ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՈԼՈՒԹՅՈՒՆ
Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Ղազար քհն. Պետրոսյանը

— Տե՛ր հայր, համաձայն Սբ Գրքի` Եկեղեցին «առաքինություն» եզրը բացատրում է որպես ճշմարիտ եւ ուղղափառ հավատի արգասիք, այն հավատի, որը խոստովանում է Հիսուս Քրիստոսին Աստծո Որդի եւ Աստված: Ըստ սուրբ վարդապետների` առաքինությունն իրագործվում է միայն Աստծու շնորհով: Ու թեեւ այս բառը գործածվում է նաեւ ոչ զուտ հոգեւոր իմաստներով` նշանակելով ազնվություն, պատվասիրություն, բարեխղճություն, հայրենասիրություն եւ այլն, սակայն դրանցով օժտված մարդուն դեռեւս չի կարելի կոչել առաքինի, եթե նրա մոտ այդ ամենը հիմնված չէ Աստծո հանդեպ հավատի վրա: Ինչո՞ւ:
— Իսկապես, մեր շրջապատում քիչ չեն Եկեղեցուց ու հավատքից բավականին հեռու կանգնած մարդիկ, որոնց կարելի է վերագրել Ձեր թվարկած հատկությունները եւ էլի շատ ու շատ մարդկային բարի գծեր ու հատկանիշներ, որոնցով նրանք համբավ են վայելում ընտանիքում, հասարակության մեջ, ընկերների ու բարեկամների շրջանում, որոնցով նաեւ տարբերվում են այդ հատկություններից այս կամ այն չափով զուրկ մարդկանցից, որոնց մենք չար ենք կոչում: Բայց եթե այդ հատկություններն անգամ առաքինություն անվանենք, ապա միայն խիստ վերապահումով, քանի որ դրանք ինչ-որ տեղ թերարժեք առաքինություններ են: Ինչո՞ւ: Մարդն ամենից շատ վախենում է մահվանից, եւ առհասարակ գաղտնիք չէ, որ մահկանացու մարդու համար ողջ կյանքի ընթացքում մեծագույն խնդիրը մահն է: Գիտենք նաեւ, որ Աստված Ինքը` Աստվածորդին, խաչի վրա պատարագվելով եւ Իր հրաշափառ հարությամբ հաղթել է մահվանը եւ այդ հաղթանակը պարգեւել է նաեւ մարդկանց: Հետեւաբար, Արարչին դեմ կանգնած, Արարչին հակադրվող մարդը չի կարող առաքինագործել այնպես, ինչպես որ Արարիչն Ինքը կկամենար եւ կներգործեր: Հիշո՞ւմ եք Տիրոջ խոսքն այն ճյուղի մասին, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե որթատունկի վրա հաստատված չլինի: Քրիստոսն ասաց. «Ես եմ որթատունկը, իսկ դուք` ճյուղերը: Ով բնակվում է Իմ մեջ, եւ Ես` նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց Ինձ ոչինչ անել չեք կարող: Եթե մեկը Ինձ վրա հաստատված չէ, նա ճյուղի նման դուրս կնետվի եւ կչորանա, եւ այն կհավաքեն ու կրակը կնետեն, եւ կայրվի: Եթե Իմ մեջ մնաք, եւ Իմ խոսքերն էլ մնան ձեր մեջ, ինչ որ ուզենաք, խնդրեցե՛ք Աստծուց, եւ ձեզ կտրվի» (Հովհ. ԺԵ 5-7): Ըստ այսմ էլ` եթե որեւէ անձ, որքան էլ առաքինի եւ առաքինասեր կոչենք նրան, պատվաստված չէ բուն Քրիստոս արմատին եւ չի սնվում առաքինությունների օջախից` Արարչից, ապա նրա կյանքում, կենցաղում առկա բարի հատկությունները կարելի է որպես առաքինություններ դիտել, բայց միայն` իրենց որոշ հանգամանքի մեջ: Իսկ բուն էության մեջ դրանք լիարժեք առաքինություններ չեն, որովհետեւ միայն աստվածային բարության, սրբության, աստվածային ճշմարտության ներգործության շնորհն է, որ տարածվելով մարդու սրտում, նրա կյանքի եւ կենցաղավարության բոլոր ասպարեզներում՝ առաջ է բերում ճշմարիտ առաքինություն: Ուստի ուղղափառ հավատքն այն մեծագույն շնորհն է, որ ներգործելով մարդու խղճի, մտքի եւ հոգու վրա` ծնում է բազմաթիվ ու բազմազան առաքինություններ, որոնք մենք առանց վարանելու եւ ճշմարտապես կոչում ենք քրիստոնեական: Եվ պետք է ասել՝ Եկեղեցու սուրբ վարդապետները զանազան հետաքրքիր մոտեցումներով դասակարգել են թե՛ առաքինությունները, թե՛ դրանց հակակշիռ մոլությունները: Սակայն այդ բազում առաքինություններն իզուր եւ ի չիք են դառնում, եթե չկա առաջին եւ գլխավոր առաքինությունը` հավատքը: Անհավատության պարագայում խոսք անգամ չի կարող լինել ճշմարիտ առաքինության մասին:
— Ըստ Եկեղեցու վարդապետների դասակարգման` առաքինությունները պայմանականորեն բաժանվում են երեք հիմնական խմբերի. աստվածային (աստվածխոսական), մարդկային եւ ստացական: Տե՛ր հայր, փորձենք հասկանալ այդ դասակարգման տրամաբանությունը:
— Այո՛, առաջին խմբում սուրբ վարդապետներն իմաստնաբար ընդգրկել են աստվածային կամ, ինչպես հաճախ են ասում, աստվածխոսական (Աստծուն վերաբերող, Աստծո խոսքով հաստատված, Աստծո ներշնչմամբ ամրագրված) առաքինությունները, որոնց մասին խոսվում է միշտ, որոնցով պայմանավորված են մնացած բոլոր առաքինությունները: Դրանք են՝ Հավատ, Հույս եւ Սեր: Աստվածային են կոչվում, որովհետեւ այս երեք առաքինություններով Աստված Ինքն է ներգործում մարդկանց սրտի վրա:
Մարդը նախ պիտի հավատքով կապված լինի Աստծուն եւ հավատքով լցված` տարբերի չարը բարուց, ճիշտը սխալից, լավը վատից: Երկրորդ` պիտի հույսով լցված լինի, որպեսզի առանց վհատվելու, ժրաջանորեն գործի` բարին պահելու համար: Եվ վերջապես` սերը, որ թերեւս այս ամենի լրումն է: Սերը, որ Արարչից ներթափանցում է մարդու մեջ, սերը, որով մարդ եւ Աստված միավորվում են, որով (եւ ոչ այլ ինչով) մարդ եւ մարդ պիտի կապված լինեն միմյանց, սերը, որի մասին Պողոս առաքյալն էլ ասաց. «Բայց արդ` մնում են հավատ, հույս, սեր. սրանք` երեքը. եւ սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. ԺԳ 13):
Երկրորդ խմբի մեջ ընդգրկված են մարդկային կոչված առաքինությունները: Սրանք չորսն են` խոհեմություն, արիություն, ողջախոհություն եւ արդարություն, որոնք սովորաբար իրագործվում են սեփական անձի, ինչպես նաեւ մերձավորների հանդեպ:
Երրորդ խումբն ընդգրկում է ստացական առաքինությունները: Սրանք արդեն բազմաթիվ են եւ հիմնականում ձեռք են բերվում մարդու՝ աստվածահաճո կյանքի ընթացքում` որպես առաքինասեր վարքի աստվածապարգեւ ընծաներ: Սակայն բոլոր ստացական առաքինություններն էլ, ըստ էության, արդյունք են երեք գլխավոր բարի գործերի, որոնց շնորհիվ Քրիստոսի Եկեղեցու հավատարիմ զավակները մաքրվում են մեղքերից եւ հավիտենական կյանքը ժառանգում: Դրանք են աղոթքը, պահքը եւ ողորմությունը:
— Տե՛ր հայր, ասվածից հետեւում է, որ առաքինությունը մարդու այն բարի հատկությունն է կամ հատկությունների հանրագումարը, որով նա ապրում եւ գործում է Աստծո բարի խոսքի, Նրա պատվիրանների համաձայն ու չի մեղանչում: Այդ պատվիրանները կային նաեւ մինչեւ Քրիստոս Աստվածորդու հայտնությունը (նկատի ունեմ Տասնաբանյան): Մի՞թե Մովսիսական օրենքներն այլ պատկերացում, այլ մոտեցումներ էին մատնանշում առաքինությունների վերաբերյալ:
— Եթե ասենք, որ Հին աշխարհում, այսինքն` մինչեւ Քրիստոսը, ընդհանրապես գոյություն չեն ունեցել առաքինի մարդ կամ առաքինի արարք, իհարկե սխալված պիտի լինենք: Աստված ճշմարտությունը, իմաստությունը բաշխեց ամենքին, սակայն մարդիկ, մոլորվելով այլեւայլ ճանապարհներով, այդ ճշմարտության որոշ հատիկներ միայն պահեցին, եւ ամբողջական, բուն ճշմարտությունը պակասեց մարդկանց միջից: Նրանք (հրեա ժողովուրդը) անշուշտ ունեին Մովսեսից տրված Հին Ուխտի օրենքները, սակայն այդ օրենքներն ի զորու չեղան նրանց արդարացնելու Աստծու առաջ, որովհետեւ, ինչպես առաքյալն է ասում, բոլորն էլ մեղանչեցին եւ զրկվեցին Աստծու փառքից (տե՛ս Հռոմ. Գ 23), եւ փրկությունը կատարյալ չեղավ: Որովհետեւ եթե մեղքի վարձքը մահն էր, ապա մեղք գործած մարդու կյանքի դիմաց անասուն զոհաբերելը լիարժեք հատուցում չէր, քանզի անասնական կյանքը թերարժեք էր մարդու այլազան մեղքերը քավելու համար, որով արդարանում էին մինչեւ Քրիստոսի խաչելությունը: Հին Ուխտի ժողովուրդը, նաեւ ընտրյալ սրբերը, նահապետներն ու մարգարեները իրենց ողջ կյանքի ընթացքում հենց այս ճանապարհով է, որ արդարանում էին Աստծու առաջ: Բայց սա կատարյալ արդարացում չէր: Պողոս առաքյալն էլ է ասում, որ Քրիստոսից առաջ բոլոր զոհերն ի զորու չէին մարդու խղճմտանքի բեռն ազատելու եւ նրան դատապարտությունից ամբողջությամբ մաքրելու: Բայց երբ խաչվեց Քրիստոսը, լիարժեք եւ առավելագույն հատուցում եղավ, որովհետեւ Զոհագործվողը կատարյալ Մարդ էր ու կատարյալ Աստված, Ով Իր հարությամբ արարչական կյանք պարգեւեց մարդուն: Ընդ որում, լիարժեք հատուցում եղավ ո՛ղջ մարդկության համար: Երբեմն մեզ հարցնում են` ինչպե՞ս կարող է «մեկ մարդ» խաչվել եւ իր արյամբ փրկագնել, ասենք, մեկ միլիոն մարդու: Մենք էլ այդ մարդկանց ասում ենք` իսկ ինչպե՞ս է մեկ արեգակը միանգամից լուսավորում միլիարդավոր մարդկանց: Եթե Արարչի ստեղծած արեգակն ի զորու է միլիարդավոր մարդկանց լուսավորելու ֆիզիկական լույսով, ապա կասկածից վեր է, որ Արարչի կատարած զոհագործությունը բոլոր մարդկանց հոգիների փրկության համար լիարժեք հատուցում էր, դեռ մի բան էլ ավելի. չէ՞ որ Արարչի կյանքն ավելին է, քան Իր ողջ արարչության արժեքն է, որովհետեւ, եթե Արարիչն Ինքն է, ապա դարձյալ կարարի: Ուրեմն` Նրա կյանքի արժեքը չի կարող բաղդատվել անգամ Իր ստեղծածի հետ` ողջ արարչության հետ: Ուստի Քրիստոս Աստվածորդու զոհագործությամբ Աստված բոլոր հոգիներին փրկություն պարգեւեց, դրանով իսկ կատարյալ արդարությունը սփռեց մարդկանց հոգիների մեջ եւ կատարյալ հույսը տվեց, որով մարդը պետք է ապրի իր ողջ կյանքում: Ցավոք սրտի, այսօր էլ շատ-շատերի համար Քրիստոսի բերած փրկագործությունը եւ փրկության հույսը սոսկ գաղափար է, մտակառուցումի նման մի բան, այլ ոչ թե իրականություն: Այնինչ չկա ավելի իրական բան, քան այն, որ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Չէ՞ որ Քրիստոսի առաքյալները Նրանից ոչ թե ինչ-որ մի թեզ ստացան, այլ ռեալ իրականություն, որը Քրիստոսը նախ խոստացավ, ապա իրագործեց` խաչի վրա մեռնելով ու երրորդ օրը հարություն առնելով, այլեւ բազում անգամներ հայտնվելով Իր աշակերտներին: Նա նրանց հետ հաց կերավ, խոսեց նրանց հետ, շոշափել տվեց Իր չարչարված ու խոցված մարմինը, այսինքն` գործադրեց բոլոր հնարավոր եղանակները, որոնցով աշակերտները պիտի համոզվեին, որ Քրիստոսն իրականում հարություն է առել: Եվ Տիրոջ հարությունը, որը նաեւ ողջ մարդկության հարության ու հավիտենական կյանքի առհավատչյան էր, հավերժական հույսով պիտի լցներ նրանց սրտերը, որով նրանք պիտի ազատագրվեին մահվան սարսափի զնդանից` համարձակորեն քարոզելու Տիրոջ Ավետարանը բոլոր ազգերին: Ու պիտի նահատակվեին Քրիստոսի անվան համար, Ճշմարտության համար` իրենց արյամբ կնքելով իրենց դավանած, իրենց իսկ տեսած ու լսած սրբազան հավատքը: Ինչո՞ւ: Որովհետեւ այդ հավատքի զորությունը գերեզմանից այն կողմ էր անցնում, որովհետեւ այդ հավատքի մեջ հավերժության հույսը կար, որը եւ պիտի փոխանցվեր Քրիստոսի Եկեղեցու բոլոր հավատարիմ զավակներին` նրանց հոգիներում սերմանելով ճշմարիտ առաքինության բազում սերմեր, որոնք պիտի պտղաբերեին` դառնալով Հավատ, Հույս, Սեր, Արդարություն, Խոհեմություն, Խղճմտանք, Ողջախոհություն, Արիություն, Խոնարհություն, Համբերություն, Գթասրտություն…
Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s