ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ըստ բանագետ, ՀԱԻ բանահյուսության տեսության եւ պատմության բաժնի վարիչ, ակադեմիկոս Սարգիս Հարությունյանի «Հայ հմայական եւ ժողովրդական աղոթքներ» գրքի

Սկիզբը՝ նախորդ համարում

1ա. Խորագրված է «Աղոթք»:
Ունի հետեւյալ ծանուցումը. «Այս աղոթքն ասում են քառասուն մանկանց տոնին: Օրիորդք հավաքվում են մի տան մեջ եւ 40 անգամ 40 ծունր են դնում եւ ամեն անգամ կրկնում են այս աղոթքը»:
1բ. Տե՛ս 1.գ. ծանոթագրությունը։
1գ. Խորագրված է «Քառասուն մանկունք»:
Բանահավաք` Ն. Նիկողոսյան, որն աղոթքի բնագիրը բերել է հետեւյալ նկարագրության մեջ. «Մեծ պասի կեսին միջունքն էր: Նորահարսին փեսայի տանից ընծաներ էին տանում: Այդ շաբաթվա ուրբաթ երեկոյան նորահաս աղջիկները հավաքվում էին մի տան մեջ եւ նրանցից մեկի ղեկավարությամբ կատարում էին «Քառասուն մանուկ»: Նրանք այդ գիշեր պետք է ծունր դնեին 40×40=1600 եւ կրկին» այս աղոթքը:
«Աղոթքը տեւում էր մինչեւ ուշ գիշեր…»:
Քառասուն մանկունք,- եկեղեցական ավանդությամբ` Լիկինոս կայսրի ժամանակ՝ 316 թ. մարտի 9-ին, Սեբաստիա քաղաքի մերձակա լճակում քրիստոնեական հավատքի համար նահատակված 40 քաջարի զինվորները (ծագումով Կապադովկիայից եւ Փոքր Հայքից), որոնք ենթարկվելով մարմնական ծանր տանջանքների՝ չեն ուրանում իրենց հավատը:
Ի վերջո հեթանոս դուքսն ու դատավորը նրանց վիզը պարան են գցում, գիշերով լցնում բոլորին Սեբաստիայի մերձակայքի սառը լճակը, իսկ կողքին տաք բաղնիք սարքում, որպեսզի նահատակվողները գայթակղվեն բաղնիքով, սառը ջրից դուրս գան՝ ուրանալով իրենց հավատը: 40-ից միայն մեկն է գայթակղվում, լճակից դուրս է վազում, մտնում բաղնիք, բայց սաստիկ ջերմությունից տեղնուտեղը մահանում: 39-ը լճակում աղոթում են առ Աստված: Կատարվում է հրաշք. երկնքից լույս է իջնում լճակի վրա, եւ 39 լուսեղեն պսակ` նահատակվողների գլխին: Հրաշքին ականատես հսկիչ բաղնեպանը արթնացնում է պահակներին, ձայն է տալիս, որ ինքն էլ քրիստոնյա է դարձել եւ իրեն նետում է լճակը եւ արժանանում 40-րդ պսակին: Գալիս են դատավորն ու դուքսը, լճակից հանել են տալիս նահատակվածների մարմինները, բարձում սայլերին, տանում գետափ, դիակները վառում եւ մոխիրը լցնում գետ:
Երրորդ օրը Սեբաստիայի Պետրոս եպիսկոպոսը երազում տեսնում է 40 նահատակներին, որոնք խնդրում են գալ գետափ եւ իրենց նշխարները հանել: Գիշերով գաղտնի, գետի ջրերի վրայից հավաքում են նրանց նշխարները, բերում եւ հետագայում դրանց վրա Սեբաստիայում կառուցում են մի վայելուչ եկեղեցի՝ 40 մանկանց անվամբ, որը դառնում է ուխտատեղի [Աւգերյան, Բ, 482-510]:
1դ. Խորագրված է «Քառասուն մանկանց տոնի գիշերը քառասուն ծունր դնելով ասելու»: Տե՛ս 1գ. ծանոթագրությունը:
1ե. Բերված է «Լճիկ» խորագրով ծեսի հետեւյալ նկարագրության մեջ. «Բախտ բաժանելու երեկոն Լճիկն է, երբեմն այդ օրը ձյուն կգա, այնպես որ` Լճիկ ձյուն էկի, տվի ճիչք (զիստ):
Բարեպաշտ կիները, մուրազ ունեցող աղջիկները կը հավաքվեն մի սակավամարդ տուն, կը վերցնեն քառասուն փոքրիկ քար եւ կսկսեն ծունր իջնել աղոթելով : Քառասուն ծունկից հետո մի քար կը ձգեն եւ մի քիչ կը հանգչեն այնպես, որ մինչեւ առավոտյան դեմ հազիվ կը լմնցնեն քառասուն անգամ ծնրադրությունը»:
1զ. Խորագրված է «Քառասուն մանկանց տոնի գիշերը քառասուն ծունր դնելով ասելու»: Տե՛ս 1գ. 1դ. 1ե. ծանոթագրությունները:
2. Բերված է «Զատիկ» խորագրով հետեւյալ ծեսի նկարագրության մեջ. «Օձունում ս. Պատարգից հետո ժամավորները դուրս են գալիս եկեղեցուց եւ շրջապատում Սամբատ թագվորի դամբարանը, մի քանի գյուղացիներ բարձրանում են նրա աստիճանների վրա եւ երգում հետեւյալը, որի յուրաքանչյուր տան ավարտին բազմությունը ձայնակցում է երգելով. «Օրհնյալ է Աստված», եւ բերվում են սույն օրհնաբանական աղոթքի առաջին վեց տողերը, որոնք փաստորեն կրկներգ են:
Բանահավաքի (Ե. Լալայան) վկայությամբ` այս աղոթերգին հաջորդում է ծիսական զոհաբերություն` Զատկի մատաղի բաժանումը… Ծիսական այս աղոթքը բաղադրված է եկեղեցական օրհնաբանական բանաձեւերից, Քրիստոսի կյանքի սուրբգրային եւ կրոնական մոտիվներից, «Տեր ողորմեա» տերունական հանրահայտ աղոթքի հատվածներից եւ կարեւորը` ժողովրդի սոցիալ-տնտեսական կյանքի հիմնական բնագավառներին բնորոշ իրողություններից (վերջին 15-տողյա տունը), որոնց օրհնության եւ պահպանության բաղձանքն իր վրա է կրում աղոթքի ողջ իմաստաբանությունը (հանրույթի սոցիալ-տնտեսական գոյության ապահովում):
3. Խորագիր չունեն: FBI բանահավաքը Հարություն դպիր Տեր-Հովհաննիսյան Սարոյանցն է, գրառված՝ 1881 թ.: FFIII բանահավաքը Խաչ. Փորքշեյանն է, գրառված` 1961 թ.: Վերջին երկտողում հիշատակված է Համբարձման տոնից հետո հնգօրյա պասը պահելուն, որն աղոթքում դիտված է որպես հոգիների դատաստանի ժամանակ մեղքերի ներման նախապայման:
4. Խորագրված է «Օրհնություն տան եւ պարագայից»:
Բացի առաջին տողի եւ վերջին երկտողի օրհնաբանական բանաձեւերից` ամբողջ բնագիրը կառուցված է տան անդամների, կարասիների եւ ունեցվածքի գրեթե բոլոր տեսակների մանրակրկիտ թվարկումների վրա, որոնց մեջ նկատվում է որոշ զավեշտական վերաբերմունք: Այդ զավեշտն է եղել, անշուշտ, պատճառը, որ սրա տարբերակներից մեկն արժանացել է Նաղաշ Հովնաթանի գրական մշակմանը` «Օրհնութիւն գեղացի երէցի» խորագրով՝ կատարված միեւնույն ոտանավորով եւ նույնության հասնող ընդհանրություններով (տե՛ս Ն. Հովնաթան, Բանաստեղծություններ, Ե., 1951, էջ 126-127):
5. Խորագրված է «Օրհնություն»: Սա կրոնական օրհնություն է՝ սկզբնապես գրաբար հորինված, հետագայում ժողովրդական լեզվի ազդեցությամբ ենթարկված լեզվական եւ ոճական փոփոխության:
6. Խորագրված է «Աշուղների օրհնությունը»:
Ըստ երեւույթին՝ ասվել է արեւմտահայ աշուղների կողմից: Լեզվական առումով պատկանում է արեւմտահայ բարբառներին եւ ոչ մի առնչություն չունի գրառման տեղավայրի` Ղարաբաղի բարբառի հետ: Բաղադրված է յոթ տարբեր օրհնությունների շարքերից, ոգով ու բովանդակությամբ կապված սուրբգրային ավանդական պատկերների ու խորհրդանիշների հետ: Մելքոն, Գասպար, Բաղդասար՝ Քրիստոսի ծնունդը կանխագուշակող, Բեթղեհեմ ժամանող եւ նրան առաջինը երկրպագող Արեւելքի երեք մոգերը կամ թագավորները: Աղքատ Ղազար. նկատի է առնվել Քրիստոսի պատմած նորկտակարանյան զրույցը՝ Աղքատ Ղազարոսի մասին: Վերջինս, լինելով աղքատ ու մարմինը վերքերով ծածկված, պառկում էր մի մեծահարուստ մարդու տան առջեւ եւ սնվում նրա սեղանի փշրանքներով: Մեռնելուց հետո Ղազարոսը գնում է դրախտ՝ Հայր Աբրահամի գիրկը, իսկ մեծահարուստը` դժոխք եւ ենթարկվում անլուր չարչարանքների (տե՛ս Ղուկ., ԺԶ 19-31): Աղոթքում Աղքատ Ղազարին տրված «Հոգովն սուրբ» մակդիրը բնորոշում է Ղազարոսի արդար եւ սուրբ էությունը եւ բաղձանք է արտահայտվում ենթարկվել նրա օրհնությանը: Սահակ Գառ. նկատի է առնվել հինկտակարանյան զրույցի այն մոտիվը, ըստ որի, երբ Հայր Աբրահամը կամենում է Աստծուն զոհել իր միակ որդուն` Իսահակին, Աստված նրա փոխարեն ծառից կախում է մի արու գառ` խոյ, որը եւ զոհաբերվում է Իսահակի փոխարեն (Ծննդ., ԻԲ1-14):
7. Խորագիր չունի: Բնագիրը մատիտով սեւագիր է, հավանաբար գրված է Ե. Լալայանի ձեռքով: Ծիսական աղոթք է՝ բնույթով օրհնաբանական` բաղադրված մեծ մասամբ ժողովրդական բարեմաղթության բանաձեւերից: Ասվել է, ըստ երեւույթին, ծիսարար քահանայի կողմից ինչ-որ ծեսի եւ ծիսական սեղանի առիթով: Օրհնաբանական մոտիվներով մասամբ մերձենում է նախորդ աղոթքին: Սուրբ Սաբեկա ծառ. այն ծառը, որից Աստված կախում է Իսահակի փոխարեն իջեցրած գառը (խոյ): Մելքիսեթ. Հին Կտակարանի Մելքիսեդեկ քահանան, որն օրհնում է Աբրահամին թշնամու դեմ տարած հաղթանակի համար (Ծննդ., ԺԴ 18-20):
8. Խորագիր չունի: Վերնագրված է ըստ բովանդակության` կազմողի կողմից: Բանահավաք` Գ. Թարվերդյան, գրառված է 1936 թ. Արտաշատի Ավդալար գյուղում, Վանի Շաղբաղի գյուղի նախկին բնակիչ, 33-ամյա Ինջիմազյան Մարգարիտից: Աղոթքն իր երկանդամ հորինվածքով` վիպական մասի եւ ողորմության աղերսանքի հարադրությամբ, համասեռ է. աղերսանքը բխում է վիպական նկարագրության տրամաբանությունից:
9. Խորագիր չունի: Բանահավաք Ե. Լալայանի ծանուցմամբ` աղոթքն ասվել է ուխտավորի կողմից՝ ուխտավայրի քարը, դուռը, հուշարձանը համբուրելուց, մոմերը վառելուց եւ մի քանի անգամ երկրպագելուց հետո: Ժողովրդական աղերսական աղոթքներին խիստ բնորոշ նմուշ է՝ ամբողջապես տոգորված իրական կյանքի սոցիալ-բարոյական, ընտանեկան, նյութատնտեսական պայմանների բարելավման ցանկությունների կատարման խնդրանքով, ուր հոգու փրկության կրոնական գաղափարը, հակառակ եկեղեցական աղոթքների, աննշան տեղ է գրավում:
Աննա ՊՈՂՈՍՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s