ԱՍՈՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻ ՕՐՈՔ ԵՎ ՆՐԱ ԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ ԵՂԱԾ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ V ԴԱՐԻ ԿԵՍԵՐԻ
ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սկիզբը՝ 2012 Հունվար Բ-Ապրիլ Ա

Նման ենթադրությունը ժխտվում է նաեւ Եզնիկ Կողբացու օրինակով, որը նույնպես «Եղծ աղանդոց»-ում չի հիշատակում Գրիգոր Լուսավորչին: Սակայն պարզվում է, որ Եզնիկը ոչ միայն լավ գիտե Գրիգորին, այլ դեռ երիտասարդ հասակում, Սահակի եւ նրա գործակիցների պատվերով, հայերեն է թարգմանել հունարենից նահատակ տեր Գրիգորի Սահմանադրությունը.
հոդված ԼԶ. «Սահմանադրութիւն կարգաց ընկալեալ ի նահատակէն տեառնէ Գրիգորէ թարգմանեցաւ ի ձեռն Եզնակայ, հրամանաւ երանելոյն Սահակայ եպիսկոպոսապետին Հայոց եւ նորին աթոռակցաց, թէ որպէս սահմանեցաւ կարգ ուխտի եւ որոշումն վանաց» (Մաշտոցի Մատենադարան, ձեռագիր № 659, էջ 227 Բ. «Կանոնագիրք Հայոց», հ. Ա, Եր., 1964, էջ 625: Տե՛ս նաեւ Աբել Մխիթարյան, «Պատմութիւն ժողովոց Հայաստանեայց եկեղեցւոյ», էջ 25-31):
Մյուս ձեռագրերում եւս առկա է սույն հիշատակարանը՝ թեեւ առանց Եզնակի անվան.
հոդված ԽԴ. «Այս սահմանադրութիւն կարգաց գրեցաւ հրամանաւ երանելւոյն Սահակայ մեծ հայրապետի Հայաստան աշխարհի, ընկալեալ ի քաջ նահատակէն՝ ի տեառնէն Գրիգորէ՝ թարգմանեցաւ միայն յունէ ի հայ» (Կանոնագիրք Հայոց, հ. Ա, էջ 402): Այստեղ հիշված Եզնակը նույն Եզնիկ Կողբացին է, որը թեեւ «Եղծ աղանդոց»-ում չի հիշատակում Գրիգոր Լուսավորչին, բայց ոչ միայն լավ գիտե նրան, այլեւ հունարենից թարգմանել է նրա «Թէ որպէս սահմանեցաւ կարգ ուխտի եւ որոշումն վանաց» սահմանադրությունը, որն ավելի ուշ՝ 426 թ., հաստատվեց Վաղարշապատի եկեղեցական ժողովում: Վերջինս այլ բան չէ, քան Գրիգոր Լուսավորչի Հաճախապատումի 23-րդ ճառը՝ Վանական եղբայրության մասին (տե՛ս «Երանելոյն սրբոյն Գրիգորի Հայոց լուսաւորչի Խրատք ճգնութեան եւ ցոյցք հանդիսից որ յառաքինութեան յորդորմունս» (Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչի Յաճախապատում ճառք եւ աղօթք, Վենետիկ, 1838. Ճառ ԻԳ՝ «Երանելոյն սրբոյն Գրիգորի Խրատք ճգնաւորաց եւ ցոյցք հանդիսից որ յառաքինութիւն յորդորեն», էջ 206-219: Սրբոյ Հօրն մերոյ երանելւոյն Գրիգորի Լուսաւորչի Յաճախապատում ճառք լուսաւորք, յառաջաբանով, համեմատութեամբ եւ ծանօթութիւններով Արշակ Տէր-Միքելեանի, Էջմիածին, 1894, Ճառ ԻԳ, էջ 248-265), որով սահմանվում էր, ի միջի այլոց, նաեւ վանքից հեռանալու կարգը, այսինքն՝ «որոշումն ի վանաց»:
Եվ վերջապես, մինչեւ այժմ հայ բանասիրության եւ, առհասարակ, հայագիտության մեջ իշխող այն թյուր ենթադրությունը, որ Ագաթանգեղոսի Պատմությունը գրվել է 461-465 թթ. (Ստ. Մալխասյանց եւ այլք) կամ մինչեւ 475 թ. (Ն. Ադոնց), իր լիակատար հերքումն է գտնում պատանի Մովսես Խորենացու առաջին բանաստեղծական քերթվածով՝ «Ի յիշատակի սրբոյն Հռիփսիմեայ եւ նորուն վկայակցացն. Ներբողեան ի հանդէս նոցա հրաշազարդ յօրինուածովք» (Խորենացւոյ Մատենագրութիւնք, էջ 304-325), որ պետք է գրած լինի 18-20 տարեկան հասակում (ծնունդը հաշվելով 418-420 թթ.) (տե՛ս Ա. Մուշեղյան, Մովսես Խորենացու դարը, էջ 19): Պատանի Մովսեսը Ներբողյանը հյուսել է զեղուն հույզերով եւ համարում է իր «առաջին քրտինքի» պտուղը, որ ձոնել է դեռատի կույս Հռիփսիմեին (Խորենացւոյ Մատենագրութիւնք, էջ 324): Թեեւ Ներբողյանը գրվել է Հռիփսիմյանց կույսերի «նորահրաշ եւ գերապայծառ տոնի» առթիվ, բայց մեղանչած չեմ լինի, եթե ասեմ, որ պատանի Մովսեսն այն հղացել է ուսման նպատակով Ալեքսանդրիա մեկնելու նախօրեին, որովհետեւ իր ուսուցիչ Սահակ Պարթեւից արդեն իսկ իմացել էր, որ Հռիփսիմյան կույսերը Հռոմից փախել էին նախ Ալեքսանդրիա՝ 438/39 թ., երբ արդեն արգելանք էր դրված Գրիգոր Լուսավորչի անվան վրա, հավանորեն հենց այդ պատճառով Ներբողյանը մեծապես շարադրված է Ագաթանգեղոսի Պատմության տարբեր մասերից քաղված բառուբանով, որով եւ հաստատվում է, որ պատանի Մովսեսն իր ձեռքին ունեցել է Ագաթանգեղոսի Պատմության այն նույն բնագիրը, որ հասել է մեր ձեռքը:
ա) Ագաթանգեղոսի Պատմության Առաջաբանում առկա են մրրկածուփ ծովը պատկերող բազմաթիվ արտահայտություններ, ինչպես՝ «բարկացայտ ալիքն լեռնաձեւ կուտակին» — պատանի Մովսեսը Ներբողյանում շրջասում է այս ծովային պատկերը՝ տալով նրան փոխաբերական իմաստ՝ «(հողմն հակառակ) հանդարտեցուցանէր զմեղացն փրփրատեսակ ալեացն լեռնացայտ կուտակս»:
բ) Թեեւ Ներբողյանը նույնպես չի հիշատակում սբ Գրիգորի անունը, բայց պարունակում է ուղղակի ակնարկներ Խոր Վիրապում տասնհինգ տարի տառապող Լուսավորչի մասին: Հսկայազոր թագավորին գետին տապալելուց հետո մանկամարդ կույսը, արքունի սենյակից փայլակի պես դուրս ցոլանալով, ճեղքում է մեղքի ծովը (հեթանոս ամբոխը). «…մաքուր աղաւնի զտերեւ ձիթենւոյն ունելով ի բերան, զհոգւոյն աւետիս տալ այնմ, որ ի խորս էջ անդնդոց որպէս Նոյ ի ծոց տապանին, հնգետասանամեայ տքնեալ՝ սպասէր մեծի աւետեացն հայր մերոյ աշխարհիս, հոգեւոր լուսոյն ճառագայթ, քարոզ միածնին, լուսաւորիչն մեծ» (նույն տեղում) եւ ապա, քանի որ Հռիփսիմյանց կույսերն իրենց գալստյամբ եւ նահատակությամբ օգնեցին սբ Գրիգորին դուրս գալ Խոր Վիրապից,- այս ամենը Խորենացին արտահայտել է բանաստեղծորեն՝ Լուսավորչին օգնության փութացող կույս Հռիփսիմեի ողջույնի եւ ավետյաց խոսքով (տե՛ս նույն տեղում, էջ 316):
գ) Տրդատ թագավորը մեծամեծ նախարարներ եւ արքունի սպասավորներ է ուղարկում Վաղարշապատի մերձակա հնձանը, որպեսզի չքնաղագեղ Հռիփսիմեին ոսկեպատ գահավորակով բերեն ապարանք՝ իրեն կնության եւ Հայոց տիկնության: Պատանի Մովսեսն էլ արքունի սպասավորների մեջ նրբանկատորեն ավելացնում է թագավորազն օրիորդներին եւ իր համար նվիրական Հայկազանց կույսերին, որոնք շքեղ գույնզգույն զարդերով պետք է զարդարեին եւ զգեստավորեին թագավորի կարծեցեալ հարսնացուին.

Ագաթ., «166. «Եւ անդէն յարքունուստ վաղվաղակի ոսկիապատ գահաւորակս սպասաւորօք հանդերձ հասուցանէին առ դուրս հնձանին, ուր էին վանք նոցա արտաքոյ քաղաքին: Նա եւ հանդերձս ազնիւս գեղեցիկս փափուկս պայծառս, եւ զարդարանս երեւելիս մատուցանէին նմա յարքունուստ, զի զարդարեսցի…», եւ «173. «եւ նախարարքն եւ մեծամեծք աւագանւոյն, որ եկեալ էին շքադիրք՝ պատիւ առնել նմա եւ երթալ ընդ նմա յարքունիս. զի տարցին զնա կնութեան թագաւորին Տրդատայ եւ Հայոց տիկնութեան»:

Ներբ., էջ 311. «Եւ օրիորդք թագաւորազունք եւ կուսանք Հայկազեանցս ոսկիակուռ շքեղաշուք երփն երփն զարդուք, թմբկօք եւ պարուք գային տանել ի սենեակ արքունի…»:
դ) Մինչդեռ Գայանեն հորդորում է կույս Հռիփսիմեին, իբրեւ Քրիստոսի հարսի, փութալ հասնել քրիստոսադիր պսակին, Տրդատ թագավորն իր սենյակում նախ փորձում է աղաչանքով ու պաղատանքով կատարել իր բաղձանքը,- ընդ որում, այս հակադիր հորդորները Ներբողյանի հեղինակն արտահայտել է Ագաթանգեղոսի Պատմության երրորդ գրքի 847-րդ պարբերությունից քաղած դարձվածներով.

Ագաթ., «847. «Անդ քաջալերութիւն յորդորական լուսաւոր վարդապետութեան, առ ի յառաջադէմ ընտրութիւն պսակահամբար քրիստոսադիր կիտին: Անդ եռալ հոգւով աստուածապաշտ ծառայութեամբ: Անդ աղօթք աղերսալիք եւ պաղատանք փարելիք եւ խնդրուածք հաշտեցուցիչք»:
Ներբ., էջ 311. «…առաքելուհին Գայիանէ… քաղցրաձայն վարդապետութեամբ յորդորէր… փութալ ի նշանակեալ նպատակ պսակահամբար քրիստոսադիր կետին». ապա՝ էջ 312. «…բռնամարտի փակեալ ի սենեակ արքունի… դարձեալ պաղատանք փարելիք, դարձեալ խանդաղատական արտասուք եւ աղօթք աղերսալիք»:

ե) Ներբողյանում նկարագրելով կույս Հռիփսիմեի մենամարտը հսկայազոր Տրդատ թագավորի հետ արքայի ննջասենյակում՝ պատանի հեղինակն իր իսկ բանաստեղծական հույզերին եւ ինքնատիպ պատկերներին միահյուսում է Ագաթանգեղոսի առաջին գրքից քաղած վիպական պատումը (բանս կարգի առակաց) Տրդատ հսկայի առասպելական ուժի մասին (տե՛ս Ագաթ., «123, հմմտ. նաեւ Ագաթ., «202).

Ներբ., էջ 313. «…Հարկանէր կոյսն ի դիմի առ արի սկայն, որ փքացեալ զօրութեամբ զտիեզերս դղրդէր, եւ գոռալով խրոխտայր ջնջել զզօրութիւն Մարաց եւ Պարսից: Ելանէր ճակատ զգաստութեան վառեալ կոյսն առ պագշոտեալ վիրագն ահագին, որ ըստ առակաւոր բանին՝ ի սիգալն իւրում աւերէր զթումբս գետոց, եւ ցամաքեցուցանէր զյորձանս ծովուց: Բռնաւորն պերճացեալ զօրութեամբ հանդիսից, որ ի մարտս Պարսից զփղացն պուղէր զերամակսն…»:
Պատանի Մովսեսը ոչ միայն բերում է հսկայազոր Տրդատի վերաբերյալ Ագաթանգեղոսի Պատմության մեջ եղած վիպական պատումը, այլեւ լրացնում է այն բանահյուսության մեջ պահպանված վիպական զրույցի այլ դրվագներով՝ Պարսից փղերի երամակները ցրելու եւ հունական Օլիմպիական մրցումներում ցուլերի եղջյուրները պոկելու մասին։
զ) Ներբողյանում գտնում եմ նաեւ ուղղակի վկայություններ քաղված Գրիգոր Լուսավորչի Վարդապետությունից (Ագաթանգեղոսի Պատմության երկրորդ գրքից): Խորենացին Հռիփսիմյան կույսերին նմանեցնում է լուսեղեն սպիտակ երամով ճախրող աղավնիների հետ, որոնք հիացնում են նույնիսկ երկնային վերին ոգիներին եւ, ի մեծ ուրախություն բանասեր հետազոտողիս, այս ամբողջ պատկերը պատանի Մովսեսը քաղել է սբ Գրիգորի Վարդապետության 606-րդ պարբերությունից.

Ագաթ., «606. «Արդ՝ զարմացեալք հարցանիցեն եւ զօրք վերինք լուսեղէնք, յորժամ տեսանիցեն զներքնագունդս սրբոց մարմնականաց, զի առ Տէրն ի ներքուստ վերացեալ գայցեն, թէ «Ո՞վ են սոքա իբրեւ զամպս թռուցեալ, եւ իբրեւ զաղաւնիս ձագախառն երամովին գան առ իս»: Ապա լուիցեն անդէն յինքնին Տեառնէն պատասխանի, թէ «Սոքա յիս յուսացեալ են. տարայց զնոսա ի լեառն սրբութեան իմոյ, եւ ուրախ արարից զնոսա ի տաճարի իմում»… Անդէն ասիցէ Տէրն, թէ «Եղիջիք ինձ ուստերք եւ դստերք». անդ ապա գութք խնամոցն յուզիցին արարչական սիրոյն…»:

Ներբ., էջ 321. «Ուստի հիացեալ զօրք վերինք տեսանելով զհողն կենդանակերպեալ… Ձայն արկեալ գոչէին վերինքն առ միմեանս. «Եւ կամ սոքա ո՞վ են, որ զհետ սորա իբրեւ զամպս թռուցեալ եւ իբրեւ զաղաւնիս երամացեալ գան առ մեզ»: Եւ լսէին ի տեառնէ զի ասէր. «Սոքա յիս յուսացեալ են, եւ ես տարայց զնոսա ի լեառն սրբութեան իմոյ, եւ ուրախ արարից ի խորան փառաց իմոց»… Ձայնէր եւ առ օրիորդսն. «Եկայք առ իս, վաստակեալք եւ աշխատեալք, կանայք որք դիմեալ գայք ի հանդիսէ, եւ ես ընկալայց զձեզ. եւ եղիջիք ինձ դուք յուստերս եւ ի դստերս, եւ ես եղէց ձեզ Աստուած»:
է) Բաց թողնելով շատ զուգահեռ դրվագներ՝ խոսքս եզրափակում եմ նրանով, որ Ներբողյանն Ագաթանգեղոսի Պատմության երրորդ գրքի նման ավարտվում է Աստծո ատելի Դիոկղետիանոսի կործանումով եւ Աստծուն հուսացյալ Կոստանդիանոսի պանծացումով. ընդսմին Ագաթանգեղոսից քաղած մտքերը պատանի Մովսեսը փոխակերպում է բանաստեղծական քերթվածին վայել փոխաբերումներով — հեթանոս թագավորների զավակները նույնացվում են օձի ձագերին, իսկ նրանց ջնջող Կոստանդիանոսը ներկայացվում է իբրեւ խոյահարող եղջյուր.

Ագաթ., «868. «զպիղծ եւ զանօրէն թագաւորսն, զԴիոկղետիանոս եւ զՄարկիանոս եւ զՄաքսիմիանոս եւ զԼիկիանոս եւ զՄաքսենտիոս, եւ զամենայն զաւակ պղծալից թագաւորացն հեթանոսաց ջնջէր ի միջոյ (Կոստանդիանոս)»:

Ներբ., էջ 323. «Աստուծոյ ատելին այն, եւ ցանկասէրն եւ գարշելին Դիոկղետիանոս… ի բաց ջնջեցաւ հանդերձ համախոհ օձին ծննդովք: Ի տանէ նորին սրբոյ կուսին (Հռիփսիմեայ) ծագեաց եղջիւր փրկութեան թագաւոր յուսացեալ ի տէր՝ սուրբ եւ յաղթող կայսրն Կոստանդիանոս. եւ գործակից մերոյ արքային եղեալ Տրդատայ» (հմմտ. Ագաթ., «877). «Սոյնպէս եւ (Կոստանդիանոս) արքային Տրդատայ, իբրեւ եղբօր սիրելւոյ, սէր ցուցեալ… առաւել դաշինս կռէր ընդ նմա…»:
Այն, որ Կոստանդիանոս կայսրը կույս Հռիփսիմեի տնից (տոհմից) էր՝ «ի տանէ սրբոյ կուսին», Ներբողյանի հեղինակը վերցրել է հայերեն Ագաթանգեղոսի Պատմության «878-ից՝ Կոստանդիանոսի խոսքից, թե կույս Հռիփսիմեին ինքն առաջուց էր ճանաչում, երբ դեռ իրենց աշխարհում էին եւ գիտեր, թե ի՜նչ ազնվականներ եւ «ի մարմնաւոր կողմանէ տոհմակցաց իւրեանց» էին (Հռիփսիմեն եւ Գայանեն): Կոստանդիանոսի «հաղթող» մակդիրը պատանի Մովսեսը փոխառել է Ագաթանգեղոսի Պատմությունից (««871, 878) եւ հետագայում էլ գործածել է իր Հայոց Պատմության մեջ («Յաղթողն Կոստանդիանոս» — տե՛ս Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց, աշխատութեամբ՝ Մ. Աբեղեան եւ Ս. Յարութիւնեան, Տփղիս, 1913 (այսուհետ՝ Խոր.), Բ, ՁԷ, էջ 236, ՁԸ, էջ 237):
V դ. կեսերի մյուս հեղինակների վերաբերյալ վերեւում բերված առարկությունները եւ, հատկապես պատանի Մովսես Խորենացու Ներբողյանը, որ ներառում է բազում վկայություններ ու դարձվածներ հայերեն Ագաթանգեղոսի Պատմության ամբողջ ծավալով՝ Առաջաբանից մինչեւ վերջին դրվագները, վերջնապես խորտակում են XIX դարից ի վեր մինչեւ օրս իշխող այն տեսակետը, թե Գրիգոր Լուսավորիչը նրանց երկերում չի հիշատակվում լոկ այն պատճառով, որ Ագաթանգեղոսի Պատմությունը գրվել է նրանցից ավելի ուշ եւ, իբր առաջին անգամ, Ագաթանգեղոսի Պատմության մեջ է ստեղծվել Գրիգոր Լուսավորչի կերպարը: Իրականում, բոլոր հեղինակներն էլ քաջ ծանոթ են Գրիգոր Լուսավորչի անվանը եւ գործունեությանը:
Շարունակելի
Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s