ԾՆՈՂՆԵՐ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ
Ընտանիքի հիմքը սերն է

«Ծնողներ եւ երեխաներ» թեման հարկ է քննել հոգեբանական, ինչպես նաեւ քրիստոնեական տեսանկյունից: Սակայն հաճախ այս թեման քննվում է կրոնական հայեցակետից դուրս՝ առանց քրիստոնեական եւ ավետարանական լույսի, առանց Տիրոջ ճշմարտության: Իսկ Տիրոջ ճշմարտությունից զերծ ամեն բան անհոգի է: Ցավոք, աշխարհն այս հանգամանքին ուշադրություն չի դարձնում: Իսկ հոգեբանությունն ու մանկավարժությունն էլ առանձին վերցրած, եթե չեն համեմվում Աստծու եւ Սուրբ Հոգու շնորհներով, իրականում ոչինչ չեն տալիս մարդուն եւ նույնիսկ կարող են վնասել:
Ըստ ժամանակակից հոգեբանության եւ մանկավարժության՝ մարդու անձի ձեւավորումը տեղի է ունենում առաջին հինգ-վեց տարիներին: Հետեւաբար երեխայի կյանքի առաջին հինգ-վեց տարիներն այն տարիներն են, որոնք իրենց ազդեցությունն են թողնում նրա կյանքի հետագա ողջ ընթացքի վրա՝ ընդհուպ մինչեւ ծերություն, մինչեւ մահ: Նաեւ քաջ գիտենք, որ երեխան այդ տարիքից մինչեւ դպրոց գնալը լինում է ծնողների եւ հատկապես՝ մոր խնամքի տակ:
Եթե ճիշտ է այն, ինչ ասում են հոգեբանությունն ու մանկավարժությունը (իսկ հետագա մեր խոսքում կտեսնենք դրա ճշմարիտ լինելը), ապա այս դեպքում բոլորը, ինչպես նաեւ Եկեղեցին, որը հոգ է տանում հավատացյալների եւ մասնավորաբար փոքր երեխաների դաստիարակության մասին, պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն առկա խնդրին:
Քանի որ առաջին հինգ-վեց տարիներին երեխան գտնվում է ծնողների, հատկապես՝ մոր խնամքի տակ, ուստի պետք է ամեն ինչ անել հնարավորինս լավ ծնողներ, առավելապես՝ մայրեր ունենալու համար: Այսինքն՝ ծնողները պետք է լինեն լավ պատրաստված, տեղեկացված, հավասարակշռված, վերածնված (մկրտված), հոգեբանորեն բարվոք վիճակում, որպեսզի օգնեն իրենց երեխաներին: Նրանք ոչ միայն պետք է օգնեն, որ երեխաները խուսափեն այս կամ այն չարիքից կամ չվնասեն նրանց, այլեւ նպաստեն, որ նրանք հեռու մնան այն վտանգներից, որոնց անկասկած կհանդիպեն իրենց կյանքի ընթացքում:
Սրանք որքան էլ թվա, թե հասարակ բաներ են եւ որեւէ արժեք չեն ներկայացնում, իրականում, սակայն, հույժ արժեւորվում են, երբ կատարվում են Եկեղեցու ոգով, Քրիստոսով եւ Քրիստոսի սիրով, քանզի երեխային առնչվող շատ բաներ կախված են մեր որդեգրած կեցվածքից, մեր խոսքի դրվածքից:
ԱՍՏԾՈՒ ՀԵՏ ԱՐԱՐՉԱԿԻՑ
Եթե չլիներ մեր նախածնողների՝ Ադամի եւ Եվայի անկումը դրախտում, չէինք էլ կարող իմանալ, թե ինչ կերպ կլիներ մարդկային ցեղի բազմացումը: Սակայն դա մեզ շատ չի հետաքրքրում, քանի որ չգիտենք եւ կարիք էլ չկա, որ իմանանք: Սական լավ գիտենք, թե դրախտում անկումից հետո ինչ կերպ ընթացավ մարդկային ցեղի բազմացումը:
Աստծո կամոք, հայրն ու մայրն ընտանիքում արժանացան լինել Աստծուն արարչակից եւ ունենալ երեխաներ: Սակայն բոլոր հայրերն ու մայրերը, երբ մի նոր մարդ են լույս աշխարհ բերում, խորապես չեն գիտակցում այն պարագան, որ դառնում են Աստծուն արարչակից: Մեծ է սրա խորհուրդը։ Այնինչ, սա դարձել է սովորական մի բան, ինչը մեր կյանքում շարունակ տեսնում եւ ապրում ենք, ինչպես օրինակ օդը, որ շնչում ենք, ինչպես նաեւ շատ ու շատ այլ երեւույթներ։ Սա այնքան սովորական է դարձել, որ չենք էլ փորձում հնարավորինս խորամուխ լինել եւ հասկանալ այդ մեծ խորհուրդը, այսինքն՝ այն, որ մարդը դառնում է Աստծուն արարչակից:
Առանձին վերցրած՝ մարդն իրենից որեւէ բան չի անում. Աստված է, որ անում է: Աստված կամեցավ՝ այնպես լինի, որ Ինքը դառնա Արարիչ, իսկ մարդը՝ արարչակից: Մեծ է սրա նշանակությունը, եւ այն ծնողները, որոնք չեն հասկանում կամ չեն գիտակցում, որ ծնելով իրենց երեխաներին՝ դառնում են Աստծուն արարչակից, չեն էլ կարող համապատասխան կերպով վերաբերվել նրանց, ուստի չեն էլ կարողանում հարկ եղած կերպով կողմնորոշվել, պատշաճ կերպով դաստիարակել եւ ներշնչել նրանց այն կյանքը, որ անհրաժեշտ է երեխաներին։
Պսակը, ինչպես ասում է Պողոս առաքյալը, մեծ խորհուրդ է (Եփես. Ե 32): Ծննդոց գրքում հստակ ասվում է. «Այդ իսկ պատճառով տղամարդը, թողնելով իր հորն ու մորը, պետք է միանա իր կնոջը…» (Ծննդ. Բ 24): Այսինքն՝ այն պահին, երբ մարդը որոշում է լինել Աստծուն արարչակից, հասնում է այն վիճակին, որ կարող է թողնել իր հորն ու մորը, գտնել իր կնոջը եւ այդպիսով ստեղծել ընտանիք:
Պսակի գլխավոր տարրը սերն է, այն սերը, որը զույգերի՝ դեպի Աստված ունեցած հարաբերությանն է վերաբերում է, զույգերի՝ իրար միջեւ ունեցած հարաբերությանը, ինչպես նաեւ ծնողների՝ դեպի երեխան ուենցած հարաբերությանը: Այսինքն՝ չի կարող գոյություն ունենալ պսակ, ընտանիք, չի կարող այդ մեծ խորհուրդը լինել օրհնված, լինել իր նպատակի մեջ եւ իրականացնել իր առաքելությունը, եթե բացակայում է սերը: Սերն է, որ իմաստ է տալիս պսակին, ընտանիքին, սակայն ոչ թե պարզապես սերը, այլ Աստծու սերը, այսինքն՝ այն սերը, որ Աստված է սերմանում մարդու մեջ եւ այնպես, որ մարդը չսեւեռվի ի՛ր անձի, այլ Աստծու եւ դիմացինի վրա:
Քրիստոսով սերը, այն է՝ ճշմարիտ սերն այն սերն է, որ լուծում է բոլոր խնդիրներն այն պահից սկսած, երբ մեկը որոշում է ստեղծել ընտանիք, ունենալ եւ մեծացնել երեխաներ: Ճշմարիտ սերն այն սերն է, որ մարդուն դուրս է բերում իր անձից, այսինքն՝ այն սերը, որը «իրենը չի փնտրում» (Ա Կորնթ. ԺԳ 5), ինչպես ասում է Պողոս առաքյալը:
Պսակի պտուղը երեխան է: Երեխան, որպես մարմին եւ հոգի, իր գոյությունը սկսում է այն պահից, երբ տեղի է ունենում բեղմնավորումը մոր արգանդում: Ուստի այս հանգամանքի վրա պետք է առանձնակի ուշադրություն դարձնել: Այսինքն՝ դեռ չձեւավորված էակը, որ դեռեւս գիտակցություն, միտք, հոգու զանազան արտահայտություններ չունի, բեղմնավորման առաջին իսկ պահից սկսած, գոյություն ունի, արդեն մարդ է, մարդ, որ ծնվում է եւ ապրում հավիտենապես:
Մարդը բեղմնավորման առաջին իսկ պահից ապրում է որպես մարմին ու հոգի. մարդը` որպես մարմին ու հոգի, ինն ամիս մնում է իր մոր արգանդում, որպես մարմին ու հոգի՝ ապրում է ծնվելու պահից մինչեւ մահ, եւ որպես մարմին ու հոգի՝ հավիտենապես կապրի մեռելների հարությունից հետո: Այսինքն՝ մահվան ժամանակ տեղի է ունենում մարմնից հոգու բաժանումը, որը տեւելու է մինչեւ ընդհանուր հարության օրը:
Մարդու մեջ բեղմնավորման պահից ի վեր դրվում են այն ջանքերը, որոնք ի հայտ պետք է գան հետագայում. ստեղծվում է մարդու կառուցվածքը, եւ սկսվում են մարդու տանջանքները: Երբ հասակ ենք առնում, երբեմն ասում ենք, թե ինչ անհոգ են երեխաները, եւ սկսում ենք նախանձել նրանց, որ չունեն դժվարություններ, ցանկանում ենք մանուկ լինել եւ չունենալ այն մտահոգությունները, որ մեզ տանջում են: Սակայն չենք հասկանում, որ երեխայի դժվարություններն սկսվում են ոչ թե մեծանալուց հետո, այլ նրա աշխարհ գալու առաջին իսկ պահից:
Խիստ նշանակություն ունի, թե ինչ ջանքերով է լույս աշխարհ եկել երեխան, քանի որ այդ ջանքերը կազմում են մարդու կառուցվածքը եւ գոյաբանական հիմքը: Սակայն միայն դա չէ: Այդ ինն ամիսների ընթացքում, որ երեխան անցկացնում է մոր արգանդում, այնքան էլ բարվոք չէ, ինչպես որ կարծում ենք. մոր եւ նույնիսկ հոր շատ տառապանքներ ապրում է նաեւ երեխան: Այսինքն՝ հոր եւ հատկապես մոր հոգեբանական ողջ վիճակն ազդում է պտղի վրա: Երբ մայրը դյուրագրգիռ է, անհնար է, որ այդ ամենն իր ազդեցությունը չունենա նաեւ երեխայի վրա, սակայն, եթե մայրը հավասարակշռված է, ուրախ, հույսով եւ հավատքով լեցուն, այդ ամենը բնականաբար իր դրական ազդեցությունն է ունենում երեխայի վրա: Իսկ ինչ վերաբերում է հորը, պետք է ասել, որ երբ ընտանիքի հայրն իր դյուրագրգռությամբ ընտանիքում ստեղծում է անցանկալի վիճակ, ապա դա իր բացասական հետեւանքներն է ունենում մոր վրա, իսկ մորից էլ, ինչպես ասացինք, անցնում է երեխային: Միայն Աստված գիտի, թե որքան ենք ազդվել նման վիճակներից այն ժամանակահատվածում, երբ գտնվել ենք մեր մոր արգանդում. դրանց ծանրությունը կրում ենք մինչ այսօր:
Ինչպես ասացինք, ե՛ւ լավ, ե՛ւ վատ բոլոր ապրումները, որ ունենում է մայրը, ազդում է նաեւ պտղի վրա: Այս մասին իմանալը խիստ կարեւոր է ոչ թե մայրերի, այլ բոլորիս համար: Որովհետեւ մեզանում գոյություն ունեցող անորոշ ու անմեկնելի շատ ապրումներ, որոնք վատթարում, հաճախ էլ առաջացնում են անբացատրելի ու մելանխոլիկ վիճակներ, չի բացառվում, արմատավորված եւ սկզբնավորված լինեն հենց այն պահից, երբ գտնվում էինք մեր մոր արգանդում: Հետեւաբար, այն ամենը, ինչ որ ասում ենք երեխաների եւ նրանց ծնողների մասին, վերաբերում է նաեւ մեզ:
Պսակի եւ ընտանիքի հիմքը, ինչպես վերեւում ասացինք, սերն է: Այն սերը, որ ծագում է ոչ միայն զույգերի, այլեւ ծնողների եւ երեխաների միջեւ: Ծնողները պարտավոր են մինչ ծնվելը սիրել իրենց երեխային՝ որպես ազատ էակի: Կարող է տարօրինակ թվալ, երբ ասում ենք, թե ծնողները պետք է սիրեն իրենց դեռ չծնված երեխային: Արդյոք կա՞ն ծնողներ, որոնք չեն սիրում իրենց երեխային: Այն ծնողները, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել, որ չեն սիրել իրենց երեխային, հավանական է, ենթագիտակցորեն ճիշտ չեն կողմնորոշվել երեխայի նկատմամբ, ուստի եւ չեն սիրել իրենց երեխային այնպես, ինչպես պետք է սիրեին: Այսինքն՝ եթե մի մայր, որ հղի է եւ պետք է լույս աշխարհ բերի երեխային, չի «գրկում» նրան իր ամբողջ սիրով, այլ նրա հանդեպ, թեկուզ ենթագիտակցորեն, ունենում է հակազդող եւ վանող կեցվածք, երեխան մոր նման պահվածքի, նման ապրումների պատճառով ենթարկվում է համապատասխան ազդեցությունների, եւ դրանց բացասական հետեւանքը կարող է ի հայտ գալ այն ժամանակ, երբ երեխան կծնվի:
Ուզածդ հայր ու մայր անհամբերությամբ են սպասում, թե երբ լույս աշխարհ կգա իրենց երեխան: Սակայն, արդյո՞ք ճշմարիտ սիրուց մղված է այդ սպասումը, արդյո՞ք ունենում են այն խոր զգացումը, որ դարձան Աստծուն արարչակից, ունենում են այն խոր համոզումը, որ լույս աշխարհ եկող այդ էակը նախ եւ առաջ Աստծու արարածն է ու ազատ մարդ եւ ոչ թե նրանց սեփականությունը, որը պետք է անպայման կատարի իրենց ցանկությունը: Շատ են այն ծնողները, որոնք անհամբերությամբ սպասում են, թե երբ պետք է ծնվի երեխան, որպեսզի նրա հետ խաղան: Իհարկե, երեխան կարիք ունի ե՛ւ խաղերի, ե՛ւ ծիծաղի, ե՛ւ ուրախության։ Սակայն խորքում ծնողներն այդ ամենն անում են՝ մղվելով ոչ ճշմարիտ սիրուց: Ասացինք, որ ճշմարիտ սերն այն է, որ Քրիստոսով տրվես Աստծուն եւ դիմացինին, տվյալ դեպքում՝ երեխային: Իսկ առանց ճշմարիտ սիրո՝ ծնողները եւ կամ բարեկամները պարզապես զվարճանում են եւ խաղալով երեխայի հետ՝ հաճելի ժամանակ են անցկացնում. հավանաբար նրան դիտում են որպես մի առարկա եւ ոչ Աստծու արարած, որ պետք է դառնա ամբողջական, հավասարակշռված մարդ, որ պետք է անմիջապես ունենա Աստծու հետ հարաբերություն։ Որքան ենք հանդիպում ծնողների, որոնք երազում են, որ ծնվող երեխան սովորի այն, ինչը չկարողացան սովորել իրենք, որպեսզի դառնա այնպիսի մարդ, ինչպիսին չդարձան իրենք: Որքան ծնողներ կան, որ ունեն թերագնահատության տարբեր զգացումներ, քանի որ մեծ պատկերացում ունեին իրենց անձի մասին եւ ուզում էին հաջողության հասնել այս կամ այն ասպարեզում, սակայն չկարողացան հասնել եւ անհաջողություններից խորապես խոցվեցին: Եվ շատ ծանր տանելով այս հանգամանքը՝ փափագում են, թե երբ պետք է ծնվի երեխան, որպեսզի հասնեն նրան, ինչին չեն հասել իրենք՝ առանց անդրադառնալու, թե իրենց երեխան համապատասխանո՞ւմ է տվյալ ասպարեզին, թե՞ ոչ, բավարա՞ր են նրա կարողությունները տվյալ մասնագիտության ընտրության հարցում: Այսպիսով, ծնողները երեխաների միջոցով փորձում են բուժել իրենց հոգու վիրավոր այն վիճակները, որ ունեցել են ժամանակին՝ չհասնելով իրենց նպատակին: Երեխաներն այս պարագայում դառնում են միջոց, որպեսզի բուժեն իրենց ծնողների խոցված լինելու հանգամանքը: Այս ճանապարհով ծնողները բավարարում են իրենց սեփական անձի հանդեպ ակնկալվող սերը, այսինքն՝ եսասիրությունը:
Շարունակելի
Թարգմանությունը՝
Էդգար սրկ. ԾԱՏՈՒՐՅԱՆԻ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s