Ինչպես Գլակավանքի ասորի վերակացուները 320-ական թթ. «հույժ մեծարման» պատրվակով սբ Գրիգորին վտարեցին Ավետյաց բլրից, այնպես էլ 430-ական թթ. վերջին Հայաստանում իշխող ասորի կղերը, Գրիգորին համապատիվ դասելով Մովսես մարգարեին, հասավ նրա անունը եւ պաշտամունքը «պատվավոր» ձեւով արգելելուն՝ դրա հետ միասին նաեւ նրան փառաբանող Ագաթանգեղոսի Պատմությունը: Հետաքրքիր է նշել, որ սբ Գրիգորի անունը չի հիշատակվում նույնիսկ ներկա Ագաթանգեղոսի Պատմության Առաջաբանում, որի հետեւանքով նրան վերաբերող որոշ տեղեկություններ անուշադիր ընթերցողը կարող է վերագրել Տրդատ թագավորին: Օրինակ՝ «14-ում հայտնի չէ, թե ում մասին է ասված «կամ որպէս զնոյն ինքն աշխարհի հովիւ կացուցեալ՝ վայելէին ի նորուն վարդապետութեանն», երբ դրանից առաջ միայն Տրդատ անունն է հիշված, եւ անմիջապես հետո՝ դարձյալ Տրդատը: Գրիգորի անունը տվյալ շրջանում եղել է խորհրդապաշտական արգելքի տակ՝ մինչեւ նշխարների հայտնվելը: Արգելքը տեւել է, ըստ Սահակ Պարթեւի տեսիլքի, երեքուկես տասնամյակ՝ «երեք տասներեակք ամաց եւ կէս տասներեկի» (Փարպ., Ա դրվագ, ԺԷ, էջ 33: Նոր Հայկազյան Բառգիրքն ունի՝ «Երեքտասան երեք ամաց, եւ կէս տասներեկի» (հ. Բ, էջ 849), այսինքն՝ երեսունհինգ տարի: Հարկ է նշել, որ այստեղից Սահակ Պարթեւի տեսիլքում հետագայում ավելացվել են կանխասացության եւ ապագայում լինելիքի նոր նշմարներ՝ տեսիլքի կատարումը կամ աշխարհի «վախճանը» հետաձգելու համար: Այս նպատակով էլ տեսիլքի մեջ մուծվել է «ամք երեք հարիւր յիսուն», որից իբրեւ համառոտված է «երեք տասներեակք եւ կէս տասներեկի» (35 տարի) ժամկետը. «…արդ ամփոփեա՛ զունկնդրութիւն մտաց քոց, լուր եւ ասացից քեզ՝ զոր ինչ սահմանեացն Բարձրեալն. յայսմ հետէ մինչեւ ի վախճան աշխարհիս՝ երեք տասներեակք ամաց եւ կէս տասներեկի համառօտեսցի ի վերայ ամենայն աշխարհի, մինչեւ յերեւումն պղծոյն անապատի, զոր Դանիէլ մարգարէի ասացեալ է սուրբ Հոգւոյն. եւ լինին սոքա յայտնապէս թուով ամք երեք հարիւր յիսուն, ըստ միազոյգ պտղոց երից ոստոցն եւ կիսոյն» (Փարպ., ԺԷ, էջ 33): Խմբագրողի կարծիքով «տասներեակ» այստեղ նշանակել է «մի տասներորդ մասը», ինչպես 35-ը՝ 350-ի: Ըստ իս, սակայն, «տասներեակ» նույն «տասնեակ» իմաստն ունի, ինչպես «յիսներեակ»՝ «յիսնեակ» (Պենտեկոստէ):
Ս. Սահակի տեսիլքում երկիցս հանդիպող «յերեւումն պղծոյն անապատի» բառերը, որ, թվում է, ակնարկում են Արաբական անապատը եւ վերագրվում են հրեա Դանիել մարգարեի տեսիլքին՝ «զոր Դանիէլ մարգարէի ասացեալ է սուրբ Հոգւոյն», իրականում Դանիելի տեսիլքներում չկան: Առաջին պատմիչը Սեբեոսն է, որ VII դ. կեսերին, իբրեւ ժամանակակից, նկարագրել է Իսմայելի Ամռ արքայի առաջին տարում Սինա անապատից ելած իսմայելացիների (արաբների) ամայացնող հենը. «Ելին արտաքս ի Սինէ անապատէ հրամանաւ Աստուծոյ՝ առնել անապատ միանգամայն զամենայն երկիր» (Պատմութիւն Սեբէոսի, աշխատասիրությամբ Գ. Աբգարյանի, Երեւան, 1979, գլ. Զ, էջ 64): Նրանք մի քանի տարում տիրեցին եւ անապատ դարձրին Եգիպտոսից մինչեւ ի սահմանս Հնդկաց (նույն տեղում, գլ. ԽԲ, էջ 139): Բացի այդ, Սեբեոսն առաջին պատմիչն է, որ իր պատմության մեջ արաբների աշխարհավեր աղետը կապում է մ. թ. ա. VII դ. առաջին կեսի՝ Դանիել մարգարեի չարագույժ կանխասացության հետ՝ յուրովի մեկնելով Դանիելի տեսիլքի ամբողջ հատվածը չորս խորհրդավոր գազանների մասին. «Բայց զահագին աղէտս հէնին Իսմայելի, որ բորբոքեաց հրդեհեալ զծով եւ զցամաք, ո՞վ կարիցէ պատմել: Բայց երանելին Դանիէլ կանխաւ գուշակէ մարգարէութիւնն զայսպիսի նեղութիւնս որ եկն եհաս ի վերայ երկրի. որ չորս գազանաւք նշանակէ զչորս թագաւորութիւնսն, որ յառնելոցն էին ի վերայ երկրի… «Եւ նախ առաջին զԱրեւմտից թագաւորութիւն, զմարդացեալ գազանն, որ է Յունաց…». «Եւ ահա գազանն երկրորդ նման արջոյ… յարեւելից կողմանէ. զՍասանականին ասէ զթագաւորութիւն…». «Իսկ գազանն երրորդ իբրեւ զինձ… զՀիւսիսային ասէ զթագաւորութիւն, Գոգ եւ Մագոգ, եւ երկու ընկերք նոցին…». «Իսկ գազանն չորրորդ ահեղ եւ զարմանալի, եւ ժանիք նորա երկաթիք, եւ մագիլք նորա պղնձիք. ուտէր եւ մանրէր եւ զմնացուածսն առ ոտն կոտորէր…»: Այս չորս, յարուցեալ ի Հարաւոյ կողմանէ՝ Իսմայելեան թագաւորութիւնն. որպէս հրեշտակապետն մեկնեաց, եթէ «Գազանն չորրորդ թագաւորութիւն չորրորդ կացցէ, որ առաւել իցէ քան զամենայն թագաւորութիւնս, եւ կերիցէ զամենայն երկիր» (նույն տեղում, գլ. ԽԲ, էջ 139):
Այնուհետեւ ԽԷ գլխում պատմիչը նույն ոգով շարունակում է. «…զոր ասաց մարգարէն, եթէ «Որպէս մրրիկ ի հարաւոյ ընթասցի, յանապատէ գնացեալ յահեղ տեղւոջէ», այն է անապատն մեծ եւ ահագին, ուստի մրրիկ ազգացս այսոցիկ փոթորկեալ ել եւ կալաւ զամենայն երկիր, կոխեաց եւ եհար զնա: Եւ կատարեցաւ ասացեալն, թէ «Գազանն չորրորդ՝ չորրորդ թագաւորութիւն կացցէ ի վերայ երկրի, որ առաւել է չարեաւք քան զամենայն թագաւորութիւնս, որ արար անապատ զամենայն երկիր» (Պատմութիւն Սեբէոսի, գլ. ԽԷ, էջ 162): Դանիել մարգարեի այս չորրորդ գազանը եւ Սինա անապատը հիշատակվում են նաեւ Պատմության վերջում՝ արաբների Մավիաս թագավորի օրոք (Պատմութիւն Սեբէոսի, գլ. ԾԲ, էջ 177):
Սեբեոսը չորրորդ «ահեղ» գազանին նույնացնում է Իսմայելի թագավորության հետ, իսկ Դանիել մարգարեն, իհարկե՝ Ասորեստանի: Այս է ահա, որ ս. Սահակի տեսիլքում հետագա խմբագրողն անվանում է «երեւումն պղծոյն անապատի», որ ըստ Սեբեոսի՝ տեղի ունեցավ Բյուզանդական կայսր Երակլոսի (իմա՛ Հերակլի (610-641 թթ.) 24-րդ տարում, բայց ըստ հետազոտողների (Հ. Օրբելի եւ այլք)՝ 641 թ.: Սահակ Պարթեւն իր տեսիլքը պատմել է մահից (439 թ.) քիչ առաջ, բայց տեսիլքը նրան երեւաց նախքան եպիսկոպոս ձեռնադրվելը, երբ հոգեկան խռովքի մեջ էր՝ արու զավակ չունենալու պատճառով, այսինքն՝ ոչ պակաս քան 50 տարի առաջ՝ մոտ 390 թ.: Ըստ այսմ, ս. Սահակի մահից մինչեւ արաբների 641 թ. արշավանքը կազմում է 202 տարի, իսկ ս. Սահակի եպիսկոպոսությունից հաշված՝ 251 տարի,- երկու դեպքում էլ «ամք երեք հարիւր յիսուն» արտահայտությունը՝ որպես 35 տարվա տասնապատկում, չի արդարանում: Թերեւս VIII դ. երկրորդ կեսին ինչ-որ մատենագիր, նկատի առնելով 772-775 թթ. Հայոց ապստամբությունն Աբբասյան Խալիֆաթի դեմ եւ Մամիկոնյան ու Բագրատունի նախարարների միացյալ զորքի պարտությունը Բագրեւանդի ճակատամարտում, 350 տարվա համառոտումն է համարել Սահակի տեսիլքում նշված 35 տարին (մեկ տասներորդ մասը): Սակայն, ինչպես 350 թվականը, այնպես էլ «երեւումն պղծոյն անապատի» խոսքը, որ խորհրդանշում է Սինա անապատը եւ այնտեղից ելած ամայացնող հենը, ս. Սահակի տեսիլքում պետք է հետագա ընդմիջարկություն համարել, որով աղճատվել է կանխասացության իմաստը: Ուստի, Սահակ Պարթեւի տեսիլքից հեռացնելով, ըստ հնարավորին, հետսամուտ շերտերը («…ամք երեք հարիւր յիսուն» հավելումը չի արդարանում նաեւ նրանով, որ Սահակ Պարթեւի մահից մինչեւ «յերեւումն պղծոյն անապատի», այն է՝ մինչեւ 641 թ., կազմում է շուրջ 200 տարի: Կնշանակի՝ այդ հավելումը կատարված է VII դ. վերջին, որը չի համապատասխանում արաբների առաջին արշավանքին: Տեսիլքի մեկնությամբ զբաղվել են նաեւ այլ հեղինակներ, հատկապես Ն. Ակինյանը (Քննութիւն տեսլեան ս. Սահակայ — «Հանդէս ամսօրեայ», 1936, № 10-12, էջ 466-479. 1936 եւ 1937, № 1-5, էջ 48-87): Իմ դիտարկումները, սակայն, կապ չունեն եղած քննությունների, մանավանդ, Ն. Ակինյանի հաճախ իռացիոնալ դատողությունների հետ եւ զուտ բանասիրական նպատակ ունեն՝ վերականգնելու ս. Սահակի տեսիլքի սկզբնական բնագիրը), կունենանք հետեւյալ սկզբնական անաղարտ հատվածը. «…յայսմ հետէ մինչեւ ի վախճան [ժամանակի, ոչ թե աշխարհիս — Ա. Մ.] (Դանիել մարգարեի տեսիլքում Աստծո հրեշտակը հայտնում է ժամանակի վախճանի մասին, ոչ թե երկրի, որին եւ պետք է հետեւած լիներ Սահակ Պարթեւը. «…ահաւասիկ ես ցուցից քեզ որ ինչ լինելոց է ի վախճանի՝ ի վերայ երկրի. քանզի տակաւին ի ժամանակս է վախճանն» (Դան., Ը 19)՝ երեք տասներեակք ամաց եւ կէս տասներեկի … ըստ միազոյգ պտղոց երից ոստոցն եւ կիսոյն» (Փարպ., ԺԷ, էջ 33, 34):
Այն, որ վերականգնված հատվածը տեսիլքի սկզբնական պատկերն է ներկայացնում, հաստատվում է նրանով, որ անհարազատ հետսամուտ շերտը հեռացնելուց հետո անսպասելի իրար են հանդիպում երկու նույնանման դարձվածներ՝ «երեք տասներեակք ամաց եւ կէս տասներեկի» եւ «ըստ միազոյգ պտղոց երից ոստոցն եւ կիսոյն», որոնք իսկապես էլ սկզբում իրար կից են եղել, քանի որ պարզաբանում են թե՛ միմյանց եւ թե՛ տեսիլքի հիմնական խորհուրդը՝ մոտալուտ ապագայի կանխասացությունը: Տեսիլքում՝ բեմի վրա, հայտնվում է վարսավոր եւ պտղալից ձիթենին՝ փարթամ ու դեպի վեր ձգտող ոստերով, որոնցից առանձնացած երեքուկես խոնարհված ոստերը՝ իրենց թառամած ու սմքած պտուղներով, խորհրդանշում են Հայոց աշխարհի առաջիկա տխուր ու ծանր երեքուկես տասնամյակները, երբ դադարեցված էին Հայոց թագավորությունն ու կաթողիկոսությունը, եւ արգելված էր Գրիգոր Լուսավորչի պաշտամունքը՝ «լուր ստուգապէս, զի լռեսցէ մերձ ընդ մերձ թագաւորութիւն յազգէդ Արշակունեաց, եւ քահանայութիւն ի ցեղէ արժանաւոր քահանայապետին Գրիգորի» (Փարպ., ԺԷ, էջ 34):
Սահակ Պարթեւի դուստրն ամուսնացած էր սպարապետ Համազասպ Մամիկոնյանի հետ, որոնցից ծնվեցին քաջարի սպարապետ-զորավար Վարդան Մամիկոնյանը եւ նրա հարազատ եղբայրներ Հմայակն ու Համազասպյանը: Եվ այս ակնարկելով՝ Աստծո հրեշտակը հայտնում է ս. Սահակին. «… զուարթացի՛ր ցնծալից ուրախութեամբ. զի ահա յարգանդէ զաւակիդ, որ տուաւ քեզ յԱրարչէն, ելցեն բազում շառաւեղք, արք ընտիրք զօրութեամբ. ընդ որս միաբանեալ եւ այլ բազմութիւնք լաւ արանց, յազգէ նախարարացդ Հայոց. որք զօրացեալք սուրբ բանիւն Աստուծոյ եւ զյարուցմունս թագաւորաց եւ զսպառնալիս իշխանաց առ ոչինչ համարեալ՝ միացուցանեն զանձինս ընդ յոյսն բաղձալի երկնաւոր կոչմանն, չհայելով ի մեծութիւնս սնոտիս եւ ոչ ի փառս առժամայնս. ընդ որոյ վաճառեալ ոմանց զփառս անեղծին Աստուծոյ, ընդ սնոտի եւ ապականացու կենաց աշխարհիս՝ ուրացողք լինին» (Փարպ., ԺԷ, էջ 35): Այստեղ ներկայացված է Վարդանանց եւ Վասակյանց ոխերիմ հակամարտությունը. Սահակ Պարթեւի թոռ, հայրենասեր զորավար Վարդան Մամիկոնյանը՝ իր զինակիցներով, եւ ուրացող մարզպան Վասակ Սյունին՝ իր կուսակիցներով: Մեկնության այս հատվածը գրեթե բառացի հիշեցնում է այն պահը, երբ Տիզբոնում Հազկերտ թագավորը մահվան սպառնալիքով պահանջում է ընդունել մազդեզական կրոնը, իսկ Վարդան Մամիկոնյանը, առաջ գալով, ընդհանուր լռության մեջ հանդգնաբար մերժում է Քրիստոսի հավատը սնոտի փառքի դիմաց վաճառելու եւ ուրացող դառնալու հրամանը. «Եւ լուեալ զայս ամենայն բանս, պատուոյ եւ խոստմանց եւ մահու սպառնալեաց, ի թագաւորէն Պարսից Յազկերտէ երեցունց աշխարհաց ազատանւոյն՝ լռեցին առ վայր մի այլքն. բայց յառաջ կացեալ աներկիւղ եւ քաջասիրտ մտօք Վարդանայ Մամիկոնէից տեառն եւ Հայոց սպարապետի՝ պատասխանի ետ թագաւորին Յազկերտի առաջի ամենայն բազմութեանն եւ ասէ, եթէ «…Բայց զօրէնս, զոր ուսայ յԱստուծոյ ի մանկութենէ իմմէ, թողուլ եւ ընդ երկիւղի մարդոյ փոխանակել՝ չէ հնար: Զի եթէ ի մարդոյ ընկալեալ էր զարդար վարդապետութիւնն, զոր հաստատեալ է ի միտս իմ, գիտէի թէ ճշմարիտ են, եւ ուրանայի՝ ողորմելի զանձն համարէի. թող թէ օրէնս, զոր ընկալայ եւ ուսայ ի բերանոյ Աստուծոյ՝ վաճառել ընդ երկիւղի մարդոյ եւ սնոտի փառաց. քա՛ւ լիցի: Իմ պատասխանիք այդ են, յորում ցանկամ մեռանել, քան թէ կալ ուրացութեամբ առանց Աստուծոյ…» (Փարպ., ԻԶ, էջ 49):
Այսպես, իր մահից առաջ Սահակ Պարթեւը տեսիլք է պատմում ոչ թե Հայոց աշխարհի վախճանի մասին, ինչպես նշվում է առկա բնագրում, այլ Հայոց աշխարհում չարի իշխանության վախճանի մասին, որը տեւելու է «երեք տասներեակք ամաց եւ կէս տասներեկի» (35 տարի): Սահակի տեսիլքում չարի իշխանության այս ժամանակը հարեւնման է Դանիել մարգարեի տեսիլքում չորրորդ գազանի երկրի վրա իշխելու ժամանակին՝ «Մինչեւ ի ժամանակ եւ երկու ժամանակք եւ կէս ժամանակի» — այն է՝ «երեք ժամանակք եւ կէս ժամանակի»: Դանիելի տեսիլքում ժամանակի այս բանաձեւը, որ եղել է եբրայերեն Հին Կտակարանում, ըստ իս, հայտնի էր Սահակ Պարթեւին՝ ասորերեն Հին Կտակարանից (Դան., Է 25), որն ինքն էլ նախապես թարգմանել էր հայերեն (Խոր., Գ, ԾԴ, էջ 329. «Եւ (Մեսրոպայ) վերակացու թողեալ զաշակերտ իւր զՅովնաթան, միանգամայն եւ քահանայս կացուցեալ դրանն արքունի (Աղուանից)՝ ինքն դառնայ ի Հայս. եւ գտանէ զմեծն Սահակ թարգմանութեան պարապեալ յասորւոյն, յոչ լինելոյ յունի…»), եւ այս հանգամանքը վկայում է Սահակի տեսիլքի վաղեմության մասին: «Երկու ժամանակներ» խոսքը առկա է միայն 1896 թվի լոնդոնյան աշխարհաբար հրատարակության մեջ (թարգմանված եբրայական բնագրից՝ էջ 1009). «մինչեւ մի ժամանակ եւ (երկու) ժամանակներ եւ կէս ժամանակ» (Դան., Է 25): «Յոթանասնից» թարգմանության գրաբար բնագիրը չունի «երկու» թիվը. «Եւ բանս առ Բարձրեալն խօսիցի… եւ կարծեսցէ զժամանակս եւ զօրէնս փոփոխել. եւ տացի ի ձեռս նորա մինչեւ ի ժամանակ, եւ ի ժամանակս, եւ ի կէս ժամանակաց» (Դան., Է 25): Իսկ երեսունհինգ տարի անց` ժամկետի վերջում, պիտի նորից հառնի թագավոր Արշակունյաց ցեղից եւ նորոգվի հայրապետության աթոռը. «…ծանի՛ր հաւաստեաւ, զի [մերձ յերեւումն պղծոյն անապատի] դարձեալ յառնէ թագաւոր յազգէդ Արշակունեաց, եւ նորոգի աթոռ հայրապետութեան ի շառաւեղէ սրբոյն Գրիգորի» (Փարպ., ԺԷ, էջ 34):
Շարունակելի
Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s