Գաղտնիք չէ, որ աղանդավորական քայքայիչ գործունեության հետեւանքով խաթարվում են երկրի ազգային դիմագծն ու հոգեւոր արժեհամակարգը, խարխլվում անձի առողջ հոգեկերտվածքը, որոնք էլ իրենց հերթին բերում են ազգային անվտանգության մի շարք սպառնալիքների: Աղանդների հետ կապված խնդիրը, դավանաբանական վեճերից զատ, ներառում է նաեւ այնպիսի կարեւոր մի հարց, ինչպիսին է քաղաքացու հասարակական վարքագծի կառավարումը՝ դրանից բխող վտանգներով։ Ինչպես նշում է Ղեւոնդ քհն. Մայիլյանը, դավանական ուղղվածությունը, եթե նույնիսկ մի պահ դիտելու լինենք ոչ փրկաբանական տեսակետից, ձեւավորում է անհատի եւ հասարակության մտածողությունը: Այսօր Հայաստանում բազմաբղետ աղանդավորական ներթափանցումներն ամենից առավել դավանաբանական հարցեր են առաջադրում, եւ «աղանդ» եզրն ինքնին նշանակում է ուղիղ դավանանքից շեղված, հետեւաբար, որեւէ անլուրջ մոտեցում դավանաբանական խնդիրներին, հղի է ծանր հետեւանքներով:
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի խղճի, կրոնական դավանանքի ազատության իրավունք: Այս պարագայում կրոնական կազմակերպություններին առնչվող խնդիրն ունի երկու հակադիր բեւեռ` մի կողմից կրոնական դավանանքի ազատություն եւ կրոնական հանդուրժողականություն, մյուս կողմից` լուրջ վտանգ ազգային անվտանգությանը, ազգային-հոգեւոր գիտակցության ձեւավորմանը:
«Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր». ամրագրված է ՀՀ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում: Սակայն նույն օրենքի՝ նույն հոդվածում նշվում է, որ«Խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունը եւ կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար»: Այստեղ խնդիր է առաջանում` արդյո՞ք կրոնական կազմակերպությունների քայքայիչ գործունեությունը վտանգ չի սպառնում հասարակական անվտանգությանը, քաղաքացիների առողջությանն ու բարոյականությանը:
Ինչպես արդեն նշեցինք, դավանանքը վիթխարի նշանակություն ունի անհատի մտածելակերպի, հասարակական գործունեության, վարքագծի վրա: Այս տեսանկյունից նկատենք, որ կրոնական կազմակերպությունները, զանազան աղանդներ անհանդուրժողականություն են սերմանում Եկեղեցու, պետության հանդեպ եւ վտանգ են ներկայացնում ազգի համար։
Սխալված չենք լինի, եթե նշենք, որ բոլոր աղանդներին հատուկ է այս կամ այն չափով մարդուն զոմբիացնելը, կախման մեջ պահելը կազմակերպությունից՝ հաճախ նաեւ սպառնալիքի ուժով: Հենց անդամակցության առաջին օրվանից իրականացվում է աղանդավորների շարքերը համալրած մարդկանց «ուղեղների լվացման» աշխատանք:
«Հաճախ մեզ մոտենում են լավ հագնված մարդիկ՝ սիրալիր ժպիտով, բարեհամբույր վերաբերմունքով եւ սկսում խոսել իրենց «Եհովայից» կամ «Մորմոնի գրքից»: Եթե փորձենք առարկել կամ դիմացինին հակառակը համոզել, կտեսնենք, որ նա շարունակ խոսում է նույն ոգով եւ նույն ոճով: Սա կոչվում է «մագնիտոֆոնի էֆեկտ» (Дворкин А. Л. Сектоведение. Тоталитарные секты): Սա արդեն հոգեորսության ակնհայտ դրսեւորում է: ՀՀ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը։ Սակայն այն հանգամանքը, որ իրավական առումով հստակ սահմանված չէ, թե ինչ է հոգեորսությունը, աղանդավորներին թույլ է տալիս ծավալել իրենց քայքայիչ գործունեությունը։ Օգտվելով խղճի եւ կրոնական դավանանքի ազատությունից, կրոնական հանդուրժողականությունից` աղանդավորներն ամեն րոպե խախտում են մեր սահմանադրական իրավունքները՝ տանը, դրսում, հանրային վայրերում անհանգստացնելով մեզ, զբաղվելով հոգեորսությամբ կամ քարոզչությամբ։
Մարդիկ, ներգրավվելով այս կամ այն աղանդավորական կազմակերպության մեջ, կատարում են հենց այն հրահանգները՝ բանակում չծառայելը, պետությանը՝ «սատանայի իշխանությանը» չհնազանդվելը, ազգային դարավոր արժեքների մերժումն ու քարկոծումը, որոնք թելադրում են նրանց «ղեկավարները»:
Այն բանից հետո, երբ հետեւորդից խլում են բոլոր կենսահյութերը եւ ֆինանսական միջոցները, նրան փողոց են շպրտում` փոխարինելով այլ մարդկանցով: «Մշակված նյութը» հաճախ զոհվում է կամ էլ հայտնվում հոգեբուժարանում, քանի որ այլեւս ի վիճակի չէ ինքնուրույն ապրել: Մի շարք տոտալիտար աղանդներում կիրառվում է հիպնոսը: Մարդու գիտակցությունը փոխարինվում է վարքագծային կարծրատիպերի լրակազմով. հոգեբանները դա անվանում են աղանդավորական կեղծ անձ (псевдоличность)»,- ասում է Դվորկինը, ով երկար տարիներ ուսումնասիրել է աղանդավորական գործունեությունն ու հոգեբանությունը։ Նա նշում է, որ տոտալիտար աղանդները հիմնականում կրոնի հետ կապ չունեն. նրանց նպատակն իշխանությունն ու փողն են: Դրանք ճնշում են մարդու անհատականությունը, անխնա շահագործում, դարձնում աղանդի ստրուկներ: Բռնությունը նորմալ երեւույթ է այստեղ: Պետք է հիշել, որ տոտալիտար աղանդները վտանգավոր են 4 մակարդակով` անձ, ընտանիք, հասարակություն եւ պետություն: Անձը ստրկացվում է, ընտանիքները քայքայվում են, հասարակությունը հյուծվում է, իսկ պետությունը խարխլվում է ներսից: Այսինքն` աղանդավորական գործունեությունը բերում է ազգային ինքնության, հոգեւոր ու բարոյական արժեքների աղճատման, ինչը դասվում է ազգային անվտանգության ներքին՝ անհամաչափ սպառնալիքների թվին:
Անդրադառնանք նաեւ կրոնական կազմակերպությունների, մասնավորապես Եհովայի վկաների` պետության համար թերեւս ամենավտանգավոր խնդիրներից մեկին` բանակային ծառայության մերժելուն` ելնելով իրենց կրոնական համոզմունքներից: Նախ` Եհովայի վկաներն իրենց համարում են երկրի վրա Աստծու միակ կազմակերպությունը, որից դուրս ամեն ինչ, այդ թվում եւ քրիստոնեական Եկեղեցիները, դասում են սատանայական հաստատությունների շարքին: Այս կազմակերպությունը չի ընդունում նաեւ «հայրենիք» հասկացությունը եւ մերժում է պետական բոլոր կառույցները։
«Անշուշտ, եհովականները ճիշտ են այն հարցում, որ պատմական բոլոր դարաշրջաններում երկրագնդի վրա սատանան զինվորականների միջոցով մեծագույն չարագործություններ է կատարել: Սակայն մեկ այլ բան է, երբ չար մտադրությամբ, նախահարձակ լինելով, զենքով սպանություն են գործում եւ ուրիշի ունեցվածքին տիրում ու բոլորովին այլ բան, երբ մարդ այդ ամենից պաշտպանվելու համար է զենք վերցնում: Նույնն է պարագան նաեւ ազգերի եւ պետությունների համար:
Հետեւապես, ճշմարիտ չէ միանշանակորեն հակառակվել զինվորական ծառայությանը» (Արսեն Պողոսյան, «Պատասխան Եհովայի վկաներին», Եր., 1999): Եթե հայ ժողովուրդն առաջնորդվեր Եհովայի վկաների պատգամներով եւ զենք չվերցներ իր հայրենիքը պաշտպանելու համար, ապա հարեւան անհավատ, բարբարոս ժողովուրդների ասպատակությունների հետեւանքով վաղուց արդեն մեր տարածքում հայկականը եւ քրիստոնեականը հիշեցնող ոչինչ պահպանված չէր լինի:
Կրոնական կազմակերպությունների գործունեությունը լուրջ վտանգ է ներկայացնում թե՛ մարդու հոգեկան առողջության, թե՛ ազգային-հոգեւոր արժեհամակարգի պահպանման, թե՛ ազգային անվտանգության համար: Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ աղանդավորության պատճառով մեր երկրում տասն անգամ ավելացել է ինքնասպանությունների թիվը: Այս եւ այլ խնդիրները մեծ ջանքեր եւ լուծում են պահանջում։ Ինչո՞ւ մեր երկրում չեն խոսում քայքայիչ եւ ամբողջատիրական աղանդների գործած չարագործությունների թեկուզ տասը տոկոսի մասին։ «Ինչո՞ւ ոմանք, որ թաքնված են հասարակական կազմակերպությունների ղեկավարների, ներկայացուցիչների կամ իրավապաշտպանների դիմակի տակ, ամեն ջանք գործադրում են աշխարհով մեկ տարածելու եւ աշխարհին ապացուցելու, թե մեզ մոտ կրոնական ազատություն չկա, մինչդեռ նրանց գործունեությունը լուրջ վտանգ է ներկայացնում ազգի համար»,- նկատում է նաեւ «Ազգ» օրաթերթը («Ազգ», 13 սեպտեմբերի, 2008, թիվ 167):
Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Քարոզչական կենտրոն

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s