Վերջին ժամանակներս շատ է խոսվում մշակույթի, մասնավորապես գեղարվեստական խոսքի նկատմամբ զանգվածային հետաքրքրության անկման մասին: Արձանագրվում է, որ բանաստեղծություն կամ վեպ ոչ ոք այլեւս չի կարդում: Սակայն շատ քիչ է խոսվում անկումային կամ անհեթեթ պոեզիայի եւ արձակի մասին: Այո՛, ժամանակին խոսվում էր անկումային, անառողջ, «նեխող կապիտալիզմին» հատուկ գաղափարազուրկ գրականության մասին (հատկապես նախկին՝ խորհրդային շրջանում), բայց խոսվում էր սխալական ու սխեմատիկ գաղափարաբանության դիրքերից, ուստի ոչ մեկն էլ չէր հավատում այդ բնորոշումներին, թեկուզ եւ դրանց մեջ կային ճշմարիտ գնահատանքի հատիկներ…
Իսկ այսօր, երբ հռչակվել են տարատեսակ «ազատություններ», երբ ազատ են համարվում ե՛ւ սուրբը, ե՛ւ անսուրբը, ե՛ւ գեղեցիկը, ե՛ւ տգեղը, ե՛ւ ճշմարիտ հավատքը, ե՛ւ մոլար աթեիզմը, «ազատությունների» այս հաղթարշավում ի՞նչ դիրք պետք է գրավի գրողը: Դիտարկումները ցույց են տալիս, որ ոմանք այլեւս չեն գրում, ընդմիշտ հեռացել են «Բակինսկի ռաբոչի» թերթի նման նամշած գրականությունից: Ոմանք էլ ինտելեկտուալ շարժուձեւերով, բայց վառ արտահայտված կապկային գլուխներով նոր-նոր են մուտք գործում գրական աշխարհ՝ իսպառ կորցրած լինելով «հետնահայեցության կամ երկնահայեցության ուղեծիրը» (Ռ. Մուզիլ):
Մյուս կարգի գրողները, որոնք առավել վտանգավորներն են, ամբարիշտ ու տարփալի ձայնարկություններով աղարտում են օդն ու ասում, որ իրենց գործերում արտացոլվում է ճշմարտությունը: «Մենք պատկերում ենք այն, ինչը ճշմարիտ է, ինչը կա կյանքում»,- ասում են նրանք:
Բայց նրանք տերմինների շփոթ են մտցնում՝ այդպես ասելով: Որովհետեւ նրանք չեն պատկերում եւ չեն արտացոլում սուրբ ճշմարտությունը, որն Ինքը՝ Քրիստո՛սն է (եւ ճշմարիտը Քրիստո՛սն է մեզ ասում), այլ ընդամենն արտացոլում են իրականությունը: Իսկ իրականությունը ճշմարտությունը չէ, այն կարող է նույնիսկ անսուրբ եւ կեղծ լինել, մինչդեռ ճշմարտությունը սուրբ է, քանի որ ասվում է. «Ես եմ կյանքը, ճշմարտությունը եւ ճանապարհը» (Հովհ. ԺԴ 16):
Այն, ինչը որ կա, դեռ ճշմարտությունը չէ: Իրականությունը կարող է լինել նույնիսկ ճշմարիտի աղավաղումը կամ հակապատկերը: Ուստի իրականությունը ճշմարտության տեղ անցկացնողները ճշմարիտ չեն եւ բարոյական իրավունք չունեն խոսելու ճշմարտության անունից:
Այստեղ, թերեւս, տեղին է վերհիշել Վարդան Այգեկցու առակը: Մի մարդ՝ աչքի մեկը կույր, գթասրտությունից ու հյուրընկալությունից ելնելով՝ մի օտարականի հրավիրում է իր տուն, օթեւան եւ կերակուր տալիս: Վերջինս, մեկնելուց առաջ ասում է, որ ինքը ճշմարտախոս մարդ է, ուստի պետք է ճշմարտությունն ասի. այն, որ թեեւ հյուրընկալող մարդը բարի եւ առաքինի եւ գթառատ մարդ է, բայց մի աչքից կույր է:
Ո՞րն է այս առակի իմաստը: Այն, որ տվյալ մարդը ոչ միայն ըստ վիճակի է օտարական, այլեւ՝ ըստ հոգու, քանի որ օտար է ճշմարտությանն ու գթությանը եւ Աստծո պատվիրաններին: Նա հայտնապես շփոթում է իրականությունը եւ ճշմարտությունը, նա ոչ թե ճշմարտախոս է, այլ չարախոս: Հետեւապես՝ իսկական կույրն այդ օտարականն է, քանզի չտեսավ, որ իր հյուրընկալողի տեսողությունը սուրբ է: Չէ՞ որ նա տեսավ ու գթաց իրեն:
Առակից մեկնարկելով՝ ասենք, որ գրողն ընթերցողին պետք է հրամցնի ոչ թե իրականության արտացոլումը՝ իր սադիստական ու մազոխիստական կողմերով, այլ սուրբ, բուժիչ եւ կենսավետ ճշմարտության ներկայությունը, այսինքն՝ քրիստոսյան սիրո ազդակը:
Սամվել Մհերյանը, որպես քրիստոնեական հավատքի եւ ուղիղ դավանանքի հավատարիմ զինվոր, մերժելով իրականության եւ ճշմարտության նույնացումը՝ ձգտում է բանաստեղծական իր խոսքի մեջ արտահայտել ճշմարիտը, որը կենդանանում է եւ ծովի պես ալիքավորվում քրիստոսյան այդ փրկավետ ազդակի առկայությամբ:
Նրա գործերում թեեւ ներկա է իրականությունը՝ իր կնճռոտ կամ մռայլ կողմերով, բայց այդ ամենի վրա սավառնում է հոգեւոր թռիչքի հուսադրող լույսը, եւ առկա է այն գիտակցումը, որ յուրաքանչյուր հուսահատեցնող պրոբլեմի (թե՛ անհատական, թե՛ ազգային) լուծումը պայմանավորված է Երկնավորի թռիչքապարգեւ ներկայությամբ: Ներկայություն, որ Հին Կտակարանում հայտնվեց լույսի սյան տեսքով:
Ասվածի վկայությունն է Մհերյանի 2007 թ. լույս տեսած «Մենավոր բազեն» պատմավեպը, որն ընգրկում է XIX-XX դդ. իրադարձություններն Արեւմտյան Հայաստանի Խնուս (Հարք) գավառում, 1915 թ. Խնուսի ինքնապաշտպանությունն ու ջարդը:

Իսկ «Ճշմարիտ Լույսը» (2011 թ.) ժողովածուի բանաստեղծություններով Մհերյանը ձգտում է ընթերցողին փոխանցել անձնավորյալ եւ ճշմարիտ լույսի ընկալմանը վերաբերող իր փորձառությունը՝ հոգեւոր արթնացումից մինչեւ ցնծերգություն:
Բանաստեղծը խիստ անհատական կեցվածք չի ընդունում, չի թաքցնում, որ ինքը Գրիգոր Նարեկացու ժառանգորդն է XXI դարում՝ աշխարհաքաղաքական ու ժամանակային այլ միջավայրում.
…Քա՛վ լիցի, Տե՛ր իմ, ձերբազատիր ինձ
Այս մարմնաբնույթ կապվածությունից,
Որի խորհուրդը ամբողջը մահ է:
— Աստվա՛ծ իմ օրհնյալ,
Ցանկապատիր ինձ Որդուդ՝ Հիսուսի
սրբասուրբ արյամբ,
Որի թանկ գնով գնեցիր դու մեզ
գերության երկրից՝
Արժանացնելով Քո սուրբ քաղաքը
մտնելու հույսին…
(Դ, էջ 15-16):
Հեղինակը թեեւ տարիքով երիտասարդ է, բայց հոգեւոր առումով հասուն է եւ իր շատ ժամանակակիցներից տարբերվում է նրանով, որ հակված չէ որպես ճշմարտություն ներկայացնելու նորօրյա «հին Ադամին» հատուկ մարմնի գործերը՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, կախարդություն եւ այլն (Գաղատ. Ե 19-21), այլ հստակ բաժանում է մտցնում իրականության եւ Ճշմարտության միջեւ՝ փափագելով ի հայտ բերել սբ առաքյալի կողմից նշված Հոգու պտուղները. սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն եւ այլն (տե՛ս Գաղատ. Ե 22-23):
…Օծիր ծառայիդ յուղով նարդոսի
Եվ ճերմակ բեհեզ հագցրու իբրեւ
արդարության զգեստ.
Ինչպես հնոցի բոցը զատում է
ոսկին աղտերից,
Թող անձս սրբվի կրակով Քո Սուրբ
Հոգու հայտնության…
(ԺԵ, էջ 60):
Մի կարեւոր հանգամանք եւս. Մհերյանի սիրային կամ խոհական բանաստեղծություններն այնքան նուրբ են եւ թափանցիկ, որ ներքին ենթաշերտերում առնչվում են վերին խորհուրդների, «Երգ Երգոցի» ավանդությունների հետ: Դրանք կոչված են իրականացնելու մաքրագործության գործառույթը, որն էլ, ի վերջո, ճշմարիտ պոեզիայի գերագույն նպատակն է.
Քեզ դուրս բերեցի երկնքից անդին ծագող լույսերից
Եվ ամրագրեցի սիրո թանաքով՝ տախտակին սրտիս…
(էջ 77):
Այսօր մեզ՝ հայերիս, ինչպես նաեւ ամբողջ աշխարհին հարկավոր են այնպիսի մարդիկ, որոնց սրտի տախտակի վրա սիրո թանաքով արձանագրված են աստվածային սուրբ խորհուրդները: Եթե ի հայտ գան այդպիսի մարդիկ, արդեն մոտ է, ուրեմն, անհատական եւ ազգային բարի իղձերի ու սպասումների անամպ առավոտը…
Ահա մի փունջ Սամվել Մհերյանի աղոթական ու սիրային բանաստեղծություններից.
Քեզ հավաքեցի նորաբաց ու թաց ծաղկի թերթերից
Եվ իբրեւ թովիչ մի կարոտափունջ՝ հանձնեցի սրտիս…

Քեզ հորինեցի…
Վերցրեցի գայլի ճանկից ազատված՝
Եղնիկի ձագի անլուր հրճվանքից,
Լուսնի ցոլանքով արծաթված լճում՝
Կարապի սիրո անուշ նազանքից…
Կազմեցի երկու տարահունչ շառաչ
Իրար մերձեցնող՝ ջրվեժի թափքից,
Անհույզ ծովերը ափերից հանող՝
Մակընթացային ալեցնորից…

Քեզ նկատեցի՜…
Մտապահեցի իր կուսամաքուր
Փայլից ամաչող՝ վաղոդյան ցողից,
Երկնային ցրտում դեռ բյուրեղացող՝
Օվկիանափոշու ձյունե ճերմակից…
Եվ ձայնագրեցի՛… հոգին վարարող՝
Կեսգիշերային լռության երգից,
Հիասթափության կսկիծը սաստող՝
Տիեզերասլաց աղոթքի կանչից…

ԱՐԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Այդ ի՞նչ վրձին է,
Որ հորիզոնը ծիածանում է արեւածագին,
Եվ կանթեղում է լուսնի երեսը գիշերվա պահին.
Ո՞վ ստեղծեց աստղերն իբրեւ երկնասփյուռ վզնոց լուսագեղ,
Ո՞ւմ են հաճեցնում ծաղիկներն իրենց խայտանքով գունեղ.
Ի՞նչ հանճարով է ձվի մեջ կերտվում սիրտը արծիվի,
Երկրի խորքերից ինչպե՞ս է ելնում քամին հարավի…

Ի՞նչ հնարքով է
Գորտը կռկռում, ծղրիդը ճռռում, հավքը դայլայլում,
Մեղուն ինչպե՞ս է ծաղկի նեկտարից մեղր պատրաստում.
Ո՞վ գոյակերտեց խայթը կարիճի, թունագեղձն օձի,
Ո՞վ է բորբոքում ձագին սիրելու բնազդն առյուծի.
Ի՞նչ գիտությամբ է եղնիկը ծնում, արջը ձուկ բռնում,
Տերեւն ինչպե՞ս է ձմռան գալուստը նախապես զգում…

Ի՞նչ օրենքով է… ի՞նչ իշխանությամբ…
Ի՜նչ զորությամբ է… ի՜նչ իմաստությամբ…

… Արդ Քեզ եմ հանձնում հոգսերս բոլոր,
քանզի գիտեմ, որ
Անօրենների որոգայթներից ինձ կազատես ու
Չես թողնի լինեմ ամբարիշտների
լեզվով ծաղրածեծ.
Աստված իմ, Հիսո՜ւս, մի թող սայթաքեմ,
Տե՛ր, թույլ մի տուր, որ վերստին ապրեմ
Նվաստացումի այն ստոր վիժումը,
Որի ապտակից ուշքս տակավին չի զգայնացել,
Ու ջլերս դեռ չեն հանգստացել
նյարդային դողից:
Ո՜վ Զորաց Աստված, գթա ծառայիդ,
Ներիր քմահաճ ցասումներս բյուր,
Քո ձեռքը վերցրու սիրտս դյուրագայթ,
ու բժշկիր այն.
Որպեսզի դառնամ անոթ անապակ,
տաճար Քեզ համար,
Որ Քո Սուրբ Հոգին
իր ողջ լիությամբ ու փառքով հաստատ
Բնակվի իմ մեջ վերջնականորեն,
Եվ խանդավառվեմ կենսախինդ լույսիդ
առատությունից…
Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s