Հայ մշակույթի կրկնակ հոբելյանի յուրօրինակ գնահատական էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Երեւանը 2012-ին գրքի կենտրոնատեղի հռչակող որոշումը:
Այս տարի նշում ենք հայերեն առաջին գրքի 500 եւ մեր տարածաշրջանի առաջին՝ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տպարանի 240-ամյա տարեդարձները: Բայց հայոց լեզուն եւ մեսրոպյան այբուբենն ավելի վաղ են կապվել Յոհաննես Գուտենբերգի դարակերտ գյուտին, որ կյանքի կոչվեց ավելի քան 700 տարի առաջ: Բազմավաստակ բանասեր Գեւորգ Աբգարյանին հաջողվեց ցույց տալ, որ հայ ժողովուրդն առաջինների շարքում էր, որոնք առնչվեցին այդ գյուտին: Հայերեն առաջին նախադասությունը տպագրվել է Գուտենբերգի մահից 20 տարի անց, ճիշտ է, լատինական տառադարձությամբ: Եթե Ե դարի թարգմանիչները մեսրոպյան տառերով գրեցին առաջին նախադասությունը՝ իբրեւ իրենց հետագա գործունեության ուղենիշ ու կարգախոս («Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»), ապա 1459 թ. բավարացի հրատարակչի ձեռքով տպագրված առաջին հայերեն նախադասությունը, գերմաներեն տառադարձությամբ, Տերունական աղոթքն էր՝ նույնպես խորհրդանշական: Դա ԺԳ-ԺԴ դարի մյունխենցի նշանավոր մատենագիր Յոհան Շիլթբերգերի ուղեգրության մեջ էր, որ ունեցավ մի քանի վերահրատարակություն:
Շուրջ քառորդ դար անց՝ 1486-ին, Մայնցում լույս տեսավ մի այլ ուղեգրի՝ Բերնհարդ ֆոն Բրայդենբախի մատյանը, ուր զետեղված էր հայոց այբուբենը: Այս երկու ուշագրավ փաստերով հայ մշակույթը մտավ տպագրության, այսպես կոչված, խանձարուրի կամ օրորոցային դարաշրջան:
ԺԶ դարի արշալույսին արդեն հասունացած էր հայերեն գրքի տպագրության խնդիրը: Առաջին փորձերը կատարվեցին արտերկրում: Եվ հայրենիքից հեռու՝ Վենետիկում, 1512-ին առաջին հայ տպագրիչ Հակոբը, որ համեստորեն ինքն իրեն Մեղապարտ է անվանել, նոր էջ բացեց հայ մշակույթի եւ մասնավորաբար դպրության պատմության մեջ՝ իր հրատարակչական գործունեության առաջնեկ «Պարզատումարով», որին հետեւեցին «Ուրբաթագիրքը», «Աղթարքը»…
Հաջորդաբար, իբրեւ հայ տպագրության ռահվիրաներ, ասպարեզ իջան Աբգար դպիր Թոխատցին, Հովհաններ Տերզնցին… Մշակութային կարեւորագույն այդ գործը մեծապես շահագրգռեց Հայոց հայրապետներին. նրանք ամեն կերպ խրախուսում էին հրատարակիչներին, ըստ հնարավորության նպաստում առաջընթացին:
ԺԷ դարում իրենց մեծ ներդրումն են անում Հովհաննես Քարմատանենցը, Խաչատուր Ջուղայեցին, Հովհաննես Անկյուրացին, Մատթեոս Ծարեցին, Մատթեոս, Թովմաս, Ղուկաս Վանանդեցիները, Ոսկան Երեւանցին…
Առավել աշխույժ ու արդյունավետ եղավ հաջորդ՝ ԺԸ դարը, եւ հունձքն անհամեմատ առատ էր: 1794-ին Մադրասում լույս տեսավ նաեւ առաջին հայ պարբերականը՝ «Ազդարար» խորհրդանշական վերտառությամբ:
Այս ամենը, սակայն, հայրենիքից հեռու էր հազարավոր մղոններ: Հակոբ Ե. Շամախեցին եւ մյուս հայրապետները սատար են կանգնել, աջակցել ու հորդորել օտար ափերին գործող հայ տպագրիչներին՝ երազելով տպարաններ ունենալ հայրենի հողի վրա: Հայ գրատպության պատմության հետազոտող Աղ. Երիցյանը նկատել է, թե Հայոց հայրապետները «զարմանալի եռանդ են ցոյց տալիս հայ տպագրութիւնը յառաջ մղելու համար եւ անդադար վարպետներ են ուղարկում հեռաւոր եւ իւրեանց անծանօթ Եւրոպան՝ նոր տառեր ձուլելու, նոր տպարաններ հաստատելու համար, եւ այդպիսով մի փառաւոր տեղ է բռնում Էջմիածինը հայ տպագրութեան պատմութեան մէջ»։ Օրինաչափ է, ուրեմն, որ տարածաշրջանի առաջին տպարանը հիմնվեց Վաղարշապատում: Այդ բարեբախտությունը նախասահմանված էր երանաշնորհ Սիմեոն Ա Երեւանցի Կաթողիկոսին: Տակավին սարկավագ՝ նա մտորում էր այդ հարցի շուրջ, չէր ընկրկում բարդությունների առաջ, իրարահաջորդ դժվարություններն ի զորու չէին նրան հետ պահելու նվիրական նպատակից: Եվ եթե այսօր նշվող 500-ամյակի բուն «հոբելյարը» Հակոբ Մեղապարտն է, ապա 240-ամյակինը՝ Սիմեոն Ա Երեւանցին: 1771-ին նրան հաջողվում է գլուխ բերել երկար սպասվածը. հիմնում է Մայր Աթոռի Ս. Գրիգոր Լուսավորիչ տպարանը, եւ որոշ փորձատպությունից հետո՝ հաջորդ տարի, լույս աշխարհ է գալիս Սիմեոն Ա Երեւանցու «Զբօսարան հոգեւոր» գիրքը: Այնուհետեւ հրատարակվում է եւս չորս գիրք («Տաղարան», «Տօնացոյց», «Օրացոյց», «Տաղարան փոքրիկ»): Լուսաբնակ Կաթողիկոսը տպագրության է հանձնում իր արժեքավոր նոր աշխատանքը՝ «Պարտավճարը», որ սեփական արտադրության թղթով տպագրված առաջին գիրքը եղավ: Նա չափածո հիշատակագրության մեջ գոհունակությամբ գրել է.
Նոր թուղթ, նոր գիր, նոր տպարան,
Բանքն եւս նոր ի լոյս ածան:
Յատուկ պարգեւք նորոգական
Ազգիս Հայոց պարգեւական:
Ի նոր դարուս աղքատութեան
Հանք պարծանաց մեզ յայտնեցան:
Սակայն մեծագործ հեղինակին վիճակված չէր տեսնել այս հրատարակությունը:
Մայր Աթոռի տպարանը ԺԸ դարում լույս է ընծայել մեկուկես տասնյակ գիրք: Այնուհետեւ փոփոխական հաջողությամբ հրատարակվում են Եկեղեցու կարիքները բավարարող գրքեր, ուսումնաօժանդակ գրականություն, պատմական ու գեղարվեստական ստեղծագործություններ:
ԺԹ դարում, երբ 40-ից ավելի պարբերականներ տպագրվում էին Արեւելքի ու Արեւմուտքի տարբեր քաղաքներում, Մկրտիչ վրդ. Խրիմյանին հաջողվում է հայրենի հողի վրա տպագրել «Արծուի Վասպուրական» հանդեսը. դա իրագործվեց 1858 թ. Վարագա վանքում: Այդպիսով՝ հայ պարբերական մամուլը եւս հաստատվեց Հայաստանում:
Գրահրատարակչական գործը զարգանում էր մեծ հաջողությամբ: Հայրապետները շարունակում էին օժանդակել հրատարակիչներին՝ թելադրելով եւ ուղղորդելով նրանց…
Ելնելով Մայր Աթոռի տպարանի արտադրանքից՝ կարելի է առանձնացնել որոշ կաթողիկոսների, որ հատուկ վերաբերմունք են դրսեւորել, իսկ երբեմն, Սիմեոն Ա Կաթողիկոսի նման, հանդես են եկել իբրեւ հեղինակ՝ անգոսնելով տնտեսական-քաղաքական խոչընդոտները: Բայց հայ գիրքն արդեն գտել էր իր ուղին: Առանձնապես շատ հրատարակություն է իրականացվել Գեւորգ Դ Քերեստեճյանի (100-ից ավելի գիրք), Մակար Ա Թեղուտցու (50-ից ավելի) եւ Մկրտիչ Ա Խրիմյանի (120-ից ավելի) օրոք:
Գեւորգ Դ Կաթողիկոսը հոգ էր տանում նաեւ պարբերականի հրատարակության մասին: Նրա նախաձեռնությամբ 1868 թ. հիմնվեց «Արարատ» ամսագիրը, որ շուրջ կես դար իր ավանդը բերեց Եկեղեցու, նաեւ հայագիտության բարգավաճման գործին: Հետագայում «Արարատին» փոխարինելու եկան «Էջմիածին» շաբաթաթերթը (1919), ապա՝ նույնանուն ամսագիրը (1944):
Ս. Էջմիածնի Ս. Գրիգոր Լուսավորիչ տպարանը 1920-ին օտարվեց, եւ հետեւաբար խորհրդային տարիներին Մայր Աթոռը տպագրեց միայն հազվագյուտ գրքեր: Տպարանը վերադարձվեց 1961-ին՝ Վազգեն Ա Հայրապետի ջանքերով, համալրվեց ամբողջապես նոր մեքենաներով ու սարքավորումներով:
Մայր Աթոռում հրատարակչական աշխատանքներն իրականացվել են նախկինի նման՝ հայրապետների հսկողությամբ:
1991 Վազգեն Ա Վեհափառի տնօրինությամբ ստեղծվում է ՔԴԿ-ն, որին հանձնարարվում է եւ գրահրատարակչական գործը:
2006 թ. ապրիլին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Կաթողիկոսն առանձնացնում է հրատարակչական բաժինը եւ նոր հիմքերի վրա դնում կարեւորագույն բնագավառի աշխատանքները:
Այսօր, երբ գրքի մայրաքաղաքի կարգավիճակը Երեւանին է փոխանցվել, մեսրոպատառ գրքերն ու պարբերականներն ընձյուղ են տալիս ինչպես հայրենիքում, նույնպես եւ աշխարհի լայնքով մեկ՝ շարունակելով Հակոբ Մեղապարտի գործը եւ իրենց արժանավոր լուման ներդնելով հազարամյա մշակույթի գանձարանում:
Արշակ ՄԱԴՈՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s