Հովհաննես Թլկուրանցու ստեղծագործությունների մեջ խիստ ուշագրավ է «Տաղ սրբոյն Ալեքսիանոսի» վարքագրական բնույթի վիպական տաղը, որն ուսանելի օրինակ է քրիստոնեական առաքինի կյանքի, քրիստոնեության համար անհողդողդ հավատարմության ու նահատակության: Այս տաղը սրբախոսական զրույցի մշակում է, ցայտուն վկայություն միջնադարյան մեծ քնարերգուի ժողովրդաշունչ ոճի ու պատմելաձեւի:
Ալեքսիանոս ճգնավորի պատմությունը քրիստոնեական վարքագրության նշանավոր երկերից է: Ասորական եւ հունական մատենագրությունից այն թարգմանության ճանապարհով թափանցել է արեւելյան, ինչպես նաեւ գերմանա-ռոմանական ու սլավոնական մի շարք ժողովուրդների գրականությունների մեջ, արժանացել նաեւ ասացողների ու գուսանների հետաքրքրությանը: Հայ գրականության մեջ եւս այդ վարքը տարածվել ու ժողովրդականացվել է հատկապես թարգմանությունների միջոցով։ (Մ. Աբեղյանն Ալեքսիանոսի վարքի համար նշում է երկու թարգմանություն, որոնք մտնում են «Վարք հարանց եւ քաղաքավարութիւնք նոցին» ժողովածու մեջ: Նրանցից երկրորդը թեեւ առաջինի բովանդակությունն ունի, սակայն ավելի ընդարձակ է ու մանրամասնություններով պատմված (տե՛ս «Երկեր», հ. Գ, էջ 124): Թլկուրանցու տաղի բովանդակությունը շատ նման է վերջին թարգմանությանը):
Ահա միջնադարում շատ տարածված ու սիրված Ալեքսիանոսի մասին վարքը մշակելով՝ Թլկուրանցին դարձրել է վիպական բավականին հետաքրքիր մի ստեղծագործություն: Այն յուրօրինակ վիպական տաղ է՝ կրոնական ոգով տոգորված: Հատկապես մեծ ազդեցություն է թողնում Ալեքսիանոսի հաստատակամությունը ճգնական կյանքին: Նա, դեռեւս նորապսակ, առագաստի գիշերը փախչում է մարմնական ցանկությունից ու հեշտանքից եւ բացառիկ մեծ համբերությամբ՝ կամովին կրում ամեն մի տառապանք, հետագայում՝ նույնիսկ հայրական դռանը:
Սա վարքագրական գեղեցիկ այն ստեղծագործություններից է, ուր առկա են այդ ժանրի էական հատկանիշները: Ինչպես հին հերոսների, պատմական անձնավորությունների պատկերման դեպքում, տաղում եւս կարեւորություն է տրվում հերոսի՝ նշանավոր ծագում ունենալուն: Սովորաբար սկզբում փառաբանվում էին նրանց ծնողները: Եվ վարքերին բնորոշ ճարտասանական զարդարուն ոճով Թլկուրանցին նկարագրում է Ալեքսիանոսի հորն ու մորը.
Աստուածասէր իշխան մի կայր Եփրիանոս անուն կոչիւր,
Ի մեծանիստ քաղաքն Ստամբօլ որք զթագաւորքն օծանէին:
Ինքն եւ իւր կինն էին բարի, պահող սրբոց պատուիրանի,
Դարպաս ուն(է)ին ոսկով ծեփած, շատ գանձ ունին, որդի չունին։
(Խեւ) Յովհաննէս Թլկուրանցի, Տաղգիրք, հրատ. Ն. եպ. Ծովական, Երուսաղէմ, 1958, էջ 4: Հետագա մեջբերումները եւս այս գրքից են):
Եվ ինչպես առհասարակ հատուկ է վարքերին, սուրբը պետք է ամլորդի լինի՝ Աստծուց շնորհված: Ալեքսիանոսի մայրն ուխտ է գնում վանքերը, առատ նվերներ տալիս եկեղեցականներին եւ «ողորմութիւն՝ դառն աղքատին»՝ Աստծուց զավակ խնդրելով: Եվ, վերջապես, ամենակարող եւ ամենագութ Աստված լսում է նրա աղաչանքները եւ մի գեղեցիկ որդի պարգեւում, որին անվանում են Ալեքսիանոս՝ «այր Աստուծոյ».
Զոր եւ գթած Տէրն ողորմած, ողորմեցաւ իւր ծառային,
Էրետ նոցա զավակ աւրհնեալ, զԱլեքսանոս անուն բարին:
Երբ նա մեծանում, դառնում է յոթ տարեկան, ծնողները տանում են սովորելու՝ Հովհան Ոսկեբերան վարդապետի վանքում: Եվ ջանասեր, ուսումնասեր տղան անվերջ ու ագահորեն սովորում, յուրացնում է կրոնական բազմաթիվ աղոթքներ ու գիտելիքներ, կատարելապես ծանոթանում Ավետարանին.
Ոչ պարապ էր նա աղօթից, եւ ոչ խնայէր նա զիւր մարմին,
Սաղմոսարանին մեկնիչ ուզեց, զայն այլ փութով գրել տուին:
Ալեքսիանոսի չափահաս դառնալուց հետո ծնողները, նրա կամքին հակառակ, ցանկանում են ամուսնացնել քաղաքի հզոր իշխանի դստեր՝ գեղեցիկ Մարգարիտի հետ: Հարսանեկան խնջույքի ժամանակ, երբ բազմությունը հավաքված ուրախանում է, Ալեքսիանոսը «լալով» մտնում է եկեղեցի ու երկար աղոթում.
Ապա եկաւ ի դուրս կրկին, գլուխ եդիր ժողովրդին,
Թէ խոստացայ զիս Աստուծոյ, ինձ չէ կարիք կին ամուսին:
Սակայն նրա խնդրանքը ոչ ոք չի ցանկանում լսել, օրհնում են նրանց ու կատարում պսակադրություն: Իսկ երբ հարսանեկան արարողությունն ավարտվում է, նորապսակներին մտցնում են առագաստ: Բայց Ալեքսիանոսն արդն որոշել էր իր անելիքը.
Նա կուսութեան պսակ ունէր, մտիկ չդնէր ամենեւին,
ասաց, թէ՝ Կին իմ Մարգարիտ, առ քեզ նշան զիմ մատանին
Մինչ ես դուրս ելնեմ եւ գամ: Այլ յետ չդարձաւ երանելին:
Կինը երկար սպասելուց հետո, երբ հասկանում է Ալեքսիանոսի հեռանալը, սկսում է՝
… լայր եւ ձայնէր մօրն Աննային.
Թէ ելէք տեսէք զձեր որդին, զիմ աչաց լոյսն
եւ զձեր հոգին:
Բոլորը, շփոթված ու անակնկալի եկած, փնտրում են ամենուրեք, սակայն ոչ մի տեղ չեն գտնում նրան: Իսկ Ալեքսիանոսը, ինչպես սրբերն են անում, իր ունեցածը տալիս է առաջին հանդիպած պատահական մի աղքատի, հագնում վերջինիս ցնցոտիները եւ նավով հեռանում դեպի «Սինէական Քորեբ» լեռը: Այստեղ նա շուրջ քառասուն տարի աղոթք է անում, ապա գնում Երուսաղեմ՝ «երկիր պագեաց գերեզմանին»: Իսկ հետո հասնում է Ուռհա (Եդեսիա) քաղաքը եւ եկեղեցու դռան առաջ կամավոր մուրացկան դառնում: Սուրբն անվերջ ու անդադար աղոթում է, բայց չի մտնում եկեղեցի, որովհետեւ իրեն համարում է մեծագույն մեղավոր: Եվ նա հեռանում է այդտեղից ու նավով հասնում հայրենական քաղաք.
Գնաց ի դուռըն ծնօղին, հոն որ աղքատքըն կենային,
Երկիր պագեաց հօրն՝ իշխանին, տեսաւ զմայրն եւ զկին բարին:
Լայր եւ ասէր Երանելին, հօրէն խնդրէր ողորմութիւն,
Տեղի տուէք ի ձեր դրան՝ վանց կարօտուն Ալեքսիանոսին:
Հայրը սիրով ընդունում է անճանաչելի որդուն, թույլ տալիս ապրել իր տան դռան առաջ: Սակայն ոչ ոք նրան չի հիշում ու ճանաչում: Չար ծառաները ծաղրում են Ալեքսիանոսին, փետում միրուքն ու չարչարում, բայց «Աստծոյ այրը» անսահման համբերությամբ տանում է այդ ամենը, գիշեր ու ցերեկ անընդմեջ աղոթում եւ «ոչ պարապէր ամենեւին»: Իսկ երբ հասնում է մահվան օրը, նա թանաք ու թուղթ է խնդրում ու «ի ներս գրեաց զգանգատ սըրտին»: Վախճանվում է սուրբը, հրեշտակները նրա անեղծ հոգին տանում են «փառօք յերկինըս»: Ալեքսիանոսի հորը հայտնում են, որ իր տան առաջ ապրող աղքատը մահացել է՝ «թուղթ ի ձեռին»: Վերջինս գալիս է, կարդում թղթի վրա գրվածը եւ այդ պահին միայն ճանաչում իր հարազատ զավակին.
Եկաւ առաւ զթուղթն ի ձեռին, կարդաց տեսաւ բան առաջին.
Ալեքսիանոսն եմ ձեր որդին, լալով ողջոյն իմ ծնողին:
Սաղմոսարանըս նշան, առ Մարգարիտ զիմ մատանին,
Բայց մայրս լսէ զիմ գանգատնին, զինչ քո ծառայքդ հետ ինձ ստին:
Ե՛վ ծնողները, ե՛ւ բազմությունը դառնագին ողբում են երանելու կորուստը: Սրբին թաղում են, եկեղեցի կառուցում գերեզմանի վրա ու կոչում Ալեքսիանոսի անունով, որն ունենում է բժշկող մեծ ու բացառիկ զորություն.
Առեալ տարան ամփոփեցին, եկեղեցի սուրբ շինեցին,
Ալեքսանոս անուանեցին, շատոց առնէր բժշկութիւն:
Ալեքսիանոս ճգնավորին նվիրված այս գողտրիկ գործն իր գեղեցիկ մշակումով ու քնարականությամբ հավասարարժեք է Թլկուրանցու վիպական մյուս ստեղծագործություններին:
Վարդան ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s