Հովհաննես Թլկուրանցու վիպական տաղերից մեկն սկսվում է «Գեղ մի կայր՝ Նարեկ ասեն» տողով: Այս տաղն ունի ավանդապատում բնույթ եւ պատմում է միջնադարյան հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու հրաշագործությունների մասին: Միջնադարում սրբացած բանաստեղծին նվիրված եղել են բազմաթիվ զրույցներ, ավանդություններ, որոնցից մեկը մշակել է Թլկուրանցին: Այդ պատմությունները ժողովրդի մեջ պահպանվել են երկար ժամանակ: Նրանցից երկուսն էլ չափածո են եւ գրի են առնվել 19-րդ դարի վերջերին (Տե՛ս Գ. Հովսեփյան, Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից, Թիֆլիս, 1892, էջ 16-19 եւ «Լումա», 1899, Բ գիրք, էջ 325-328: «Լումայում» տպագրված օրինակը կրում է «Ժողովրդի խոսք Նարեկացու մասին» վերնագիրը, ուր բանաստեղծի կերպարի կրոնական կողմը շատ ավելի մեծ տեղ է գրավում, քան առաջին զրույցում: Այս զրույցն իր բովանդակությամբ ավելի մոտ է Թլկուրանցու մշակմանը, տեղ-տեղ գրեթե բառացիորեն համընկնում է): Այս զրույցների ժողովրդական ծագումը երեւում է նրանց բովանդակությունից: Ե՛վ զրույցների (Գր. Նարեկացու մասին զրույցների շարքը տե՛ս Ա. Ղանալանյանի «Ավանդապատում» գրքում, Երեւան, 1969, էջ 306-320), ե՛ւ Թլկուրանցու տաղի սյուժետային ամբողջությունը կազմված է առանձին դրվագների (զրույցների) միահյուսմամբ ու հարակցությամբ, ինչ որ բնորոշ է առհասարակ ժողովրդական վիպական երգերին՝ պայմանավորված նրանց առաջացման հանգամանքով:
Թլկուրանցու վիպական տաղում Նարեկացին հրաշագործ սուրբ է, պաշտելի վարդապետ: Նարեկ գյուղի տանուտեր Գորգիկը երկար տարիներ «չէր եկեր ի ժամատեղին»: Վարդապետի այն հարցին,
Թէ Գորգ, տանոտեր ես դու,
Յէ՞ր չես գար ի ժամատեղին
(Հովհ. Թլկուրանցի, Տաղեր, էջ 206,
հետագա մեջբերումները եւս այս տպագրից են),
Գորգիկը պատասխանում է.
Շատ մշակ ունիմ՝ չըբանին:
Եվ վրդովված վարդապետն անիծում է նրան.
Չի հանգչի մարմինդ ի հողին:
Երբ մեռնում է Գորգիկը, հողը, իրոք, չի ընդունում նրա մարմինը.
Եւթըն գերեզման բացին,
Հողըն մուտ չերետ Գորգիկին:
Սա Նարեկացու առաջին հրաշագործությունն է տաղում: Անիծված տանուտերին թաղելու բոլոր ջանքերն իզուր են անցնում, եւ ճարահատյալ ազգականները խնդրում են Նարեկացի վարդապետին: Վերջինս տեղի է տալիս նրանց թախանձանքներին եւ խոսում է մեռած տանուտերի հետ, որը կենդանանում եւ թողություն է խնդրում՝ սրբի ոտքերն ընկնելով: Իսկ սուրբը հրամայում է.
Գո՛րգ, հանգի՛ր ի մէջն ի հողին:
Ահա այդ ժամանակ միայն հողն ընդունում է մեռածի մարմինը:
Այս զարմանալի դեպքից հետո հրաշագործ կրոնավորի համբավը հասնում է Սիս, որտեղից երեք վարդապետ է գալիս՝ «վարդապետն ի տես»: Նրանք Նարեկացուն հանդիպում են ոչխար արածեցնելիս: Հոգով սուրբ վարդապետն իմանում է «զխորհուրդն ի սրտին» եւ գայլերին կանչում «ու հովիւ եդիր ոչխարին»: Ապա իր խցում նա սսեցի վարդապետներին ուզում է հյուրասիրել խորոված աղավնիներով: Հյուրերը նկատում են, որ օրը պահս է, սակայն Նարեկացին նրանց առաջարկում է.
Կամ կերէք, բարի հիւրեր,
Կամ հրաման տըւէք, որ թռչին:
Նրանք շատ են զարմանում, իսկ վարդապետը հրամայում է, եւ եփված աղավնիները կենդանանում են ու թռչում.
Նայ զաջն ի վեր եհան,
Թեւաթափ ետուր թեփուրին.
Թեւ առին եաւթնապատիկ
Վերայ գլուխ սուրբ վարդապետին.
Վարդապետն օրհնեց զնայ,
Ու թըռան հասան երամին:
Այս տեսնելով՝ ապշահար եղած վարդապետները լուր են տանում Սսո կաթողիկոսին, թե՝
Ճըշմարիտ եւ ըղորդ կասեն,
Որ կուտայ հոգի մեռածին:
Թլկուրանցու տաղում, ինչպես հատուկ է ժողովրդական վիպական երգերին, «պատմականը Նարեկացին է, մեկ էլ այն, որ ժողովուրդը դարեր շարունակ հավատացել է նրա հրաշագործությանը» (Մ. Աբեղյան, Երկեր, հ. Ա, Երեւան, 1966, էջ 506): Սակայն այստեղ, ամենայն հավանականությամբ, պատմական է նաեւ տանուտեր Գորգիկը (14-15-րդ դարերի ձեռագրերի հիշատակարաններում շատ են հանդիպում Գորգ կամ Գորգիկ անունները, որոնցից մի քանիսը՝ տանուտերեր (տե՛ս Լ. Խաչիկյանի «Ձեռագրերի հիշատակարանների անվանացանկերը», Երեւան, 1950):
Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ եթե Նարեկացու հրաշագործություններից խորոված աղավնիներին կենդանացնելն ու թռցնելը գալիս է շատ հնից եւ ունի լոկ կրոնական բնույթ, ապա Գորգիկին անիծելը, մեռած տանունտերին խոսեցնելը, հրամանը, որ հողը նրա մարմինն ընդունի, սոսկ կրոնական երանգ ունեցող հրաշքներ չեն: Դրանց միջոցով արդեն պատժվում է չարը, որ այստեղ անհնազանդ տանուտեր Գորգիկն է:
Օժտված աստվածային հրաշագործ հատկություններով՝ վարդապետ Նարեկացին մոտենում է Հիսուս Քրիստոսին, քանի որ ամենազոր Աստծո Որդու նման նա կատարում է հրաշքներ՝ մեռածին հարություն տալիս, չարին պատժում, մարդկանց մեղքերի համար աղոթում: Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ Նարեկացու մեծությունն ընդունվել է ու պաշտվել որպես սուրբ, իսկ նրա «Մատյան ողբերգության» պոեմը համարվել է հրաշալի աղոթամատյան:
Թլկուրանցու տաղն օժտված է նուրբ քնարականությամբ: Այն թեեւ չունի կրկնած (հանգերգ) (կրոնականներ կան գրի առնված նշված երկու պատումների մեջ: Ինչպես՝ «Լումայում» տպագրված օրինակում յուրաքանչյուր դեպք պատմելուց հետո կրկնվում է «Ծառա կելնեմ Նարեկացուն» տողը, մի տեղ էլ՝ «Ծառա կելնիմ էն խովուվուն», իսկ Գ. Հովսեփյանի ներկայացրած օրինակում՝ «Հեթմ շախող Նարեկեծին», «Պարտքնտեր պարտքից ազատող Նարեկեծին», «Մեռել հարուցող Նարեկեծին», «Սըրփ զանեզան, սըրփ Նարեկածին» կրկնակ-բացականչությունները), որով առհասարակ արտահայտվում է վիպական երգի քնարականությունը, բայց այդ մեղմ քնարական շունչը հատկապես զգացվում է նրա պատմելակերպի մեջ:
Թլկուրանցու համար Նարեկացին ամենից առաջ եւ ամենից շատ մնում է որպես մեծ ու անգերազանցելի բանաստեղծ: Թերեւս այդ է վկայում նաեւ այն, որ տաղերգուն իր սիրո երգերում շատ է գործածել նարեկացիական երանգ ունեցող «ծով» մակդիրը, հատկապես կնոջ աչքերի գեղեցկությունն ու հմայքն արտահայտելու համար («Աչերն է ծով, ունքն թուխ ամպ», «Ասցի՝ Սիրէ զիս, ծով աչեր», «Աչեր ունիք զէտ ըզծովեր» եւ այլն):
Միջնադարյան մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու մասին հորինված ե՛ւ ժողովրդական զրույցները, ե՛ւ Թլկուրանցու վիպական տաղը բնութագրական են նրանով, որ պատկերում են Նարեկացի բանաստեղծի սրբակյաց վարքը: Ժողովրդի համար այդպիսի սուրբը, բնականաբար, չէր կարող անհիշատակ մնալ:
Վարդան ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s