Սկիզբը՝ 2012 Մայիս Բ

Ինչպես տեսնում ենք, Սահակի տեսիլքի կանխասացությունը վերաբերում է ոչ թե հետագա արաբական արշավանքներին, այլ միայն առաջիկա երեքուկես տասնամյակին՝ սկսած 439 թվից, եւ ավարտվում 474 թվին՝ Զենոն կայսեր գահակալության (474-491) առաջին տարում, երբ Գառնիկ ճգնավորին երեւացած տեսիլքով հայտնվեցին Սուրբ Գրիգորի նշխարները: Ըստ այդմ՝ հառնելու է թագավոր Արշակունյաց ցեղից, եւ նորոգվելու է Լուսավորչի հայրապետության աթոռը:
Սբ Գրիգորի նշխարաց գյուտի առաջ բերած հոգեւոր զարթոնքը 470-ական թվերին սնունդ տվեց ազգային ազատագրական շարժման հուժկու վերելքին. սպարապետ Վահան Մամիկոնյանի եւ մարզպան Սահակ Բագրատունու (Սահակ Բագրատունին՝ Մովսես Խորենացու Հայոց պատմության երախտաշատ պատվիրատու իշխանը, հերոսաբար զոհվեց 482 թ.) գլխավորած զինված ապստամբությունն ընդդեմ Սասանյան բռնապետության պսակվեց հաղթանակով, եւ 485 թ. Նվարսակի դաշնագրով Սասանյան արքայից արքան սպարապետ Վահան Մամիկոնյանին հռչակեց Հայաստանի մարզպան: Այսպես պետք է հասկանալ Սահակ Պարթեւի տեսիլքում Աստծո հրեշտակի կանխասացությունը՝ «յառնէ թագաւոր յազգէդ Արշակունեաց»,- նշանակում է՝ տեսիլքի մեկնիչը «յազգէդ» (քո ազգից) խոսքով նկատի ունի Սահակ Պարթեւի Արշակունի ազգատոհմը: Ճիշտ այդպես էլ Մովսես Խորենացին է Գրիգոր Լուսավորչին անվանում «աշխարհաւ Պարթեւ, գաւառաւ Պահլաւ, յազգէ թագաւորեցելոյ զատուցեալ Արշակունի…» (Խոր., Բ, ՂԱ, էջ 244): Ուրեմն, ինչպես Գրիգոր Լուսավորիչն ազգատոհմով Պարթեւ Արշակունի էր, այնպես էլ նրա շառավիղ Վահան Մամիկոնյանը Պարթեւ Արշակունու ցեղից էր, ուստի եւ Վահան Մամիկոնյան մարզպանը, ըստ տեսիլքի, հռչակվում է «թագաւոր յազգէդ Արշակունեաց», եւ նրա՝ Սուրբ Գրիգորի շառավղի ձեռքով նորոգվում է հայրապետության աթոռը: Հենց այս մխիթարիչ ապագան է ակնարկում Աստծո հրեշտակը Սահակ Պարթեւին նրա երիտասարդ հասակում. «Վասն զի անգիտական խորհրդովք յածեցուցեալ զմիտսդ՝ խռովէիր վասն չլինելոյ քեզ արու որդի… Եւ արդ՝ գթալով ի քեզ Բարձրեալն… մխիթարեաց զքեզ տեսլեամբդ այդուիկ» (Փարպ., Ա, ԺԷ, էջ 31):
Ուշագրավ է, որ նույն՝ 484 թ. Վաչագան Բարեպաշտը Արցախ-Ուտիք աշխարհում վերականգնեց Հայկական թագավորությունը, որի իշխանության տակ անցան նաեւ Կուրի ձախափնյա Կամբեջան եւ այլ գավառներ:
Մեսրոպ Երեցը (10-րդ դ.) Ներսես Մեծ կաթողիկոսի Վարքում, որ քաղագրել է Փավստոսից եւ այլ աղբյուրներից, նույնպես հաստատում է սբ Գրիգորի նշխարների գյուտը բյուզանդական Զենոն կայսեր օրոք՝ հայտնելով նաեւ այլ պատմական տվյալներ. «Յայնմ ժամանակի թագաւորն Յունաց առաքէ զօրավար ’ի Միջագետս զՊերինտիանոս: Եւ յաւուրսն յայնոսիկ յայտնեցան նշխարք սրբոյն Գրիգորի Հայոց Լուսաւորչի. եւ ազդ եղեւ կայսերն Յունաց Զենոնայ, եւ նա առաքէ բազում լեգէոն զօրս ’ի ձեռն զօրավարին Միջագետաց, որ եկեալ բռնութեամբ յափշտակեաց զնշխարս սրբոյն Գրիգորի. եւ ետ զաջ ձեռնն Հայոց վասն լուսաւորելոյն յառաջագոյն զնոսա, եւ այլ ինչ եւս մասն. եւ տարաւ զնա բովանդակ, եւ այլ մասն ինչ ’ի սրբոց Հռիփսիմեանց ’ի Կոստանդինուպօլիս, եւ ’ի մի տապանի եդին» (Մեսրոպ Երէց, Պատմութիւն Սրբոյն Ներսիսի Պարթեւի հայոց հայրապետի, Սոփերք հայկականք, հ. Զ, Վենետիկ, 1853, էջ 10) — «Երբ Հունաց թագավորը Միջագետք ուղարկեց Պերինտիանոս զորավարին, այն օրերին հայտնվեցին սուրբ Գրիգոր Հայոց Լուսավորչի նշխարները. եւ հայտնի դարձավ Հունաց Զենոն կայսրին, եւ նա բազում լեգեոն զորք ուղարկեց Միջագետքի զորավարի ձեռքով, որ գալով բռնությամբ հափշտակեց սուրբ Գրիգորի նշխարները. եւ աջ ձեռքը տվեց հայերին՝ նախկինում նրանց լուսավորելու համար, ինչպես եւ որոշ այլ մասունք, եւ տարավ նրան ամբողջովին՝ սուրբ Հռիփսիմյանց այլ մասունքի հետ Կոստանդնուպոլիս եւ մի տապանի մեջ դրին»: Այստեղ հիշատակած Միջագետքը հայտնի Մեսոպոտամիա Միջագետքը չէ՝ Տիգրիսի եւ Եփրատի միջեւ: V դ. երկրորդ կեսին Մարկիանոս եւ Զենոն կայսրերի օրոք (Հայոց) Միջագետք էր կոչվում նաեւ Աղձնիքից արեւմուտք ընկած պրովինցիան՝ Քաղիրթ (Նիմփիոս) եւ Եփրատ գետերի միջեւ, որտեղ գտնվում էին վեց հայկական սատրապությունները: Այս Միջագետքը հիշատակվում է 451 թ. Քաղկեդոնի տիեզերական ժողովին մասնակցող պրովինցիաների շարքում՝ իր վեց ներկայացուցիչներով՝ Ամիդի, Սոփենեի (Ծոփքի), Անզիտենեի, Մարտիրոսուպոլսի, Ինգելա-Անգելենեի եւ Սոփանենեի եպիսկոպոսներով (Н. Адонц. Армения в эпоху Юстиниана, С-Петербург, 1908, с. 38-39): Ժողովին մասնակցող ինքնավար սատրապությունների եպիսկոպոսները կազմում էին Միջագետքի թեմը եւ ենթարկվում էին Ամիդ քաղաքի մետրոպոլիտին (Н. Адонц. с. 363): Վահանի հաղթական ապստամբության արձագանքը պետք է համարել 484 թվին Իլլոսի եւ Լեոնտիոսի ապստամբությունը, որն ըստ էության՝ տեղի է ունեցել Բյուզանդական գերիշխանության տակ գտնվող վերոհիշյալ Հայոց Միջագետքում, եւ դրան անմիջապես մասնակից էին հայկական ինքնավար սատրապությունները:
Այստեղից բացահայտվում է, որ Զենոն կայսրը 485 թ. բազում լեգեոններ է ուղարկել հենց այս Միջագետք՝ ճնշելու Իլլոսի եւ Լեոնտիոսի ապստամբությունը, որի մասին հիշատակում է Պրոկոպիոս Կեսարացին (Պրոկոպիոս Կեսարացի, թարգմանությունը բնագրից, առաջաբանը եւ ծանոթագրությունները՝ Հրաչ Բարթիկյանի, Երեւան, 1967, էջ 195, ծանոթ. էջ 342): Այդ ապստամբության մեջ բացահայտ ներգրավված հայ սատրապների մեծ մասին Զենոն կայսրը զրկեց ժառանգական իշխանությունից, բացի Բալահովտի սատրապից, որն ամենից աննշանն էր նրանց մեջ (Н. Адонц. с. 108 -109, 115): Թերեւս հենց այդ ժամանակ էլ Պերինտիանոս զորավարը, որի անունը Պրոկոպիոսը չի հիշատակում կամ չգիտե, Զենոն կայսեր հրամանով, որպես պատիժ, հափշտակեց Գր. Լուսավորչի նշխարների մեծ մասը՝ Հռիփսիմյան կույսերի որոշ մասունքների հետ եւ փոխադրեց Կոստանդնուպոլիս: Հետագայում Լուսավորչի մասունքներն ամփոփվեցին Նեապոլսում (Նեապոլ՝ Իտալիա) կառուցված հայկական եկեղեցում։ Ինչպես նշում է Մեսրոպ արք. Աշճյանը «Լուսավորչի լույս նշխարները» գրքում («Մուղնի» հրատարակչություն, Ս. Էջմիածին, 2000, էջ 53-54 ), սբ Գենարիոս եպիսկոպոսի հետ, որ Նեապոլսի առաջին պաշտպանն է, հայոց սբ Գրիգորը քաղաքի երկրորդ երկնային պաշտպանն է ճանաչված ու փառավոր տոն ունի՝ սեպտեմբերի 30-ին` ըստ նոր տոմարի` S. Gregorio Armeno (Ս. Գրիգոր Հայոց) անվամբ։
2000 թվին, Էջմիածնի Մայր Աթոռի եւ Վատիկանի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառի ձեռամբ Հայաստան բերվեց մասունքների մի մասը եւ ամփոփվեց Երեւանի Գրիգոր Լուսավորիչ նորակառույց եկեղեցում՝ մարմարե տապանակի մեջ:
Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s