Մարդասիրական ճեմարանը հնդկահայության բաբախող սիրտն է

Մեր հյուրն է հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Խորեն վրդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

— Կխնդրեի մի քանի խոսքով պատմել, թե ինչ ճանապարհ է անցել Մարդասիրական ճեմարանը եւ ինչ ավանդ, դեր եւ առաքելություն ունի հնդկահայ համայնքի կյանքում:
— Ճեմարանը Կալկաթայի երկրորդ ամենահին դպրոցն է: Հիմնադրվել է 1821 թվականին` բարերարությամբ Աստվածատուր Մուրադխանյանի եւ Մնացական Վարդանյանի, ովքեր ցանկացան կյանքի կոչել ազգանվեր մի ծրագիր, որի շնորհիվ գրեթե երկու հարյուր տարի այստեղ կրթվել եւ հայեցի դաստիարակվել են շատ սերունդներ։ Հուսամ՝ հաջորդ դարերում եւս այն կշարունակի իր առաքելությունը: Ճեմարանը բացառիկ դեր, նշանակություն եւ կարեւորություն է ունեցել սկզբում հնդկահայ, ապա` իրանահայ համայնքի համար, իսկ այսօր արդեն մեզ մոտ կրթություն են ստանում Հայաստանից, Իրաքից եւ տարածաշրջանի այլ երկրներից եկած աշակերտներ:
Մարդասիրականն սկսեց իր վերելքն ապրել հատկապես 1999-ից հետո, երբ կառավարումը հանձնվեց Մայր Աթոռ Սբ Էջմիածնին: Մինչ այդ կրթօջախն ունեցել է վայրիվերումներով լի ժամանակներ, իսկ 1999-ից միայն վերելք է արձանագրվել. կարող եմ խոսել միայն առաջընթացի մասին` ե՛ւ ուսման մակարդակի բարձրացման, ե՛ւ լավագույն ուսուցիչների, ե՛ւ աշակերտների կեցության ու կենսամակարդակի բարձրացման, ե՛ւ վերանորոգչական ու բազում այլ բարեփոխումների առումներով:
Փաստ է, որ ճեմարանը բացառիկ նշանակություն ունի. այն հնդկահայության, հնդկահայ հոգեւոր հովվության զարկերակն է, բաբախող սիրտը, եւ ճեմարանի շնորհիվ է, որ այսօր կարողանում ենք Հնդկաստանում պահել-պահպանել մեր ազգային-հոգեւոր արժեքներն ու եկեղեցիները, քանզի դրանք, առանց հայ մարդու, առանց հայ աղոթքի ու հայ լեզվի, շատ երկար չեն կարող գոյատեւել: Ճեմարանում հաճախակի կազմակերպվող ձեռնարկները, որոնք նպատակ ունեն հոգեւոր եւ ազգային արժեքներ սերմանել մեր աշակերտների մեջ, նպաստում են նաեւ փոքրաթիվ համայնքի վերազարթոնքին ու կենսունակությանը, քանզի վերջիններս ակտիվորեն մասնակցում են Մարդասիրականում կազմակերպված ձեռնարկներին:
Այսօր հերթը մերն է՝ տեր կանգնելու, խնամք, հոգ տանելու մեր ժառանգությանը եւ փոխանցելու հաջորդ սերունդներին, եւ մեր նպատակներից մեկը հատկապես այն է, որ ճեմարանավարտները ձեռնամուխ լինեն այս գործին:
-Ինչպե՞ս եւ ի՞նչ սկզբունքով են ընտրվում երեխաները:
— Մենք Թեհրանում ունենք ներկայացուցիչ, իսկ Հայաստանում մեզ օժանդակում է Սբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը: Ընդունելությունը կատարվում է հարցազրույցի կարգով: Ծնողները կամ խնամակալները իրենց դիմումները բերում են Էջմիածին, իսկ Թեհրանում՝ մեր ներկայացուցչին, ովքեր եւ հանդիպում են, ընդունում պահանջվող փաստաթղթերը եւ անցկացնում հարցազրույց: Մենք հոգում ենք վիզայի եւ ճամփորդական ծախսերը։ Մեր ներկայացուցիչն է նրանց բերում Կալկաթա, որտեղ աշակերտներն ապահովված են անհրաժեշտ պայմաններով՝ կեցություն, սնունդ, կրթություն, առողջապահական հարցեր եւ այլն: Երեք տարին մեկ ճեմարանը հնարավորություն է ընձեռում վերադառնալ եւ ամառային արձակուրդներն անցկացնել ծնողների հետ:
Այսօր մեր աշակերտների մեծ մասը Հայաստանից է, երկրորդ մեծ խումբը` Իրանից, աշակերտներ ունենք Իրաքից եւ հնդկահայ համայնքից: Ճիշտ է, ճեմարանում հեռու են ծնողներից, կարոտում են հարազատներին, բայց սա նրանց տրված բացառիկ հնարավորություն է` որակյալ ուսում ստանալու համար։ Անցյալ տարի, երկարատեւ դադարից հետո, ճեմարանի՝ բարձր առաջադիմությամբ չորս շրջանավարտ Եկեղեցու հովանավորությամբ ավարտեց Հնդկաստանի առաջնակարգ քոլեջները: Ուրախությամբ պիտի նշեմ նաեւ, որ մոտ 40-50 տարվա ընդմիջումից հետո այս տարվա իրանահայ շրջանավարտներից մեկը, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, մեկ ամսից պիտի գա Հայաստան` Գեւորգյան հոգեւոր ճեմարանում կրթություն ստանալու, քանի որ մեծ փափագ ունի հոգեւորական դառնալու:
— Պատմե՛ք, խնդրեմ, երեխաների առօրյայի մասին։ Ի՞նչ միջոցառումներ կամ ծրագրեր են իրականացվում։
— Աշակերտների առօրյան բավական լեցուն է` դասեր, հանգստի ժամ, խաղեր, սերտողություն եւ այլն: Ունենք երգչախումբ, դաշնամուրի, պարի, ինչպես նաեւ սպորտային խմբակներ: Ճեմարանի թիմը հաճախ է մասնակցում սպորտային տարբեր մրցույթների եւ առաջնությունների:
Պարբերաբար կազմակերպում ենք հանդիպումներ, ունենում հետաքրքիր հյուրեր: Մենք հյուրընկալել ենք Մոնթե Մելքոնյանի եղբորը` Մարգար Մելքոնյանին։ Ճեմարանում տեղի ունեցավ նրա` Մոնթեի մասին գրքի շնորհանդեսը, վերջերս ամերիկահայ հեղինակ Ջոն Բալյանն էր մեզ մոտ` «Գորշ գայլեր եւ ճերմակ աղավնիներ» գրքի շնորհանդեսի առիթով: Վերջին շրջանում հիշատակելի հյուրերից են ՀՀ արտաքին գործերի նախարարը, Դաքայի եպիսկոպոսը, Հնդկաստանում ՀՀ դեսպանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանը եւ այլք:
Մեծ ոգեւորությամբ նշեցինք Ղարաբաղի անկախության 20-ամյակը (ամբողջ մեկ օր մեզ մոտ տոնակատարություն էր), Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Պ. Դուրյանի հոբելյանները: Փորձում ենք անել հնարավորը` մեր ազգային արժեքները, սրբությունները, հայրենասիրական ոգին կենդանի պահելու եւ մեր աշակերտներին այդ ոգով դաստիարակելու համար։
Հնդկաստանում իմ պաշտոնավարման առաջին քայլը եղավ հայագիտական առարկաների ժամաքանակի ավելացումը` համապատասխանեցնելով այն Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հաստատած ժամաքանակին: Ճեմարանն անգլիական դպրոց է` հայկական թեքումով, ուսուցումն անգլերեն է, հայերենը երկրորդ լեզու է: Հայագիտական առարկաներից ուսուցանվում են հայոց լեզու, հայ գրականություն, Հայ Եկեղեցու եւ հայ ժողովրդի պատմություն, երգ-երաժշտություն:
Այստեղ առավելագույնն ենք անում երեխաների կրթության, բարօրության, ինչպես նաեւ անվտանգության ապահովման համար: Ավագ դպրոց եւ քոլեջներ հաճախող ուսանողների համար վարձել ենք մասնավոր մեքենաներ` 20 միլիոնանոց քաղաքում նրանց երթեւեկն անվտանգ եւ ապահով դարձնելու, ինչպես նաեւ ժամանակը խնայելու համար: Իսկ բուհ ընդունվողների համար կազմակերպում ենք մասնավոր անհատական դասընթացներ, որպեսզի նրանք ընդունելության հետ կապված դժվարություններ չունենան:
Երեխաները պարբերաբար անցնում են բուժզննում լավագույն հիվանդանոցներում, ունենք բժիշկ, ով այցելում է շաբաթական երկու անգամ, նաեւ՝ ըստ անհրաժեշտության, բուժքույր, ով 24 ժամ երեխաների կողքին է:
Նախանցյալ տարի վերանորոգվել են հանրակացարանները, անցյալ տարի՝ դասասենյակները, եւ ապահովվել նոր ու անհրաժեշտ գույքով: Երեխաները եւս ապահովված են դպրոցական համազգեստներով, մարզահագուստով, գրենական պիտույքներով, խաղերի տեսականիով եւ այլն: Կիրակի օրերին բոլորս միասին գնում ենք եկեղեցի, մասնակցում Պատարագի: Ուղղակի մեծ ընտանիք է ճեմարանը, փոքրիկ Հայաստան:
Պատկերացրեք մի ընտանիք, որտեղ կա 70 երեխա: Օրվա վերջում երբեմն սպառված եմ լինում, բայց սիրով եմ կատարում գործս, եւ երբ երեխաները բարձր ցուցանիշներով ավարտում են լավագույն բուհերը, ու նրանց ապագան հուսալի եւ խոստումնալից է թվում, ինձ համար` իբրեւ խնամակալի, հոգեւոր հոր, դրանից ավելի մեծ հաճույք, վարձատրություն չեմ կարող պատկերացնել:
— Հայաստանում Հնդկաստանի դեսպանը նշել է, որ Մարդասիրականը կամուրջ է երկու մշակույթների միջեւ. ի՞նչ կասեք հայ-հնդկական հարաբերությունների մասին:
— Հայ-հնդկական հարաբերությունները հարյուրամյակների պատմություն ունեն եւ միշտ բարեկամական են եղել: Հնդկական բանակում անգլիացիների դեմ հնդիկների հետ կողք կողքի կռվել են հայեր, հայկական ջոկատ է եղել, եւ հնդիկները մինչեւ օրս գնահատում եւ հարգանքով են հիշում այդ հայերին: Իհարկե, Հնդկաստանում լուրջ խնդիր է փոքրաթիվ գաղութ պահելը, բայց շնորհիվ Մայր Աթոռի ամենօրյա աջակցության եւ զորակցության՝ այդ ամենը հնարավոր է դառնում:
Հնդիկները բարի ժողովուրդ են, հանդուրժող. թեեւ այստեղ հասարակությունը բազմաշերտ է, սակայն բոլորն էլ ապրում են կողք կողքի` հանդուրժողականությամբ եւ փոխադարձ հարգանքով:
Ափսոսանքով պիտի նշեմ, որ երբեմնի հնդկահայ հզոր համայնքն արդեն հիշողություն է. այն այժմ փոքրաթիվ է, շատ են խառնամուսնությունները: Եվ ամենամեծ մաղթանքս այն է, որ համայնքս շատանա եւ զորանա, իսկ աշակերտներս` լավ սովորեն, կարողանան կյանքում բարձունքներ գրավել, քրիստոնյա լավ մարդ եւ լավ հայ դառնալ: Չէի ցանկանա, որ նրանք ձեռնունայն վերադառնան իրենց ընտանիքներ: Իմ մաղթանքն է եւ նպատակը, որ նրանք վերադառնան բարձրագույնի վկայականով: Ես աշակերտների, ուսանողների հետ հանդիպումներում միշտ այս մասին եմ խոսում, հորդորում նրանց, որ կյանքում ուսում ստանալն առաջնային նշանակություն ունի, եւ որ կրթությունը յուրաքանչյուր անհատի անկողոպտելի գանձն է:
Հյուրընկալեց Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s