Մինչ Մայր Աթոռը հայտնվել էր ընդարմացած վիճակում, Կ. Պոլսի պատրիարք Հովհաննես Կոլոտը, դժգոհ լինելով Էջմիածնի միաբանության եւ Նոր Ջուղայի ընտրական քաղաքականությունից, Կ. Պոլսում կազմակերպում էր կաթողիկոսական ընտրություններ։ Նրա նախաձեռնությունը ոչ միայն ուժգին դիմադրության չհանդիպեց, այլեւ ընդհանուր հավանության արժանացավ։ Ինչպես տեսանք, նախորդ կաթողիկոսը մահացավ 1725 թ. հոկտեմբերի 10-ին, իսկ նոր կաթողիկոսի օծումը տեղի ունեցավ 1726 թվի փետրվարի 27-ին՝ ընդամենը չորս ու կես ամիս անց։ Կոլոտն առաջարկը հիմնավորում էր այն փաստով, որ Էջմիածինն էլ, Երեւանն էլ հայտնվել են օսմանյան տիրապետության տակ, ուստի նոր կաթողիկոսին հաստատելու էր ոչ թե պարսից շահը, այլ թուրքական սուլթանը։ Ընդհանուր համաձայնությամբ կաթողիկոսական աթոռ բարձրացվեց Գաղատիայի առաջնորդ Կարապետ Ուլնեցի եպիսկոպոսը, որին Սիմեոն Երեւանցին ներկայացնում էր որպես «այր ծեր եւ անձնեայ, մեծաշուք եւ առատաձեռն»։ Նրան բարձր է գնահատել Միքայել Չամչյանը։ Կարապետ Ուլնեցին հայտնի է նաեւ Ծծկեր մականունով, սակայն դրա բացատրությունը չի տրվում։
Հատուկ անձինք են ուղարկվում Անկյուրիա եւ Կարապետին բերում են մայրաքաղաք։ Կ. Պոլսի Ս. Աստվածածին եկեղեցում Կարապետ Ուլնեցին, 12 եպիսկոպոսների ձեռամբ, Մեծ պահքի երկրորդ կիրակի օրը՝ փետրվարի 27-ին, օծվեց կաթողիկոս։ Թե ով է եղել այդ եպիսկոպոսներից առաջինը, պատմությունը հիշատակներ չի պահպանել, իսկ Հովհաննես Կոլոտը եպիսկոպոս չէր եւ չէր կարող մասնակցել ձեռնադրության արարողությանը։ Կ. Պոլիս չէր եկել նաեւ Շղթայակիրը, որն իր փոխարեն ուղարկել էր Հաննա վարդապետին։ Կարապետ Ուլնեցին, որին Մ. Օրմանյանը Կարապետ Բ է համարում, անվանվել է նաեւ Կարապետ Գ (ժամանակին շփոթ է տեղի ունեցել. ենթադրվել է, թե Կարապետ Ա Կեղեցուց բացի, եղել է նաեւ մեկ ուրիշ Կարապետ կաթողիկոս, այսինքն՝ Կարապետ Բ, որի պատճառով հետագա հեղինակները խառնել են թվագրումը)։ Սիմեոն Երեւանցին, որ հիացած չէր Կարապետ Ուլնեցու կաթողիկոսանալու որոշումով, նրան համարում է ծեր եւ պարզամիտ, պատվի եւ աթոռի իշխանությանը բոլորովին անտեղյակ անձնավորություն։ Նա միաժամանակ հախուռն հարձակվում է Հովհաննես Կոլոտի վրա՝ համարելով նրան խորամանկ, կեղծավոր եւ խաբող, իսկ նրա ձեռնարկը՝ չարություն։ Երեւանցու մեղադրանքը հիմնվում է այն փաստի վրա, որ Հովհաննես Կոլոտը կաթողիկոսի ընտրության մասին տեղեկագրով հաղորդում է Բարձր դռանը եւ ստանում հաստատման հրովարտակը։ Երեւանցուն ցավ է պատճառում ոչ միայն Կոլոտի այդ ձեռնարկը, այլեւ Կարապետ Ուլնեցի կաթողիկոսի՝ Սսի վիճակից լինելը։
Հովհաննես Կոլոտի մեղադրանքի էությունն այն է, որ վերջինս, կապեր ունենալով սուլթանական արքունիքի հետ, կամեցել է այդ արտոնյալ կացությունն օգտագործել։ Ուստի միանգամայն իրավացի է Մ. Օրմանյանը՝ գրելով, թե Սիմեոն Երեւանցին այդ հարաբերությունների խորքը չի թափանցել, ուստի եւ շատ ուժգին չէր փորձում դատապարտել Կոլոտի այս ձեռնարկը։ Մինչ այդ ժամանակները Մայր Աթոռը ենթակա էր պարսից, իսկ Կարապետ Բ Ուլնեցու օրոք՝ օսմանյան իշխանությանը։ Բայց երբ Սբ Էջմիածինը հայտնվել էր օսմանյան հպատակության ներքո, իսկ ամբողջ Հայաստանն էլ՝ թուրքական տիրապետության տակ, Հովհաննես Կոլատը գործեց ստեղծված իրադրության համապատասխան։ Այլեւս ոչ թե Կ. Պոլսի պատրիարքն էր ներկայացնում ողջ հայությանը օսմանյան արքունիքի առաջ, այլ կաթողիկոսը։ Ուստի ո՛չ Կարապետ Ուլնեցուն պետք է համարել անգիտակ եւ ո՛չ Հովհաննես Կոլոտին՝ դավաճան։ Հանցանք չէ նաեւ Ուլնեցու զեյթունցի լինելը եւ Սսի աթոռին պատկանելը, առավել ես, որ ոչ մի փաստ չկա նրան լատինամետ համարելու։ Այո՛, նա Հռոմի պապին նամակ գրել է, բայց առաջարկելով, որ նա յուրայիններին խրատի եւ թույլ չտա կրոնական երկպառակություններ։ Դա ոչ թե Կաթոլիկ Եկեղեցու հպատակության ընդունում էր, այլ հանդիմանություն։ Ավելորդ է ասել, որ նամակի պատճենը չի հրապարակված, եւ դրա գտնվելու տեղն էլ հայտնի չէ։
Իրականում Սիմեոն Երեւանցու որոշ մեղադրանքների ետեւում թաքնված է այն իրողությունը, որ կաթողիկոսը կամենում էր ապահովել հայրապետական աթոռի հաջորդությունը եւ ազատել Եկեղեցին երկարատեւ անգլուխ մնալու վտանգից։ Հարկ է նշել նաեւ, որ Կոլոտը որեւէ կերպ փորձ չէր արել վնասելու Մայր Աթոռի իրավունքները եւ ընդամենը միջնորդի դեր էր կատարել։ Սիմեոն Երեւանցու վրդովմունքը բացատրվում է հատկապես այն իրողությամբ, որ նա կամենում էր, որ ամեն գործ կատարվի իր հրամանով, իսկ նրա՝ այս կարգի ձգտումները Թուրքահայաստանի հարցում արգելվում էին Կ. Պոլսի պատրիարքների կողմից։ Նա կասկածում էր, որ նման կացությունը ծնունդ է առել Կոլոտի եւ Կարապետ Ուլնեցու օրոք, ուստի իր ամբողջ զայրույթը թափում էր այդ երկուսի գլխին։ Երեւանցին հատկապես շեշտում է այն իրողությունը, որ նախորդ կաթողիկոսների օրոք անմիջական հարաբերություն է եղել օսմանյան սուլթանների հետ, ինչն իրեն չի հաջողվել։ Նա ցանկանում էր կաթողիկոսական փոխանորդություն հաստատել Կ. Պոլսի պատրիարքական իշխանության վրա եւ այն ենթարկել իր ուղղակի ազդեցությանը, սակայն այդ չէր հաջողվել՝ պատրիարքի եւ ժողովրդի ընդդիմության պատճառով։ Այստեղից եւս՝ նրա ցասումը Կոլոտի դեմ։
Կարապետ Ուլնեցի կաթողիկոսի առաջին գործերից մեկը եղավ մարտի 2-ին՝ չորեքշաբթի օրը, Հովհաննես Կոլոտին եպիսկոպոս ձեռնադրելը։ Դա տեղի ունեցավ Գում-Գափուի մայր եկեղեցում։ Շատ չանցած՝ կաթողիկոսը եպիսկոպոս ձեռնադրեց Հովհաննես կամ Հաննա Երուսաղեմացուն, որը Շղթայակրի փոխանորդն էր, Կուտինայի առաջնորդ Մարտիրոսին եւ Կոլոտի ավագագույն աշակերտ Թովմասին։ Այդ ձեռնադրությունների կապակցությամբ մեծահանդես տոնախմբություն եղավ։ Հավանաբար Կոլոտի ձեռնադրությունը նման հանդեսով չուղեկցվեց։
Տոնախմբության առիթ դարձավ նաեւ Օրթաքյոյի Խնդրակատար Սբ Աստվածածին եկեղեցու օծումը, որի վերաշինությանը ձեռնամուխ էր եղել Կոլոտը՝ Շղթայակրի մեկնելուց հետո։ Օծումը կատարեց արդեն եպիսկոպոս ձեռանդրված Հովհաննես Կոլոտը։ Մ. Օրմանյանի կարծիքով՝ եկեղեցու օծումը, հավանաբար, կատարվել է 1726 թվի օգոստոսի 21-ին։
Օրթաքյոյի եկեղեցու օծման հանդեսի օրը հրատարակվել են Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող երեք կանոնադրությունները կամ սահմանադրությունները, որոնք ժողովրդի կողմից որակվել են որպես Հաննայի նզովքներ, սակայն դա ասել էր ոչ թե Հաննան, այլ Կարապետ կաթողիկոսը, իսկ Հաննան պահպանել է լոկ հիշատակություն այդ մասին։ Հաննան Երուսաղեմից եկել էր Շղթայակրի հատուկ հրահանգներով։ Երուսաղեմի բարեկարգման խնդիրը պահանջում էր կանոնադրություն։ Հարցը լավ ուսումնասիրվեց, եւ ամեն ինչ արվեց, որպեսզի կանոնադրությանը տրվելիք վճիռն ազգային օրենք համարվի։ Կանոնները կաթողիկոսին ներկայացրեց Հաննան, իսկ կաթողիկոսն իր գրով ու կնիքով հաստատեց։
Ինչ կարելի է ասել կանոնների մասին։ Առաջին կանոնով արգելվում էր պատրիարք կամ վեքիլ դառնալ որեւէ եկամուտ անձի, այսինքն՝ եկվորի։ Եկամուտ էր համարվում այն անձը, որ չէր ապրել Երուսաղեմում, կատարելապես չէր սերտել Հին եւ Նոր Կտակարանները, չգիտեր Սուրբ Երուսաղեմի ելքն ու մուտքը, ինչպես նաեւ այն, որ նա երկար ժամանակ չէր հմտացել Սբ Երուսաղեմի բոլոր գործերի մեջ։ Այս մոտեցումը Երուսաղեմում մեկնաբանվեց այն կերպ, թե Երուսաղեմի վանքի միաբան չեղողը չի կարող ընտրվել պատրիարք։ Սակայն այդ ընկալումը ճիշտ չէր, քանի որ Գրիգոր Շղթայակիրն էլ եւ նրա հաջորդ ընտրված Նալյանն էլ Երուսաղեմի միաբաններ չէին եղել։
Երկրորդ կանոնն արգելում էր Երուսաղեմի պատրիարքության վրա թե՛ աշխարհական, թե՛ կարգավոր վերակացու եւ գլխավոր գործակալ նշանակել՝ պապա, նազր կամ այլ անունով։ Կանոնի նպատակն էր Երուսաղեմի պատրիարքությունը Կ. Պոլսի պատրիարքության պաշտոնյաների ձեռքով մատակարարելն արգելելը։ Այդ կետն ավելի հստակ էր արտահայտված երրորդ կանոնում, որն արգելում էր Երուսաղեմի պատրիարքությունը կցել, միացնել Կ. Պոլսի կամ էլ մի ինչ-որ այլ տեղի պատրիարքությանը, որը կարող էր վնասել Երուսաղեմի ինքնիշխանությանը։ Հենց այս երրորդ կանոնն էր, որ ամենակարեւորն էր ու հիմնական նպատակն արտահայտողը։ Իսկ ով այդ կանոնները խախտեր, պետք է նզովվեր եւ քրիստոնեական սուրբ հավատից զրկվեր։ Կանոնների ետեւում Հովհաննես Կոլոտն էր ու Հաննան, որը կանոնները հաստատելուց հետո փութաց Երուսաղեմ, որ Շղթայակրին հանձնի դրանք եւ ուրախացնի նրան՝ եղելությունները հաղորդելով։
Կարապետ Ուլնեցու կաթողիկոսությունը դիմադրության չհանդիպեց ո՛չ Մայր Աթոռում եւ ո՛չ էլ պարսկահայերի կողմից։ Նա կամենում էր օր առաջ մեկնել Էջմիածին, սակայն քաղաքական կացությունն անհանգիստ էր։ Թուրքերը Երեւանը գրավելուց հետո հարձակվել էին Դավիթ-Բեկի՝ Ղափանում ստեղծած հայկական իշխանության վրա, որը համառորեն դիմադրում էր թշնամուն։ Կարապետ հայրապետն ստիպված եղավ դեռ մնալ Կ. Պոլսում եւ ժամանակը գործնական տնօրինելու համար կամեցավ կաթոլիկամետ խմբավորման գայթակղությունը խափանել, փարատել հայոց եկեղեցիներից խորշելու վտանգավոր մտայնությունը եւ հաշտություն հաստատել հայերի շրջանում։ Բանակցություններ սկսվեցին կողմերի միջեւ, եւ կաթողիկոսն ու նրա գործակից Կոլոտը կարողացան ապահովել համերաշխությունը։ Լատինամետ կողմն էլ առաջարկ արեց երեք սուրբ ժողովների տոների առթիվ երգվող «Ով հրաշալի» մանկունք շարականի վերջին՝ «Տեսի ես», «Աստանոր» եւ «Գեղեցիկ» տները հանել, որին ընդառաջ գնացին կաթողիկոսը եւ պատրիարքը։ Համաձայնությունը կայացավ, քանի որ դրանք շարականի նախնական կառուցվածքի մաս չեն կազմել եւ եղել են հետագա հավելումներ։
Շարունակելի
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s