Եկեղեցին մշտապես ներկա է իր հավատացյալների կյանքում եւ սրբազան խորհուրդների՝ մկրտության, դրոշմի, ապաշխարության, հաղորդության, պսակի, վերջին օծման եւ ձեռնադրության միջոցով ուղեկցում է մեզ դեպի երանելի հանգրվան։ Նշված խորհուրդները կատարվում են օծյալ հոգեւորականի ձեռամբ՝ որպես տեսանելի գործողություններ՝ եկեղեցական կարգի եւ կանոնի համաձայն։ Այս ծեսերը, իրենց տեսանելի կողմին զուգահեռ, ունեն անտեսանելիորեն ներգործող հոգեւոր խորհուրդ, երբ ուղղափառ հավատքով թափանցում ենք նրանց էության մեջ։
Սբ Գրիգոր Տաթեւացին սահմանում է. «Սբ խորհուրդը չերեւացող, ծածկված երեւույթների հայտնությունն է»։ Ուստի առանց այդ հայտնության՝ անիմաստ է կատարել որեւէ խորհրդի ծիսակատարությունը։ Խորհրդի ներգործությունը տեղի է ունենում այնպես, ինչպես նկարչական որեւէ կտավ դիտելիս կամ երաժշտություն ունկնդրելիս համակվում ենք անբացատրելի հոգեւոր վայելքով։ Մեկ տարբերությամբ միայն, որ վերջիններիս ազդեցությունը կարող է կարճատեւ լինել, իսկ սրբազան խորհրդինը՝ որպես մեր հոգու ապրումների ներշնչարան, հարատեւ։ Հավատքով ապրելու պարագայում բոլոր խորհուրդները դառնում են հոգեւոր մեր աշխարհի հաստատման, զարգացման սնուցանող հացը, կենսատու ջուրը։ Ինչպես անտեսանելի Աստված տեսանելի է դառնում մեր կյանքում, մեր գործերում՝ դառնալով մեր առաքինության, զոհողության, գթասրտության, ինքնասրբացման ընթացքի խթան, այնպես էլ յուրաքանչյուր խորհուրդ, որ կատարվում է մեր կյանքի որեւէ հանգրվանում, սթափեցնող եւ մեր հոգին արթնության մղող ուժ է դառնում Քրիստոսով եւ Նրա հիմնած Սբ Եկեղեցիով, որի անդամն ենք դառնում՝ Փրկչի կենսանորոգ վարդապետության բոլոր ոգեղեն հատկանիշներով։ Ինչպես նշեցինք, Եկեղեցու ծեսերն ունեն ներքին եւ արտաքին, տեսանելի եւ անտեսանելի, հոգեւոր եւ մարմնավոր բովանդակություն։ Յուրաքանչյուր սրբազան խորհուրդ պետք է ընդունել որպես գերագույն հոգեւոր պարտականության իրագործում, որն առաջնորդելու է մեզ դեպի հոգեւոր կատարելագործություն, դեպի հարատեւ աստվածապաշտություն, որ դարձնելու է մեզ Սբ Հոգու անտեսանելի շնորհների ներգործությանը ենթակա հավատացյալներ։ Հաստատուն, էական հարաբերության է մղում այն մեզ՝ մեր հոգու եւ մարմնի Փրկչի հետ։ Սուրբ խորհուրդը պետք է ընդունենք հավատքով եւ երկյուղածությամբ, որ ստանանք աստվածային օրհնությունն ու շնորհը։ Սուրբ խորհուրդը լոկ որպես արարողություն, ծես ընդունելն անարգանք է Սբ Հոգու նկատմամբ՝ ենթակա դատապարտության եւ անեծքի։ Սբ Հոգին շնորհագործում ու զորացնում է նրանց, ովքեր նվիրումով են թափանցում սրբազան խորհրդի մեջ։ Սբ խորհրդով մեզ հետ ճշմարտապես տեսանալի հարաբերության մեջ է մտնում Քրիստոսը։ Խորհուրդն օգնում է մեզ՝ մեր հավատքն ամուր պահելու, քաջալերում դեպի Ճշմարտության ընթանալու։ Սուրբ խորհուրդները Քրիստոսով փրկվելու երաշխիք են եւ հոգեւոր վայելք։
Եկեղեցու սուրբ հայրերն իրենց կյանքով մեկնել են հավատքի դերը՝ որպես մեր հոգու զգայարան։ Առանց հավատքի անհնար է Սբ Հոգին ընդունել։ Եկեղեցին անհավատներին չի ստիպում ձեւական խորհրդակատարության, քանի որ այն չի բովանդակում Աստծու փրկագործական շնորհների տնօրինությունները։ Նա է ստանում «Քրիստոսի առավել կյանքը», ով հոգով ազատորեն ձգտում է այդ վայելքներին։ «Ով հավատա եւ մկրտվի, պիտի փրկվի, եւ ով չհավատա, պիտի դատապարտվի» (Մարկ. ԺԶ 16)։ Իսկ սուրբ Հաղորդության առթիվ ասվում է. «Ով ուտի այս հացը կամ խմի Տիրոջ բաժակն անարժանորեն, պարտական պիտի լինի Տիրոջ մարմնին եւ արյանը» (Կորնթ. ԺԱ 27)։
Յոթ խորհուրդներից մկրտությունը, դրոշմը, ձեռնադրությունը, որպես Սբ Հոգու անզեղծանելի ներգործություն, անկրկնելի են, որով մի անգամ ընդմիշտ սրբում, զինում եւ շնորհագործում են մեզ։
Քրիստոնյան պարտավոր է մկրտվել, դրոշմվել, ապաշխարել, հաղորդվել, իսկ ձեռնադրողը, որ Աստծու ծառան է, հավատացյալներին եւ հիվանդներին է նվիրվում եւ մխիթարում։
Արսեն արք. ԲԵՐԲԵՐՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s