեմոկրատիայի ականավոր ներկայացուցիչ Ռ. Լյուքսեմբուրգը,- ոչ թե դիվանագիտական մեքենայությունների արդյունք էր», կամ` «Հայերի ապստամբությունները ռուսական ռուբլով գնված գործակալների գործն է» (տե՛ս Ղարիբջանյան Գ., «Կ. Լիբկնեխտը եւ Ռ. Լյուքսեմբուրգը հայ ժողովրդի մասին», Ե., 1971 թ., էջ 54):
Ահա այսպիսին էր հասարակական-քաղաքական իրավիճակն Արեւմտահայաստանում՝ հայ ազգային կուսակցությունների կազմավորման նախօրյակին:
Պետք է հստակ մատնանշել, որ ընդդիմադիր շարժումներն ու կազմակերպությունները հենց այնպես, ի միջի այլոց, դատարկ ու փուչ տեղում չեն ստեղծվում:
Ահավոր ճնշումների, դժնդակ կացության ու բռնադատումների հետեւանքով է, որ 19-րդ դարի երկրորդ կեսում հայկական իրականության մեջ ընդդիմադիր բազմաթիվ խմբակներից հետո առաջ եկան ազգային-քաղաքական կուսակցությունները: Հայության, նրա ազգային գործիչների ու քաղաքական առաջնորդների ընտրության արդյունքը չէր, երբ ազատագրական շարժումը բռնկվեց ոչ պատեհ ժամի, քանզի ժողովրդի գոյատեւմանն ուղղված շարժումը չէր կարող ավելի երկար սպասել:
Դա այդպես եղավ, քանի որ ոչ միայն գինովության եւ հաղթությամբ արբեցած պահերին, այլ շատ հաճախ հենց հուսախաբության եւ հուսահատության «պահերու մէջ եւ ժողովուրդները երբեմն անզուսպ եւ յանդուգն կը դառնան, կ’արհամարհեն թշնամին եւ կը հաւատան հրաշքներու» (Սիրունի Յ., «Պոլիս եւ իր դերը, Անթիլիաս-Լիբանան, 1987 թ., հատ. Գ, էջ 311):
Ահա այս տրամաբանությամբ հայ ազգային-քաղաքական ուժերը դուրս եկան ասպարեզ` գլխավորելու ժողովրդի ընդերքից ծնված ու հասունացած ընդվզումները:
Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատմ. գիտ. թեկնածու

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s