Սկիզբը՝ 2012 Մարտ Բ-Մայիս Ա
Օրիի թողած սերմերը Հայաստանում հայտնվել էին պարարտ հողում, եւ հայերն աստիճանաբար զենքի էին դիմել։ Լեզգիների 1722 թվի արշավանքը Գանձակի վրա, ավերն ու կոտորածը խթանեցին հայ ազատագրական պայքարը, եւ Հովհաննես իշխանը (Ավան Յուզբաշի) Թարթար գետի մոտ ճակատամարտ տվեց նրանց եւ ստիպեց ետ քաշվել։ Սակայն բոլորի հույսը ռուսական ցար Պյոտրի արշավանքն էր։ Վրաց Վախթանգ թագավորը՝ վրացական զորքով, եւ Եսայի կաթողիկոսը՝ հայերի 10000-անոց զորաբանակով, որին հաջողվել էր հայկական իշխանությունը վերականգնել, հավաքվեցին Գանձակի մոտ գտնվող Չոլակ վայրում, որպեսզի միանան ռուսական հաղթական զորքերին։ Նրանց թվում էր, թե հասել է փրկության ժամը, սակայն ցնծությունը երկար չտեւեց։ Մինչ նրանք սպասում էին, որ ցարը կգրավի Շամախին, որ լեզգիների ձեռքին էր, եւ իրենք կմիանան ռուսական զորքերին, Պյոտրը Կասպից ծովի ափերը նվաճելուց հետո ետ քաշվեց՝ համաձայնության գալով օսմանների հետ։ Բայց ազատության դրոշը բարձրացված էր, եւ անհրաժեշտություն կար հրամանատարի, մասնավորապես՝ Սյունիքում։ Ստեփանոս Շահումյանը դիմեց վրաց արքունիք, եւ վրաց ծառայության մեջ գտնվող Դավիթը կամ ապագա Դավիթ-Բեկը (կամ՝ Հալիձորցին) եկավ Սյունիք ու անցավ շարժման գլուխ։ Նա ցուցաբերեց մեծ ընդունակություններ՝ փոքրաթիվ ուժերով հաղթելով մահմեդական հակառակորդներին։ Իր առաջին մեծ գործն սկսեց 400 հոգով եւ ջախջախեց այլազգիների 16000-անոց բազմությունը։ Նրա աշակերտներից էին Մխիթար Ղափանցին կամ Սպարապետը, Փարսադան Հալիձորցի մելիքը եւ նրա փեսա Ավետիք Հալիձորցի քահանան, Թորոս Չավնդուրեցին, Բայանդուր Բաթմանա Ղլիճը, Ստեփանոս Շահումյանը, Պապ զորավարը եւ ուրիշներ։ Սրանք իրենց ջոկատներով կամ անձամբ միացան Դավիթ-Բեկին եւ շատ հաղթանակներ տարան թշնամիների նկատմամբ, սակայն ապստամբության ոգին ու հմուտ հրամանատարը, անշուշտ, Դավիթ-Բեկն էր։ Նա հեռատես էր, լրջմիտ, եռանդուն, հեղինակավոր եւ կարգապահության մեծ ջատագով։ Շատ հատկանշական է ուրացող Դավիթ մելիքի ձերբակալությունը։ Նա ստիպեց, որ մատնիչը եկեղեցու դռանը 12 օր շարունակ կրկնի «Լոյսն Լուսաւորչի հաւատուն, վայ ուրացող մարդուն» բառերը, որից հետո նրան գլխատել տվեց։ Դավիթ-Բեկի ապստամբությունը շատ հետաքրքիր է, բայց մանրամասների մեջ մտնելն իմաստ չունի, եւ ասվածի նպատակը ժամանակի կացությունը ցույց տալն է միայն։
Մինչ Սյունիքը եւ Արցախը բռնված էին ապստամբությամբ, անհանգիստ էր նաեւ Էջմիածնի Մայր Աթոռը։ Վատ էր, որ ապստամբները գործում էին անջատ-անջատ։ 1724 թվին օսմանները գրավեցին Էջմիածինն ու Երեւանը, որի բնակիչները երկու ամսից ավելի կատաղի դիմադրություն ցույց տվեցին թուրքական մեծաքանակ ուժերին։ Պարսիկները կասկածամիտ էին Աստվածատուր կաթողիկոսի հարցում, թե նա ռուսների հետ հարաբերությունների մեջ է, եւ անգամ նամակ էին ձեռք ձգել, որ ուղղված էր Սյունիքի եւ Արցախի հայ ապստամբներին։ Նրան բանտարկեցին եւ միայն 4000 ոսկու փրկագնով դժվարությամբ ազատ արձակեցին։ Չնայած իր տառապանքներին՝ կաթողիկոսը շարունակեց խրախուսել հայ ազատագրական շարժումը եւ փորձել ձեռք բերել ռուսական զորքերի պաշտպանությունը։ Պարսիկները նրան ստիպեցին հորդորել Դավիթ-Բեկին կռվել օտարների դեմ, իսկ տեղացիներին ու պարսիկներին չվնասել։ Նրան ստիպեցին անգամ, որ այդ նպատակով գնա Արցախ ու Վրաստան, ինչն Աստվածատուրը կատարեց, բայց ապստամբությունից ետ կանգնելու հորդորներ չկարդաց։ Նրան կասկածելի էին համարում պարսիկները, բայց նրան չէին վստահում նաեւ օսմանները, որոնք այդ պատճառով արգելեցին հայերին մյուռոնօրհնեքի առիթով Էջմիածին գնալ։ Նույնիսկ 1723 թվին հատուկ պաշտոնյա եկավ Էջմիածին եւ հանդիմանեց Աստվածատուրին, թե ռուսներին օգնելու համար բանակ է պատրաստում։ Հանդիմանությունից բացի, տրվեցին անթաքույց սպառնալիքներ։ Պատերազմն սկսվել էր, եւ կաթողիկոսը կորցրել էր հանգիստը՝ դեգերելով պակաս վտանգավոր վայրերում։ Նա, մի կողմ թողնելով զգուշավորությունը եւ անցնելով ակտիվ գործունեության, պետք եղած դեպքում մեկնում էր տարբեր տեղեր՝ մարդկանց քաջալերելու համար։ 1724 թվի երկրորդ կեսին օսմանները գրավեցին Էջմիածինն ու Երեւանը եւ դա հանդիսավորապես նշեցին Կ. Պոլսում։ Աստվածատուրի դիրքն ավելի վտանգվեց, եւ ինքն էլ, մշտապես անորոշ կացության մեջ, դրանից հետո ընդամենը մեկ տարի ապրեց՝ Մայր Աթոռում հայտնվելով անհրաժեշտ կարգադրություններ անելու եւ հազվադեպ՝ օսմանների հետ հանդիպելու համար ՝ Մայր Աթոռը կեղեքումներից ազատելու նպատակով։ Հիշատակություն կա այն մասին, որ Սիմեոն վարդապետ Երեւանցին, որ Կ. Պոլսում նվիրակ էր, կարողացավ սուլթան Ահմեդից Էջմիածնի վանքի եւ չորս այլ վանքերի համար կաթողիկոսի անունով մուզաֆության կամ ապահարկության հրովարտակ ստանալ, բայց դա բոլորովին բավարար չէր հարստահարություններն արգելելու եւ պատերազմի աղետները վերացնելու համար։
Աստվածատուր Համադանցին մահացավ Օշականում 1725 թվի հոկտեմբերն 10-ին՝ դժբախտ պատահարի հետեւանքով։ Նա բարձրանում է տանիքը՝ լուսնի խավարումը դիտելու, եւ հանկարծ գլխիվայր ընկնում է, ծանր վիրավորվում եւ չորս ժամ անց՝ վախճանվում։ Դրանից մի քանի ամիս առաջ՝ մարտի 1-ին, վախճանվել էր Մովսես Ջուղայեցին, որը մեծ նեղություններ էր կրել աֆղանների արշավանքների շրջանում։ Աստվածատուր կաթողիկոսը թաղվեց Հռիփսիմեի վկայարանի գավթում, իսկ Մովսեսը՝ իր վանքի եկեղեցու հյուսիսային դռան շեմին։
Մայր Աթոռում կատարյալ անիշխանություն առաջացավ։ Պատերազմը շարունակվում էր տակավին, եւ ռուսներն ուզում էին արմատապես հաստատվել Կասպից ծովի հարավարեւմտյան ու հարավային ափերին, իսկ օսմանները ցանկանում էին իրենց իշխանությունը տարածել մինչեւ Սյունիք ու Արցախ եւ էլի դեպի արեւելք՝ Շամախի, ու հարավ՝ դեպի Թավրիզ ու դրա մերձակայքը։ Պարսիկները թեպետ պարտվել էին եւ հայտնվել Թահմազի ու Միր-Մահմուդի իշխանության ներքո, սակայն մտածում էին իրենց իշխանությունը վերականգնելու մասին։ Հայերը, զենքի դիմելով, ոչ միայն լեռնական լեզգիներին ու պարսիկներին էին դիմադրում, այլեւ կատաղի պաշտպանվում էին օսմանյան զորքերից։
Մայր Աթոռի միաբանությունը ցրվել էր, եւ հնարավոր չէր օրինական ընտրություն կատարել։ Ջուղայեցիներն աֆղանների բռնապետության տակ էին եւ բավական հոգսեր ունեին այլ խնդիրներով չզբաղվելու համար։ Հնարավոր է, որ Աստվածատուրն առաջարկած լիներ Մովսես Ջուղայեցուն հրավիրել, բայց նա շուտ մահացավ։ Իսկ նրա հաջորդ Դավիթ Ջուղայեցին ի վիճակի չէր այդ բարդ ու կնճռոտ իրադրության մեջ գլուխ հանելու։ Եվ հազիվ թե Աստվածատուրը նրա թեկնածությունն առաջ քաշած լիներ։ Ամեն ինչից դատելով՝ հարմար մարդ չկար նաեւ նրա շրջապատում։ Այնպես որ՝ կաթողիկոսական աթոռը երկար ժամանակ թափուր մնաց։
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s